Որպես կամակոր երեխա՝ իմ ծննդյան առիթով, հոբելյարի իրավունքով ես ստացա այն, ինչ իրոք ուզում էի. այսպիսի կրթական շքերթ՝ Մայր դպրոցի սրահում, 200-ի չափ դեղձ ուտող 5-6 տարեկան սեբաստացիկներ՝ Մարմարյա սրահ-կրթական աշխարհի կենտրոնում, Արագածի նվաճում՝ մեկօրյա բանակումով՝ Բյուրականի ճամբարում, և այսպիսի սեբաստացիական համերգ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Շուշան-Լիլիթ-Նազենիի մասնակցությամբ… Գոհ ու շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ այսքան խնամքով-սիրով-ժամանակին իմ ուզածը բերելու համար…

Համերգ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Լուսանկարները` Մարինա Մկրտչյանի:

Ի՞նչ կարող էի նվիրել մարդկանց՝ հեռու մոտիկ, ծանոթ-անծանոթ, որ հասանելի-մատչելի լիներ յուրաքանչյուրին, որ պարտադրանք-պարտավորվածություն, հավուր պատշաճի մասնակցություն անգամ չլիներ, որ յուրաքանչյուրն ինքն ազատ ընտրեր-ունենար, որ արժանի լիներ ինձ էլ, ձեզ էլ: Ստացվեց: Հիմա, այս համերգ-հանդիպումով ես և դուք ազատված կենսական-ստեղծական ողջ էներգիան կարող ենք կենտրոնացնել «30 տարի Բանգլադեշում» նախագծի սեպտեմբեր-դեկտեմբեր անելիքների վրա. այստեղ են ասել՝ ծո՜վ անելիք: Զուլո՜ւմ տարի է էս խոստացված 2015-2016 ուսումնականը: Հավատաք-չհավատաք, բայց կրթական նորամուտների սեպտեմբերյան հրապարակված ցանկում փոփոխություն կա: Ծանոթացեք, շարունակե՛ք օրագրի ընթերցումը: Այո՛, հավատաք-չհավատաք, սեպտեմբերի 19-ին սեպտեմբերյան հավաքի մեկնարկով բացում ենք հայրենագիտական-արշավախմբային կայանը, հեծանվային ակումբը՝ իր հեծանվուղով: Չեմ հասկանա, եթե յուրաքանչյուր սեբաստացի չմասնակցի այս՝ ամենքիս շահառու դարձնող կառույցների պատշաճ գործարկմանը. հայտարարում եմ թիվ մեկ պատրաստության վիճակ…

Շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքները Ավագ դպրոցում:
Լուսանկարները` Լուսինե Սարգսյանի։

Գիտեք, այս հոբելյանական շրջանում ես ու Դավիթ Բլեյանը, որպես Արմինե մայրիկի՝ Դպրոց-պարտեզի մայրենիի ուսուցչուհու ուղևոր, գալիս ենք Բանգլադեշ՝ փոքրիկ սպիտակ-հարազատ «Տոյոտա Յարիս» մեքենայով… Իսկական ուսուցում է երթևեկության կանոնների, մեր հետաքրքրասեր ամենատես տղուկը ճանապարհի, երթևեկության կանոնների-միջոցների մասին ուզում է ամեն ինչ իմանալ. մարդուն հետաքրքիր է… Ինչպե՞ս և ինչո՞ւ է ոստիկանը խախտումը գրանցում, վարորդին կանգնեցնում, տուգանում… Ի՞նչ ասել է ճանապարհային երթևեկության կանոններ՝ հետիոտնի, հեծանվորդի, վարորդի համար… դրանք ինքը, պարզվում է, իրեն բնորոշ ագահությամբ, յուրացնում է:
Րաֆֆու փողոցում, տոնավաճառն անցնելիս, մի տաքսի մեքենա ձախից մտնում է գլխավոր փողոց՝ վտանգավոր տգիտությամբ: Դավիթն ապակուց աշխարհին է նայում, Արմինեն լարվել է. ես վտանգից համրացել եմ… Մեկ էլ մեր Դավիթը ձեռքերը մեծերի, տիար Գևորգի նման իրար խփելով.
— Վա՜յ քու, արաˊ, հլը սրան տես՝ ո՜նց ա քշում…
Ծիծաղից պայթեցինք, ու ամեն ինչ բարեհաջող ավարտվեց…
— Հայրիկ, վարորդն ինչո՞ւ է կարգը խախտում, չգիտի՞ կանոնները…
Այոˊ, մենք ենք մեր երեխաների առաջնային կրթիչները. մենք ենք երթևեկության օրինավոր հետիոտն-վարորդ դարձնում նրանց, նախ և առաջ՝ մենք, մեր օրինակով, մեր խոսքով… Ծնողներ, ուրիշին՝ դպրոց թե ուսուցիչ, մի՛ օտարեք ձեր կոչումը, ձեր պատասխանատվությունը, որ Աստծո երեխայի ծնունդով մեզ է տրվում…

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան հավաքի ծրագրում ես առաջարկել եմ 2015-2016 ուստարվա ամենահանրային-ամենաներառական նախագծի մեկնարկ-քննարկումն ավելացնել. այն ադեն արտացոլվել է ծրագրում՝ որպես «Կրթահամալիրի Բանգլադեշի ճանապարհային քարտեզ» նախագծի մեկնարկ և քննարկում…

Շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքները Միջին դպրոցում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:

Մենք չենք կարող բեկում չմտցնել Բանգլադեշի թաղերում մեր ստեղծած դպրոցներն ու թաղերն իրար կապող պատշաճ՝ ուսումնական անվտանգ-հիգիենիկ-հետաքրքիր ուղիների (ոտնուղի, հեծանվուղի) հաստատման գործում… Մենք պիտի ունենանք սեբաստացիական աշխարհի ճանապարհային քարտեզը ու այն բոլոր շահառուների աջակցությամբ կառուցենք: Լսեˊք: Մենք և ճանապարհային քարտեզի նախագծումն ու կառուցումը պիտի անենք քաղաքային իշխանության, բնակիչների, թաղերում գործող բոլոր տեսակի ուսումնական և այլ հաստատությունների՝ միով բանիվ բոլոր շահառուների մասնակցությամբ: Բարդ, շնորհակալ, անհրաժեշտ մի գործ:

Լողում են Հիմնական դպրոցի 1-ին դասարանի սովորողները:
Լուսանկարները` Լուսինե Գասպարյանի:

Իսկ մաքուր-խնամված-օդափոխված՝ մեր իրավասության տակ գտնվող ֆիզիկական միջավայրը, իր դրսով-ներսով, ամեն մի քառակուսի մետրով, մեր՝ իմ, կրթահամալիրի ծառայությունների, դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների ուշադրության կենտրոնում չի կարող չլինել անընդհատ՝ 24 ժամ: Սրա պատասխանատուն՝ կրթահամալիրի ծառայություն, սպասարկող անձնակազմ, վարչական աշխատող, հայտնի է: Հայտնի է նաև, որ այսպիսի խնամքն ինքնասպասարկում է՝ տարատարիք սովորողի, սանի և աշխատողի համար, մեր հեղինակած կրթական ծրագրով որոշված յուրաքանչյուրի աշխատանքը: Ես չեմ կարող արդարացի ու կոնկրետ չլինել, երբ անխնամ է՝ չօդափոխված, չջրված, անմաքուր… Մեզ պետք է ճանաչեն, մեզ պետք է չշփոթեն մեր կրթական միջավայրով, որ ամենագործուն մանկավարժն է, և որի ստեղծումը և պահպանումը մեր մանկավարժությամբ է պայմանավորված։ Քարոզի ժամանակը երեսուն տարում, թվում է, սպառել եմ. կներեք, ես գործում եմ Տիար տնօրենի իրավասության ողջ ուժով:

Ֆոտոխմբագիր` Մարթա Ասատրյան:
#446

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դանակ-մկրա՜տ սրեմ… Բերողին սիրեմ…

Փոքր են՝ փոքր հոգս են, մեծ են՝ մե՞ծ հոգս… Էլի ասո՞ւմ են խոսքում այսպես… Հիմա էլ ես Մայր դպրոցում ավելի հաճախ ու ավելի երկար եմ լինում. Ավագ դպրոցը՝ իր ձեռքբերումներով,

Երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ

Հետևեք ինձ, հիմա ես մտնում եմ իմ ու ձեր երկիր դրախտավայր՝ Բանգլադեշ… Հիշո՞ւմ եք Դպրոց-պարտեզի (Բաբաջանյան 38/1) այսօրվա մուտքը մեկ տարի առաջ… Գոհար Եղոյանից ու Տաթև Բլեյանից լավ ո՞վ կհիշի,

Արտակարգ իրավիճակներ… հեղինակային մանկավարժությամբ…

Օրեր առաջ մեր մանկավարժության էսկադրիլիան*՝ դրոնը, ջախջախվեց Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով փորձարկումների ժամանակ… Տարբեր վարկածներ են շրջում… Հակառակորդ-հակահեղափոխականը ձեռքերը ծալած չի նստել և այս ձևով փորձում