Երբեմն, երբ մտքով-ուշքով եմ հետևում կրթահամալիրային իրադարձություններին՝ մտածված բացակայում եմ… Ինչպես դեպի Վահան Տերյանի պուրակ ձեր երեկվա երթից, Տերյանի արձանի շուրջ ձեր խմբումից-խոսքից… Հետո անդրադառնում եմ… Մեդիան մեր mskh.am-ով իրական բարիք է, թույլ չի տալիս՝ չլինենք-ընդհատվենք… Արմինե Թոփչյանի այս ֆոտոշարը, Հասմիկ մյուս Թոփչյանի այս տեսաերթախոսքը… Գեղարվեստի նախակրթարանում այս մրցույթի ազդեցությունն ունեցան, հուզեցին Նոր դպրոցի՝ Սեբաստացուն նվիրված այս ելույթով, Ավագ դպրոցի շրջանավարտների «Ես եմ…»-ի նույն անմիջականությամբ… Հարություն Ղազարյանի ուսումնական այս նախագծի հասունությամբ… Մեղավոր եմ, որ հազարի միջից առանձնացնում եմ, բայց սա էլ մոնտաժի մի ձև է, որից դուք լիուլի օգտվում եք ուսումնական ձեր կյանքում… Հետադարձ հայացք մեր օրվան… տնօրենի օրվա մի գրի մեկ հատվածում… Իսկ այս կյանքով ապրող աշխարհի՝ ՀԱԹ-ի՝ Հարավարևմտյան Թագավորություն անվանեց Շուշան Բլեյանն այս հապավումը, թագավորը չի կարող առտու ժամը չորսին չարթնանալ… Ապրածը՝ որպես օրվա գիր թողարկելու, այսքան մարդու՝ սովորող-ուսուցիչ, ծնող, իրական ապրումով mskh.am-ի հետ ապրումակցելու համար չորս ժամը՝ մինչև տանից դուրս գալը, չի էլ հերիքում…

Մեդիահմուտ 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Մեր տան ամենաթանկ գույքը լեհական ճաշասեղանն է՝ իր աթոռներով… Դավիթ Բլեյանի համար տաբուներ չեն կարող լինել, մեր ժամանակի հերոսի համար տան յուրաքանչյուր անկյուն ջունգլի-տունդրաների բնաշխարհ է. վայրի կատուների մշտական կերպափոխությամբ մեր հովազ-լուսան-ընձառյուծ-անտառի կատու-վագր-առյուծ ապրող կատվազգու համար ի՜նչ արգելք, հո բիզոն-այծեղջյուր-եղնիկի նման կեր չե՞նք դառնալու… Իսկ մեր ընդարձակ հյուրասենյակի երևելի զարդը որևէ ձևով չի արժանանում Դավթի ուշադրությանը, մարմնամարզական-վարորդական որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, ոչ էլ խոսքի մեջ կա. չկա ու վերջ: Իսկ ա՜յ բազմոցը, լրագրասեղանը, խոհանոցի սեղան-աթոռները, մահճակալները Դավթի ոտի-ձեռի տակ են… Որքա՜ն բնական կդառնար մեր կյանքը, եթե ընտանեկան նյութական միջավայրն ամբողջական ներառական ազդեցությանը տրվեր… Աիդա Պետրոսյանն իր «Պարտեզն ընտանիքում» նախագծով կարո՞ղ է կոնկրետ օրինակներով-լուծումներով խթանել ներառականության հաստատումը մեր ընտանիքներում…

Երկրորդ դասարանցիները պատրաստվում են Մարմնամարզական ստուգատեսին:
Լուսանկարները՝ Սաթեն Օրդյանի:

— Ի՞նչ տվեց ինձ մասնակցությունը հայերենի առարկայական օլիմպիադային,- հարցնում է իրեն բնորոշ շիտակությամբ մեր տասներկուերորդ դասարանցի Նելլի Հարությունյանն ու իր բլոգում անմիջական պատասխանում… Մենք խստիվ հարգում ենք մեր սովորողների ընտրության իրավունքը նաև ամենատարբեր ուսումնական մրցույթների մասնակցության հարցում և բարեխիղճ-կոնկրետ աջակցում ոչ մեր հեղինակած մրցույթներին սովորողների մասնակցությանը՝ հանրապետական առարկայական օլիմպիադաներից սկսած մինչև «Այբ» հիմնադրամի կազմակերպածները… Մեր գործընկերների ո՛չ մեծամտությունը, ո՛չ կներեք, վախկոտությունը չեն փոխի մեր դիրքորոշումը. մեր սովորողը հասուն է՝ ազատ ընտրություն կատարելով, և հասունանում է իր կենսափորձով… Ուսուցումը ստեղծականության, մտածողության, երևակայության, կարողությունների զարգացման նպատակադրմամբ, մեկ-երկու ակտով՝ քննությամբ-օլիմպիադայով-ստուգատեսով-հավաքով, պարապմունքով արվող բան չէ, միջոցառումային լուծումներ չունի… Անընդհատ ստեղծական՝ որպես վիճակ մարդու, ահա ինչու՝ առանց մոբիլության, առանց ինքնուրույնության-ինքնակրթության, առանց թվային միջոցների շարունակական գործածման սրա լուծումը չկա: Մեր՝ կյանքի դպրոցը, մեր հեղինակած մոբիլ ու ստեղծական կրթության կազմակերպմամբ մշտական խթանող միջավայրով ու ներառական ազդեցությամբ՝ այլընտրանք է: Հանրակրթության պետական վարկանիշավորման 2016-ի աղյուսակում կրթահամալիրի հիմնական և Ավագ դպրոցների բարձր դիրքերի առիթով ծնողների տասնյակ արձագանքներից առանձնացնում եմ Մինասյանների ընտանիքինը (Գեղարվեստի դպրոցի Արենի և Արսենի մայրիկ-հայրիկի խոսքը իմ ֆեյսբուքյան էջից).

«Ինձ ուրախացրեցին, բայց չզարմացրեցին այս արդյունքները: Որպես Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում սովորող երկու աշակերտների ծնող, բազմիցս համոզվել եմ, որ այն միջավայրն ու մարդկային հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում կարողացել են ձեւավորել այս դպրոցում, գոնե առայժմ, բացառիկ են: Ախր շատ հեռու են ձեւից ու ձեւականություններից, ստրկամտությունից, երեխաների համար էլ զարգանալու եւ գործելու հենց նման առողջ միջավայր են ապահովում: Մի խոսքով, սեբաստացիներ ջան, շնորհավորում եմ, միշտ առաջ ու միշտ մարդկայինը վեր դասելով»:

Բնագիտատեխնիկական ստուգատես. օր երրորդ:
Լուսանկարները՝ Անահիտ Եղյանի:

Տեսեˊք, բոլոր ստուգատեսներում, նրանց անվանակարգերում արժանի-կարևոր տեղ են զբաղեցնում ընտանեկան նախագծերը… Սա մեր հեղինակած մանկավարժության ավելի ու ավելի որոշիչ դարձող առանձնահատկություն է… Մեր տանը բոլոր գործիքները կան Մարմնամարզական, «Բնագիտատեխնիկական», «Հանրակրթական դիջիթեք», «Կարդում ենք» փետրվարյան ստուգատեսներին ընտանեկան անվանակարգերով պատշաճ մասնակցելու համար… Կկարողանա՞նք մեր բազմազբաղ առօրյայում (Արմինե մայրիկը քանի՜ տասնյակ չորրորդ-հինգերորդ դասարանցիների մայրենիի ուսուցիչն է, ես էլ՝ ալամ աշխարհի տնօրենը…) կարևորել մեր կոնկրետ օրինակով մասնակցությունը, մեր միջոցով Բլեյան-Հովհաննիսյաններ-Բազեյաններ-Աբրահամյանների ներգրավումն ընտանեկան նախագծերին… Էհե՜յ, կարդո՞ւմ եք, լսո՞ւմ եք, ձա՛յն տվեք…
— Իմ ափսեն բերե՛ք հյուրասենյակ,- ի պատասխան խոհանոցում միասին ընթրելու մեր պահանջի-կանչի հրահանգում է Դավիթ Բլեյանը…
— Դավի՞թ,- իբր սաստող տոնով կանչում եմ ես…
— Ի՜նչ կլինի, պա՛պ… Էդ ձե՛ր խոհանոցն է, էս՝ ի՛մ հյուրասենյակը… Դու, որ ուտելով լուրերն ես նայում, վատա լինո՞ւմ…
Ասում է՝ սիրելի մուլտից հայացքը չկտրող հերոսը… Ինչ ճիշտ է՝ ճիշտ է: Ես իր շիլան դնում եմ բազմոցի դիմացի սեղանին…

2-4 տարեկանները պատրաստվում են մարմնամարզական ստուգատեսին:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:

Ընթերցարան՝ քոմենթներով

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 579

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարադոնան էլ մեզ չի օգնի…

Վերնագիրն ինձ հուշեց Արմեն Նիկողոսյանի՝ «Հայկական ժամանակ»-ի մարզական լրագրողի գրավիչ պատումը: Հաճույքով կարդացի. սկսեˊք իմ օրվա գիրը սրանով… Ի դեպ, Արմենը կրթահամալիրի գործադիր տնօրեն է եղել 1990-1994 թթ… Համաձայնեք, որ

Դուք չեք կարող ասել՝ ինչու Վանոն մեզ հետ չէ…

Շնորհակալ եմ, որ գրքի այս մասում դրված են այս տողերը։ Որովհետև եթե ինձ ասեին՝ ընտրիր 10 տող, ես հենց այս տողերը կընտրեի. մնացածը կա՛մ ասված է, կա՛մ մարդիկ կասեն։ Հասարակությունից

Ուսումնական ամառն սկսվում է մայիսով և ուսապարկով ճամփորդ-ճամբարականի

Հիշում եք, ես չեմ հիշում՝ երբ, Հրազդանի կիրճում, «պառկած ոստիկանն» ինձ հեծանվից նետեց գետին։ Ես ոչ միայն վնասեցի ձախ ծունկս, այլև այդ մասում պատռվեց իմ սիրելի ջինսը։ Երեկ, երբ վերադարձա