Քնել եմ 11-12-ի արանքում, իմ քնի ամենա…ժամանակ, ականջս՝ Բլեյան-Հովհաննիսյան Էդիտա, Աննա, Տաթև, Շուշան, Առնոլդ, Նազենի, Լիլիթ… մոնղոլ-թաթարական հորդայի ներխուժման աղմուկին, վստահ, որ, ի վերջո, կխնայեն ինձ… Ամեն ինչ՝ հա, բայց թողեք իմ ժամին քնեմ… Շնորհակալ եմ՝ խնայեցիք, Աստված տեսնում է, իմ միջոցով վարձահատույց կլինի…
Արթնացել եմ իմ ժամին, թարմ՝ գիշեր-առտու 4-ին մոտ… Իմ ջուրն եմ խմում, հետո… իմ կիտրոնաջուրը, քանզի ինձ այսպես լավ եմ զգում, քանզի սա է, զգում եմ, իմ տարիների հավաքած քաշը կորցնելու եղանակը… Այնպես ապրենք, որ մեր խնամքն ամենահարազատներին բեռ չդառնա…
Դավիթն այս անգամ անաղմուկ իջավ անկողնուց ու ինքնուրույն, հուշիկ անցավ մեր ննջասենյակ բերող գիշերային ճամփեն… Ջո՜ւր, իհարկե: Ի՜նչ սպասված, ինքն իրեն, իր ընթացքով գնացող օր է այս 2015-ի սեպտեմբերի 4-ը:
— Պա՜պ,- ասաց ու գրկեց… Արմինե մայրիկին…
Ես լսել-տեսել-հիացել եմ կեսգիշերին մեր փողոցում` տան մոտ արձակած հրավառությամբ… Հուզեցիք: Ինձ հետ է Խանջյան փողոցի մեր «Սանիտեքս» աղբամանի մոտ ինձ բռնած միջահասակ կնոջ ձայնը, ով ոչինչ չէր ուզում, պարզապես մոտեցել էր հատուկ, որ ինձ ասի.
— Բլեյան ջան, դու շնորհքին մարդ ես, տեսնում եմ՝ ինչպես տղայիդ հետ ամեն օր տանդ աղբը քո ձեռքով ես հանում… Գիտեի՝ թոռդ է, ուրախացա, որ իմացա…
— Դավիթ Բլեյան,- ներկայացնում եմ…
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։
Նայեցի միշտ ընդունող հեռախոսին՝ ոչ մի զանգ, բայղուշ խոսք… Շնորհակալ եմ, որ բոլորդ հարգել եք իմ ժամանակին քնելու իրավունքը…
Դավիթ Բլեյանի բոլոր դրսևորումներից-խասյաթներից այս մեկը միտս եկավ.
— Մի՛ խոսեք, մի՛ ասեք… մի՛ նկարեք…
Ու թույլ չի տալիս՝ խոսես, որևէ ձայն հանես… Իր ուզածը, թեկուզ երազի մեջ, չես ասի, պաշտպանվում է…
Լսում եմ ձեզ, ողջ օրը, հիանում ձեզնով, բոլոր կարգի հարազատներ… մի՛ խոսեք…
Ապրենք իմ այս օրը, վաղը միասին, որ սա էլ դառնա բնական-ներառված շրջան՝ մեր համատեղ երկար կյանքի… Ծնունդի խորհուրդը՝ ծնվելիս, ծնունդի հետ, գիտեք, ամենա-ն է ինձ համար, բայց իմը չի դառնում դրանից հետո ամեն տարի կրկնվող այս խորհուրդը ծննդյան օրերի… Լավ է, որ Դավթի՝ ծննդյան տորթի մոմերը փչելու ուրախությունը կա, այս աշխույժն իմաստ է ստանում: Շնորհակալ եմ, որ ուրախ եք անգամ անկատար իմ այս վիճակով. առանց ձեզնից յուրաքանչյուրի՝ այսպիսին չէի լինի, սա՝ մեկ: Շարունակե՛ք աշխատել իմ այս կերպարի վրա. ես ամեն օր ավելի ուրիշ, ավելին եմ լինելու… Ես կարող եմ, ընդունակ եմ, ես, իսկապես, թևակոխել եմ իմ կյանքի ամենա…շրջանը, Իսահակյանի ասած՝ 1000-ի, ամենաբեղուն, ամենակոնկրետ, առավել վստահելի… Ինձ հետ նախընտրելի է և՛ ճամփա գնալը, և՛ նախագիծ սկսելը նոր, եթե գործը կատարելու ողջ ընթացքում կենտրոնանալու եք ձեր անելիքի վրա… Ես այն տարիքում եմ, որ իմ անելիքը ցանկացած ձեռնարկում կգտնեմ: Այո՛, ես երբե՛ք այսքան հուսալի չեմ եղել… Ի՜նչ ուշանալ, ի՜նչ «չեմ իմացել»… ծննդյան օրվա աղմուկը հենց սրա համար է, որ իմանաս…
Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։
Մեկնարկում է «30 տարի կրթահամալիրի Բանգլադեշում. ստեղծական ու մոբիլ» նախագիծը, որի արդյունքները, որի ավարտի զանգերը կղողանջեն 2015-ի դեկտեմբերի 16-ին նշանակած համերգ-ներկայացումով… Ինչի՞ց ուշանաք… Համեցե´ք, շնորհավորեք ինձ ու իմ հոբելյար ընկերներին, մեր համատեղ ջանքերով ստեղծած ամենա-ամենա-ամենա դպրոցին՝ 30 տարվա համերաշխ-ստեղծական-հավաքական ջանքերի համար… Ամեն պահի՝ հենց իմացար, հենց կարևորեցիր, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին քո դրամական ներդրումն արա, շատը՝ ունեցածից, քիչը՝ սրտից: Ես, որպես հիմնադիր, երաշխավորն եմ նրա գործունեության թափանցիկության-հավաստիության-նպատակադրության… Ես բերում եմ իմ օրագիր Հովհաննես Թումանյանի կոչն էրեխեքին՝ Աբովյանի կիսանդրին դնելու առաջարկով.
Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի. բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։
Երեխեք ջան, «Հասկերի» ընթերցող երեխեք, դուք էլ ամեն մեկդ ինչքան կարող եք, ղրկեցեք, որ դուք էլ մասն ունենաք մեր անմահ Աբովյանի արձանի մեջ…
Այսպես, մեր բոլոր դպրոցներում, դասարաններում, տեսանելի վայրում միակերպ-թափանցիկ փողամաններ դրվեն, ու ավելորդ մանրադրամը՝ սեբաստացի մեծահասակի, սովորողի, ծննդյան հաջողության առիթով, պարզապես… հավաքեն սրտից եկած ուժանյութը… Սրանք բացվեն միաժամանակ տարին երկու անգամ՝ «Սեբաստացիների օր» կրթահամալիրի տոնին, սեբաստացիների մայիսյան ստեղծագործական հավաքին, ու դասարանի-խմբի որոշմամբ ուղղվեն հիմնադրամի հայտարարած նախագծերի իրագործմանը…
Ինչ որ չեմ ասել, հասցրեք ֆեյբուքյան ասուլիսի էջում հարցի տեսքով ձևակերպել, կլսեք պատասխանը «Ազատության» ուղիղ եթերում, այսօր՝ ժամը 16.00:
Իրականում ես ծնվել եմ սեպտեմբերի 5-ին… Իմ մայրը զարմանալի հիշողություն ուներ, «ջնազով» նրան խաբել, օրինակ, չէր կարելի… Բայց ահա, իմ ծննդյան օրը շփոթել է: Չէ, ես ես եմ. «կախանագլուխ, խոսքի տերը. որ ասել ա, կանի»- սիրում էր կրկնել մայրս: Լավ է, որ սեպտեմբերի 5-ին միասին ենք լինելու Բյուրական-Ամբերդով-Քարի լճով՝ Արագածի հարավային գագաթի նվաճողներով…
Գեղարվեստի կրտսեր դպրոցի կերպարվեստ-քանդակի նոր լաբորատորիայում ստեղծագործում ենք…
Լուսանկարները` Կարինե Բաբուջյանի
Լավ է, որ աշխարհի ստեղծման գործը դրախտի խուլ պարիսպների մեջ մնաց… Ահա, Ադամ, նախամարդ մեր, ամեն ինչ ունես, տրված է քեզ, Աստծո ընտրյալ Եվայի հետ ապրի՛ր Աստծո ստեղծած դրախտում. կե՛ր ու բազմացի՛ր… Աստված տվեց և բանալին՝ դրախտից դուրս գալու… Ի՜նչ լավ է, որ Ադամն օգտվեց այդ բանալուց՝ ընտրեց դրախտից այն կողմ անմշակ երկրում գործելու (երկրագործի), սեփական քրտինքով վաստակելու ճանապարհը… Եվ որքա՜ն ուշադիր է Աստված անկատար մարդու՝ ստեղծականությամբ արարումի կատարելության ողջ ճանապարհին, ուղղորդող ձեռքով իր որդու՝ Հիսուս Քրիստոսի… Շշմելու պատմություն է, ու նույնքան շշմելու՝ այս ընթացքը կյանքի: Շնորհակալ եմ, որ այսպես միասին ենք, թե չէ ձանձրույթից ես քանի՜ անգամ մեռած կլինեի… Մեր անձանձրույթ, ստեղծական, մոբիլ, համերաշխ բոլոր կարգի սեբաստացիներ, հարազատներ, անդադրում գործենք մեր երկիրը…
Սեպտեմբերի 4.ամենամյա հոբելյանական կրթական շքերթ:
Լուսանկարները` Մարինե Մկրտչյանի:
Դավիթ Բլեյանի հետ ծիսական գործողություններից հետո (արթնացում, ճոճք, չիշ, լող… շոկոլադ) ուշանում ենք. գիտեք՝ 8.45 Արմինե մայրիկ, ուսուցիչ-վարորդը պիտի լինի իր դպրոցում… Ուշանալ չի կարելի, ինչպես ծխել, աղտոտել, չհավաքել, ծուլանալ… հոգնել… Աղբը ձեռքիս՝ Արմինեն ասում է.
— Վարորդ տղայիդ ասա՝ իր մեքենաներից կտրվի, գա՝ գնանք, ուշանում եմ, խոսել չտաք վրաս…
Իր մեքենայի բանալին ձեռքին՝ դուրս է գալիս Արմինեն…
— Դավիթ, մենք դուրս ենք գալիս, դու ի՞նչ ես որոշում, մնում ես տա՞նը…
— Ո՞նց եմ մնում, ա՛յ ապուշներ, սպասի գալիս եմ՝ չես ուշանա…
— Արմին, լսում ե՞ս, քեզ հետ ա:
— «Ապուշներ» չասա՞ց, մե՛զ հետ ա: Ինձ ասելու լիներ, կասեր՝ ապո՛ւշ:
Ախր շա՜տ ապուշ պիտի լինի մարդ՝ ինձ հետ կյանքի շրջանն անցնելու համար…
#440