Հովհաննես Թումանյան
Տպագրվել է «Հասկեր», № 5, էջ 130 – 131, 1911

Խաչատուր Աբովյանը ծնվել Է Երևանի Քանաքեռ գյուղում, 1804-5 թվականին։ Նա երեխուց աչքը բաց արավ, տեսավ, թե ինչ անասելի նեղություն էր քաշում մեր ազգը էն ժամանակվա պարսից տերության ձեռքին ու ազգի էս ծանր վիճակը վերք դառավ, կպավ սրտին։ Մեծացավ, օտար երկիր գնաց, ուսում առավ, իր սրտի վերքն էլ հետը մեծացավ ու խորացավ։ Ահա էս խոր վերքը, իր աչքի տեսած տանջանքն ու տառապանքը, կռիվն ու քաջությունը հրեղեն լեզվով նա պատմեց մի գրքի մեջ՝ անունը դրեց «Վերք Հայաստանի»։ Մեր ազգի սիրած «Վերք Հայաստանին»։

Բաքվի Հայոց կուլտուրական միությունը ձեռնարկել է արձան կանգնեցնելու Խաչ. Աբովյանին իր հայրենիքում։

Աշխարհքի ամեն կողմից հայ մարդիկ ուղարկում են իրենց նվերները, ամենքն էլ ուզում են մասն ունենան Խաչ. Աբովյանի արձանի մեջ։ Շատն ու քիչը էստեղ նշանակու­թյուն չունի. բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։

Երեխեք ջան, «Հասկերի» ընթերցող երեխեք, դուք էլ  ամեն մեկդ ինչքան կարող եք, ղրկեցեք, որ դուք էլ մասն ունենաք մեր անմահ Աբովյանի արձանի մեջ։ Էն Աբովյանի, որ կանչում է. «Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։  Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բա չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թո­ղաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ»։

Էրեխեք՝ ձեր ջանին մեռնիմ. ձե՛զ եմ ասում իմ դարդը  ձեզ համար եմ գրում, ձեր երեսին ղուրբան՝ հողումն էլ ըլեմ, եկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա,  անիծեցե՛ք ինձ, թե օգուտ՝ օրհնեցե՛ք, ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուգը. նրանց հորն ու մոր կսկիծը, ու ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք» («Վերք Հայաստանի»): Նվերները կարելի է ուղարկել «Հասկերի» խմբագրությանը կամ «Հորիզոն» լրագրին։

Երկերի լիակատար ժողովածու, Հտ. 6, էջ 337

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՜խ, ի՛մ հայրենիք, որքան սիրուն ես…

   «Ժամանակ» թերթ 13.09.2006 Նվիրում եմ Հայաստանի անկախ պետականության 15-ամյակին  Հոդվածում գործածվող հիմնական հասկացություններ Հայրենիք — Հայաստանի Հանրապետություն, որը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, և նախկինում կոչվել է Հայաստանի

Հ. Թումանյանը էպոսի մասին

Երկու բառ հայոց էպոսից Արդեն լույս է տեսել Պետրոգրադում Հայոց գրականությանը նվիրված ժողովածուն` «Сборник Армянской литературы», Մ. Գորկու խմբագրությամբ: Ես չեմ խոսելու ժողովածուի մասին, այլ երկու բառի, որ վերաբերում է

Սահմանադրական հայաստանասիրություն 

Աշոտ Բլեյան Սահմանադրության անկատարության ու այն շուտափույթ փոխելու, նոր Սահմանադրություն ստեղծելու մասին հիմա բոլորն են խոսում: 1990թ. սկսած նույն անհամբերությամբ հայ քաղաքական գործիչն ու պաշտոնյան պահանջում էր անկախ պետականության հիմնական