Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է.
— Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ…
— Եվ ի՞նչ է ասել Աստված, Դավիթ Բլեյան, բոլորի մոտ՝ ծանոթ-անծանոթի, մեծ-փոքրի, կին-ուսուցիչ-դաստիարակի, հենց խելքիդ փչի կամ լեզվիդ գա, ասա՞, էդ է ասե՞լ, հա՞…
— Պաˊպ, ասել է Աստված՝ դու գիտես, Դավիթ…
— Ես որ վատ-վատ բառեր եմ ասում, դու ամաչո՞ւմ ես, պապ. խի՞…
— Լավ կլիներ՝ դու ամաչեիր, Դավիˊթ. ո՜նց անենք, չգիտեմ…
— Ամաչել՝ ի՞նչ ասել է, պաˊպ, դու որ ամաչում ես, ի՞նչ է լինում… Ես չե՞մ կարողանում… ես անամոթ ե՞մ, պա՛պ…
Նուռը մատիկներով կերավ-մաքրեց հատիկ-հատիկ… մեծախոսեց… այն բաց գույնի կեղևով նուռը, որի համար, տեսնեիք՝ ի՜նչ կռիվ էր սարքել մոր հետ.
— Ինչի՞ ես սպիտակ նուռ առել… Ես ո՞նց սպիտակ նուռ ուտեմ… Նուռը պիտի կարմիր լինի… Գնաˊ կարմիր նուռ բեր… հենց հիմա էս տար… էս ապուշ նուռին…
Ես չէի կարող չմիջատել, այնպիսի լաչառություն, լացուկոծ էր կապել. օրինակ բերեցի ձմերուկը.
— Կանաչ է դրսից, ներսից, երբ կտրում ես, կարող է կարմիր լինել, կարող է քիչ կարմիր, բայց համեղ լինել… Հիշո՞ւմ ես… Պիտի կտրենք, որ իմանանք…
Հետո միասին կտրեցինք նուռը… Նառաˊ, ականջդ կանչի՝ իսկը քո տեղն էր… Ոչ վառ կարմիր, բայց առողջ-համեղ նուռ էր, այնքա՜ն համեղ, որ ո՛չ մի հատիկ մեզ տվեց, ո՛չ էլ թողեց ամանի մեջ… Վերջում էլ, թե.
— Արի «Խոսող ձուկն» ու «Սուտլիկ որսկանն» ինձ համար կարդա… Ի՞նչ ասել է «սուտլիկ», պաˊպ… Կարդացինք:
Անձրև: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի։
Իմ պլանների մեջ չկար Ստեփանակերտի տասը դպրոցների պատանիների մեծ խմբի հետ ուսումնական շրջագայությունը Միջին դպրոցի աստղացուցարան-լաբորատորիայից տանիքով՝ Ավագ դպրոց, Քոլեջ-Գեղարվեստ… Երկու ժամ… Ունկնդիրն անակնկալի բերեց, դարձավ պատվիրատու հեղինակային մանկավարժության՝ բաց, մոբիլ ու ստեղծական դպրոցի՝ որպես այլընտրանք իրենց անգիրի, խորհրդային ռեժիմային դպրոցի՝ փակ ներսից ու դրսից… Թե ի՜նչ կա փակելու…
— Ի՜նչ կա ցուցադրելու, որ բացենք,- նետեց Ստեփանակերտի աղջիկներից մեկը,- դուք ցույց տալու բան ունեք, բացել եք…
Գեղարվեստում Ստեփանակերտի մեր ընկերները՝ լրիվ կենդանի, իրական, շփվող, անմիջական, համով-հոտով-ծիծաղո՜վ… Հարգանքը մարդու, առավել ևս պատանի մարդու նկատմամբ, պատասխանատվությունը մանկավարժական աշխատողի, ինձ միշտ ստիպում են անկեղծ լինել՝ նախ և առաջ… Ստեփանակերտցիք դա գնահատեցին, և ստացվեց մեր հանդիպումը ոտի վրա… Այնպես որ, զվարթ, շարունակելով քննարկումն առանց ինձ՝ Աղասի Մարգարյանի հետ, սեբաստացի-ստեփանակերտցի խառնված՝ նույն մանկավարժությամբ, կյանքն իրենց կրթությամբ ստացած կարողություններով փոխելու որոշում կայացրած, չնայած անձրևին ու ավտոբուսային այլընտրանքին, քայլելով՝ ուրախ իջան Մայր դպրոց… Ստացվեց: Ու հիմա փոշմանել եմ, որ ողջ օրը չեմ անցկացրել ստեփանակերտցիների հետ: Իսկ օրվա վերջին Բյուրական-Անտառուտի չորրորդ դասարանցիներին ես գտա մեր ծածկած լողավազանում… վայելքի մեջ… Մինչ այդ կարողացել էի Գետաշենի դպրոցականների հետ քննարկել նրանց առաջարկներն Արգիճի գետի հովտում 2016-ի հայրենագիտական արշավախմբային ճամբարի կազմակերպման մասին… Գետաշենցիները մեզ հրավիրում են նոյեմբերին տեղում միասին ուսումնասիրելու առաջարկը, որոշում կայացնելու… Մեկ անգամ ևս արձանագրենք ճամբար 2016-ի հայտերը՝ Կապան-Շիկահողի-Հանդի, Գետաշեն-Արգիճի, Օձունի… Անտառուտի… Վրացական և արցախյան ճամբարներն էլ, որպես հայտեր, դեռ ձևակերպման փուլում են:
Նունե Մովսիսյանի 10-րդ դասարանին միացել են Ստեփանակերտի 10 դպրոցների սովորողները։
Լուսանկարները՝ Արրիկ Մարտիրոսյանի։
Ձեզ եմ ներկայացնում բոլոր կարգի սեբաստացիների հեծանվի մարզչի նոր թեկնածուին՝ Սամսոն Բուլղադարյանին… Նառա Հարությունյանը, Սամսոնը և Խորենը հավատացրին ինձ, որ առաջիկա երկուշաբթի, նոյեմբերի 2-ից, լիարժեք կդառնան հեծանվային պարապմունքները: Սամսոնը, որ նաև հեծանվի նորոգման մասագետ է, կհասցնի հեծանվային ակումբում կարգի բերել բոլոր հեծանիվները… Մինչ այդ լիարժեք կգործի նաև նորոգված-լուսավորված հրաձգարան-նետաձգարանը: Մարզադաշտի մի մեծ հատված կդառնա ներկայանալի…
Հինգ տարեկանների մարզումը կրթահամալիրի մարմնամարզական մեծ սրահում։
Չորսից վեց տարեկանների համար այսպիսի նոր հեծանիվներ գնելու որոշում ես արդեն կայացրել եմ. հեծանվի նմուշը կա, փորձարկվում է-ջիջիլ գցում մեր բոլոր չորսից վեց տարեկաններին. Ձմեռ պապին կարող է և՛ շռայլ լինել և՛ դիպուկ… Դուք ձեռքներդ ծալած մի՛ նստեք. նոյեմբեր ամիսը բակային բարեկարգման աշխատանքների, դպրոցական շենքերի, ջեռուցման համար անհրաժեշտ պատրաստության շրջան է… Ինձ մի՛ նայեք, ես արձակուրդս եմ իմ հայեցողությամբ տնօրինում, իսկ դպրոցների ղեկավարներն էլ, որպես պաշտոնակատարներ, իրենց աշխատանքը շարունակելու համար օրենքով անհրաժեշտ հավաստագրի պարտադիր դասընթացների մասնակիցներն են… Մնաց՝ ինքնակարգավորումը, ինքնակառավարումը… Այն, ինչ պակասում է Հայաստանին, մեր կյանքի կազմակերպումն է դարձել… թթուդրեքից սկսած… Հարիսայի ծեսի միասնական օրն էլ… ինձ միˊ նայեք… կրթահամալիրի օրացույցով է որոշված՝ 2015թ.-ի նոյեմբերի 21-ին: Իսկական ծես սեբաստացիական՝ բաց դռներով, պարով, երգով, տասնյակ-տասնյակ հյուրերով… մեր դրած թթվով, մեր գցած գինով, մեր ծեծած ձավարով, մեր պահած աքլորով կամ ոչխարով…
Մայր դպրոցի ծաղկած պատշգամբները: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի
Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
#481