Այսպես պարտադրում է իրենը Դավիթ Բլեյանը իրիկունն ութին… Երկու Աշոտիկ, ազարտի մեջ տան մեծ սենյակը սկզբում՝ մականի, հետո՝ գնդակի դաշտի վերածած
խաղում են… Էս արջի քոթոթը խաղի մեջ` ոնց որ ես…
— Դավի´թ, քանի՞ տարի առաջ…
— Պա´պ, սպասի, ինձ մի՛ շեղի, հիմա կհաշվեմ… Պապ, կօգնե՞ս:
— Օգնում եմ:
— Պապ, ես էլ եմ քո հետ գալու Գերմանիա…
— Գերմանիա՞, Դավիթ,- միամտի պես հարցնում եմ…
— Հա, Համբուրգ, ինձ համար շատ հետաքրքիր է՝ ի՜նչ եք անելու հինգ օր… Ես ինքնաթիռ շա՜տ եմ սիրում, պապ… Մայրիկը չի կարող դասերը թողնի, ես ընկեր Մարինեի բոլոր առաջադրանքներն ինքնաթիռում կանեմ… մետրոյում… Մենակ ի՞նչ ես անելու, պապ…
Դավիթն այս օրերին վերագտավ իր հայ-պլանշետը… Արմինե մայրիկն սկսեց տնօրինել իրենը… Մեր տղան թավալգլոր շարժվում է դեպի դեկտեմբերի 12.
— Ինձ վատ-վատ բաներ մի՛ ասեք… Ագռավի մեկը երկուսդ եք… Ինձ քի՜չ եք գովում… Լավ-լավ բաներ ասեք, ա՛յ…
Լռություն, եթերում Տիար-հայրիկի…
Ընթերցանություն Արևմտյան դպրոցի լանջերին: Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Հայտնի է ԱՄՆ կրթության նոր նախարարի անունը՝ հիսունութամյա Բեթսի Դևոսը՝ Windguest Group-ի ղեկավարը…
Իսկ Հայաստանի կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ երեկ մենք իր առաջարկով քննարկում էինք կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով այն առաջարկները, որոնք որպես նախագծեր 2017-ին կրթահամալիրի զարգացման ծրագրով, 2018-2020թթ-ին՝ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով ԿԳ նախարարության աջակցությամբ կտարածվեն Հայաստանում… Իմ գիրը, բլոգը հարմար է դրանք հրապարակելու համար… Հերթով, իհարկե:
Արևելյան դպրոց-պարտեզում հանգրվանած մեր Վարժարանի-Քոլեջի շրջանավարտ, ընտանիքով սեբաստացի, երրորդ դասարանի ղեկավար Հասմիկ Ղազարյանի քսաներկու սաներից քսանմեկի հրապարակումները յուրաքանչյուր սովորողի ուսումնական բլոգում (հաշվեցի-կարդացի)… Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը , նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…
Արևմտյան դպրոցի կավագործ հինգ տարեկանները: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Այս օրերի ամենաքննարկվող հարցը, իմ հետևողական պնդմամբ, դպրոց-պարտեզների երրորդից հինգերորդ դասարանցիների միջև դպրոցական հերթական անջրպետների վերացումն է: Մի օրինակով. ասենք` այս ուսումնական տարում Գեղարվեստի կրտսեր դպրոցի հինգերորդցի Սեդա Սահակյանի տեքստը մայրենիի ուսուցչուհի Արմինե Աբրահամյանը «Զատիկ» բլոգում տեղադրի՝ հնարավորություն տալով Սեդային ազատորեն առաջարկելու-մասնակցելու որևէ դպրոցում ուսուցչի նախագծերի իրականացմանն իր սցենարներով, առանց ներկրթահամալիրային սահմանափակումների… Իմ ասածը վերաբերում է նաև Արևելյան դպրոց-պարտեզի ուսուցիչ Մարինե Ամիրջանյանի «Խոշորացույցին»… Ինչո՞ւ նույնը չի կարելի անել մայրաքաղաքի-հանրապետության այլ դպրոցների-ուսուցիչների-սովորողների համար, ինչո՞ւ ԿԳ նախարարությունը չի կարող այդպիսի աշխատանքը դիտել որպես լրացուցիչ, խմբակային, արտադպրոցական գործունեություն… Ինչո՞ւ այդպես էլ չեն առաջանում, ըստ հետաքրքրությունների, ուսումնական բնագավառների մանկավարժական, պատանեկան ակումբներ՝ իրենց բլոգներով… Ինչո՞ւ է հանրապետության հանրակրթություն կոչվածը տեղավորված ըստ ուսումնական հաստատությունների փակ (փաստացի) կալվածքների… Այո, բլոգային-նախագծային ուսուցման հիմքում սովորող-ուսուցիչ անհատի ազատ ընտրությամբ ուսումնական գործունեությունը որպես շփում-հաղորդակցություն կազմակերպելն է… Այո, հաստատությունից մարդու ազատագրման խնդիրն է օրակարգում դրված, լուծվում…
Մթնշաղի անուրջներ: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:
Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան
# 852