Ինչի՞ համար են Դավիթ Բլեյանի ոտքի եղունգները, որ էլի երկար է թողնում, չանչեր։ Սովորական փնթի՞ է մեր տան, իմ օրագրի հերոսը… Մաքրասեր է, ամեն օր լողանում-լվացվում է, մազերը սանրում, մաքուր շորեր հագնում, մի քանի անգամ փոխում… Պարզվում է, եղունգ-չանչերն իրեն պետք են որպես գործիք… կոկորդիլոսին վախեցնելու համար… Այս օրերին նա ամեն ինչ է կորզում կոկորդիլոսների մասին… Օգնեք, ուղարկեք Դավթին հագեցնելու տեսանյութեր…
— Դավիթ, շուտ արա, ախպեր ջան… Տան դուռը բաց է, մենք շեմքին ենք, իջնում ենք, դուռը կփակվի հիմա, մենակ կմնաս տանը,- կանչում եմ ես։
— Ապուշնե՜ր, էլի գժվեցի՞ք, ինձ ո՜ւմ եք թողնում,- նվնվալու աստիճան ճչում է նա…
— Քի՛չ նվնվա, տղան չի նվնվա…
— Ես չեմ նվնվում, ես տուտուզում եմ,- աստիճանների վրա ուրախ-զուրախ մեզ է հասնում հերոսը, ինքնավստահ անցնում չորսհարկանի ճանապարհը…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Իմ այսօրվա գիրը կրթահամալիրում մասնագիտական ուսուցմանն է վերաբերելու նաև: Ու տեղն է պատմելու Գյումրի-Երևան գնացքում իմ հանդիպումը ուղևոր, նախկին գյումրեցի Գերասիմին։ Գյումրիի խորհրդային շրջանի հայտնի սարքաշինական գործարանի բարձրորակ խառատը 1988-ի դեկտեմբերի երկրաշարժից Գյումրիում կորցնում է իր ընտանիքը՝ ընտանիքի անդամներին, տունը, տեղը… Փլուզվում է իր աչքի առաջ իր ու իր հայրերի՝ ողջ մի քանի կյանք ստեղծածը… Մարդը ուժ է գտնում, տեղափոխվում Մասիս քաղաք, նոր տան տեր դառնում, նոր ընտանիք ստեղծում… Գնացքի մեջ իր կնոջ ու նազելի աղջկա հետ էր, ով ավարտում էր մանկավարժական համալսարանը կերպարվեստ-գծագրության ուսուցչի մասնագիտությամբ… Լուսինեն այնքա՜ն վարպետորեն գտավ Դավիթ Բլեյանի տամարը. հետաքրքիր էր հետևել նրանց վագոնային խաղին, Լուսինեի հետաքրքիր անցումներին… Հիշեցի Ջանի Ռոդարիին, որ պնդում էր՝ մեծերը մոռացել են պարզապես խաղալ-լինել երեխաների հետ, ոչ թե դաստիարակել նրանց…
Վարպետ Գերասիմն իր նոր կյանքն ստեղծել էր շնորհիվ խառատի իր մասնագիտության։ Իսկապես, որ փեշակը ոսկի է… Հիմա աշխատում է Երևանի գեղարվեստական ժամացույցի ձեռնարկությունում, լավ վարձատրվում է. սիրով էր պատմում-խոսում իր գործի-ձեռնարկության, իր տնօրենի մասին… Մի բան անհանգստացնում էր. արդեն վաթսունհինգն անց է, ու չունի աշակերտներ… Մեծ սիրով պատրաստ է իր մասնագիտությունը իր աշխատավայրում փոխանցելու 1-2-3 աշակերտների՝ պատանիների, որ կգան արտադրամաս՝ իրենից գործով-կյանքով արհեստ-մասնագիտություն սովորելու… Միշտ էլ գործ կունենան՝ պնդում էր վարպետն իր օրինակով, ու անկախ կապրեն… Կկարողանա՞նք հաջորդ շաբաթ իրականացնել իմ խոստում-պայմանավորվածությունը, վարպետ Գերասիմին մեր քոլեջը ցույց տալ, այցելել նրա աշխատավայր…
2-4 տարեկանները խոշորացույցույցներով մեծ-փոքր են անում: Լուսանկարները՝ Լիանա Գարախանյանի:
Ես կրթահամալիրի քոլեջը տեսնում եմ այսպիսի կազմակերպման մեջ, որը բացառում է հաստատության ծույլին, հաստատությունը պահելու դիմաց դիպլոմ՝ պետական որակավորումը հաստատող փաստաթուղթ տալը։ Քոլեջի ուսանողն էլ, քոլեջն էլ, ալամ աշխարհն էլ գիտեն, որ գործազուրկը թղթով մասնագիտություն ունեցող չաշխատողն է, որ մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո նո՜ր աշխատանքի մասին է մտածում, մի գործով իբրև անհանգստացած դառնում… Ու ծնողները իրենց երեխուն մի տեղ պիտի տեղավորեն… մինչև… ամուսնացնելը…, ամուսնանալ, երեխա ունենալուց հետո… Սա մի վիճակում, երբ ծնողները չեն էլ թաքցնում, ակնհայտ է, որ չեն կարողանում տունը պահել, ընտանիքի համեստ կարիքները բավարարել… Սրան ես անվանում եմ խեղճության-թշվառության հարատևում… Պիտի կարողանա՞ Նվարդ Սարգսյանը իր խելքով, առողջ կենսափորձով, կրթահամալիրի բարերար միջավայրում, իր գործընկերների հետ մշտական-ամբողջական աջակցությամբ փակել սրա ճանապարհը։ Մասնագետ է նա, ով իր մասնագիտությամբ աշխատում է, վաստակում, վաստակով իրեն ապահովում, իր մասնագիտական աճի, կարիերայի, բարեկեցության ուղին անցնում, ինչպես վարպետ Գերասիմը, ինչպես… Նայեք ձեր շրջապատում, «քոմենթի» ձևով բերեք այդպիսի մարդկանց պատմություններ…
Ամենուրբաթյա մեդիապարապմունք Մարմարյա սրահում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Այսօր՝ շաբաթ, վաղը՝ կիրակի ու հետո՝ երկուշաբթի-մեռելոց. երեք լիարժեք շոգ հանգստյան օրեր… Ի՜նչ արշավախմբային ճամբարի՝ մեր ճամբարի հնարավորություն բաց թողեցինք… Լավ էր՝ Դպրոց-պարտեզը, շնորհիվ Տաթև-Սոնա դուետի, Բյուրականում է… Իհարկե, Հրաչ Առաքելյանն ի տես զբաղված է արշավախմբային-հայրենագիտական կայանի սեպտեմբերի 19-ի նորամուտով, Կարինե Պետրոսյանն էլ կլանված է «Բարձունքներին հաղթահարում» նախագծով, հազիվ ժամանակ է գտել մեկօրյա ճամփորդության… Բայց… Մենք, որպես լրացուցիչ կրթության կազմակերպման ձև, որպես շուրջտարի գործող դպրոց բնության գրկում՝ մի խումբ սեբաստացիների նախաձեռնությամբ կարող էինք և պիտի այս օրերին ունենայինք երրորդ-չորրորդ արշավախմբային-դաշտային ճամբար-ջոկատը… Թե՞ այս նախանձելի կենտրոնն իր կայանով ստեղծել ենք ամառային մեկ-երկու ամսվա գործունեության համա՞ր։ Հանդգնե՛ք, մի՛ ծուլացեք, ձեր շուրջը պիտի լինեն տարատարիք սովորողները՝ եռուզեռով, աշխույժով… Էլ չեմ ասում շրջանավարտների, ընտանիքների ներգրավման մասին։
Աշնանային լողափ: Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Իսկ իմ հոբելյանը թաքուն շարունակվում է։ Մեր Արթուր Բլեյանը, որ սեպտեմբերի 4-7-ին ընտանիքով Դիլիջան-Ստեփանավանում էր, իր հոբելյանական ընդունելությունը կազմակերպեց իր բնորոշ արտիստական մակարդակով. նեղ մտերմիկ շրջանում մենք իմ հարյուր տարվա ընկեր երաժիշտ, լարային ազգային գործիքների եզակի կատարող Մանուկ Հարությունյանին ունկնդրելու հնարավորություն ունեցանք։ Շնորհակալ եմ։ Իսկ Մանուկին կրթահամալիրում հանդիպելու հնարավորությունը Մերի Առաքելյանը, վստահ եմ, բաց չի թողնի…
#447