Այս օրերին ինձ բռնեցի նրանում, որ մտքով շարունակ Հայաստանի Տավուշի մարզում եմ՝ հայացքս պարբերաբար երկնքին, արկերի ձայն եմ լսում, բայց ես Երևանում եմ։ Իսկ Տավուշում՝ Նոյեմբերյանում, Պառավաքարում, Դովեղում, Բերդավանում… մարդու հայացքն ո՞ւմ է ուղղված՝ Աստծո՞ւն, թե՞ երևանցուն… Դավիթ Բլեյանը կասեր՝ Աստծուն և երևանցուն։ Սրան ես անվանում եմ մոլորվածի հայացք… Որովհետև երևանցին՝ իշխանավոր թե ռամիկ, շարունակում է իր սովորական կյանքը… Մեկն էլ ես, որ հրապարակում եմ իմ 459-րդ գիրը։
Կարևոր է, որ իմ գործընկերները՝ ուսուցիչ թե ծնող, բոլոր կարգի բարեկամները, մեզանով հետաքրքրվածները, հեղինակային կրթության շահառուները ճանաչեն-գնահատեն, այս շրջանում աջակցեն կրթահամալիրի արդիականացման-զորացման գործողություններին: Այո՛, սովորողի հետաքրքրության-նախասիրության դրսևորում ու բավարարում լրացուցիչ ուսուցման հնարավորությունների-միջոցների օգտագործմամբ՝ տանը, դպրոցում, այլուր։ Սրանո՞վ ենք զբաղված…
2015-2016 ուստարվա ջանքերի կենտրոնում սովորողի ու ուսուցչի ինքնադրսևորումն է, ինքնադրսևորվող անհատի ողջ ներուժի գործածումը, սրա համար անհրաժեշտ ուսումնական ռեժիմի (կարգի, կարգապահության) հաստատումը… Առավոտյան մանկավարժական լաբորատորիայում ես շարադրում էի տնային աշխատանքի՝ լրացուցիչ ուսուցման ընտանեկան նախագծերի հետևողական աջակցության-խթանման-գնահատման գործողությունները… Առանց սրա լրացուցիչ ուսուցումը չի դառնա սովորող-սիրահարի անձնական գործը-կյանքը, սովորողը չի տարվի ինչ-որ կարևոր՝ բոլոր գործերից առանձնացվածով, նախասիրությունը չի խորացվի, ինքնուսուցման-ինքնակրթության առարկա չի դառնա։ Լրացուցիչ ուսուցման ցանկացած դասընթաց՝ դպրոցում թե արտադպրոցում, որևէ կենտրոնում՝ «Թումո» թե երաժշտական դպրոց, մասնավոր դասընթաց, կազմակերպումը պիտի դառնա նաև ընտանեկան ուսուցում-ինքնուսուցում… Ահա թե ինչու՝ առաջարկում եմ նոր առարկայական ստուգատեսներ-մրցույթներ-քննություններ-առաջադրանքներ չմտածել. օրացույցը լիուլի է: Իսկ մանկավարժության լաբորատորիան պիտի կարգավորի կրթահամալիրից դուրս կազմակերպվող ստուգատեսներին, օլիմպիադաներին, մրցույթներին, ստեղծագործական հավաքներին, ցուցահանդեսներին, համերգներին սովորողի մասնակցությունը։
Գեղարվեստի 5 տարեկանները պատրաստվում են սեպտեմբերիկին: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Հարգանքով իրական մոտեցում ունենանք ուսուցիչների կողմից առաջարկվող առարկայական առաջադրանքներին, գնահատենք դրանք ու արժևորենք՝ ամեն ամիս անցկացվող բաց ամփոփումների ձևով: Կկարողանա՞նք ըստ կրթական ծրագրերի ստեղծել 10×10 պայմանական խաղը՝ 10 ամիս անգամ ընտանեկան աշխատանքի գնահատում 10 բալով: Կկարողանա՞նք ընտանեկան առաջադրանքները (նախագծերը) կապել կրթահամալիրի օրացույցով նախատեսված ստուգատեսներին՝ ստուգատեսները դարձնելով սովորողի կիսամյակային գործունեության հանրայնացման-հրապարակայնացման-արժևորման հարթակներ…
Շարունակենք իմ օրագրում, իմ ընտրությամբ Հրանտ Դինք կարդալ, հատկապես, որ նրա «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» աշխատության էլեկտրոնային տարբերակը Զառա Առաքելյանն այդպես էլ համացանցում չի գտնում…
Երկու բառով չես ներկայացնի հայերի և թփուրքերի հարաբերություններն ու փոխազդեցությունները: Դարերի պատմություն ունեցող հարաբերություններում միմյանցից վերցրածը, ինքնություններում ձևավորված լավ ու վատ կողմերն այնքան շատ էին, որ երբեմն նրանց վարքագծերն իրարից տարբերելը բավական դժվար էր դառնում։ Ձևավորված միասնությունն այնքան խորն էր, որ դրա պառակտումը դավաճանություն որակող երկու կողմի՝ միմյանց դեմ բերած փաստարկները չպետք է զարմանալի թվան։ Հայ ժողովրդին «հավատարիմ ազգ» հորջորջող, բայց ավելի ուշ նրան դավաճանության մեջ մեղադրող թուրքական տեսակետին ի պատասխան՝ հայերը 1915թ. իրադարձությունները չեն մեղսագրում որպես սոսկ մի ժողովրդի զանգվածային ոչնչացում, այլ նաև դավաճանություն դարավոր հարաբերություններին:
Սեբաստացիները համագործակցության ծրագրով Աշտարակում են: Լուսանկարները՝ Մերի Գրիգորյանի, Հռիփսիմե Առաքելյանի:
Օրագրի ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, որ այս «դավաճանություն» մեղադրանքը 1992-ի աշնանը ես լսեցի նաև ադրբեջանցիներից՝ տարբեր պաշտոնյաներից, երբ իմ անձնական նախաձեռնությամբ Բաքվում էի…. Հայերս 1988-ին սկսված Արցախյան շարժմամբ վիրավորել- դավաճանել ենք երկու ժողովուրդների բարիդրացիությանը, յուրահատուկ նախանձելի համակեցությանը, աղուհացին… Ինչո՞ւ, վա՞տ էինք ապրում, լեզու գտնում, ինչու անկեղծ չէ՞ր Հայաստանում-Ադրբեջանում իրար մեջ ապրող երկու ժողովուրդների խորհրդային կյանքը, որ հիմա տարբեր ամբիոններից, հնարավոր լրատվամիջոցներով սևացնում-մեղադրանք ենք ներկայացնում իրենց… Անձնական մակարդակի էր հասցված զանգվածային ցույցերի ժամանակ այս ընկալումը՝ թվում է, անորոշ զանգվածի՝ ժողովրդի, պետության հասցեին ասվածը… Որպես ռեսուրս՝ նաև սա նկատի ունեի 1992-ի՝ երկու ժողովուրդների միջև ուղղակի երկխոսության կամուրջների շուտափույթ հաստատման իմ նախաձեռնած կոչով՝ ներքաշելով բոլոր կարգի պաշտոնյաներին, խմբերի, անհատների…. Նեղացե՞լ եք, լա՜վ, բայց տեսեք՝ ուր, ինչի հասանք, սրա շարունակությունը ո՞րն է, գուցե արժե հանդիպել-խոսել-նորոգել-պայմանավորվել… փորձել վերականգնել… մի շրջան վստահել նորից միմյանց… Հայ-ադրբեջանական մեր իրական պատերազմը, հրադադար կոչվածից այս կողմ՝ քսանմեկ տարվա օտարումը, թշնամության խորացումը արդյո՞ք անհատական մակարդակի են հասցված… Իրոք, չգիտեմ։
Կոմիտասի օրերի ամփոփում Մարմարյա սրահում: Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Սիրում եմ կրթահամալիրի ուսումնական օրացույցով Հավաքներին, Օրերին, Տոներին հաջորդող մեր մամուլի ասուլիսները. ինձ համար մթնոլորտը, որ տիրում է՝ աշխույժը, կազմակերպման ինքնաբուխությունը, մի հարթակում կազմակերպիչների, պաշտոնական (հանրային) և ինքնագործ-ուսումնական կրթահամալիրային լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը, վայելք է և կարևոր ցուցանիշ՝ հօգուտ կենդանի, սեբաստացի տարատարիք սովորողին-ուսուցչին-ծնողին հասցված հանրային արժեք ձեռքբերած գործունեության, այս անգամ՝ ֆիզիկական բարձունքի, Կոմիտասին ավելի յուրացնելու թե ուսումնատենչության նոր բարձունք նվաճելու պատրաստությամբ։ Ստացվեց, նորից ստացվեց մեր ասուլիսը. հոգեպարար մարդկային խաղաղության քառասուն րոպեն սեպտեմբերյան չարչարանքի իմ արժանի ու միակ վաստակն է։ Շնորհակալ եմ։
#459