Հայաստանի, կրկնում եմ, Հայաստանի Տավուշի մարզի Բերդավանը, Դովեղը, Նոյեմբարյանը, Պառավաքարը… 2015թ. սեպտեմբերի 24-ին տևական ռմբակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից այնպես, որ Բերդավանում քաղաքացիական բնակչությունից՝ երկու, Պառավաքարում մեկ զոհ կա, վիրավորներ ու ավերածություններ. անվտանգությունից ելնելով տեղահան են արվել Նոյամբերյան քաղաքի երեխաները… Պարույր Սևակն ասում էր՝ հավատացեք սրան այնքան, ինչքան հավատում եք օրվա լրագրերին։ Նույն օրն ընթանում են «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում, հանրաքվե-արտահայտվելու ազատությունը» կլոր սեղանը, Գյումրիում «Ոչ» շարժումն իրազեկման ակցիա է անցկացնում, ՀՀ նախագահը Դիլիջանում մասնակցում է դպրոցի բացմանը, կրթահամալիրում ոչ միայն աշնանային հավաքի հագեցած ցերեկն էր, այլև երեկոյան Գեղարվեստի բակում մեծարման հավաք էր… Եվ, որպես այս «խաղաղ առօրյայի» շարունակություն, ես գրում եմ իմ հերթական գիրը նույն գիշերվա 4-5-ի արանքում… Ա՛յ, մի արկ էլ ընկներ միայն ու միայն իմ գլխին՝ խաղաղվեի, պրծնեի, որ արդար լիներ, որ բնակիչները իրավահավասար լինեին հենց կյանքի իրավունքի առումով, չբաժանվեին Տավուշի մարզի պատերազմական ու Խանջյան փողոցի օրագրային…
Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողները ձայնագրման ստուդիայում երգում են «Կոմիտաս»:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Հիմա՝ հերթով, որքան էլ օրագիրը չի պարտադրում ոչ մի ձևաչափ. ես պատմում եմ իմ օրվա, իմ հոգսի և ուրախության, իմ գլխով անցած-գնացածի մասին… Նոր դպրոցի սովորողների, ուսուցիչների, այլ սեբասատցիների կոմիտասյան երգչախմբի թե՛ փորձը, թե՛ ինքնաբուխ ելույթը, թե՛ համերգը իմ օրը լեցուն-բավարար պահեցին՝ հավաքի օր, որ հագեցած էր գործերով-նախաձեռնություններով: Զայրույթը ոչ միայն վատ, այլև ինքնավնասող է… նորից համոզվեցի, երբ հասկացա, որ մասնակիցների ուշացման համար ինքս ինձ պատժել եմ… Այնքա՜ն կարևոր էր ինձ համար Արմինե Մնացականյանի ու Մերի Գրիգորյանի մարզական-հեծանվային ֆլեշմոբին մասնակցելը. հիմա նայում եմ տեսանյութը՝ գլխիս տալով, ու պահանջում բոլոր մեծ ու պստիկ, շրջանավարտ թե ծնող, սովորող թե աշխատող բազմատարիք սեբաստացիներին՝ մի՛ ուշացեք, հայտարարված, պայմանավորված ժամից մի՛ ուշացեք, ինձ համար դա անհարգանքի այնպիսի դրսևորում է, որն առաջացնում է բուռն-հախուռն, հաճախ՝ ոչ կառավարելի արձագանք… Կներեք, Նոր դպրոցի սովորողներ, ձեր նախագիծ-նորամուտն իմ սրտով է, կհանդիպենք:
Միջին դպրոցի կրթական պարտեզի նորամուտ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:
«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում, հանրաքվե-արտահայտվելու ազատությունը» կլոր սեղանից առանձնացնում եմ փաստաբան Հայկ Ալումյանի ելույթը…
Երբեք նախկին չեմ ո՛չ ԳԽ պատգամավորի, ո՛չ Երևանի փոխքաղաքապետի, ո՛չ կրթության նախարար-փոխնախարարի, ո՛չ… կալանավորի կարգավիճակով. ես եմ, կամ, գործում եմ որպես քաղաքացի իմ ազատ ընտրությամբ հռչակած Հայաստանի Հանրապետության՝ հանուն իրավական, սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիական բաց հասարակության… Իմ քվեն իմ կարծիքի ազատ արտահայտումն է՝ որևէ մակարդակում, որևէ կարգավիճակով քվեարկության պարագայում: Երկու հարյուր փոփոխությամբ «հրատապ փաթեթավորված» սահմանադրական այսպիսի հանրաքվեն ինձ զրկում է իմ կարծիքն արտահայտելու իրավունքից՝ անկախ քվեարկության արդյունքից ու ընթացքից: Այդպես եղավ 2005-ին կատարված սահմանադրական փոփոխությունների ժամանակ. և այսօրը վկա՝ վատ, շատ վատ եղավ:
Նորայր Այվազյան, Գոհար Սանոյան, Լալա Մնեյան, Գրիգոր Խաչատրյան, Լուսինե Մանուկյան, Կարինե Մացակյան… տարբեր կարգավիճակներով, մեկ հասկանալի անունով գործած կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի ղեկավարներից առանձնանում է, իհարկե, Նորայրը՝ որպես հիմնադիր ու միշտ ընկեր, սրտացավ՝ իր կրթահամալիրի, իր Գեղարվեստի կարիքներին… միշտ անմիջական արձագանքով: Նորայրի՝ հայ հասարակությանը հայտնի ու միակ համեստ Սպարապետի վաթսունհինգ ամյա հոբելյանը լավ առիթ էր Գեղարվեստում գործող կրտսեր դպրոցի ու Գեղարվեստի դպրոց-ուսումնական կենտրոնի երիտասարդական կազմի համար հյուրասիրության սեղանի շուրջ հավաքելու նրա ընկերներին հարյուր տարվա… Ամենաուրախացնողը, իհարկե, Նորայրի բարձր ինքնազգացողությունն էր ու Կարինե Մացակյանի մարզական՝ հմայիչ ու վարակող տեսքը: Գեղարվեստն այսօրվա կարգավիճակով հարմար է որպես կրթահամալիրի հանրակրթության, կերպարվեստ-կինո-ֆոտո-թատրոն տեխնոլոգիական դասընթացների, ընտրությամբ գործունեության ու լրացուցիչ կրթության՝ սեբաստացիների և ոչ սեբաստացիների համար, համապատասխան Կարինե Մացակյանի անձնային-արտիստական որակներին… Եվ էստաֆետն այսօրվա՝ Նորայրից Կարինե Մացակյան, Գրիգոր Խաչատրյանի քավորությամբ, գլխավոր ձեռքբերումն է 25 տարվա, սկսած գործի շարունակումը: Ավերում-ընդհատում թույլ չենք տա:
Կոմիտասյան մեդիաուրբաթ:
Լուսանկարները՝ Էրիկ Մարտիրոսյանի:
Նորից ժառանգականության մասին, սերնդափոխության շարունակականության մասին, արդիական-հեղինակային-առաջամարտիկի դրոշը բարձր պարզած… Այո՛, հաստատուններ, կոնստանտներ՝ «այո»-ն «այո»-ի և «ոչ»-ը «ոչ»-ի տեսքով՝ արդարացի յուրաքանչյուրի ու բոլորի համար… Այո՛, հայրեր-մայրեր, ծնողներ՝ իմ, Գևորգ Հակոբյանի, Մարիետ Սիմոնյանի, Սուսան Մարկոսյանի, Աշոտ Տիգրանյանի, Յուրա Գանջալյանի, Աիդա Պետրոսյանի… տեսքով. չնեղանաք, ոչ թե մոռացա որևէ մեկին, այլ երիտասարդների շարքում համարեցի… Գլխավորը՝ միշտ նորացում, արյուն-ավիշով՝ երիտասարդ-թարմ-ստեղծական կադրերով բաց-անկաշառ համալրում… Այո՛, գալիս են, գալու են, բարով գան մեր տղաներն ու աղջիկները… Այսօր, ահա, հանդիպեցինք-նորոգեցինք մեր կապը Լուսինե Օհանյանի հետ՝ սեբաստացի 3 տարեկան Արեն Օհանյանի մայրիկի՝ կրթահամալիրի 2001-ի շրջանավարտի, Արևիկ Ներսիսյանի սիրելի համադասարանցու, Գեղարվեստի ակադեմիայի սանի՝ նկարիչ-ձևավորողի, ով ունի գրքի ձևավորման ընդգծված նախասիրություն-կարողություն՝ մեդիա թե տպագիր… Այսպես դուռը միշտ բաց, միշտ ուշադիր ու պահանջկոտ՝ «այո»-ի և «ոչ»-ի տեսքով…
Քոլեջի 2-4 տարեկանները սեպտեմբերի 24-ին՝ նոր խմբի նորամուտին։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Ֆոտոխմբագիր՝ Մարթա Ասատրյան
#458