Կամ՝ Ոգին փոխանցվում է ոգու հետ…
Դավիթ Բլեյանն իրիկնային հաշվետվություն էր ներկայացնում ինձ՝ պարտեզային բուռն-լիարժեք գործունեությունից. մեր հերոսը մեծերի խմբում («ես էլ եմ մեծ, ես ամենամեծն եմ իմ կուկուներից») կերել-խմել, քնել-խաղացել է… Մայրիկի դասերին է մասնակցել, քիչ է, սովորողների շահերն էլ, որպես Բլեյան, պաշտպանել է։ Այստեղից էլ՝ վերնագիրը իմ այս գրի։ Իմացեք, որ մենք Բլեյան մեծով-պստիկով իրավապաշտպան ենք։
Դավթի հաշվետվությանը «սկայպով» հետևում էր Շուշան Բլեյանը, ով զուգահեռ ցուցադրում էր իր խոհանոցում պատրաստվող աղցանի ու ձվածեղի ընթացքը… Պետք էր մեկընդմեջ խլացնել Դավթի պատումը Շուշանի համար, քանզի Դավիթը լսելի, հատուկ քրոջ համար, արտաբերում էր «խուժանական» խոսքեր… Արդարության համար շեշտենք, որ Դավիթը հետո, էլի հատուկ քրոջ համար, փայլուն կարդաց «Կաքավիկի գովքը» ամբողջությամբ, ու որպես պարգև՝ Շուշոն այն երգեց։
Մենք բուռն քննարկում էինք Արմինեի հետ ստեղծված՝ մանկավարժության մեջ ստանդարտ, մեզ համար արտակարգ վիճակը: Օգնե՛ք մեզ, ընկեր Կարինե ու Մելինե, թող տիկին Աիդան ու Աստված ձեզ օգնեն…
Շուշանը (ի՜նչ շողշողուն, երգեցիկ էր եթերում) փութաջան պատրաստվում է դեսպանատան տոնական համերգին. բանից պարզվում է՝ դա 15 րոպեանոց լուրջ մենահամերգ է. տեսե՜ք, տեսե՜ք… Ավելի ուշ, երբ ամեն մեկս իր գործին էր, մեր գայլի ոռնոց-զռռոցը լռեցրել էր և՛ Խանջյան փողոցի աղմուկը, և՛ Օղակաձև այգու «մուզիկը». Դավիթը տաշտը հագցրել էր գլխին, մազալու մի դիրք գրավել ու պահանջում էր.
— Թող Շուշկին ինձ տեսնի հիմա, որ բարձր ծիծաղի… Իմ քույրիկին եմ ուզում…
Հեղինակային մանկավարժություն ու կրթահամալիր ստեղծողներս երբեք չենք բարձրաձայնել մեր այլ՝ հանուն հայրենիքի, բայց ոչ կրթական գործերի մասին: Ավելին՝ լռել ենք, հաճախ խնամքով թաքցրել: Իմ օրագիրն այն ձևաչափն է, որտեղ կարելի է ու պետք է այդ մասին պատմել. խորհրդային շրջանի պատգամը հիշո՞ւմ եք՝ «мертвым это не нужно, это нужно живым»։
1988թ. դեկտեմբերին մեր Դպրոց-պարտեզի շենքը (նախկինում՝ Բ-4 թաղամասի թ. 119 մանկապարտեզ) երկար ժամանակ ապաստան էինք դարձրել երկրաշարժից տուժածների, Արցախյան շարժման ընթացքում բռնի տեղահանվածների համար. մեր նախաձեռնությամբ, մեր ուժերով ու ծախսերով տասնյակ ընտանիքներ ժամանակավորապես պաշտպանված են եղել հայրենի Բանգլադեշում: 1989-1992 թթ Արցախյան շարժման ռազմականացման, զինված պայքարի մինչբանակային շրջանում մեր շենքերի նկուղներում նաև մեր սարքավորումներով ռազմական նշանակության պիտույքներ էին ստեղծվում… Ունեինք կոնսպիրատիվ գործունեության թաքստոցներ, որ, ի՜նչ իմանայինք, ավելի ուշ էլ են պետք գալու… Լավ է, որ այսօր սեբաստացիներս մեր արդիական՝ մոբիլ ու ստեղծական կրթությամբ, մեր ամբողջովին բաց կրթական համակարգով, մեր հեղինակային կրթական ծրագրերով ենք օգտակար լինում Հայաստանում, Արցախում, Վրաստանում, այլուր՝ դրանց մշակման, իրականացման ու տարածման փուլերով… Նաև ֆիզիկական մեր միջավայրով. Բանգլադեշում մեր ստեղծած կրթական փոխանակումների հարմարավետ կացարանները, բաց ու մատչելի ստեղծագործական հավաքները, ակումբները, ամառային և ձմեռային ճամբարները, մեր մեդիան՝ mskh.am-ը, հարմար ձևեր են մանկավարժության փոխանակման համար… Խնդրեմ, սեպտեմբերի 22-26-ի մեր ստեղծագործական 9-րդ հավաքը, սեպտեմբերի 20-21-ի «Բարձունքների նվաճում» ուսումնական նախագիծը, «Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծը, ուսուցիչների սեպտեմբերյան վերապատրաստումները… Ես ներկայացրի սեպտեմբերյան մեր օրացույցը՝ կոնկրետ լինելու համար…
Ափսոս, հազար ափսոս, որ հայաստանյան դպրոցների ազատության, ինքնուրույնության այսօրվա վիճակը թույլ չի տալիս ավելի օգտակար լինել առավել մեծ թվով դպրոցների, ուսուցիչների, սովորողների… Ինձ հաճախ են մեղադրում՝ ինչո՞ւ չեք ստիպում, կազմակերպում, տարածում… Ընկերնե՛ր, ո՞ւմ ստիպեմ. ձե՞զ՝ ուսուցիչներիդ, դպրոցների ղեկավարներին… Խեղճությունն արժեք չէ, որով պաշտպանվում եք: Մեր ստիպելը բաց ու մատչելի լինելն է. կա՞ մեկը, ում կանչին, դիմումին չենք արձագանքել պատշաճ ու ժամանակին: Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, այն նաև յուրաքանչյուրի դպրոցն է. մենք գործել ենք այս գիտակցումով ու նվիրումով, բաց ու մատչելի՝ 1985-ից… Մեր բնույթին մենք չենք դավաճանել:
1988-ի դեկտեմբերի 10-ին, Սպիտակի երկրաշարժից օրեր հետո, ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Վանո Սիրադեղյանին, Աշոտ Մանուչարյանին…. և տեղափոխեցին Մոսկվայի հայտնի «Մատրոսկայա տիշինա» բանտը… Տղաների, իմ ընկերների ձերբակալման գույժն ինձ հասցրեց գյումրեցի մի ծանոթ, հենց մեր շտաբի հարթակի վրա, երբ ես կարդում էի տեղում ձևավորված ու հանգստյան տուն մեկնող գյումրեցի անօթևանների հերթական ցուցակը… Շաբաթներ հետո մեր կոնսպիրատիվ բնակարաններից մեկում ձերբակալեցին կոմիտեի մյուս անդամներին… Սկսվեց Շարժման մեծ ռեպրեսիայի շրջանը, որը տևեց մինչև 1989-ի մայիսը…
Դժվար, ամենադժվար օրերն էին դպրոց-համալիրի համար. կուսակցական, նրանց ենթակա կրթական մարմինները մեզ առան «կոլցոյի» մեջ… 1989-ի հունվարյան արձակուրդից հետո սկսվեցին լայնածավալ, մեկը մյուսին փոխարինող ստուգումներ: Գումարեք սրան հուզական ֆոնը. «Ղարաբաղ» կոմիտեի շատ անդամների դպրոցահասակ երեխաները մեր սաներն էին: Ընդհատակում սկսեց գործել «Ղարաբաղ կոմիտե-2»-ը, սրա մեջ՝ նաև մեր Աշոտ Դաբաղյանը… Ամեն օր կարող էին լինել նոր ձերբակալություններ: Պետք էր դիրքավորվել, ի մի բերել երկարատև պաշտպանության բոլոր միջոցները… բոլորն էլ նույն աղբյուրն ունեին՝ համերաշխությունը. համերաշխություն Շարժմանը, մեր համատեղ կյանքին, մեր դպրոցին, մեր մանկավարժությանը, միմյանց… Մարդկային գործոնը դարձավ որոշիչ: Սովորողների թիվը ոչ միայն չպակասեց, այլև մեծացավ. ուսուցչական հավաքանին դարձավ մեկ։ Բոզինյան Մարուսյան, ում մասին վերևում մտածում էին, որ այս շրջանում իրենց հենասյունը պետք է լինի, շրջկոմի պլենումի ժամանակ ջախջախիչ ելույթ ունեցավ ի պաշտպանություն Աշոտների, դպրոցի… Մենք դարձանք Մեկ, ընդդեմ հետապնդումների շարժման մարտունակ կառույցներից մեկը: Հայաստանով մեկ, գլխավորապես Երևանում, ամենահետաքրքիրը՝ նաև Գյումրիում, դանդաղ, բայց սկսեց ցույց տալ իր կենսունակությունը…
Ինձ համար ամենահուզիչը ծնողական համայնքի բացառիկ հուժկու, միասնական հանդես գալն էր՝ լսելի յուրաքանչյուրին. սա մեր դպրոցն է, թույլ չենք տա, որ դպրոցին կպչեք: Ծնողները ոչ միայն նորմալ էին համարում սովորողների՝ իրենց երեխաների միանալն ընդդեմ հետադիմության և հանուն Շարժման, այլև բոլորը՝ ծնողները, երեխաները, ուսուցիչները մեկ էին այս պայքարում: Օրագրի ձևաչափից դուրս է, ընթերցող, ներկայացնել 1989թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989թ. մայիս (ռեակցիայի մեծ շրջանը), բայց հանգուցալուծման օրը մեխվել է:
Դպրոցի բոլոր ստուգումների արդյունքները, չգիտեմ՝ քանի էջ թուղթ, դպրոցին, Աշոտներին, գլխավորը՝ բնական է, ինձ վերագրվող մեղքերով (նպատակն ինձ ազատելն էր, դպրոցը փորձարարական կարգավիճակից զրկելը, կրթության ազատության «Բաստիլը» վերջնական գրավելը) բերվել էր ՀՀ լուսավորության նախարարություն, կոլեգիայի նիստի: 1989-ի ապրիլը թե մայիսն էր. ես սպասում էի կոլեգիայի նախասրահում… Ու հանկարծ՝ շենքին մոտեցող մարդկային թափորի ուժեղացող աղմուկ, կոչեր-վանկարկումներ… Քիչ անց նախարարության շենք մտավ հսկա բազմություն… Նիստն ընդհատվեց… Ներկայացուցիչների մեծ խումբը պահանջեց, որ դպրոցի բոլոր մեղքերը ներկայացվեն հրապարակավ… Նիստն այդպես էլ չշարունակվեց…
Ամիսներ հետո, երբ կոմիտեի տղաներն ազատության մեջ էին, երբ Շարժումը, հասարակական կյանքը հաղթահարել էին երկրաշարժից և բռնաճնշումներից ստացած ցնցումները, երբ գործում էր արդեն Հայաստանի մինիստրների խորհուրդը՝ նոր կազմով ու կառուցվածքով, ՀԽՍՀ ժողկրթության նախարարության կոլեգիան (նախարար՝ Միսակ Դավթյան), կառավարության հանձնարարությամբ դպրոց-հիմնարկ փորձարարական ուսումնադաստիարակչական հաստատությունը վերածեց ՀԽՍՀ ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորման, ինչն էլ 1992թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Վիլիկ Հարությունյան) հաստատեց որպես ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական հանրակրթական միավորում, 1996թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորում պետական ձեռնարկություն՝ նոր կանոնադրությամբ, ինչն էլ 2003թ. կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Լևոն Մկրտչյան) հաստատեց այսօր գործող նոր կանոնադրությամբ և անվանումով՝ «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ…