Երեկ այդպես էլ չհասկացա՝ ինչու-ինչից թարսվեց օրս, ի՛նչ տեղեկություն-տեսարան խոցեց ինձ այնպես, որ օրվա իմ բազում գործերի, գյոզալ հավաքի մեջ բնականոն չէի տեղավորվում, օրվա իմ հոգսով անբավարար էի… Նկատեցի՞ք՝ կեսօրին փոխեցի արդուզարդս, հագա իմ սիրած «շորտերը»… Ես հիմա հանդերձարան ունեմ աշխատավայրում, որ, համոզված եմ, պետք է յուրաքանչյուր աշխատողի։ Նստեցի հեծանիվ… Չէ ու չէ… Իրիկնային ճանապարհս տուն կիսատ մնաց. Ծովակալ Իսակովի վրա հանկարծ նստեց հեծանվադողը, հեծանիվն ի պահ թողեցի ճանապարհին գտնվող մի հաստատությունում ու անցա թեթև վազքի կամ արագ քայլքի մինչև տուն… Խանջյան փողոցի մեր վերգետնյայով բարձրանալիս ես բարձր գոռում էի, հայհոյախառն, և դա կորչում էր փողոցի անմարդկային աղմուկի մեջ. երեկ գիշերվա-առավոտվա լուրերի մեջ 1990թ. Գերագույն խորհրդի պատգամավոր, իմ հարյուր տարվա ընկեր Սմբատ Հակոբյանի ծեծված-արյունլվա արված դեմքն էր… Ավելի քստմնելի երևո՞ւյթ, որ բնորոշ դարձավ վերջին տարիներին մեր քաղաքական-քաղաքացիական անցուդարձին… Դիմադրեցիր՝ հրապարակային կխոշտանգեն… Գիտեք՝ քաղաքական հետապնդումը, ձերբակալումը, բանտը… ես ընկալում եմ, եղել է երևի մեր նորագույն շրջանի բոլոր տարիներին… Բայց այսպես, փողոցում, օրը ցերեկով, ինչպես Արտակ Խաչատրյանի, լրագրող Սուրեն Սարգսյանի… Բերձորի՝ Հայաստանից Արցախ մտնող Հիմնադիր խորհրդարանի ավտոշարասյան անդամների զանգվածային ծեծի դեպքում, չի եղել: Սա «նոր մշակույթ» է… Էս ո՜ւր հասանք, և սրանից հայհոյելով դուրս չես գա… Չօգնեցին եռամարտն էլ՝ լողարանի ցնցուղով, ընտանեկան միջավայրն էլ՝ իմ վիճակից շփոթված Դավթով… Գիշերվա 3-4-ի արանքում, երբ համակարգչի առաջ եմ՝ mskh.am-ում, արդեն ախտորոշումն իմ պարզ է… mskh.am-ում ես արդեն անցկացրել էի իմ թերապիան երկու ժամից ավելի, երբ Աիդա Պետրոսյանի մատուցմամբ Բելգիայի ազգային նվագախմբի կատարմամբ հնչեց Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը, որը լսեցի երկու անգամ. պարզ էր՝ հաղթահարում եմ, վերադառնում եմ… Շնորհակալ եմ այս հոգեպարար-բուժիչ մեդիաաշխարհի համար, որում ես անցկացնում եմ իմ կյանքի մի կարևոր հատվածը… Որքա՜ն սիրեցի ձեզ, զմայլվեցի-կարդացի-տեսա-լսեցի… Ճանաչեցի. օրվա իմ բոլոր վրիպումները շտկեցի, հաշտվեցի ձեզ հետ… «Սեբաստացի» ռադիոն հնչեց եթերում արդեն 150-րդ անգամ. ա՜յ քեզ կենսունակ ուսումնական նախագիծ, տեսածը փոխանցելու ի՜նչ անմիջականություն-օպերատիվություն՝ հարմար մատչելի Դիանա Գևորգյանի հինգ տարեկանների, նրանց ծնողների, Ներքին Գետաշենի ծագումով ալաշկերտցի բնակիչների ու Քոլեջի սովորողների համար: «Բարձունքի հաղթահարում» նախագիծը քանի՜ տարեկան է. հայրենագիտական՝ մարդուն տարատարիք իր ժամանակի ու հայրենիի հետ կապող ավելի արժեքավոր-համեմատելի-ընդգրկուն կենդանի գործունեություն ցույց տվեք… Կամ մեր «Կոմիտասյան օրեր» նախագիծը… Մի օտար, անաչառ մասնագետ լիներ, դներ ու նայեր, թե ազգային մշակույթի ճանաչման-փոխանցման-տարածման հանրակրթական ինչպիսի՜ ֆենոմեն է մեր կրթահամալիրի տոնացույցը՝ իր «օրերով»…
Դպրոց-պարտեզի՝ սովորողների ընտրությամբ կերպարվեստի խմբում կոմիտասյան երգերի թեմաներով նկարում, կերպարներ են ծեփում:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Առավոտյան Մայր դպրոցում ընդհանուր պարապմունքից հետո, երբ Մերի Առաքելյանի կանչով մտա «Սեբաստացի» սրահ՝ միասին Կոմիտաս երգելու, չգիտեի, որ այնքան տպավորվել եմ այդ րոպեներից, որ հիմա, մի օր անց, հուզվելու եմ… Մարգարիտ Մանվելյանի բլոգի հենց այս խոսքերից. «Մենք պարտավոր ենք երգել հենց մեզ համար։ Չէ՞ որ ամենքիս մեջ պետք է լինի կոմիտասյան մի մասունք»…
«Բարձունքի հաղթահարում» նախագծի արդյունքներով շնորհակալությունից սկսած ու ավարտած յուրաքանչյուր կազմակերպիչ ուսուցչի ուղղված իմ խնդրանքներով՝ ես Մարմարյա սրահում արտահայտվեցի երեկ առավոտվա նախագծի ժամանակ… Սա էլ մի ֆենոմեն դարձավ. քանի՜ տարի, քանի՜ անգամ, քանի՜ սովորող անցավ քեզնով… Օրագրում էլ ասեմ… Թող բարձունքի նվաճումը մնա կոնկրետ բարձունքի ֆիզիկական նվաճում, ինչպես 4-5-րդ դասարանցիների խմբի համար՝ Արմաղան սարի նվաճումը:
Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի սովորողները բարեկարգում են նախակրթարանի բակ-պարտեզը:
Լուսանկարները՝ Շուշան Ալեքսանյանի:
Իմ գրի վերնագիրը Սոնա Փափազյանինն է՝ այոˊ, սեպտեմբերի 21-ին ու մայիսի 28-ին բոլոր տարիքի սեբաստացիները թող դողով սպասեն որոշած-ընտրած իրենց նոր բարձունքին՝ նոր կողմից, նոր խմբի հետ, այնպես, որ բարձունքին հանդիպեն, ինչպես յարին, ամենասիրելիին, որ ամեն մեկը, ինչպես Սոնան, զգա «Արտանիշի անեզր լազուրը», կամ որ «ծիրանավառ թագուհի» է Արագածը… Հո չե՞նք կորցնելու անկախ-ազատ հայրենին… Այսպիսի կրթությամբ, այսպիսի կապեր գցելով-կառչելով բարձրանալու ենք, ծնկի չենք գալու… Եվ թող հավաքի այս օրերին յուրաքանչյուր սեբաստացի լրացուցիչ կրթության մի նախագիծ ընտրի ու 2015-2016 ուստարում իրագործի՝ որպես իր ուսումնատենչության անհատական բարձունք…
Հիմնական դպրոցի սովորողների երկօրյա արշավային-ուսումնական ճամփորդությունը Գեղհովիտ-Լեռնակերտ-Մադինա:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի
Մեր տնտեսության բադերից մեկը սատկել է երեկ, սա որպես արտակարգ պատահար գրանցված է… Ինչպես և մարզադահլիճի ապակիներից մեկը կոտրվել է… Մի արտակարգ պատահար էլ ես գրանցեմ, քանի որ տեսա՝ չի գրանցվել. հեծանվային ակումբի մուտքի դռան ապակին կոտրել են քարով… Բաց համակարգի դեպքում, բաց, ինչպես մեդիա, այնպես էլ ֆիզիկական միջավայրում, սրանք, այոˊ, դրական ցուցանիշներ են. ես ի մի եմ բերում ամսվա, տարվա արտակարգ պատահարների տեսական ու քանակի ցուցանիշները… Օտարի, ոչ յուրայինի կեցվածք չեմ հանդուրժի՝ սովորող, ուսուցիչ թե այլ աշխատող… Ով չի սեփականել, իրենը դարձրել այս՝ քսանհինգ թե երեսուն տարի ստեղծված ֆենոմենը, որ կոչվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր կամ Բլեյանի դպրոց, խնդրում եմ, օր առաջ գնացեˊք: Այստեղ մենք տանն ենք. մեր վեճը տնեցիների անհանգստություն է տան անվտանգության ու շենացման համար… Ի դեպ, մանկավարժական լաբորատորիայի ներկայացմամբ Խաղարկային դատարանի աշխատակարգում կատարել եմ փոփոխություն: Ծանոթացեք: Խաղարկային դատարանի 2015-ի դատավոր նշանակում եմ հասարակագետ-իրավագետ Վանիկ Գաբրիելյանին։ Եվ ինձ հասցեագրված՝ ուսումնական տարվա առաջին հայտը հանձնում եմ հարգելի դատավորին…
Իսկ mskh.am-ի երեկվա օգտատերերի թիվն ընդամենը յոթով է պակաս եղել յոթ հազարից. սա մեր ուսումնական նախագծերի նկատմամբ հանրային հետաքրքրության չափելի ցուցանիշ է:
Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար պարապմունքը Հիմնական դպրոցի տեխնոլոգիայի սրահում: Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#457