Ես, գիտեք, բոհեմի մարդ չեմ. գիշերային բոհեմային կյանքն իմ երազներում անգամ չկա: Այս գիշերային աշխատանքը՝ որպես բոհեմ, գրելով-կարդալով-մտածումով, ինքս ինձ հետ, երկնքով-փողոցի գիշերային ձայներով լինելը, հասավ-խաչեց ինձ ու 1004 գիր-օր բաց չի թողնում… Ընթերցող դեռ ունեմ, հա՞, իմ գիշերային կյանքի արձագանքների սպասողը՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, դեռ մնացել է, հա՞…

Բոհեմը որտեղի՞ց… խաղողից-հնձանից-գինու՞ց… Գինարբուքի՞ց… Բառի, նրա բերած-թողած ազդեցության-տպավորության-արձագանքի հետևից եմ գնում.

Լեցուր բաժակը՝ խմեմ
Գինին կախարդ հեշտանքին

Վրաց մեր գործընկերներն են գալիս, իմ կրտսեր ընկեր Գեորգի Մոմցելիձեի առաջնորդությամբ, գինու երկրից… Գինու շշերո՞վ… Գինարբուքի տրամադրությո՞ւն են բերում…

Գինով ըլլամ ու կյանքին
Անմըտությունը երգեմ

Այս օրերին իմ մեջ հայ Արարատյան ու վրաց Կախեթի այգիներն են զուգահեռ խոսում-պատմում. եղե՞լ եք Կախեթի խաղողի-գինու աշխարհում։ Ես եղել եմ։ Երեկ Միջին դպրոցի ջերմոց-ծաղկանոցում Էդմոնդի դրած խաղողի մատերը տեսա. արմատակալում են… Խաղողի այգիներ ենք գցում, իսկակա՛ն։ Մեր հողատարածքների հարավ-արևելք, հարավ-արևմուտք եզրագծերով, որպես կանաչ-խորհրդանիշներ, կլինեն խաղողի տնկիներ… Այո, խաղող՝ մատչելի յուրաքանչյուրին. մոտեցիր ու պոկիր, բալի-հաղարջի-թթի-մոշի պես… Ապրիլին, ապրիլով սկսվող այս նախագիծը, առաջարկը քեզ ընթերցող հասա՞վ…

Լեցուր բաժակը՝ խմեմ
Գինին բոսոր հեշտանքին

Դավիթ Բլեյանի հետ երեկ ի՞նչ երգ էր, ի՞նչ ձայներ էին… Որտեղի՞ց… Արմինեին եմ հարցով նայում… Անցած ուրբաթ՝ օրվա վերջում, Արմինեի, Դավթի հետ այցելել էինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացված այս ցուցադրությունը… Տպավորված եմ, իսկական ուսումնական ծրագիր է դրված… Սրանից լավ պարգև՞ մեր երգող խմբային դասարանական այսօր սկսվող ստուգատեսի մասնակիցներին… Մի վարպետ-երաժիշտ էր բլուլով թե սրինգով նվագում… Կարելի էր ազատ դափերի-զանգերի-զիլերի-ծնծղաների-շրխկանների հետ խաղալ… Խաղաց մեր ակտիվ հերոսը… բոլոր գործիքներով… Ձայները մնացին… օր անց հո չմեռա՞ն, կենդանացան, երգ ու ձայն դարձան… Իր շինած այս քաղաքն էլ՝ աշտարակներով-եկեղեցիներով, որտեղի՞ց, բա խո՞սքը.
– Սրանք լռություն են ուզում, որ չքանդվեն, պապ…
Ցուցադրության անունն էլ ահա «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում»… կապը, ձայները, ինքնիրեն, Ռոդարու տրված բանալիով, հետքերով…

Լեցուր բաժակը՝ խմեմ
Գինին հարուստ հեշտանքին

Զանգուն՝ իր բնությամբ, իր ձայներով, իր լռությամբ, ախր, պարգև է… Վերցրեք մի խմբով ու մեկ-երկու ժամով Զանգու մտեք…

– Հայրի՛կ, ինչո՞ւ փողկապ չես կապում…
Ես լրացնում եմ Արմինեին, ում պատասխանները հանգում են նույն բանին՝ «Հայրիկդ ուրիշ է, Դավիթ», կամ «Տղա ջան, դու ուրիշ հայրիկ ունես», «Էսքա՜ն էլ հայր ու տղա իրար նման»… Ենթատեքստում՝ ուրիշ է Արմինեն, որ այսպիսի ամուսին է ընտրել, այսպիսի տղուկ լույս աշխարհ բերել, էսպիսի երկու Աշոտների-Բլեյանների ձեռքին դիմանում է…
– Ինչո՞ւ են ուրիշները փողկապ կապում, հայրի՛կ:

Ես շարունակում եմ լրացնել Արմինեին… Փողկապ, չեմ հիշում՝ երբ եմ կապել. դրա գոյության մասին ինձ հիշեցրեց Դավիթն իր հարցերով… Չեմ նկատել, որ կան մարդիկ՝ դրանք գործածող… Դրա փոխարեն սկսել եմ պիջակ ավելի շատ հագնել… Սպասեք՝ հաջորդ 60 տարում կհայտնվի և փողկապը: Իսկ, այ, օգնեք գտնել մեր հագուստի դիզայներ-մոդելավորող-ձևարար Թերեզին Թումանյան ու զարդակիրառականի Սարգիս Մնացականյանին: Իմ տեսադաշտից մի՛ անհետացեք երկարատև, խնդրում եմ, շարունակական բաց-թափանցիկ միջավայրը՝ իր փոխազդեցություններով, մոբիլ-ստեղծական մանկավարժությունը՝ իր նախագծերով, մեզ պարբերաբար ստուգատեսային որևէ հարթակում պիտի առերեսեն, ինչպես ինձ ու Մարալին, ով Հայ ազգային կոնգրեսից խաղաղ անցում կատարեց Նոր ուղի… Շաբաթ միասին էինք Զանգի-Արարատյան դաշտով դեպի Արազ մեր քայլքով-թափառումով-հայտնաբերումով, երեկ՝ հին Երևանով-Շենգավիթով ու իր Զանգիով… Աշխատանքային խմբով «Օրը Աբովյանի հետ» ուսումնական նախագծի համակարգող Քնարիկ Ներսիսյանի, բնապահպանական ուսումնական նախագծերի համակարգող, մասնագիտական խմբի ղեկավար Էմանուել Ագջոյանի, տեխնոլոգ-ֆոտոլուսանկարիչ Տաթև Աթոյանի ու կոնֆլիկտաբան-հասարակագետ Մարալ Կարապետյանի հետ մենք պատրաստվում ենք ապրիլի 15-ի հայրենագիտական որոնումին՝ Արգավանդով, Զանգիով մինչև Քանաքեռ… փոքր, ինքնորոշված խմբերով-նախաձեռնություններով, Զանգիի  մարդու հայտնագործումով… Մի՛ սպասեք, գործեք:

Իսկ ես տենդագին նյութ եմ հավաքում իմ «Մի բաց նամակ ամենքին» հրապարակման համար… Ապրիլյան օրացույցով որոշված բնապահպանական-հայրենագիտական ուսումնական նախագծերի ստուգատեսի մեկնարկին բան չմնաց… Երեկ մանկավարժական լաբորատորիայում կարողացանք մեր մշակումները Սուսան Մարկոսյանի ձեռամբ տեքստի բերել հանձնել Էմանուելին, ում ոգևորվածությունը-մասնագիտական պատրաստությունը Զանգի-Հրազդան մայր գետով կարևոր պայման է տեքստի 1-ին ընթերցումը, հավաքանիով քննարկում-լրացում-ամբողջացումը ռեժիմում-ժամկետում կազմակերպելու, ստուգատեսի պատրաստությոան շրջանն անցնելու համար… Բան չմնաց:

Մարթա Ասատրյանի, Աշոտ Տիգրանյանի հետ՝ Ավագ դպրոցի գրասենյակի պատշգամբում, առցանց՝ Արմինե Թոփչյանի հետ, Կենտրոնական ընթերցարանում՝ հասարակագիտական ստուգատեսի շրջանակում վրացերենի օրերի, շախմատի բաց առաջնությանդասարանական երգչախմբերի հանրակրթական ստուգատեսի պատրաստության պատասխանատուների հետ հանդիպումները օպերատիվ գործիքներ են՝ շարունակ բաց-փոխօգնության-լիարժեք տեղեկացվածության ռեժիմում սրընթաց ապրիլից առավելագույն ուսումնականը կորզելու համար:

Explore More

Ի՜նչ կին… Մարիամ Միրզախանի

Մեր ժամանակի ամենա-ամենա-ամենականացին էր, մաթեմատիկոս, իրանցի. 40 տարեկանում մահացավ… Ճանաչո՞ւմ էինք նրան՝  ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորին, որ 2014թ. Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան է ստացել, իսկ 2014-ին դարձել առաջին

Արտակարգ իրավիճակներ… հեղինակային մանկավարժությամբ…

Օրեր առաջ մեր մանկավարժության էսկադրիլիան*՝ դրոնը, ջախջախվեց Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով փորձարկումների ժամանակ… Տարբեր վարկածներ են շրջում… Հակառակորդ-հակահեղափոխականը ձեռքերը ծալած չի նստել և այս ձևով փորձում

Իսկ բանն ասա՞նկ է, կամ խոսքը՝ գո՞րծ…

Նախ, ես իմ չորս բաժակ ջուրն եմ խմում ամեն առավոտվա, հետո կիտրոնի ջուրը… Արանքում ես պատմում եմ իմ օրվա մասին, ուտում (վայելում) իմ բաժին խաղող-սալորը, հետո՝ սուրճի հետ, Արմինեի ու