Մեր հիշողությունն իր մեջ ամոթի տարիներ ունի  պահած:  Պետականության դարերի մեջ բարձունքը հագեցվեց կայսրության իրավատեր քաղաքացու կեղծ սփոփանքով: Մտավոր ու հոգևոր լծակներում կանգնած մեր այրերը իրենց կարողության չափով նպաստեցին այդ հագեցմանը, արագացրին այլ գաղափարահպատակությամբ մեր հավատափոխությունը:
Այդ հարցերից սկիզբ առավ մեր զրույցը Աշոտ Բլեյանի հետ:

— Այսօր «40 տարեկանների հեղաշրջումով» թեպետ փոխված են արդեն ժամանակ ու կարգախոս, բայց և հասարակական միտք ձևավորող լսարանում դեռևս զգացվում է վերոհիշյալ այրերի արձագանքը:

— Մեզ էլի էին նվաճել, բայց բոլշևիկյան այս տիրապետությունը շատ մեծ առանձնահատկություն ունի: Տիրապետողներից ոչ մեկը, օրինակ, մեր դպրոցին չէր կպել՝ ժողովրդի, ազգի, երեխոց դպրոցին: Եվ դպրոցը չէին դարձրել գաղափարախոսության լծակ: Սրանք հենց սկզբից եկեղեցու հարցը լուծեցին՝ այն անջատելով դպրոցից, հետո պետությունից և, վերջապես, խլելով, մեկուսացնելով ժողովրդից: Ավելին, ժողովրդին տրամադրեցին եկեղեցու դեմ և նրա միջոցով ավիրեցին եկեղեցին: Փաստորեն սա լուրջ ուսումնասիրության նյութ է: Չէ՞ որ 301 թվականից պետականորեն քրիստոնյա ժողովուրդ ենք, և Կտակարանն է մեր գաղափարախոսության ու բարոյականության չափանիշը, որը սերնդից սերունդ փոխանցվել է ընտանիքի, դպրոցի, պետական հաստատությունների միջոցով: Եվ մշակույթ էր դարձել, գրականություն էր դարձել այդ բարոյականությունը, որը, թվում է, ամուր պիտի նստած լիներ մեր մեջ: Եվ ի՞նչ, հանկարծ, ընդամենը մեկ-երկու տարում դուրս եկանք նույն Կտակարանի դեմ, եղբայրասպանություն եղավ, չէ՞…մոտավորապես նույն ձևով, ինչ ձևով դուրս էինք եկել բռնակալի դեմ պայքարելու, հավատափոխության դեմն առնելու: Բացառիկ բան է, չէ՞… միայն մենք չէ, ռուսները, մյուս ժողովուրդներն էլ: Երկրորդը` դպրոցի,  ժողովրդի դպրոցի վերացումն էր: Եթե ուշադիր նայում ենք, հարյուր բռնակալ եկել-գնացել է, բայց ժողովուրդը, իր ծխական դպրոցը, գոնե, լուսավորչական մակարդակով, ունեցել է, կարողացել է ինքն իրեն վերարտադրել: Իսկ սրանք խորհրդային դպրոցի անվան տակ ավիրեցին ժողովրդինը: Նման բան, ինձ թվում է, երբեք չէր եղել. չէ՞ որ միջնադարում ևս նվաճողներ կային, բայց մենք համալսարան էինք բացում, դպրոցներ էինք բացում, ճարտարապետություն ու մանրանկարչություն էինք զարգացնում՝ նվաճողի խնդիրը չէր սա: Երրորդը սրա բնական շարունակությունն է՝ մտավորականության այլասերումը. այս բոլորը պիտի գաղափարականացվեր և մտավորականի միջոցով ներարկվեր ժողովրդին: Եվ ժողովրդի լուծն իր վրա առնող, ժողովրդի կրակը տաք պահող մտավորականությունն իր իսկ ձեռքով հանգցրեց այդ կրակը: Հոգի այլասերող, հոգի այլանդակող այս երևույթն այսօր, ինձ թվում է, մեր ամենամեծ դժբախտությունն է… Տեսեք, խոսում ենք «40 տարեկանների հեղաշրջման» մասին, բայց ուշադիր նայելու դեպքում, այն, սկզբունքորեն, մի խումբ մարդականց հետ է կապված: Կա ժողովուրդ, լավ, մաքուր, պայծառ ժողովուրդ, որը ծովի նման արագ կարողանում է ինքն իրեն մաքրել, և կան մի խումբ նորահայտ մտավորականներ, բայց, տեսեք, մի ամբողջ շերտ մտավորականություն էլ կա, ես նկատի ունեմ ստեղծագործական ու գիտական մտավորականությունը, որը, փաստորեն, մոլորեցնում էր մարդկանց: Եթե այդ փոքր խումբը հանրահավաքով ու մյուսով կարողացավ ժողովրդին ինչ-որ բանի հասցնել, ապա մյուսները, հեռուստատեսության ու թերթերի միջոցով, հակառակ գործն էին անում: Սա է, կարծում եմ, պատճառը, որ չկարողացանք ավելի շուտ մաքրվել, քան կարող էինք, կարող ենք:

— Ձեր ուսանողական  տարիներին այդ  փոքր խումբն ունե՞ր արդյոք այսօրվա իրականության գիտակցությունը, իրագործման ծրագիրը: Մեր այսօրն այն ժամանակ ռոմանտիկա՞ էր, թե՞…

Նախ պիտի շերտերի, խմբերի բաժանել մեր ժողովրդական շարժման առաջամարտիկներին՝ շարժման ամենաակտիվ մասնակիցներ համարվողներին: Դրանց մեջ կային մարդիկ, որոնք գիտեին այս պետության ինչ լինելը, հասարակարգը, պատմությունը: Էդ Վ. Մանուկյանն էր, Պ. Հայրիկյանը, էլի մի քանիսը, որոնք քաղաքական կենսափորձ ունեին: Երկրորդ շերտը մտավորականության այն մասն էր, որ իր տեղում էր, զբաղված էր  իր գործով և կարողացել էր չտրվել կոչումների ու աստիճանների մոլուցքին, պատրաստ էր առանց վարանումի տրվել շարժմանը: Այդ խմբում Լ. Տեր- Պետրոսյանն է, Սիրադեղյանը, Բ. Արաքցյանը, Ռ. Ղազարյանը և այլն: Իսկ մեր խումբը՝ Ա. Մանուչարյան, Հ. Գալստյան, Ա. Հակոբյան և էլի… ես կարող եմ անուններ մոռանալ, թող ինձ ներեն, մի քիչ ուրիշ էր, մենք հավատում էինք, որովհետև մանկապարտեզում, դպրոցում, ընտանիքում  անցել էինք այս գաղափարախոսության բովով: Մենք հավատում էինք այս պետությանը, սրա  հռչակած գաղափարներին: Մենք, օրինակ, նույն հավատով ու կրքով կռվում էինք կոմերիտմիության շարքերում՝ կոմերիտմիությունը մաքրելու, գտնելու համար: Եվ դա միջոց էր մեզ համար, պարզապես ժամանակ էր պետք, դպրոց էր պետք՝ հասկանալու, որ խաբված ենք: Բայց մարտիկի բնավորությունը՝ մեր կռիվը մինչև վերջ տանելը, գործիք չդառնալն ու չենթարկվելը մեզ փրկեց, պահեց և ավելի ուշ մենք կարողացանք միանալ մյուս խմբին:

— Վերջին մի քանի տարիներին, կարծում եմ, ձեր ժամանակի մեծ մասը խլում է  hասարակական-քաղաքական գործունեությունը: Դա չի՞ արվում արդյոք դպրոցի հաշվին, չի՞ խոչընդոտում մանկավարժի ձեր գործունեությանը:

— Ամեն դեպքում այդ գործունեությանբ զբաղվում եմ ոչ սիրով: Զբաղվում եմ, թեպետ կուզեի զբաղվել միայն լուսավորության, կրթության գործով:

Բայց իրականությունն իրենն է թելադրում:

— Համաձայն եմ: Իրականությունը հետևյալն է՝ քանի դեռ հասարակության մեջ ինչ-ինչ բաներ չեն կարգավորվել, ապա դու քո գործն անել չես կարող:

— Բայց  և հասարակության մեջ, գուցե ոչինչ էլ չփոխվի, եթե, վերջապես,ամեն մարդ չզբաղվի իր գործով: Ո՞ր կետից պետք է սկսել փոփոխությունների ընթացքը, ի՞նչ եղանակով:

— Երբ նայում ենք մարդկության պատմությանը, գոնե,  վերջին 70 տարվանը, տեսնում ենք կեղծ գաղափարախոսությունների, օրինակ, ասենք, սոցիալիստական կամ բոլշևիկյան գաղափարախոսության դեմ պայքարի մի քանի տարբերակներ: Չիլիի օրինակով լատինաամերիկյան երկրների փորձը կա: Ի՞նչ արեցին նրանք այնտեղ, իշխանության գլուխ անցավ խունտան, որը դեմ պիտի առներ երկրի մինչև վերջ բոլշևիկացմանը, եթե թույլ տար այդ գաղափարախոսությանը ստեղծելու իր մանկապարտեզը, դպրոցն ու համալսարանը: Թույլ չտվեց և դա արեց ուժի միջոցով: Պարզապես հալածվեցին կամ երկրից արտաքսվեցին ազգակործան այդ գաղափարախոսության տարածողները: Հետո անցան կարգ ու կանոնի հաստատմանը երկրի տնտեսության մեջ, դրեցին քաղաքակիրթ տնտեսավարման հիմքերը, որը, իր հերթին, պիտի բերեր փոփոխություններ ընդհանուր հասարակական կյանքում: Եվ հենց իրականացան հասարակական կյանքի այդ փոփոխությունները, խունտան ընկավ: Եվ անցումը եղավ շատ բնական: Սակայն պարզվում է, որ մեր երկրում այդ ճանապարհը չի կարող կիրառվել կամ շատ վտանգավոր է: Դա հնարավոր էր անել  ընդամենը մի ժողովուրդ ունեցող Չիլիի պես երկրում: Մեր մոտ այդ ճանապարհն արյունահեղության կտանի: Երկրորդն այն ճանապարհն է, որով մենք հիմա գնում ենք՝ սպասելով, վարանելով, փոքր ու մեծ քայլեր անելով, որից էլ  ժողովուրդը սկսում է դժգոհել: Մերը պիտի լինի երրորդը՝ արմատական փոփոխությունների ճանապարհը: Թեպետ հասկանալի է, որ այդ   փոփոխությունների ընթացքում ժողովրդի վիճակն ավելի վատանալու է, սակայն պետք է  ժողովրդին բացատրել, որ  քանի հասարակական այս կառուցվածքը  չի ջարդվել, լավի  ոչ մի սպասելիք չպիտի ունենալ: Արմատական այդ փոփոխությունները  պիտի արվեն շատ կտրուկ, բայց  գիտակցելով, որ անցավ անցում չի լինում: Եթե հին իշխանությունները փորձում էին կատարելագործել իրենց իսկ ստեղծած կեղծ հասարակարգը, ապա նորերի իշխանությունը պիտի փորձի անխնա ջարդել այդ հասարակարգը, որի զոհերն են մեր հայրերը, որի զոհերն ենք մենք, և որի զոհերը կլինեին մեր որդիները: Պետք է գնալ այս երրորդ ճանապարհով, հակառակ դեպքում մենք վտանգում ենք այլասերել ամբողջ շարժումը, ժողովրդի աչքում վարկաբեկել իր իսկ ծոցից ելած և իր իսկ ուժերով իշխանության գլուխ կանգնեցված մարդկանց: Ինձ վախեցնում է մեզանից շատերի ինչ-որ սպասողական վիճակը, սա վարկաբեկման ռեալ ճանապարհ է:

— Մեր ունկը սովոր էր լսելու՝ այսինչ վարժարան, այնինչ կրթարան ու ճեմարան , սակայն անհատականություն ամլող այս հասարակագրում բազմապիսի անունները  փոխարկվեցին ոչինչ չասող թվերի: Համարակալվում էր ամեն ինչ, որից անմասն չմնաց նաև դպրոցը:Եվ, ահա, 183 դպրոց, այսօր արդեն «Մխիթար Սեբաստացի» կրթօջախ-համալիր: Ինչո՞ւ հատկապես «Սեբաստացի»:

— Այս համակարգը զորանոցի օրինակով է ստեղծված, մեր նիստն ու կացը շատ նման է համակենտրոնացման ճամբարի: Այնպես որ համարակալումը, բաժանումը, բաշխումը, հսկողությունը, մյուսն ու մյուսը զորանոցային մոտեցման ձևեր են: Հիմա՝ մեր դպրոցի մասին: Ես գիտեմ, որ մարդիկ ամենից առաջ արտաքին կողմին են նշանակություն տալիս, սակայն մենք գնացինք հակառակ ճանապարհով, հասկացանք, որ պիտի սկզբից բովանդակային փոփոխություններ անել: Էությամբ  ու բովանդակությամբ նոր դպրոցը հետո թեˊ իր ձևը կգտներ, թեˊ իր անունը և թեˊ մնացած ամեն ինչ: Ու եկավ մի օր, որ հասկացանք, թե թիվ 183-ն արդեն այն չէ, մերն արդեն դպրոց չէր, այլ, իրոք, կրթօջախ էր, համալիր էր՝ իր բովանդակությամբ ու կառուցվածքով: Այդ պահին մենք մտաբերեցինք Մխիթար Սեբաստացուն: Հայ իրականության մեջ իր արժանի տեղն ու գնահատականը չստացած լուսավոր անուններից մեկը: Դժվար է գերագնահատել հայ մշակութային ու ազգագրական   գործի նշանակությունը, որ  ունեցավ Սեբաստացու հիմնած Մխիթարյան միաբանությունը: Չափազանց մեծ է Մխիթարյանների դերը հայ դպրոցի կրթության գործում: Սակայն հիմա դպրոցներն անվանել որևիցէ մարդու անունով՝ անգամ Թումանյանի կամ Կոմիտասի, ես համարում եմ սխալ, որովհետև ինքը՝ Թումանյանը դպրոց է, ու դու այդ դպրոցը ստեղծում ես քո երեխեքին Թումանյանի աշխարհը տանելու, Կոմիտասի աշխարհը տանելու: Թող դպրոցում լինի Թումանյանի աշխարհը, թեկուզ և չկրի Թումանյանի անունը: Սա է ժողովրդի դպրոցի իմ նպատակն ու ընկալումը: Դպրոցը, իմ կարծիքով, պետք է ունենա իր բարերարը, իր բարեգործը, կապվի տեղանքի հետ: Օրինակ, «Գյուլբենկյան ֆոնդ»-ից ստացել ենք առաջարկ մեր համալիրի Աշտարակի մասնաճյուղը «Գյուլբենկյան վարժարան» անվանելու: Դպրոցը պիտի պահվի, չէ՞, բարերարի կողմից, ժողովրդի, համայնքի: Եթե «Գյուլբենկյան ֆոնդ»-ը ոչ թե ձևական անունը կուզենա, այլ համաձայն է, որպեսզի իր մասնակցությունը բերի  դպրոցի պահմանը, ապա ինչո՞ւ  մենք չպիտի անմահացնենք մեր բարերարի անունը: Վաղը, եթե կլինեն երեք-չորս  բարերարներ, որոնք ինչ-որ մի ծխական դպրոց կպահեն, դպրոցը կկոչվի նրանց անունով: Մեզ մոտ եկան Լոս Անջելեսի «Շամլյան վարժարան»-ից: Ո՞վ է Շամլյանը, ամերիկյան միլիոնատեր, որը իր շոշափելի նպաստն է բերում այդ դպրոցի պահմանը: Չլինի նա, չի լինի դպրոցը: Սխա՞լ է, ուրեմն, իր անունով կոչել դպրոցը:
— Դպրոցին, մանկական աշխարհին մոտ կանգնածներս, թեˊ գալով մեր մանկությունից, և թեˊ շփվելով այդ աշխարհի հետ, պարզորոշ նկատում ենք, որ հայ երեխան, ի տարբերություն այլազգի իր հասակակիցների, որոշակի թերարժեքության բարդույթ ունի:

Ճիշտ է:

— Սա ախտ է, որից պիտի ազատվել: Ի՞նչ ճանապարհով դա պիտի արվի, ի՞նչ ձևեր ու մեթոդներ եք տեսնում:

— Նախ, պիտի ուսուցիչներով, մեծերով ազատվենք այդ ախտից: Պետք է հանգիստ ասենք, որ շատ սովորական ժողովուրդ ենք, շատ սովորական հնարավորություններով: Պիտի հասկանանք, որ տարիներ շարունակ մեր մեջ ներարկել են հազար ու մի նախապաշարումներ, որոնք խանգարում են մեզ՝ ապրել բնականոն: Պատմական այս գործընթացը մեզ տանելու է քաղաքակիրթ աշխարհ, ու պատրաստ պիտի լինենք համաշխարհային արժեքներով տնօրինվելու, քաղաքակիրթ աշխարհի սանդղակով ապրելու-մտածելու: Դրա համար սերունդ է պետք պատրաստել: Ու  այսօր, երբ ասում ենք հայոց նոր  դպրոց, ես այդ դպրոցի նպատակների առանցքը հենց սա եմ հասկանում: Երեխային պետք  է տալ ներքին ազատություն, և դա ոչ թե տալ է, այլ վերադարձնել:
Եվ պիտի հասկանանք, որ վերադարձնում ենք ոˊչ որպես արտոնություն կամ պարգևատրում, այլ իրենից գողացվածը: Վերադարձնենք պիտի երեխայից գողացված մանկությունը: Սա է երեխային հիվանդագին նախապաշարումներից բուժելու միակ ճանապարհը: Երեխան պիտի ունենա այնքան ներքին ազատություն, որ այս առումով, կներեք, լինի «անաստված»: Անազատ մարդը ոչնչի չի կարող հասնել: Այ, ես ամբողջ կյանքում ձգտել եմ ազատության, որ լինեմ հենց Աշոտ Բլեյան: Ամեն մեկս ձգտում է ազատության, բայց հենց բանը հասնում է երեխային, սկսում ենք երկմտել, տա՞լ նրան այդ ազատությունը, թե ոչ: Պիտի տանք այդ ազատությունը, որպեսզի նա կարողանա լինել այն, ինչի համար իրեն ստեղծել է Աստված:

— Հիմա գանք մանկապարտեզին: Մեր հասարակական գիտակցության մեջ մանկապարտեզն ունի պահասենյակի դեր, ուր կարելի է թողնել երեխային ու գնալ առօրյա հոգսերի հետևից: «Սեբաստացի» համալիրն ունի իր մանկապարտեզը: Նպատակահարմար չէ՞ արդյոք մանկապարտեզին կից ստեղծել սեփական ծննդատունը, ուր կծնվեն, որտեղից մանակապարտեզ ու, հետո էլ, դպրոց կգան գաղափարական ոչ մի ոլորտ չանցած անաղարտ հոգիներ:

— Չէ, բայց իսկապես… բոլշևիկները կպել էին նաև մորը: Մայրը, որը առաջին ուսուցիչն է, ինքն է ապակողմնորոշված: Թունավորված լինելով այն նույն գաղափարախոսությամբ, այն նույն ախտով, որի մասին արդեն խոսեցինք, նա անգիտակցաբար թունավորում է նաև իր երեխային՝ ծնված օրվանից: Սակայն ամենամեծ բարբարոսությունը կատարվեց մանկապարտեզի հետ: Կարելի է վերցնել ու նայել այն թեմատիկ տոների ծրագրերը, երգված երգերը, արտասանված ոտանավորները, և կտեսնենք, թե ինչ հրեշավոր բարբարոսություն է կատարվել մանկապարտեզի հետ:

— Իսկ այսօրվա մանկապարտեզն ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպիսի՞ն պիտի այն լինի:

— Կա մի սկզբունք, մի նշանաբան, որը կարելի է ամենուր կպցնել. «Միˊ վնասիր»: Իˊնչ կտաս երեխային, ինչ չեˊս տա, դա ուրիշ հարց է, բայց չպիտի նրան վնասես: Մի վնասիր Աստծո ստեղծած էակին: Մանկապարտեզն ու դաստիրակին ազատել այն ամենից, ինչ խորթ է մանկան բնույթին: Այստեղ ես պիտի կրկնեմ, որ պետք չէ երեխայից գողանալ մանկությունը: Ինչքան, որ մենք իրավունք ունենք բնականոն ապրել մեր այս տարիքը, էˊլ ավել այդ իրավունքն ունի մանուկը: Պարզվում է, որ դրան հասնելը այնքան էլ դժվար բան չէ, որովհետև երեխային մինչև օրս տրվածը շատ ավելին է եղել, քան անհրաժեշտ էր, պետք չէ երեխային ասել, սովորեցնել բաներ, որոնք նա չի հասկանում: Օրինակ ինչո՞ւ երեխան պիտի ասի կուսակցություն, շատ ներողություն, հայրենիք, կամ ասենք, Մեսրոպ Մաշտոց: Անկաշկանդ, ազատ ընտանեկան մթնոլորտը, պիտի կարողանալ տեղափոխել մանկապարտեզ: Սա է ամենակարևորը, մնացածը սրանից ածանցվող բաներ են:

-Կարո՞ղ եք կոնկրետ օրինակներով ասել, թե դրան հասնելու համար ի՞նչ է արվում Համալիրի մանկապարտեզում:

— Ասեմ, դա նախ` ամբողջ մանկական գրականությունն է: Այն հանճարեղ գրականությունը, որն իր մեջ ներառում է հայ հին վիպաշխարհն ու հայ հին բանահյուսությունը՝ Թումանյանն ու Աղայանը և մյուսները: Մյուսը մանկական երգն է, պարն ու երաժշտական խաղերը: Եվ երրորդը մթնոլորտն է, որ ստեղծում ես մանկապարտեզում: Լիլիթը՝ աղջիկս, ամսից ավելի բացակայել էր տնից ու ես երեկ նստացրել էի դիմացս՝ բազմոցին, ու պարզապես ըմբոշխնում էի նրա հայացքը: Նա պատմում էր, իսկ ես ժպտում էի: Ես պարզապես նրան կարոտել էի: Համոզված եմ, որ սա այն է, ինչ պետք է  մանկապարտեզին: Պատկերացրեք, ժպտացող դաստիրակներ, ձայն գորովալից՝ մայրական: Նա չի դաստիարակում, նա, պարզապես, ցավ է զգում երեխայի համար, ժպտում է, երբ երեխան իրեն բնորոշ մի շարժում է անում: Եթե մենք սա լրացնենք մանուկների պարտեզով, պարտեզ՝ իսկական իմաստով, իմ խորին համոզմամբ, երեխան իր ժամանակի ութսուն տոկոսը պիտի անցկացնի այդ պարտեզում: Պատկերացրեք գազանիկներ, հեծանիվներ, օղակներ, ավազ, երեխաներ, որոնք խաղում են այդ ավազի հետ, ինչ-որ բաներ պատրաստում, հետո լողանում են առվակում, հետո՝ այնտեղ մի օրորոց կա, որ կարող է պառկել և մի ժամ քնել, հետո՝ մեծը գա, զգույշ նրան ծածկի, որ հանկարծ չմրսի: Եվ կան զգույշ-աննկատ մեծեր, որոնք հետևում են այդ ամեն ինչին՝ հասկանալով, որ պիտի ապահովեն երեխայի անվտանգությունը:

— Երեխաների համար իրենց գազանիկների չափ սիրելի Հրաչյան՝ մանկապարտեզի տնօրենը, անցած տարի եղավ Հունգարիայում` այցելելու տեղի մանկապարտեզները…

— Հա, Շահնազարյան Արթուրի հետ եղան Հունգարիայում ու Ռումինիայում:

— Ի՞նչ են պատմում, ի՞նչ տեսան, ի՞նչ բերեցին:

— Նրանց տեսածը հաստատումն  էր մեր արածի: Ես համոզված եմ, որ քանի մանկապարտեզ էլ գնային, նույն ձգտմանը, նույն սկզբունքներին էին հանդիպելու, որովհետև մանուկը մեկն է: Հայ մանուկ լինի, հունգարացի, թե ռումինացի, Աստծո ստեղծած նույն էակն է, նույն մոտեցումն է պահանջում: Ուրիˊշ հարց, որ հունգարացին տալիս է իˊր խաղերգերը, մենք` մերը: Այդ խաղերգերն էլ այն գոյապահպանիչ սնունդն է, մայրական այն կաթը, որով երեխան իր ինքնությունն է ձեռք բերում: Սա է օգնելու երեխային ծաղկի, շնիկի, փիսիկի հետ խոսելու Թումանյանի լեզվով՝ առանց Թումանյանի անունն իմանալու:

— Մանկապարտեզից գանք դպրոց: Կրթօջախը բաժանված է շերտերի՝ նախակրթարան, միջին և ավագ դպրոցներ: Մի քիչ պատմեք այդ շերտերի մասին:

— Ես այսօր տարբերում եմ երկու շերտ: Առաջինն անվանում եմ հիմնական՝ լուսավորչական դպրոց, որտեղ ձևավորվում է երեխայի հասարակական ոգին, ժողովուրդը վերարտադրում է ինքն իրեն: Դա պարտադիր դպրոց է և ենթակա չէ շատ փոփոխությունների: Հիմա են փոփոխությունները շատ, որովհետև դպրոցը նոր է ձևավորվում: Իսկ երբ կայունանա, փոփոխությունները շատ զգույշ կլինեն: Մյուս շերտն արդեն ավագ դպրոցն է, որը մասնագիտական կրթության նախապատրաստող դպրոց է: Այստեղ երեխան հանրակրթական դպրոցն ավարտելու հետ մեկտեղ ձեռք է բերում որևէ մասնագիտություն, որով նա պիտի օգտակար լինի իրեն, իր ընտանիքին, հասարակությանը: Ավագ դպրոցը, ի տարբերություն իր նախորդի, պիտի ճկուն լինի, որ կարողանա հարմարվել փոփոխվող իրականության, հասարակության պահանջների հետ: Ավագ դպրոցի մի մասը բուհերին նախապատրաստող դաասարաններն են, որը մենք գիմնազիա ենք անվանում: Վերջինս ունի բնագիտական և հումանիտար հոսքեր, ուր պատրաստում ենք ապագա մտավորականին: Այստեղ երեխաների 20 տոկոսն է, իսկ մեծ մասին ներգրավել ենք ավանդական արհեստների հոսքում, որտեղից նրանք որպես արհեստավորներ դուրս կգան: Իսկ լոսավորչական դպրոցում կարելի է առանձնացնել էլի մի շերտ, այսինքն, մանկապարտեզն ու նախակրթարանը: Այստեղ 9 – 10 տարեկան երեխաներ են, որոնց համար գլխավորը խաղն է, և որտեղ մենք ուզում ենք, որ երեխան իրեն ազատ ու անկաշկանդ զգա և ոչ մի տարբերություն չենք դնում գործունեության տեսակների մեջ՝ լինի թատրոն, շախմատ, երգ, պար: Այս բոլորը մեզ համար միջոց են՝ երեխային բացելու:

— Նորընտիր իշխանությունն ու կառավարությունը հարևան երկրների հետ տնտեսական և այլ շփումների եզրեր է փնտրում, բայց ավելի վաղ, կրթօջախում այլ օտար լեզուների հետ դասավանդվում է նաև պարսկերեն  ու թուրքերեն: Կա՞ որևէ կապ այս երկու երևույթների միջև:

— Կապը միայն տրամաբանական է: Մենք մեր հարևան ժողովուրդների հետ պիտի կարողանանք ապրել նորմալ, դրացիական հարաբերություններով: Եվ այս գործում մեզ շատ կօգնի նրանց լեզուների իմացությունը:

— Իսկ վրացերենի անհրաժեշտությունը չկա՞ դեռևս:

-Ոˊչ մի տարբերություն: Չմոռանանք, որ այդ լեզուները դասավանդվում են գիմնազիայում և ընտրովի առարկաներ են: Վաղը կուզենան անցնել վրացերեն՝ կանցնեն վրացերեն:

Ի՞նչ դեր է վերապահված կրթօջախի հոգեբանական ու սոցիոլոգիական ծառայությունների կենտրոնին: Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք:

— Նպատակը մեկն է՝ երեխային լավ ճանաչել: Փաստն այն է, որ շատ ցածր է մեր՝ մանկավարժներիս հոգեբանական կուլտուրան: Կենտրոնն օգնում է երեխաների հետ շփման նոր մոտեցումներ մշակել: Բայց սա առանձին խոսակցության նյութ է և եկեք թողնենք մեկ ուրիշ անգամվա՝ այսօր բավարարվելով այսքանով:

Հարցազրույցը վարեց
Գևորգ Վանյանը

Աղբյուրը՝ «Ծիր Կաթին»

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սահմանը կամուրջ դիտեք

«Թեթև զրույց» Աշոտ Բլեյանի հետ  – Պարո՛ն Բլեյան, մենք երկբևեռ իրականությունում ենք ապրում, մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում՝ նրա ոխերիմ հակառակորդները. սևերը, սպիտակները, հերոսները, դավաճանները, բայց էս ամեն ինչից անդին

Ամառը սովորելու համար ամենալավ շրջանն է

Մայիսի 24։ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդում։ Աղբյուրը

Տասը տարի անց

Էդուարդ Եգորյանի պայծառ հիշատակին «Նամակներ կալանատնից», 2000թ 1989թ. նոյեմբերին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժում քաղաքական կազմակերպության հիմնադիր համագումարը: Համագումարն ընդունեց ՀՀՇ գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը: Կան լուրջ հանգամանքներ, որոնք ստիպում