Դավիթ Բլեյանն այս օրերին ամենաշատը տպավորված է Գրիգոր Խաչատրյանի բերած մեծ «Կինդեր Սյուրպրիզ» ձվիկներով… Նրբանկատ՝ ոչ այն է մարդ, ոչ այն է, առավել ևս, նկարիչ, Գրիգոր Խաչատրյանն իր ընտրության մեջ չի վրիպել… Դավիթը համառորեն սեղանի-թախտի տակ փնտրում էր մի ձվիկ ևս.
— Դավիթ, ի՞նչ ես անում, շորերդ մուր արեցիր…
— Կարող է մի ձվիկը մութ անկյուն է գտել, ո՞նց չփնտրեմ…
Ոչ թե աշխարհակալ Սպարապետ Նորայր Այվազյանի նման… Ինձ բերած անգլիական սև ջեմպերն Դավթի վրա ոչ մի ազդեցություն չգործեց.
— Շո՞ր է, հայրիկ, դու էլի ունես…
Քինդեր-ձվիկի «հերիք»-ն, «շատ»-ը ոչ մի կերպ չի լինում…
— Ամենաշատը քինդեր ձվի՞կ ես շատ սիրում, թե՞ մայրիկին, Դավիթ եղբայր…
— Քինդեր ձվիկին ու մայրիկին… Շատ քինդեր ձվիկ ունենամ, տանեմ խումբ, որ բոլոր ընկերներիս հասնի…
Այդպես էլ վարվեց մեր հերոսը… Սիրում է իր ընկերներին հյուրասիրել.
— Ես հո խոզ չեմ՝ գլուխս կախ միայնակ ուտեմ… Իմ ախպեր Ռազին էլ եմ տանելու:
Ռազմիկն Արմինե Գյոնջյանի հինգ տարեկանների խմբում է.
— Շուտ դառնամ հինգ տարեկան, որ գնամ՝ Ռազին հասնեմ…
Մեր ստեղծած դպրոց-պարտեզ հետաքրքիր-բաց-անմիջական-ուրախ համակարգն ամեն անգամ ինձ հիացնում է… Տանը ես ու Արմինեն շարունակ օրհնում ենք դրանց հեղինակ-պարտիզպաններին… Հալալ է, ախպեր… Անցած օրը տիար Գևորգ Հակոբյանի հետ Մայր դպրոցից-Քոլեջ ճանապարհին դադար առանք Նոր դպրոց-պարտեզում… Մտանք մի դռնից, զբոսնեցինք-մարդկայնացանք այնպես, որ մյուս դռնով դուրս գնալներս չէր գալիս… Այսքան լավ մեզանում չի եղել. իր բոլոր թերություններով՝ մենք դրախտ ենք ստեղծել Բանգլադեշում… Համաձայնում ենք սիրով՝ որպես անաչառ օտարներ, որ կապ չունենք այս իրական, հարյուրավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին կյանք բերող կառույցների հետ…
Դպրոց-պարտեզի առաջին դասարանցիները նկարում են «Աքաղաղն ու կտուրը» ստեղծագործությունը:Լուսանկարները՝ Լուսինե Պետրոսյանի:
Այոˊ, ես ոչ միայն ուզում եմ, ես հետևողականորեն բերում եմ այդ վիճակին, որ կրթահամալիրի սովորողները՝ սկսած 4-5-րդ դասարաններից, իրենց ընտրությամբ գործունեությունը կազմակերպեն կրթահամալիրի համապատասխան ուսումնական կենտրոնում՝ գեղարվեստի, երաժշտության և պարի, մարզական, արհեստների, բնագիտա-տեխնիկական… Նույնը՝ լրացուցիչ կրթությունը, բայց այս անգամ, հինգ տարեկաններից սկսած… Սա հարմար է, հատկապես, երկարօրյա ռեժիմում սովորող սեբաստացիների համար: Հրապարակում եմ երկարօրյա ուսուցման սովորողների թվերն ըստ դպրոցների. Նոր դպրոց՝ իննսունչորս, Դպրոց-պարտեզ՝ հարյուր հիսուն, Գեղարվեստի դպրոց-պարտեզ՝ երեսունութ, Հիմնական դպրոց՝ յոթանասուն, Միջին դպրոց՝ երեսունվեց: Տպավորվեցի՞ք… Երեք հարյուր ութսունութ սովորող, սկսած կրթահամալիր բերող երթուղիներով ավտոբուս նստելուց՝ 8.00-8.15, մինչև ուսումնական օրվա վերջին նույն երթուղիներով տուն հասնելը՝ երեկոյան ժամը 6-ը, իրական ուսումնական ճամբարային ռեժիմով է ապրում… Սա դեռ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, իսկ թվերն աճում են ու աճում… Դուք պատկերացնո՞ւմ եք այն ծնողին, որ ժամը 6-ից հետո երեխային պարտադրում-ուղեկցում է մի այլ հաստատություն՝ լրացուցիչ ուսուցման, այդ երեխային… Այսպիսով, մեր օրակարգում է սովորողի ուսումնական օրվա՝ իր ընդհանուր հանրակրթական, սովորողի ազատ ընտրությամբ գործունեության, լրացուցիչ ուսուցման բաղադրիչներով, մշակումն ու կազմակերպումը այնպես, որ երեխային մնա տնային աշխատանքը՝ որպես իր ու իրական ընտրություն… Հնարավո՞ր է, հարցնում եմ… Եվ այս բաղադրիչներն ուսումնական, լսեք, նույն երեխայի կյանքի ժամանակն են, նույն երեխայի կապիտալը, և մեր իրավունքները պիտի մշտապես սահմանափակվեն այս մեր տնօրինությանը հանձնված թանկ կապիտալի նկատմամբ մինչև վերջ խնայող-հարգալից պարտավորությամբ… Երբ երեխան արդեն տանն է, երբ ծնողներն արդեն ընտանիքում են, այս կրթական միջավայրում ի՞նչ է կատարվում, ո՞վ գիտի… Որտե՞ղ կարդաս, սովորողի բլոգո՞ւմ՝ ծնողների քոմենթներով, ծնողների այլ հրապարակումներո՞ւմ… Որտե՞ղ ու ինչպե՞ս, հարցնում եմ… Այս մութից միշտ ահ եմ զգացել… 2015-2016 ուստարին այս մութը խիզախորեն ցրելու շրջան է։
Նոր դպրոցի պարտեզային նորամուտ: Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Ե՛վ Նոր դպրոցի, և՛ Գեղարվեստի նախակրթարանների նորացման աշխատանքներում ես նաև ծնողական մասնակցություն եմ որոնում… Ուրախություն է, չէ՞, նոր տունը մանկանց՝ ավելի լուսավոր, գունեղ, հիգիենիկ ու առավել անվտանգ… Արդյոք առաջանո՞ւմ է ցանկություն՝ որպես ծնող ձեռ գցելու, մասնակիցը դառնալու, ասենք, գոնե, մաքրելու, շրջապատը բարեկարգելու, առավել տոնականություն հաղորդելու, դաստիարակի կողքին լինելու… Սա ի՞նչ նախագիծ է, ո՞ւմ նախագիծն է, հարցնում եմ, ովքե՞ր պիտի մասնակցեին դրա մշակմանն ու իրագործմանը, երեխանե՞րը, ինչպե՞ս, նրանց ծնողնե՞րը… ավագ քույրերն ու եղբայրնե՞րը… Ինչպիսի՞ հանրային կապեր հաստատվեցին նոր… Ես չտեսա… Գուցե շա՞տ էի տարված ոչ իմ գործերով… Շրջակա միջավայրի, այդ թվում՝ նյութական, բարելավման նախագծերը շարունակական են, և ամեն դասվար, դաստիարակ, կազմակերպիչ, տնօրեն նախագիծը բոլոր շահառուների ներգրավմամբ մշակելու և իրականացնելու պարտավորություն ունի։
Դպրոց-պարտեզի նախակրթարանի չորս տարեկան Նարէն և երեք տարեկան Եվան:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:
Գլխավոր լուսանկարում մեր Դպրոց-պարտեզի նմանակներն են ՝առաջին դասարանցի Հրանդը և չորրորդ դասարանցի Մարկը:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#445