Կներեք, բայց կրթության շարունակման համար պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի ու Փանիկում օրերս հողին հանձնված պարտադիր զինվորական ծառայությունը կատարելիս սպանված քսանամյա Սիմոն Ճավրշյանի մասին հրապարակումներն իմ օրագրում իրար հաջորդում են… Մեր կյանքում էլ են անանջատ, լրատվական նորություններում էլ… Ես պնդում եմ, որ նման կարգերը ոչ թե կրթության (աշխատանքի) իրավունքի իրացմանն են ուղղված, «Ի փառս հայրենյաց ու ի սարսափ թշնամյաց»,- կավելացներ Գրիգոր Խաչատրյանը, այլ խտրության դրսևորման ու դասալքության՝ օրենքով ստեղծված խողովակներ են… Մեծ թվով պատանիներ տարբեր կրթաթոշակներով, ծնողների միջոցներով բարձրագույն մասնագիտական կրթություն են ստանում Եվրոպայի, աշխարհի ամենահայտնի, հայտնի, պակաս հայտնի (մեզ ու առայժմ) բուհերում, լավ են անում, իրենց կյանքի գործն է, ընտրությունը, կարիերան, նույնը Հայաստանյան բուհերում էլ մասնագիտական կրթություն ստացողների մասին կասեմ… Բայց թող միասին, բոլորը, ի տես հանրության ու քաղաքացիական հսկողությամբ, իրենց երկամյա ծառայությունն անցնեն Հայաստանի զինված ուժերում, միայն դրանից հետո… Ավելին, այդ ծառայության բարեխիղճ կատարումը պիտի պարտադիր հիմքը դառնա երիտասարդի հետագա կարիերայի, նրան որևէ ձևով պետական աջակցության ծրագրերում-ֆոնդերում ընդգրկելու, կրթաթոշակներ նշանակելու, Հայաստանում աշխատանքի իրավունքի իրացման համար…

Դավիթ Բլեյանի հետ իրիկունը վայրի կատուների մասին հերթական ֆիլմն ենք նայում… Երեկ առյուծների մասին էր, դրանից առաջ՝ իմ սիրելի բենգալյան վագրերի, այս անգամ՝ ընձառյուծ-հովազների… Ես սրանց այդպես էլ չեմ ջոկում, Դավիթը ցուցադրաբար զանազանում է, գիտի նրանց անունները, գոնե, երեք լեզուներով… Ինչպե՞ս են այս գիշատիչները որս անում՝ եղնիկից, այծքարից, զեբրից սկսած՝ մինչև կոկորդիլո՞ս… Շատ եղավ, դաժան արյունոտ տեսարաններն ընդունելի չափն անցան… սկսեց գործել ինքնապաշտպանությունը…
— Ես անջատում եմ հեռուստացույցը, հայրիկ ու գնում եմ՝ իմ աշխարհը կառուցեմ…
— Ինչո՞ւ վայրի կատուները չեն կարող խոտ ուտեն… Իրենց ատամները, իրենց ժանիքներն ինչո՞ւ Աստված չի ստեղծել խոտ ուտելու համար…

Աշխարհաստեղծները:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի, Լուսինե Աբրահամյանի:

Մեր շուրջ բռնությունների ալիքը չի մարում, դոզան շատ է իմ ընկալման համար. ես էլ, Դավթի պես, բոլոր այդ ալիքներն սկսել եմ անջատել… Ահա ինչու, սկսել եմ խուսափել միջազգային անցուդարձ կոչվածին անդրադառնալուց…

Ո՞նց ապրեցիր աշխարհում, այս ահեղ դարում դու, Տերյա՛ն

Տերյանի ծննդյան օրն է փետրվարի 9-ը. ի՜նչ սիրով ընդունեցի Միջին ու Ավագ դպրոցների առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցելու Նունե Մովսիսյանի այս հրավերը: Միասին, բոլոր 6-12-րդ դասարանցիներով, իրար հերթ տալով կարդում ենք Տերյան… Հետո՝ փողոցում, Տերյանի արձանի մոտ, այգում… Իսկ իրիկունը՝ տանը, հայր ու աղջիկ, մայր ու որդի, մեծով-փոքրով շարունակում ենք կարդալ ու տարածել… Սա թերապիա է: Ինչպես Ավագ դպրոցի պատանիների փախուստը, կրթահամալիրի դեպքում՝ հերթականը, Երևանից՝ մոտակա ձյունառատ Կոտայք աշխարհ, որի մասին, իրար շարունակելով, այնքա՜ն գունեղ-ամբողջական պատմում են Ջուլի Սիմոնյան սովորողն ու Ելենա Սարգսյան մայրենիի ուսուցիչը…

Կրթահամալիրի կենդանական աշխարհը:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Վերջին օրերին Մայր դպրոցում հանդիպում եմ մեր Մերի Թելունցին՝ Ավագ դպրոցի 2016-ի շրջանավարտին, ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2015-ի «Լավագույն աշակերտ» պարգևի արժանացածին… Google-ից լավ ո՞վ կպատմի Մերիի ուսումնական կյանքի, ձեռքբերումների մասին… Տեղով մեկ վարկանիշավորման աղյուսակ է այս Google-ը… Բազմազբաղ-նպատակասլաց իսկական սեբաստացին բաց չի թողնում ընդհանուր պարապմունքները, տոները… Այսպես որ գնա, իր երազած Արցախում էլ կլինի մարտ-մայիսի՝ կրթահամալիրի փոխանակումների ծրագրով… Կյանքի դպրոցի՝ մեր ընտրած կրթության կազմակերպումը, սովորողի անհատական պլանի կազմումը, որպես իր մասնագիտական կողմնորոշման՝ մասնագիտական կրթության ու աշխատանքի պատրաստության շարունակում. այստեղ է երևում մեր հեղինակած կրթական ծրագիրը՝ իր ձեռքբերումով ու բացթողումով… Այոˊ, քննությունները կան բոլոր տեսակի և կլինեն՝ որպես արգելքներ, որոնց հաղթահարումն անհատի խնդիրն է. անհատական պլանի կազմմամբ մենք աջակցում ենք շրջանավարտի ինքնուրույնությանը, ինքնակրթությանը, թվային գործիքների գործածմամբ, կարողությունների զարգացմամբ, լրացուցիչ կրթությամբ, հեռավար ուսուցմամբ… Մեր ավագ դպրոցը, ինչպես միջինը, ինչպես կրտսերը, եղել է ու կա որպես կյանքի դպրոց, որպես միջավայր՝ պատանու ինքնիրագործման համար, առավելագույն աջակցություն՝ նրա անհատական որոշումների իրագործմանը…

Անհասանելի

Շուրթերս ծալեցի, դրեցի գրպանս,
աչքերիս փայլը նույնպես,
հանեցի աչքերս ու կտրեցի լեզուս,
որ չգայթակղվեմ ու չգայթակղեմ,
որ չտեսնեմ ձեզ, որ ինձ մոռանաք,
որ չպաչպչեք ինձ յուղոտ բերանով,
չտրորեք ինձ քրտնած ափերով,
կիսամեռ ծաղիկներ չնվիրեք…
Հիմա ես չեմ վախենում կնճիռներից,
անգին արժեքների ցուցակում չկամ.
ես ինձ հանեցի ցուցափեղկից,
ուր բզզում էի բարձր ու գունեղ՝
թունավոր բլոճի նման:

2003 Արփի Ոսկանյան

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Աբրահամյան
#578

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշիվ պահեք իմ այս գրով իմ օրվա խոսքի…

Արդեն քանի օր ինձ չի հաջողվում տեսագրել-ձայնագրել Աստղիկ Բլեյանի մութուլուսի կանչը, երբ նա արթուն է ու երգեցիկ-լսելի-բարձր-ուրախ կանչում է ինձ իմ աշխարհից, բնակարանի իմ գրողական անկյունից… Արմինեն՝ վաստակած քնի մեջ,

Մեր ապրած կյա՞նքն ենք որպես գաղափար կտակում…

Արդեն 67 երկիր է կողմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելուն… Իրավաբանորեն այդ տեղը պատկանում է ԽՍՀՄ բոլոր ժառանգորդ երկրներին կամ ոչ մեկին կոնկրետ… Իմ բարեկամ-ընթերցողը փոխանցեց Ավետիք Իսահակյանի՝

Կիրակին բարի է լինում, ինչ անուն էլ կպցնես…

— Էսօր ինչի՞ ֆլեշմոբ կա․․․,- հարցնում է ռուսերենի ֆլեշմոբի առաջադրանքը հաճույքով կատարած սեբաստացի Դավիթը։ — Ոչ մի բանի․․․,- իր գործից չի ուզում կտրվել Արմինեն․․․ — Դե, էդ ոչ մի բանի