Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Յուրա Գանջալյանն անթաքույց (ի՞նչ բառ է. որոնում օրագրում՝ ես այն առաջին անգամ չե՞մ գործածում) ոգևորված է «Ֆինանսական գրագիտությունը՝ անգլերեն» միջազգային նախագծով, նրա հաջող ավարտով, կլոր սեղանով, կրթահամալիրի Ավագ դպրոցի մեծ թվով սովորողների ձեռք բերած-ցուցաբերած անգլերենի կարողություններով:
— Դուք ձեզ հպարտ չե՞ք զգում,- հարցնում է ի լուր բոլորի Մեդիակենտրոնում…
Ես մոռացել եմ աշխույժ, բազմամարդ, կենդանի հավաքը Ավագ դպրոցի ընթերցարանում, մոռացել եմ կրթահամալիրով հիացող Թբիլիսիի դպրոցների տնօրեն-ուսուցիչ-սովորողների խմբին… Իմ միտքը, հոգսը հենց նոր Մայր դպրոց-Գեղարվեստ-Մեդիակենտրոն ճանապարհն էր՝ կեղտոտ, փնթի, որով անցա… «Կրթական պարտեզ» ասելով, կրկնելով, պրեզենտացիաներ անելով չէ, սիրելի Մարթա Ասատրյան ու Միքայել Կամենդատյան, թեկուզ այս տեսանյութը շատ հավանեցի. մեկ է, մեր մեծ սարալանջի, դրա անցումների վիճակը չի՛ լավանում, չի՛ փոխվում… Փետրվարյան ուսումնական ստուգատեսների աշխույժն էլ չի կարող ինձ շեղել, ո՛չ էլ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա խորհուրդը: Մաքրության համար չեն պայքարում, վերցնում են ավելն ու ավլում են…Սա մաքրության համար պայքարի իմ լոզունգն է, որ կարծեմ վերցրել եմ նշանավոր հումորիստ գրողներ Իլֆ ու Պետրովից… Այս օրերին ավելն իմ ձեռքից ընկել է… Իմ դիրքը փոխել, գետնից կտրվել է պետք: Ես այսօր նստում եմ հեծանիվ, ճանապարհում առայժմ մեքենան նախընտրող Դավիթին ու Արմինե մայրիկին: Վերսկսում եմ իմ վճռական-հետևողական գործը, որ շեղված մնաց 2016-ի ձյունոտ հունվարով և համաճարակով, այն, ինչ ցցուն դրսևորեց այս օրերին Բանգլադեշում, մեր կրթական պարտեզում վերջին հարյուր տարվա ամենատաք փետրվարը…: Սկսե՛նք, մեր գործը նորե՛ն սկսենք…
Իսկ իմ աղջիկների անգլերենի ուսուցիչ միստր Յուրային պատասխանեցի, օրագրային տարբերակն էլ բերեմ.
— Պիտի կարողանանք մեր բոլոր կարողություններով, այդ թվում՝ ուսումնական, լեզվական-ֆինանսական-հաղորդակցական, մեր բոլոր նոր կապերով լծվել մեր օրվա, տարվա խնդիրների լուծմանը…

Հատուկ Թումանյանի ծննդյան օրվա համար:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ավագ դպրոցի Տիգրան Աբրահամյանն ու Գեորգի Թևոսյանը ինչ անբաժան ընկերներ են. տեսեք՝ ի՜նչ սիրուն են նայվում այս պայծառ պատանիները։ Ու ի՜նչ ձև են գտել արևի նման պայծառ աշխարհին նայելու. միացրել են ձեռքի տակ եղած որևէ թվային միջոց ու այս օրով ամենակարևոր խոսքերն են փոխանցում իրենց, մեր ու ձեր իմաստուն Պապիկի։ Լսենք պարզապես…

Մեր քոլեջի ուսանող Անի Գևորգյանի այս հրապարակումից դուք տեղյակ եք, որ ես երեկ օրվա վերջում մի մեծ համաժողովի «պանելիստներից» մեկն էի (ինչ բառ են գտել, մեծատառերով էլ դեռ գրել են), կենտրոնում՝ բոլորի ուշադրության կենտրոնում։ Գիտե՞ք՝ ինձ, մեզ իմ ելույթից առաջ ու հետո որքա՜ն գովեցին… Զրո հպարտություն, ավելի շուտ՝ զայրույթ, որ պահում եմ, ինձ վնասում է…

Պայծառ օր՝առավոտյան պարապմունքից առաջ:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի:

Իսկ համաժողովը չվերջացած՝ ես պիտի Էլիտ-պլազայից հասնեի Անի-պլազա, ու հասա արագ՝ կեսժամյա հաճելի քայլքով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին իմ մասնակցությունը միայն Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարազատությամբ չէր պայմանավորված։ Նախ՝ այնքա՜ն կիրթ-խելացի էր կազմված հրավերը, նրա թերթոնը, թերթոնի գիրը։ Հետո, ես չեմ կարող ձեզ իմ գրով քաղաքացիական-քաղաքական համախմբվածությանը նպաստելու կոչ անել, առանց որի ի՞նչ բեկում 2016-2017-ին ու հետագայում, յուրաքանչյուրիս կյանքում, իսկ ինքս որևէ նկատառումով դուրս մնամ այդ, իրոք, վճռական գործից…

Ում համար մանրուք է, ինձ համար՝ երբե՛ք, մի՜շտ կարևոր է. հավաքը սկսվեց հայտարարված ժամին, կենդանի դասական երաժշտություն կար, մեծ թվով ինձ անծանոթ, գաղափարով համակված հասուն երիտասարդներ, ասելիքով կարճ, լսելի ելույթներ… Ես և՛ իմ, և՛ Դավիթ Բլեյանի անունից մուծում կատարեցի՝ հանուն Հայաստանի Հանրապետության… Այսպիսի հավաքները, ինչպես և բիզնես ֆորումը, հին մտերիմներին-գործընկերներին հանդիպելու, երևի, միակ հարմար ձևերն են: Այնքա՜ն մարդ մոռացումից լույս եկավ, մարդկային հարազատություն փոխանցեց, կարևորեց իմ-ձեր գործը… Շնորհակալ եմ:

Երևան: Լուսանկարները՝ Կարեն Բիչախչյանի:

Իսկ իրիկնային Երևանը՝ իր աշխարհագրական կենտրոնով, քամոտ էր, սարսուռախառն… Դավիթ Բլեյանը բարձր տրամադրությամբ է, որ գուշակում ես՝ այնպիսի՜ ստեղծագործական անցում կանի… Ու արե՜ց…
— Հայրի՜կ, ես ուզում եմ, որ իմ բոլոր գազանիկներն ապրեն հարմար ու հոգատար… Ես նրանց համար կենդանաբանական այգի եմ կառուցում:
Ու կառուցեց… իմ աչքի առաջ… Իր քույրիկ Մելինե Մարտիրոսյանի խնամքը, տեսե՛ք՝ ի՜նչ դրական ելք է ունենում…

Ֆոտոխմբագիր՝ Մարինա Մկրտչյան
# 588

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամի հաղթահարումը

Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է

Հանդիպում հերոսին օրվա՝ հոգևոր միայնության մեջ

Սեբաստացի հայրիկի սիրելի գործով եմ սկսում իմ շաբաթ օրը։ Դավիթ Բլեյանին Մեդիակենտրոնից, ստանալով Գևորգից և Սուսանից ճամփորդին ուղղված չարենցյան խորհրդի նման մի բան, առիթ է, կարդացեք, շատ ենք ճամփորդում, Դավթին Հյուսիս-Սարալանջով ուղեկցում եմ

Չիփսն ի՞նչ է

Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր