Լիլիթ Բլեյանը գործերով դեռ Վիեննայում է՝ իմ խելացի-նպատակասլաց-հաջողակ մեծ աղջիկը: Ու իր կլոնը երեկ Մարմարյա սրահում էր… Որքա՜ն մեծացավ, օրիորդանում է Դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցի Սոնան… Հուզվեցի մեդիաուրբաթ-համերգին… Որքա՜ն ջանացինք ես, Դավիթն ու Արմինեն, Սուսան ավագ քույրիկն ու Նազենի կրտսերն էլ միացան, չկարողացանք Սոնային պահել մեր տանը… Ինչո՞ւ պիտի Արևիկի պես քույրիկի ու մորաքույր-մայրիկ Տաթևի ընկերությունը փոխարիներ…
— Գալիս եմ իրենց տուն, քիչ է, դեռ ստիպում են, որ մնամ…
Այսպես է արձագանքել մեր ջանքերին:

«Ով էնպիսի սուտ ասի…». Մեդիաուրբաթ-համերգ:
Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի:

Դավիթը, երեկոյան տուն մտանք թե չէ, տարվում է նորից իր մեքենա-գազանիկներով… Ինքն իր աշխարհով, իր ընկերներով, իր հագեցած առօրյայով, խոսում է ու խոսում… Թվում է՝ չի լսում մեզ ու չի տեսնում… Փորձում ենք: Իմ համակարգչի էկրանին նշանավոր Անուլիկն է: Մեր բախտը Անուլիկների հարցում բերել է՝ խենթացնող են և՛ Բլեյան Ստափանի աղջիկ Անուլիկը, և՛ Դավթի ընտրությունը:
— Դավի՜թ,- ձայնում եմ,- Անուլիկին տեսե՞լ ես իմ բլոգում…
Կտրուկ իր աշխարհից եկավ, նստեց ծնկներիս, մի շարժումով մեծացրեց նկարն Անուլիկի… պաչեց… իջավ ու գնաց իր աշխարհ…
— Միշտ ուզում եմ Անուլիկին պաչեմ-ուտեմ…

«Ամենատպավորիչն այն էր, որ Տեր Զենոնի հետ բարձրացանք եկեղեցու տանիք, խփեցինք եկեղեցու զանգերը ու ծանոթացանք զանգերի խորհրդին ու նշանակությանը: Բոլորս քաշեցինք լեզվակը, հնչեցրեցինք զանգը: Կարծում եմ, որ բոլորիս համար էլ հետաքրքիր էր մեր այսօրվա պարապմունքը: Մի հետաքրքիր ու տպավորիչ օր էլ անցավ: Այսօրվա մեր դասից ես դպրոց վերադարձա տպավորված: Սպասում ենք մեր հաջորդ հետաքրքիր պարապմունքներին եկեղեցում»,- միշտ հետաքրքիր հեղինակային նյութերով, գործուն իր բլոգում գրում է իններորդցի Մերի Երանոսյանը, որ ամենուրբաթյա պարապմունքի է մասնակցել իր ընկերների հետ: Ի՞նչ ավելացնեմ. անհետաքրքիր կարող է լինել ցանկացած պարապմունք՝ կախված անցկացնողից. ի՜նչ բարեբախտություն է, ուրախ եմ, որ մեր քահանան-ձեր ուսուցիչն իրոք հետաքրքիր պարապմունքներ է վարում ոչ միայն ձեր, այլ նաև մեր ուսուցիչների համար՝ ամեն երկուշաբթի. ես դա պատմելով չէ, որ գիտեմ, դժվար է հաղորդակից չլինել Տեր Զենոնի խոսքին, երբ նա մկրտություն կամ տնօրհնեք է անցկացնում… Իսկ Մերին «Կանթեղ» բլոգի իր ընկերների՝ Մերիի ու Արփիի հետ կլինի այսօր Էջմիածնում, Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ գրաբարի օլիմպիադայի առիթով՝ որպես էլի ուսումնական պարապմունք… Այսպիսին՝ հետևողական ու տպավորիչ է անհատի համար մեր հեղինակային մանկավարժությունը. գնահատողը սովորողն է, անմիջական, բաց ու չպարտավորված…

3-րդ դասարանցիների ֆոտոսեսիան Գեղարվեստի թատրոնի լաբորատորիայում:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Սեբաստացի շրջանավարտ 2016-ն իմ գրի, իմ օրվա, իմ ուրախությունների կենտրոնում է՝ որպես հերոս, հիմա, ամեն օր ու յուրաքանչյուրը, իր բոլոր դրսևորումներով, իհարկե, անխոնջ Մերի Թելունցի նախաձեռնությամբ թե ամերիկյան կրթական ծրագիր շահած Նելի Հարությունյանով«Ցտեսություն» ուսումնական նախագծով, իհարկե… ամենուր՝ ձայնագրման սրահում, թե որպես տեխնոլոգիական լաբորատորիա գործող Մարմարյա սրահում, որի մի մեծ անկյունում սկսել են Անի Հովհաննիսյանի սաները նկարել-ձևել-կտրել-հագնել-փոխել, թատրոն-լաբորատորիայում՝ Երգերգոցների շարանի մեկնարկ «Կարդում ենք Չարենց»-ով. Քնարիկ Ներսիսյանի ուզած ֆեյշնն այսպես չի՞ առաջանում… ու ինքնուրույն իրար վալս սովորեցնելով, պարելով (վայելելով ընկերական շփումը)… Իսկ ընթերցարան դարձած անկյունում երևում է մի խումբ՝ գրքերը փռած… Մի խումբ էլ, տեսա, անցնում էր՝ բահերով ու սայլակով. երաժշտության դպրոցի այգին տեսանելի փոխվում է: Ասպիսի՝ մոբիլ ու ստեղծական նախագծային ուսուցում… Անի Գասպարյանը ճշգրիտ է՝ ապրված իր զգացումով. «Ավարտում եմ՝ պայուսակիս մեջ տեղավորելով հիշողություններիս մի մեծ կապոց՝ լի անմոռաց դեպքերով, լայն ժպիտներով, ինչու չէ, նաև արցունքներով (դրանք բոլորիցս էլ անպակաս են, բայց մեր հիշողությունների մի ուրույն տեղն են զբաղեցնում),  կողքին տեղավորելով փորձով ու համարձակությամբ լի մյուս կապոցը, վերջում դնելով իմ անհատականության կապոցը, որը ես հավաքեցի, դասավորեցի ինքս»:

Ավազով, քարով և խմորե գնդերով չափումներ:
Լուսանկարները՝ 5 տարեկանների, իրենց պլանշետներով: 

Վազքով զբաղվելն օգնում է կանխելու տեսողության նվազումն ու վատացումը: Իմանալը քիչ է. մեր կրթական պարտեզն ու իր կրթական միջավայր-ծրագրի կազմակերպումը ստիպում են-կպարտադրեն ցուցանիշների ձևով ու որպես առօրյա՝ վազենք-բարձունքներ հաղթահարենք, հեծանիվ վարենք՝ արգելքների հաղթահարումով, լողանք՝ ծածկած ու բաց, գետում և Սևանում, ծովում… Սկսում ենք հինգ տարեկաններից. մի մեծ՝ առջևից, մյուսը՝ խմբի վերջից… Նոր բլոգ ունենք… երևույթ է: Երեկ Մայր դպրոցի ընթերցարանում կլոր սեղանի ենք նստել եռամարտի այս կազմակերպիչներով՝ Խորենը, Միքայելը, Սամսոնը, Արմինե Թոփչյանը, Տաթև Համբարյանը, Գայանե Գրիգորյանը, իմ ներկայությամբ. միշտ այսպես կլինի… Դեպքերն ազատ, ավելի արագ են զարգանում. ռազմամարզական խաղերի շռնդալից ներխուժումը մեր իրականություն՝ սեբաստացիական, կրթական պարտեզում մեր՝ որպես պարտիզպան գործելը, հերթապահ հեծանիվ Մեդիակենտրոնում և Գեղարվեստում, Մայր դպրոց-Գեղարվեստ, Մայր դպրոց-Հիմնական հեծանվուղիների գործարկումը… Երեկվա ժամը 17.00-ի ծնողական ժողովին Մարիետը, Արմինե Թոփչյանը, Կարինե Բաբուջյանն ու ես մասնակցեցինք հեծանվաերթով: Արա՛գ, ավելի արա՛գ, բոլոր տարիքի սեբաստացիներ, ստուգե՛ք ձեր հանդերձանքը՝ հանկարծ չլինի իմ երեկվա հագուստի նման՝ արհեստական, մինչև հիմա շունչս կտրվում է… Հազիվ պրծա այդ փորձանքից… կոշիկները՝ Նազենի աստղի, կոստյումը՝ Լիլիթ Բլեյանի, վերնաշապիկը՝ Արմինե Աբրահամյանի…

Ապրիլմեկյան հանճարեղ կատակներին ծանոթացեք և առանց մեկնաբանության՝ Sony-ի ուրվականներ որսացող սարքին, նույնպես, որպես կատակ: Իսկ ամենամեծ կատակ-ուրախությունը, իհարկե, Մարմարյա սրահում Դպրոց-պարտեզի համերգ-ներկայացումն էր… Մինչև մայիսի 2-ը՝ որպես հանրակրթության արդյունք, մենք կունենա՞նք մեդիաուրբաթների համերգային սկավառակները…

Սարսափելի է, ապրիլի 1-ին երկու զոհ բանակում՝ Արցախում և Հայաստանում… ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Ասոյանն ու քսանամյա Վլադիմիր Մելքոնյանը… Ո՛չ Իսրայել ենք դառնում, ո՛չ լուծումներ փնտրում… Ողբերգական պատահարների այս հորձանուտում կա՛նք:

# 631

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարցազրույց Երևանի փոխքաղաքապետ Աշոտ Բլեյանի հետ

«Հայկազունք» հանդես, մարտ, 1991թ. – Դուք առաջին անգամ եք հանդիպում մեր հանդեսին և թույլ տվեք շնորհավորել Ձեզ փոխքաղաքապետ ընտրվելու առթիվ: Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդմանը, թե երեխաների առողջության և մարմնակրթության

Մաքուր խիղճը մշտական տո՞ն հոգու…

Մերի Երանոսյանի առաջարկածը այս՝ որպես իր ընտրություն, ռոդարի-աղայանական ստուգատես է, իմաստավորված սխալ ստացա… Մաքուր խիղճը մշտական Տո՞ն հոգու համար…: Ո՞վ իր մաքուր խիղճը իմ հոգու համար վարձով կտա… Կրթահամալիրում տրիաթլոնը՝ հեծանիվ-լող+վազք,

Քոմենթը՝ խմբագիր ուսուցչի գործիք

Կարդալու խնդիրը միշտ կա, տեքստը հրաման լինի, այլ իրավական ակտ… թե, անգամ, մարդու հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, էլ չեմ խոսում՝ սովորողի ուսումնառության պայմանագրի, ուսումնական պլանի, դասընթացի ծրագրի, «Դպիր»-ի հրապարակման թե կրթահամալիրի