Հաստատ է, որ ես հարգանքով կարդում եմ ինձ հասցեագրված յուրաքանչյուրիդ նամակը, «Դպիր»-ում ամեն մի հրապարակում… կարող է՝ ամոթալի մի վրիպում լինի տարվա մեջ։  Անարձագանք չեմ թողնում ոչ մի դիմում, հրապարակում… Այսպիսի հաղորդակցությունը չի կարող փոխադարձ չլինել կրթահամալիրով մեկ… Ցավոք, այդպես չէ. էլ. փոստը բացելը, հակառակ ներքին կարգապահական կանոնների, կրթահամալիրի տնօրենի սուրհանդակները, նամակները, օրագրում թե օրագրից դուրս, քմահաճույքի է բերված՝ կստացվի-կկարդամ… Կիրակի օրվա իմ գործողությունները ցույց են տալիս, որ ես ոչ միայն հաշտ չեմ ապրի այս քամահրանքի հետ՝ որևէ պատճառաբանությամբ. ես, կներեք, արմատախիլ կանեմ աշխատողի կարգազանցությունը… Իմ աշխատակազմին, դպրոցների, ուսումնական կենտրոնների և ծառայությունների ղեկավարներին հրապարակավ տեղեկացնում եմ՝ առաջիկա շրջանը՝  մինչև Ամանոր ու Սուրբ Ծնունդ, այսպիսի կարգապահ աշխատանքի հաստատման հարմար շրջանն է, առանց սրա ի՞նչ նոր տարի, հենա հինը կա… Սկսելով մեզնից, մեզնից յուրաքանչյուրից՝ դժվար չի լինի կարգապահ հարաբերությունների մեջ ներքաշել ամեն մի սովորողի ու ծնողի, գործընկերոջ: Այսպիսով մեր մշակած ու ընդունած կարգերն ամբողջությամբ ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կիրառելու ժամանակի մասին  է իմ գիրը: Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, ուսուցիչ անհատական նոթբուք-նեթբուքո՞վ է գալիս աշխատանքի ամեն օր. եթե այո, ի՞նչ գրատախտակի մասին է խոսքը, եթե դասարանում բոլորը, այդ թվում՝ դասավանդողը, ունեն իրենց աշխատանքային «տախտակները»՝ մեդիամիջավայրում ինքնուրույն կաբինետային ուսումնական աշխատանքի համար… Կաբինետը կարող է ունենալ պրեզենտացիոն (ներկայացման) պրոյեկտոր՝ էլ. գրատախտակով կամ առանց դրա, որը գործածվում է հենց այդ նպատակով… Մնացած ժամանակ թողեք՝ սովորողն ինքնուրույն աշխատի, հարգելի դասավանդող, իսկ դուք ձեր անհատական թվային գործիքով հետևեք, կազմակերպեք այսպիսի աշխատանքը… Դպրոցի ղեկավարը պիտի կարողանա այս խաղաղ շաբաթում յուրաքանչյուր կաբինետում՝ անկախ ուսուցչի ով լինելուց, այս նկարագիրն անխախտ դարձնի:

Նոր դպրոցի կինո-ֆոտոգործի սովորողների թափառումները: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Աննա Մարությանին՝ ֆրանսերենի մեր ուսուցչին, ով ժամանակին ու բարեխիղճ եկավ, երբ մայրության արձակուրդի անցավ ֆրանսերենի հմայիչ ուսուցիչ Կարինե Թևոսյանը, ասենք՝ մայրական գործուղումից բարի վերադարձ կրթահամալիր՝ իր երկու տարեկան դարձած Էլինայով: Ինձ համար, սեբաստացիական համերաշխ կարծիքն եմ արտահայտում, մեզ համար, մայրության գործը (այո՛, գործը) անբարեխիղճ-անգրագետ կատարող մասնագետը չի կարող իրեն վստահ զգալ մեր սեբաստացիական աշխարհում. ի՞նչ օրինակ ու գիտելիք է փոխանցում… Երբ մայրությունը, բալիկի սպասումից սկսած, ծնունդով ու մինչև երկու-երեք տարեկանը մեծացնելով վերջացրած, կրթահամալիրում ողջ ուժով պաշտպանվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ինչպես Աննայի… Եվ տեսեք՝ ինչպես արագ սեբաստացի Մարինեի և Էլինայի մայրիկը ներառվեց, ի՜նչ ախորժակով լծվեց ֆրանսերենը տարատարիք սեբաստացիների համար սիրելի-նախընտրելի-գործածելի միջոց դարձնելուն…

Բարև Ձեզ, հարգելի տիար Բլեյան։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ  CREFECO-ն, (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոնիայի տարածքային կենտրոն) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Կրթության ազգային ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ իրականացնում են հեռավար վերապատրաստման դասընթաց` երիտասարդ դասավանդողների համար, Ֆրանսիայի Հանրապետության Ռուան քաղաքի համալսարանում (վիրտուալ): Հայաստանից ընտրվել են 8 ուսուցիչներ, որոնց թվում եմ նաև ես (թեկնածուները առաջադրվել են Երևանի պետական համալսարանի կողմից): Ես սիրով համաձայնել եմ մասնակցել: Դասերը տևելու են 7 ամիս  (2015թ. դեկտեմբերից 2016թ. հուլիս), վերջում տրվելու է միջազգային սերտիֆիկատ: Շնորհակալություն:
Հարգանքով` Աննա Մարության

 Մենք, բոլոր դասավանդողներով, ծնողներով և սովորողներով միասին ենք աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, բաց-համոզիչ համաձայնությամբ, բոլոր փուլերում՝ մինչև իմ կողմից ընդունման-ազատման իրավական ձևակերպում տալը… Մեր Վիկտորյա Հովսեփյան սիրելի, հոգատար ռուսերենի ուսուցիչը գնաց սպասված-գուրգուրած առաջնեկի ետևից… Բարի վերադարձ՝ իր մանչուկով. mskh.am-ը՝ կրթահամալիրի բաց աշխարհը, թույլ չի տա օտարում… Լուսինե Բուշը՝ օտար լեզուների ուսումնական կենտրոնի ղեկավարը, ներկայացնում է փոխարինող մասնագետի թեկնածությունն այսպես. «Հարգելի տիար Բլեյան, ռուսաց լեզվի դասավանդողի թափուր տեղի համար այս շաբաթվա ընթացքում դիմել էր հինգ թեկնածու: Բոլորի հետ ես և Ժաննա Հակոբյանը անցկացրել ենք բանավոր ստուգման փուլ, որից հետո մասնակիցներին դաս-մշակում կատարելու առաջադրանք է տրվել: Արդյունքում ընտրել ենք Գայանե Գրիգորյանին, որը այս օրերին հաջողությամբ անցավ նաև վերապատրաստումը, ինչը կրթահամալիրում աշխատանքի ընդունվելու փուլերից մեկն է: Առաջարկում եմ աշխատանքի ընդունել Գայանեին և նոյեմբերի 24-ից նրա միջոցով իրականացնել Վիկտորյա Հովսեփյանի ուսումնական պարապմունքների փոխարինումը Հիմնական և Միջին դպրոցներում»: Ես պատշաճ տեղեկացրել եմ բոլոր դասավանդողներին, իմ օրագրով՝ նաև մյուս շահառուներին՝ տարատարիք սովորողներին, ծնողներին… Եվ սա ցուցադրական չէ. մենք համոզիչ պայմանավորվել ենք բոլոր դեպքերի համար… բոլոր կարգի ընտրությունների համար, ինչպես եղավ Ավագ դպրոցի ներկայացուցչի որոշումն արհեստակցական կոմիտեում, ինչպես կրթահամալիրի խորհրդի նոր կազմի բոլոր տասնհինգ առաջադրումները… Ձևականության-արհեստականության բացառման-հաղթահարման ճանապարհը մեկն է՝ արժանապատվության անձեռնմխելիության-իրավահավասարության հարգման պայմաններում սեբաստացի անհատի՝ իր իրավունքների ողջ ծավալով-ուժով գործելը… Սա անդառնալի ընթացք է:

Արխիվային լուսանկարներ. 2005թ: Դիմանկարներ

Ընթերցողը հարցնում է (ինչո՞ւ ինձ՝ այլ հարց է… ես խոստացել եմ անպատասխան չթողնել իմ օրագրում-բլոգում որևէ հարց. բլոգավարի խոստում է)՝ ինչպե՞ս եմ գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը… Ես օգտվում եմ տնտեսագետ Արա Մարտիրոսյանի «Որտե՞ղ է Հայաստանը 186 երկրների մեջ» «Ազգ» օրաթերթի 06.11.2015 հրապարակումից… Աշխարհի երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի գնողունակությունը հաշվի առնելով՝ Արժույթի միջազգային  հիմնադրամի (ԱՄՀ) 2015-ի ցուցանիշներով Հայաստանը երեք հազար հինգ հարյուր քառասունյոթ դոլարով հարյուր տասնյոթերորդն է հարյուր ութսունվեց երկրների մեջ, երբ Ադրբեջանը վեց հազար յոթ հարյուր իննսունչորս դոլարով յոթանասունիններորդն է, Ռուսաստանն ութ հազար չորս հարյուր քառասունյոթ դոլարով՝ յոթանասուներկուերորդը, իսկ առաջին տեղում հարյուր երեք հազար ութ հարյուր տասնյոթ դոլարով Լյուքսեմբուրգն է… Մնացածը՝ հոդվածում, որ արժե կարդալ, ուսուցիչ թե սովորող. քաղաքացու ընդհանուր գրագիտությունն ունի նաև տնտեսագիտության բաղկացուցիչ ցուցանիշներ… Թվերից պետք չէ վախենալ, իհարկե, առավել ևս, ոչ մասնագիտական գիտելիքներից… Իսկ վերնագիրն առա Մարգարիտ Մանվելյանի այս հրապարակումից… Ինձ ոչ միայն հետաքրքիր է Մարգարիտը՝ իր բոլոր դրսևորումների մեջ, այլև ես հետևում եմ այս վառ անհատականությանը՝ կրթահամալիրում հայտնվելու յոթերորդ դասարանից… Մեր ստեղծած աշխարհը, Թբիլիսիի թիվ 37-րդ դպրոցի փորձառու ղեկավար Լարիսա Մելաձեն միանգամից ու ճշգրիտ արձանագրեց, «ընդունակության բացահայտման ու անհատի լիարժեք դրսևորման պետությունը» հենց այսպիսիների համար է, որ իրենց զգան, սկսեն զգալ, ինչպես ձուկը ջրում:

Երբ ձեր մտքերն ու երևակայությունը հանգստանան, հաշվեք, որ դուք արդեն տանն եք, քանի որ ձեր տունն այնտեղ է, որտեղ հանգիստ են ձեր մտքերը: Այսինքն, իմ տունը դու ես:

Ծիսական տոնական հայ-վրացական ֆլեշմոբ Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի

-Ինչո՞ւ են բոլորը շուտ մրսում և միասին,- հարցնում է Դավիթ Բլեյանը Մանկական երկաթուղում, որտեղ կիրակի կեսօրին ես, Դավիթն ու Նազենի կրտսեր Հովհաննիսյանը խոր հիասթափության մեջ ենք. կարուսելները չեն գործում… արդեն ողջ նոյեմբեր…
— Ո՞վ է նրանց ասում՝ սկսեք մրսել…
Տաք, պայծառ աշուն է այգում, կիրակի, ու Հրազդանի կիրճի ամենամեծ, եզակի այգին ամայի է… Մրսկան ազգ… Այգում, երևի, միայն մենք ենք… Իմ առաջարկով մենք դառնում ենք արշավախումբ-հայրենագետներ, իջնում Զանգվի ափով մինչև Հաղթանակի կամուրջ, գետանց կատարում… Բոլորս ենք գոհ, շատ գոհ ու սոված…
— Սովահար,- պնդեց Դավիթը,- ջունգլիի առյուծի նման…
Մնացածը՝ տանը, տեխնիկայի հարց է…

Ուսումնական պարապմունքներ ավագ դպրոց-վարժարանում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Այսօր իմ թոռնուհի Արևիկ Տատինցյանի ծննդյան օրն է։ Շնորհավորեք Արևիկին, ինձ, Տաթև Բլեյանին, Դավթին…  Մեջբերում եմ Արևիկի առաջին անիմացիաներից մեկը և հրապարակած վերջին բանաստեղծությունը.

Կորուստ
Ախր ես ինչպես հավատամ նրան
Նայում եմ նրա աչքերին և ման եմ
գալիս նրա հայացքը, որը վաղուց կորցրել էի:

Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#505

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր սիրուն մեդիա

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

Աշխարհի ամենամահացու թույնը…

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի. «Մտքերը սերմեր են, որոնցից աճում

Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը

Բոլորիս սպանել-սպանում է արհեստականությունը: Մի կյանք է, ափսոս չէ՞ ապրել՝ ձևացնելով… Ինչի՞ համար…Անմիջական, կենդանի, սպոնտան (ինքնաբուխ), ոգեղեն. ազատ՝ խոսքի, գործողության մեջ, ի՞նչ է, այս ամենը խանգարում են կիրթ հանդես գալուն,