Դավիթ Բլեյանն առավոտյան իր հայրիկապահանջով արթնանում-անկողնուց իջնում է իմ գրկում միայն.
— Գնա՛, չեմ ուզում,- ասում է մայրիկ Արմինեին,- թող հայրիկը գա։
Ի՜նչ գերազանցություն է փոխանցվում տղամարդուն՝ առավոտ լույսի ճոճանակ-լոգանք-ցնցուղով-շոկոլադով ծիսականացված… Այս ամենի մեջ միայն շորերի ընտրությունն է, որի նյարդերը չունեմ, կասեր Ստեփան եղբայրս… Սրան գումարեք Արմինե-մայրիկ վարորդի հետ ամենօրյա դարձած երթևեկի անվտանգություն-անհանգստությունը, որ ինձ ընտրության տեղ չի թողնում… Ավա՜ղ, այս օրերին ես մեկումեջ բաց եմ թողնում հեծանվով Բանգլադեշ գալու առավոտվա վայելքը… Հա, սիրելիներս, ոչ մի անհարմարություն, հեծանվով ճանապարհը՝  աշխատանքի մեջ, տունդարձին, վայելք է…

Մեր նոր իրավագետ-հասարակագետ Վանիկ Գաբրիելյանի հետ քննարկեցինք փոխադրումների տարածք հեծանվով երթևեկող սեբաստացու՝ տարատարիք սովորողի և ուսուցչի՝ օր առաջ հասարակական լիարժեք-անվտանգ ներառման իրավական պատրաստությունն ուսուցանելու կազմակերպումը… Ուշացնելու բան չէ. գրագիտությունը մեզ համար նեղ-հատվածական չէ, այլ լայն-ամբողջական՝ մարդու ողջ գործունեությունը, կյանքը սպասարկող… Հանրակրթական հեղինակային խնդիր է՝ սովորենք երթևեկել ոտքով-վազքով-հեծանվով, չմուշկով թե մեքենայով, լողալով՝ անվտանգ, օրինավոր, հարմար, հուսալի… Այսպիսի ներառական ուսումնական տարին եմ ես ասում՝ շնորհավոր…

Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների օրվա բերքահավաքը կրտսեր ընկերների համար:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Շուշան Բլեյանն ինձ այսպես ոգևորեց, թև տվեց Գյումրիից հետո, երբ տևական ժամանակ իրար չէինք տեսել.
— Պա՛պ, ի՜նչ նկատելի նիհարել ես… Լավ է:
Իհարկե լավ է, Շուշան ջան, 2015-2016 ուստարվա իմ մարզական-մարմնակրթական առաջին ցուցանիշը ՝ 10 կգ-ի չափով նիհարելն է…

Ֆեյսբուքյան հարցազրույցը՝ օրով, ժամով, բովանդակությամբ, ձևաչափով… «Ազատության» ռադիոյինն է… համընկել է իմ ծննդյան հոբելյանական օրվա հետ… Այս օրերին նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված շատացել են հարցերը. ասել եմ՝ անպատասխան չեմ թողնի  ոչ մի արձագանք, առաջարկ, ես մոբիլ եմ, ինչպես երբեք, և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում, իսկ կրթահամալիրն իր դպրոցներից, քոլեջից, ուսումնական կենտրոններից յուրաքանչյուրն է, յուրաքանչյուր սովորող, սան թե աշխատող, շրջանավարտ, ծնող թե այլ պատվիրատու-բարեկամ… Ոտքով չեմ հասցնի, գիտեք՝ հեծանիվը շռայլություն կամ թիթիզություն չէ՝ մոբիլ տնօրենին անհրաժեշտ փոխադրամիջոց…

Իսկ իմ օրագիրը, որի ոչ միայն իմ խոստացած անընդհատությունն է պահվել, սրանով 439-րդ անգամ, այլև ծավալն է աճել… Սուսան Հովհաննիսյան քույրիկն իմ, իմ ընդունակ-քեռուն ներառող գործընկերը, առանց ում իմ բլոգ-օրագիրը պատիժ կդառնար շատերիս համար, հիմա հաշվեց՝ 1-ին համակարգչային գիրն ունեցել է 26 տող, երբ օրվա գիրն այս ունի 87-ը… Այո՛, հաշվետվություն է իմ բլոգ-օրագիրը՝ իմ գործունեության-իմ կյանքի՝ ողջ կյանքի հանրայնացում… Քանի՜ մանկավարժական հոդված սրանից դուրս կգա… Քանի՞ խոստում-առաջարկ է հնչել իմ օրագրում, որ անկատար է մնացել… Չի՛ կարող այդպիսին լինել… Դե, որոնում տվեք, Սուսան Մարկոսյան-Նվարդ Սարգսյան, թող հենց հիմա իմ բլոգը դուրս բերի փչան Բլեյանին… Թե՞ սա դառնա իմ նախագիծը հոբելյանական, ու ես դիմեմ օրագրի յուրաքանչյուր ընթերցողին… Ո՛վ իմ գրերում գտավ գոնե մեկ անկատար-մոռացված-դրժած խոստում-գաղափար, հոգսերիս կեսը կտամ իրեն, կդառնա իմ գործընկերը, ու միասին կսկսենք, կշարունակենք կյանքի կոչել թե կյանք դարձնել գաղափարները… Այո՛, իմ ամեն մի օրագիր զրույց է, կապ է իմ աշխատանքի, իմ կյանքի մարդկանց հետ, մի-մի ասուլիս է…

Այսպես օրերս ծնվեցին և իմ «Կալանավորի օրագիր» պատումները՝ «Օրագիր օրագրի մեջ» խորագիրը…

Հիմա ես ապրում եմ 14-րդ-15-րդ նախակրթարանային նորացված խմբասենյակների (Գեղարվեստում ու Նոր դպրոցում) վերաբացման ու Քոլեջում 16-րդ նոր խմբասենյակի բացման հոգսերով… Ո՞նց կարճ լինեմ. հրապարակում եմ 2015-2016 ուստարվա սեպտեմբերյան նորամուտների ոչ լրիվ ցանկը

Ապագա Արոնյաններ են մարզվում կրթահամալիրի Մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:

Ահա և հերթական գիրը վաստակի ու կոչումի մասին… Պարգևատրումների շարքից… Գրասենյակը թող հաշվի՝ 2014-2015 ուստարում քանի սովորող-ուսուցիչ իր ծննդյան օրվա նախաձեռնության իրագործման, ստուգատես-ճամբար-հավաքի օլիմպիադայում հաջողության, այլ ձեռքբերման համար, ուսումնական ամառ 2015-ն էլ հետը, մրցանակի է արժանացել՝ դրամական պարգև, ուղեգիր, ճամփորդություն… Սրանցից յուրաքանչյուրով ես վարձատրված եմ… Քանի՜ մահճակալ-օր զբաղված են եղել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանները Հայաստանի քաղաքների ու գյուղերի, Վրաստանի, Արցախի, այլ երկրների սովորող-ուսուցիչների այցելություններով… Քանի՜ սովորող-ուսուցիչ-ծնող-կրթահամալիրի բարեկամ է մասնակցել 2014-2015-ին ուսումնահայրենագիտական մեկօրյա-բազմօրյա ճամփորդություններին… Իմ ծննդյան հոբելյանական օրվա առիթով գործողություններն էլ որպես «30 տարի Բանգլադեշում միասին՝ ստեղծական ու մոբիլ» նախագծի մեկնարկ, մարդկանց պարգևատրումներ են՝ կյանքի հաճույքի նոր հնարավորություններ, պահեր…

Լավ եմ անում, ես ինձ պարգևատրում եմ… Ուզում եմ, որ դուք ավելի շնորհքով անեք… Տեսնենք, տեսնենք…

Ամենամեծ պարգևատրումը, իհարկե, ծնունդն է: Իմ Շամխալ հորն ու Արտաշամ մորը որքա՜ն եմ պարտական ծնունդիս համար. նրանց խիզախությունից հիացմունք ու սարսուռ է կաթում… Բա Արմինե կնոջս շնո՜րհը՝ Դավիթ Բլեյան երկնելով…

Միշտ տեղին է հղումը Կարինե Ջանոյանին՝ Լիլիթ, Տաթև, Շուշան շարելու համար… Պատկեր… Գլուխս հաճույքից պտտվեց… Ծնե՛ք, որ ծնվենք, որ Աստծու կերպարով մեր կյանքը նորոգվի, անսահման դառնա… Թե չէ, հեսա-հեսա դառնում ենք 60 տարեկան…

Դպրոց-պարտեզի սովորողները տնօրենի հոբելյանական կերպարներ են կերտում:
Լուսանկարները՝ Մարգարիտ Թամազյանի:

Կներեք, բայց բոլոր սեբաստացիներից ինձ հիմա առավել հետաքրքիր են 5 տարեկանները… Ինչպես երեկ Ավետը Դպրոց-պարտեզից, որ ինձ առաջարկեց միասին նկարվել, Օլգան՝ Գեղարվեստի, ում ծաղկաբույծի աշխատանքից աչքս չէր կտրվում երկա՜ր… Գուցե նրանից է, որ Դավիթն էլ մեծացել, մոտեցել է այդ շեմին…
— Այս դեկտեմբերի 12-ին եմ ես դառնո՞ւմ չորս տարեկան, որ մտնեմ հինգի մեջ, հայրիկ…
Այս ե՞րբ մեծացար, իմ տղա, իմ թոռ, իմ ախպեր  ու ընկեր Դավիթ Բլեյան…
— Մենք բոլորս ապրում ենք Երկիր մոլորակում, հայրի՛կ: Բա ուրիշ մոլորակների վրա ովքե՞ր են ապրում…
Դավիթն ուզեց ձմերուկ, խաղող, կոնֆետ տանել ընկերներին.
— Միասին ուտենք…
Իհարկե: Մենք իջանք Բ-4-ի «Ֆուդ» խանութի մոտ. ուսուցիչ-վարորդ մայրիկը թող չուշանա, 08.45 պիտի լինի Դպրոց-պարտեզում… Ես ու Դավիթը հանդիսավոր մտանք խանութ, կատարեցինք գնումներն ու շարժվեցինք պարտեզ: Շտապելս ո՞րն է, երբ երեխայի հետ ես. ինչո՞ւ շտապես, երբ դիմացդ մի ո՜ղջ հավերժական կյանք կա:

Մի՛ շտապեք, լսո՞ւմ եք: Օրվա՝ այս օրվա հոգսն է մերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Եթե ուզում ես ուժեղ լինել…

Իվետա Ջանազյանին և Գոհար Եղոյանին շնորհակալ եմ իմ օրվա գրին արձագանքելու և իրենց կոնկրետ ուսումնասիրությամբ տխուր իրողությունն արձանագրելու համար՝ Սևանա լճի ափին հուլիսին հանգստացողները գիրք չեն կարդում… Հուսանք, որ թղթի

Սեբաստացի դառնում-լինում-մնում են ընտանիքով

1992-ի նոյեմբերի 9-ին Ղազախով մտա Իջևան: Նոյեմբերի 4-9-ը իմ Բաքվում գտնվելու պատմությունն այն ժամանակ ես վավերագրել եմ: Համեցեք իմ բլոգի ընթերցարան՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր»

Մեր կյանքը՝ փաթեթավորման մշակույթի հաղթահարում…

— Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․ — Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։ Ես ծիծաղում եմ. — Իսկ դու սո՜ւս, ձայն