Գիտնակա՞ն էր պետք լինել եզրակացնելու համար, որ մարդու համար հաջող է այն օրը, որում արդարացել են նրա սպասելիքները։ Արդարացա՞ն իմ սպասելիքները ուխտից․․․ իսկ ունեի՞ ես դրանցից։ Այնքա՜ն տարածված-չարչրկված «ուխտդ ի կատար»-ը տոնական «շնորհավոր»-ի կամ «ողջույն-բարի օր»-ի նմա՞ն։ Ասենք այսպես` մեր ուխտը ծրագրով, որ ես մաս-մաս հրապարակել էի, կայացավ, ու այսօր Բեթղեհեմ մեր այցով, Մայրավանքում պաշտոնական ամփոփումով ավարտվեց։ Մենք հոկտեմբերի 11-ին` առավոտ շուտ, Թել Ավիվի օդանավակայանից թռչում ենք Թբիլիսի, հետո ավտոբուսով մեկնում ենք Երևան։

Բեթղեհեմ` Հիսուսի մսուր,  մեր այցին մենք պատրաստվել ենք հուզմունքով։ Երեկոյան սենյակում ընթերցանության նյութը Դավթի հետ հե՛նց Հիսուսի ծնունդն էր․․․ մանուկների կոտորածը Բեթղեհեմում, Հիսուսի ընտանիքի փախուստը Եգիպտոս։ Ինչո՞ւ շրջանցենք, երբ հասուն է մեր Դավիթը, ուխտով այսպիսի՝ տասնօրյա, բազում նոր մարդկանոցով, տպավորություններով հասունացած, մի կյանքի դպրոց, իսկական ուսուցում անցած։

Բեթղեհեմ. Սուրբ Հարության տաճար:

Սիրեցինք Սուրբ Հարության տաճարի հրապարկը  այս միշտ մարդաշատ հավաքատեղին՝ նախամո՞ւտքը, գավի՞թը... Երկու կողմից հյուսիս-արևմուտով ձգվող երկու երկա՜ր, սատանան գլուխ կհանի, տոնավաճառային սոդոմ-գոմորից հետո` երկու անսպասելի դռներ, մուտք, ու Քրիստոսի գլխավոր տաճարի (քրիստոնյա աշխարհի բոլոր տաճարաներն են Հիսուսինը) լուսավոր հրապարակը․․․ Նստի՛ր, մի՛ շտապիր․․․ Աշխարհի ժողովուրդների հավաքատեղի՝ մշտական ինտերնետ կապով․․․ Ինձ հայտնի ամենախիզախ հեղափոխական, արդյունավետ գործող մարդու` եկեղեցու շրջակայքը առևտրից ազատելու ջանքերը  սիզիփոսյան աշխատա՞նք դուրս եկավ։

Առավոտյան մենք սուրբ հայրերից մեկի առաջարկով ու նրա ուղեկցությամբ, Դավիթ Բլեյանի հետ այս հրապարակից անցանք տոնավաճառի հազարամյա սալարկներով․․․ Հայր Սուրբը խաղաղ պատմում էր․ այս տեղերով անցել-քայլել-տարածել է Քրիստոսը․․․ մինչև հասանք Մայրավանք, ուր հավաքվում է Երուսաղեմի Պատրիարքարանի միաբանությունը առավոտյան Պատարագի, ու հատուկ կարգով, թափորով, հրեա գավազանակիրները` առջից, ոստիկանները՝ առջևից-ետևից, երկա՜ր քայլում ենք, ուխտի ենք գալիս Սուրբ Հարության տաճար՝ Առավոտյան Պատարագի՝ նվիրված Վարագախաչի տոնին։ Նկատեցի՞ք, մենք Սուրբ Պատարագի մեջ անցկացրեցինք ուխտի տասն օրերը․․․

Կաթի քարայր:

— Հայրի՜կ, բա Շուշանիկի մայրիկն ո՞վ է․․․
Ու հրապարակում ես հասունացած իմ տղային ներկայացնում եմ իր քույրերին ու նրանցով ձգվող հարազատական բոլոր կապերը։ Ճշտեց, հաստատեց, պարզից պարզ դարձրեց իր համար մեր ուխտի հերոսը։ Իսկ արանքում մենք ուղիղ միանում ենք քույրերից յուրաքանչյուրին՝ Երևանում, թե Վիեննայում։ Դավիթը մեկ էլ հանկարծ՝
— Պա՜պ, հետո անհավատները, որ Հիսուսին չէին հավատում, բայց նրա կողքին էին, ի՞նչ եղան․․․
Հետին թվով չստացվի… եթե ուխտից սպասելիք եմ ունեցել, ամեն ինչը հիմա կա, այստեղ է՝ Սուրբ Հարության այս հայտնի հրապարակում, Դավիթ Բլեյանի հետ։

Օրվա մեջ մի քանի անգամ ես շփոթեցի Բիթլիսն ու Բեթղեհեմը։ Ով եղել է երկու քաղաքներում էլ, թող սկսի թվարկումը իմ այսպիսի զգացողության հիմքերի, իսկ ես րոպե առաջ ուզում էի թողնել Հիսուսի ծննդավայրը։ Բեթղեհեմը, որ հացի երկիր է նշանակում, որ Դավիթ մարգարեի բնակավայրն է,  Սուրբ Ծննդյան եկեղեցու ներքին ծավալը ամբողջությամբ, վերանորոգման մեջ էր՝ տախտակամածներով պատած՝ ինչպես Սուրբ Հարության տաճարը։ Վերանորոգումները կավարտվեն։ Իսկ ի՞նչ անենք Բեթղեհեմը օղակած խուլ, բարձր պարիսպների ու անճոռնի մուտքի թողած տպավորությունը։

Հայոց պատրիարքարանի Մայրավանքի դպրատանը երկա՜ր հանդիպում ունեցանք սուրբ հայրերի հետ։ Հանդիպում, որին մասնակցում էր հայագիտական դասարանների առաջին շրջանավարտ Արշակ Բանուչյանը, ով երեկ է այցելել Երուսաղեմ՝ Ժառանգավորաց վարժարանում գրաբար ու մատենագիտություն դասավանդելու։ Սուրբ Թեոդորոսի գողտրիկ եկեղեցում, որ կապվում է Հեթում թագավորի հետ, մի քանի հազար կտոր մատյանի ներկայությունը հնադարյան պահարանների մեջ դրված, խորանի երկու հարյուր տարեկան արժեքավոր վարագույրը, որ բացվում է տարին մեկ անգամ, բաց չէին թողում մեզ։ Ի՞նչ եկեղեցի է, շատերին անհայտ, դարձած ավելի անհայտ մատենադարան․․․ Որքան էլ տպավորիչ է Մայրավանքը՝ իր ներկայով, այն մեծ խնամքի, էական թարմության ու հեռանկարային զարգացման պահանջ ունի։ Այս ամենը պահպանելը հիմա թվում է անհնար` առանց եղածի շուտափույթ արդիականացման-կենդանացման։

Մայրավանք:

Օրվա ավարտը սպասված էր։ Տեր Զենոն քահանան յուրաքանչյուր ուխտավորի հանձնեց Երուսաղեմի պատրիարքարանի վկայագիրը։ Դավիթ Բլեյանը սույնով Երուսաղեմի պատվավոր ուխտավոր է․ սպասեք վկայագրերի հրապարակմանը իմ բլոգում։

#812

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

1988-ի երկրորդ շարժի մասին է իմ դժվար գիրը

Որոշումներ ինքնուրույն կայացնում է Դավիթ Բլեյանը. սրան զոռով չես փոխի, իր համառությունից, հակառակվելուց սևանում է… Հո չե՞ս ծեծի՝ փլուզես ողջ գիտակից կյանքում կառուցած մանկավարժությունդ… Իբր քիչ փլատակներ կան մեր երկրում. փլատակների

Օրհնության պարգև շաբաթ՝ կիրակիի գրով

Երեկվա շաբաթ օրը՝ մայիսյան ստեղծագործական բաց հավաքով, օրհնության օր եղավ։ Ինձ օրհնողները՝ կրթահամալիրի Բանգլադեշի բնակիչները, կրթահամալիրի Բանգլադեշի կանաչող-գրավիչ դարձող հյուսիս-արևելք անցումում ինձ հանդիպող-ողջունողները․․․ Այս ողջույնները, Քոլեջի անցումի՝ երեխան գրկին, երիտասարդ, հմայիչ անծանոթուհի-արդեն

Լցվեցինք ու… լծվեցինք…

Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը…