Պատերազմն ինքնին մի վայրենի և բարբարոս երևույթ է։ Բայց եթե դա համարենք վիճելի, սակայն մեր՝ հայերիս և թաթարներիս, վերաբերմամբ կան անվիճելի ապացույցներ և՛ մեր վայրենության, և՛ մեր բարբարոսության մասին, երբ որ խաղաղ ժողովուրդները ծառանում են իրար դեմ և կողոպտում ու մորթոտում միմյանց ամենաանխնա կերպով։ Դա հայ-թաթարական ընդհարումն է։ Եվ այդ երևույթն ավելի սարսափելի է դառնում, երբ տեսնում ես, թե որպիսի անտարբերությամբ է նայում այդ ամենին երկու ժողովուրդների ինտելիգենցիան, որը շատ դեպքերում ինքն է առաջ բերում ընդհարում և ինքն էլ մասնակցում նրան։

Կար ժամանակ, երբ ես կարծում էի, թե մենակ թաթարներն են ընդունակ այդպիսի գազանության։ Բայց, ավա՜ղ, ժամանակներն ու անցքերը ապացուցեցին, որ մենք այդ բանում իրարից ետ չենք մնում և, բացի այդ, նույնիսկ աշխատում ենք միմյանց գերազանցել։

Եվ ահա, նույնիսկ, այս պահին, երբ ամեն կողմից մեր երկրի վրա են գալիս զինված ուժերը, արևելքից՝ Անգլիան, արևմուտքից՝ Գերմանիան, հյուսիսից՝ բոլշևիկները, հարավից՝ թուրքերը և նրանց առաջապահ շահսևանները, քյուրդերը, չետնիկները և ագռավների ամեն տեսակ երամները, մեր «ազատ» և «հանրապետական» խաղաղ ժո­ղովուրդները՝ հայերը և թաթարները, վեր են կացել, որպեսզի կողոպտեն և ոչնչացնեն միմյանց։

Այն Ժամանակ, երբ մի կողմից մութ ուժերը տենդա­յին եռանդով աշխատում են ավելի ու ավելի պառակտում մտցնել այդ ժողովուրդների մեջ, մյուս կողմից տեսնում ես, թե որքան քիչ են մարդիկ, որ վրդովվեին այդ հրե­շային, կործանարար և խայտառակ երևույթից և պայքա­րեին նրա դեմ։

Մի րոպե մտածում ես, իսկ ու՞ր են այն անթիվ մարդիկ, որոնք դեռ երեկ խոսում էին հանուն ժողովրդի։

Ուզում ես ճչալ՝ ու՞ր եք դուք, ժողովրդի բարեկամներ, սոցիալիստներ և ոչ սոցիալիստներ ամեն տեսակի և կու­սակցության, մի՞թե չեք տեսնում այս հրդեհը, որ լափում է ժողովրդին, մի՞թե չգիտեք, որ ժողովրդին ամենից առաջ պետք է իր կյանքը, չգիտե՞ք, որ նրան կրակից փրկելը առավել բարձր և ազնիվ գործ է, քան հեղափոխությունն ու հանրապետությունը։

Եկեք ուրեմն միասին հանգցնենք հետզհետե ծավալ­վող հրդեհը։

Հրձիգներին համարենք Կովկասի բոլոր ժողովուրդների և ամենից առաջ ազատության թշնամիներ և սերտ միա­բան կռվի ելնենք նրանց դեմ։

Կատարենք մարդասիրության և ինքնապաշտպանու­թյան սրբազան գործը։

Երևակայեցեք, որ մեր մերձավորները, մեր կանայք և երեխաները վառվում են կրակի մեջ, և չդանդաղենք։ Հի­շենք, որ եթե չշտապենք, այն ժամանակ և՛ մեր մերձա­վորները, և՛ մենք կզոհվենք այդ հրեշավոր հրդեհին և այն ժամանակ կանիծենք և՛ հեղափոխությունը, և՛ ազատությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

 «Ես» շաբաթաթերթ,  1994թ. Նախ մի ընդհանուր գլխագիր. «Մխիթար Սեբաստացի» կրթօջախը մեծ համալիր է , որն ունի Մանկապարտեզի ու նախակրթարանի՝ երեխայի ազատ խաղ, խաղալիքների իրական թագավորություն՝  ոչ մի դոգմա, երեխայի հասունությունից

Դպրոցի հրամայականը

«Առավոտ» 07.10.2006  Մեզանում որպես ծամոն գործածվող պնդումը, թե մեր նավթը մարդն է, պիտի հասկանանք երևի, մայրս կասեր՝ «տվածուրիկ» (աստվածատուր) տաղանդը (խելքն ու շնորհքը) ժամանակակից աշխարհում ոսկու (բարեկեցության) վերածելու այլընտրանքի գոյություն:

Գնահատման բաց համակարգ. հավելված #2

Հունիսի 15-ի օրագրի հավելվածը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական համակազմն արդեն երեսուն տարի մշակում, իրականացնում է հանրակրթության իր հեղինակած ծրագիրը՝ ամբողջական ներառական իր սկզբնավորման պահից:  Այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև