Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում, եթե դա այդպիսին է, անհամբեր սպասում են ընթերցող-հիացողները շամպայնի բաժակներով, ծափերով…
Մեկ շաբաթ անընդհատ անձրևի՞ց է, երևի, թե՞ անհեծանիվ երկար շրջանից, որ այսօր իմ աշխատանքը՝ իմ օրվա գիրը սկսում եմ երրորդ փորձից։ Բարի առավոտ…

Այլընտրանքային մարմնամարզություն Գեղարվեստի դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Գիշերային իմ մեդիաթափառումից տպավորվել է Դավթի դաստիարակներ Կարինե Խառատյանի և Ռուզան Աբրահամյանի այս տեսապատումը… Գուցե նրանից, որ երեկ ստեփանակերտցի իմ «էքսկուրսանտների» հարազատ դարձած խմբի հետ մտանք Դպրոց-պարտեզ… Ընկղմված, սեղանների շուրջ խմբված կավով աշխատում են… նախագիծ են անում… Ու Դավիթը, լուռ, խմբի մեջ… Իսկ մենք ի՜նչ ջանքեր էինք թափում առավոտյան… Պատմում եմ ներքևում։ Ի՜նչ երջանկություն է ծնողի համար այսպիսի խնամքով արված տեսապատումի հինգ րոպեի վայելումը… [youtube https://www.youtube.com/watch?v=u-QaiqLqHis]

Ինչպե՞ս է ստացվում, ինչպե՞ս է շարունակվում ընտանիքում, ի՞նչ է դառնում, ի՞նչ է փոխում ընտանիքում, ի՞նչ են մտածում ծնողները իրենց երեխաների պարտեզի ու դաստիարակների մասին… Իսկ ես մեր նախակրթարանային ծրագրով ու դաստիարակներով այս զարմանք-հիացումը չեմ հաղթահարի ու թոթափի… Այն կուժեղանա ժամը 11.00-ին Մարմարյա սրահում հինգ տարեկան 100-ի չափ հոկտեմբերիկների երաժշտական խաղից… Մամա ջան, սա մի ձեռքբերում է, մի մակարդակ, որի ամրագրման-հաստատաման համար ես երեսուն տարի ապրել եմ Բանգլադեշում… Դուք չգիտեք՝ որքան ուրախ եմ ես, որքան շնորհակալ տիկին Աիդա, Մարիետ Սիմոնյան, նախակրթարանների ղեկավարներ ու իմ դաստիարակ հմայիլներ…

Հոկտեմբերիկ 5 տարեկաններն ամփոփեցին հոկտեմբեր ամսվա իրենց գործունեությունը:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Կրթական փոխանակումների բանգլադեշյան շրջանի հաջողության հաստատումը ինձ հնարավորություն տվեց վճռականորեն երկրորդ պլան մղել տնօրեն շինարարին, ու ես գործեցի որպես մանկավարժ-կազմակերպիչ, առաջին պլանում: Ուրբաթ երեկոյան, երբ այնքա՜ն ուժեղ զգացումներ տածած ու հույզեր պարգևած Վարպետին նվիրված ընդհանուր՝ արցախցիների, գետաշենցիների, այլ հյուրերի ու սեբաստացիների պարապմունքից հետո Մեդիայում՝ իմ գրասեղանի առաջ էի… տեքստերի-փաստաթղթերի առաջ, Գետաշենի սովորողներն ինձ նորից մանկավարժություն բերեցին, շփում պատանիների հետ…  Նրանք տան ճանապարհին այցելել են ինձ՝ հրաժեշտի… Հուզեցին իհարկե. ահա քեզ գնահատում, որ արդարացի է կյանք տալու չափ… Ու ոտքի վրա մենք ձևակերպում ենք-պայմանավորվում ամենակարևորների մասին՝ համատեղ գործերի, հաջորդ միասնական քայլերի, համատեղ կյանքի… Խոսում ենք աչք աչքի, լսում են  ինձ որպես ուսուցիչ ընդունող պատանիները… Իսկական կրթական փոխանակման ծրագիրն այսպիսի շարունակություն է ունենում… Հաջորդ շաբաթ մի խմբով կայցելենք Գետաշեն՝ 2016-ի ամառային ուսումնահայրենագիտական ճամբարի վայրի-ձևի շուրջ տեղացիների հետ պայմանավորվելու: Ճամբարը Արգիճի գետի հովտում պիտի դառնա այն կազմակերպումը, որ կարողանա Գետաշենի երեխաների ազգագրական պարի, որ տեսանք, պատառիկները որպես կրթական արժեք  հավաքել, այնպես, ինչպես Մադինայի հայտնի տաղանդավոր նկարիչ Ներսես Կարապետյանի կերպարվեստը…

Թթվածեսը Գեղարվեստի դպրոց-պարտեզի 2-րդ դասարանում:
Լուսանկարները՝ Անուշ Աթայանի։

Ես գնահատեցի 2015-2016 ուստարում հնգօրյա շաբաթը հարգելու-հետևողական պաշտպանելու իմ որոշումը. ախր ուսուցչի աշխատանքը՝ նախակրթարանի դաստիարակի, թե պատանու կազմակերպիչ  Անահիտ Մելքոնյանի դեպքում, հարգանքի, աջակցության կարիք է ունենում:

Որբաթ առավոտյան ես ու Արմինե Աբրահամյանը մանկավարժական մեր ողջ զինանոցով փորձում էինք տեղավորել Դավթին ժամանակի մեջ։ Առավոտ է, ու մենք ուշանում ենք։
— Ուշանա՞լ, հայրիկ, ի՞նչ է ուշանալը։ Ո՞նց են անում մարդիկ, որ ուշանում են։ Ինչի՞ց են ուշանում։
Ահա, դարձավ 8.30, …. 8.40, վերջապես լողարանից դուրս եկավ  պսպղան, ինքնաբուխ-ինքնիշխան, համբերությունից հանող անցումներով Դավիթ Սեբաստացին։
— Դավիթ,  դու ինձ հիվանդացնում ես,- չի դիմանում Արմինեն։
— Մամ, հիվանդ ես, գնա դեղ խմի…
— Դավիթ ջան, օգնիր մեզ, մենք ուշանալ չենք կարող, պայմանավորվել ենք…,- միջամտում եմ ես։
— Հիմա, խաղամ, վերջացնեմ, կօգնեմ…
Իսկ մեքենայի մեջ, երբ արդեն Արմինեն ուշացել է 8.50-ից, 9.00-ից էլ (ես արդեն հարգելի եմ համարել բոլոր մանկահասակ երեխաներով ուսուցիչների բոլոր ուշացում-բացակայությունները), Դավիթը շտապեցնում է.
— Մամ, տո քշի՛, արա՛գ քշի, ուշանում ենք, թռի՛ սրանց վրայով,- ու ցույց է տալիս՝ ոնց…
— Մամ, պապայի ձենից գլուխս գնաց, մի ժամից ավել կարդում է, ո՞նց չի հոգնում…- սա էլ՝ իրիկունը, երբ խոստացած ընթերցանությամբ էի զբաղված՝ իր ընտրած մանկական չափածոյի…

Աշունը Գեղարվեստի դպրոցում:
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

Ֆոտոխմբագիր՝ Դիանա Գևորգյան
#482

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու երևո՞ւմ է մարդը… Թող առաջ անցնի…

«Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…» Շարունակությունը ըստ Րաֆֆու հայտնի գրի. ահա հղումը… Իսկ իմ վեպի ուրբաթ օրվա առավոտն այսպիսին էր ահա. երբ ճանապարհեցի Դավթին՝ խրոխտ, լողի պարագաներով լի ուսապարկով իր

Էրվում եմ, վառվում եմ, չեմ կրնա, նանի ջան…

Մի ժամ է՝ գիշերվա երեքը, երբ ես ոչ միայն արթուն եմ…ննջասենյակում, Աստղիկ Բլեյանի թույլ լուսավորված օրորոցի մոտ, հայացքով կենտրոնացած փոքրիկ սամուրային քնած… Երկու ամսական դարձող, կնունքին պատրաստվող իսկակա՜ն սամուրայ… Երկար

Ռեմարկի երկու ընկերն ենք… 

… Երրորդն էլ Դուք եք՝ մեր այս բարդ շրջանի հավատարիմը։