Փետրվարի 13-ին, ժամը 16-17-ի արանքում, երբ Տեառնընդառաջի կիրակին էր ամենուր բոցկլտում, ես 2016-ին առաջին անգամ հեծա իմ անվավոր ձին…Թեթև և սլացիկ, Մեդիակենտրոնից մինչև մեր տուն` Խանջյան, Երևանի աշխարհագրական կենտրոն, ծիսական պտույտով…

Իսկ շաբաթն աշխատանքային էր, երկու մասով, ինչպես եղել է 2015-ի բոլոր շաբաթներին… Մայր դպրոցում, աշխարհից թաքցնեմ սեբաստացիներից ինչպե՞ս և ինչո՞ւ… ավարտին են մոտենում մենամարտական խաղերի` ըմբշամարտ-ձյուդոյի մարզադահլիճի ձևավորման աշխատանքները, որով մեր կրթական ծրագրով ռազմամարզականի նյութական միջավայրը կամբողջանա: Կարևոր է, որ մեր դեռահաս պատանիները ճարպիկ, ուժեղ լինեն, լիարժեք տիրապետեն իրենց մարմնին ու կարողանան ինքնավստահ լինել կյանքում, փողոցում, ինքնապաշտպանության ու բռնությունից այլոց` ծանոթ-անծանոթի պաշտպանության ժամանակ, իրավաչափ ու հարկադրված գործողություններով…

Դավիթ Բլեյանը եղբայրների հետ պատրաստվում է մարմնամարզական ստուգատեսին: 
Լուսանկարները` Աննա Բլեյանի:

Գեղարվեստի շենքի ողջ երկայնքով ձգվող 800 մ² նկուղը ամիսներ հետո կվերածվի պատանեկան ակումբների, արվեստանոց-լաբորատորիաների համալիրի` ձուլված գեղարվեստի միջավայրին, ազատ ելումուտով դեպի ներքին բակ, տանիքով ու շենքի ինտերյերով յուրահատուկ միջավայր` ապահովելով գրավիչ-ուսումնական աշխատանք տասնյակ պատանիների համար… Կարևոր նախագծի խելամիտ մշակումն է մեր ունեցած վարձի և տաղանդի ողջ ուժով արտահայտվելը, որ լինի բեկում ամեն մի նախաձեռնությամբ…

Շաբաթվա իմ անբաժան ընկերների` Սուսան Մարկոսյանի ու Գևորգ Հակոբյանի հետ էր աշխատանքային երկրորդ հատվածը. իդիլա, ոչ ոք չի խանգարում բազմազբաղ–սրընթաց շաբաթն իմաստավորելու և նույնպիսի ընդգրկուն ստուգատեսյան շաբաթ նախագծելու համար… Ստուգատեսային-նախագծային ուսուցման մեր հեղինակային կրթական ծրագիրը, որով մենք ապրում ենք, պահանջում է ոչ միայն ուսումնական տարվա, ամսվա տոնացույց-կազմակերպիչ, այլև օրացույց կազմակերպիչ: Դա պահանջ է. կունենանք…

Ուրախացա` Գեղարվեստում հանդիպելով Կարինե Մացակյանին, Արմինե Թոփչյանին, դաստիարակ Օլյա Մանդալյանին, դաստիարակի օգնական Տաթև Աթոյանին`  վրձինները ձեռքերին: Ծիծաղեցինք Արմինեի հետ` ուրիշ է կամավորական-ազատ աշխատանքը, թե չէ տնօրինական թելադրանքով ո՞վ չի կարող գործել…

Լուսանկարները` Արմինե Թոփչյանի:

Իսկ երեկոն հայտարարված է վաղուց. Լիլիթ Բլեյանն` իր երաժիշտ ընկերներով, Ուլիխանյան ակումբում է: Ակումբը նորացված, լսարանը` ծանոթ-անծանոթով, մտերմիկ… Իմ կողքին` իր 35 ամյակը նոր բոլորած Առնոլդ Բլեյանն է, ում Լիլիթի առաջարկով դահլիճն է ծափահարում, պայծառ, ավելի ու ավելի վառ Շուշան աղջիկը ու Աննա Բլեյանը, ով ականջիս մեջ կարդում է.
— Հոպար, դու գիտես երեխաներից գոհ լինելու, նրանցով պարզերես ապրելու կյանքը…
Ինչ ճիշտ է, ճիշտ է:

Լուսանկարները` Առնոլդ Բլեյանի:

Աշոտ Տիգրանյանը պնդում է, որ 2016-ի փետրվարի 12-ին Հավանայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպման արդյունքներով համատեղ ընդունած այս փաստաթուղթը յուրաքանչյուր չափահաս սեբաստացի կարդա ամբողջությամբ: Կարծում եմ Տիգրան Հայրապետյան հասարակագիտական ստուգատեսի օրերին կունենաք դրա պատասխանը՝ հենց առաջարկի հեղինակից: Հայերեն չգտանք՝ կարդացեք օտար լեզվով:

Օրագրի ընթերցարան

Ֆոտոխմբագիր`Արփի Սահակյան
#583

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավթի հետ խրոխտ, ուս-ուսի՝ ռազմի երթով

Երեկը այսօրից, վաղը՝ հիմայից տարբերող Դավթի համար հեշտ խնդիր էր Լիլիթ քույրիկի հետ պլանավորել Սոնուլի այցը վաղը… Բա Շուշոն վաղը չի գալո՞ւ… գալո՜ւ է: -Ոչինչ, պապ, թող գա, մեզ միասին

Երեխայի հետ աշխատող մարդը, հարկ է, որ անմիջական լինի

Երեկ ես մասնակցել եմ երկու հեռուստահաղորդման, մեկ հարցազրույց եմ տվել, երկու պաշտոնական ընդունելություն եմ պատվել իմ համեստ ներկայությամբ, վայելել եմ մեկ հանդիսության՝ սեբաստացիկ-սեպտեմբերիկ հինգ տարեկանների ամենամսյա հավաք-ստուգատես-խաղը: Ազգային կրթություն կոչվածը,

Վերապրածները

Կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորող Մարինե Մնացականյանի պատումով սկսված «Վերապրածները» խորագիրը կարո՞ղ է չընդհատվել, հարցնում եմ։ Իրեն ծանոթ մարդու, իր գերդաստանի պատմությունը՝ հայոց ողբերգությունն անհատականացնելու-մարդկայնացնելու-ճանաչելու և ճանաչել տալու՝ ապրելու ճանապարհ է՝ շարունակական