Հոդվածը ամբողջությամբ՝ 1in.am-ում։

Ուսումնական տարվա մեկնարկի նախօրեին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի՝ ներառական կրթության մասին դատողությունները, մեղմ ասած, հուսադրող չեն, ավելին՝ հակասում են օրենքին։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խնդրի առնչությամբ նշեց.

«Պետք է արձանագրել, որ այդ բոլոր կարծիքներն օրենքից դուրս են, որովհետև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել են էական փոփոխություններ, և ներառական կրթությունը որպես հասկացություն սահմանված է որպես յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին հանրակրթական պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում:

Սա արդեն նշանակում է, որ ձեր ասած սովորական, արտակարգ ընդունակություն ունեցող, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սահմանումներն արդեն անցյալ են: Օրենքը ճանաչում է մի երեխայի, օրենքը բացառում է խտրականության դրսևորում որևէ ձևով՝ անկախ ձեր պատկերացումներից: Օրենքը պարտավորեցնում է ինձ որպես կրթահամալիրի տնօրեն, կրթության գործի կազմակերպիչ, քաղաքապետարանին որպես պատասխանատու անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի, որովհետև մենք բոլորս տարբեր ենք: Միջավայրը պետք է հարմարեցված լինի յուրաքանչյուրին՝ սայլակովի ու առանց սայլակովի, դանդաղում ունեցողի և ոչ դանդաղում ունեցողի, տեսողություն կամ լսողության խնդիր ունեցողի և նման խնդիրներ չունեցողի: Այսինքն՝ քաղաքապետարանի և իշխանության ցանկացած մակարդակի մարմինները պետք է ուղղված լինեն հարմարեցված միջավայրի, այսինքն՝ ներառական հասարակության ապահովմանը: Իմ խորին համոզմամբ, իսկ ես կրթության մեջ եմ 30 տարի, օրինական հարցադրում է արված և արժե, որ մենք կենտրոնանանք մեր անելիքների վրա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ փոխքաղաքապետը, նաև վարչակազմի ղեկավարները, անկեղծ են իրենց տեսակետների մեջ, որովհետև նրանք, ըստ էության, մտածում են, որ օրենքը օրենք, բայց դե կյանքում հո օրենքը չի՞ կառավարում:

«Օրինակ՝ վերցնենք այն կրթահամալիրը, որի շատ դպրոցներ գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 թաղամասում: Օրինակ՝ եթե դուք ցանկանաք այնտեղ սայլակով հյուսիսից անցնել հարավ կամ արևելքից անցնել արևմուտք, դուք չեք կարող դա անել, որովհետև այդ ամենը նախատեսված է միայն մեքենայով մարդու և պինդ ոտքեր ունեցողների համար: Մնացած բոլորն աստիճաններ են շատ անշնորհք, թեքություններ են, բարձրություններ են, ցանկապատեր են և այլն: Փոխանակ քաղաքապետարանը զբաղվի այս ներառական հարմարեցված միջավայրի ստեղծմանը ամբողջ ամառ, մենք սեպտեմբերի 1-ը դիմավորում ենք նոր ցանկապատերի շինարարությամբ: Այսինքն՝ մարդկանց միջև էլի բաժանող գծեր են ավելանում: Այն, որ մեր «Բանգլադեշն անիվների վրա» հանրակրթական նախաձեռնությունը մնաց այդպես էլ անարձագանք գոնե քաղաքային իշխանության մակարդակով, հենց դրա մասին է խոսում:

Իրականում ներառական կրթությունը հանրակրթությանը որպես հոմանիշ պետք է դիտվեր, որովհետև չի կարող լինել երկու տարբեր կրթություն, ինչպես չի կարող լինել երկու տարբեր հասարակություն: Հայաստանյան հասարակությունը, եթե մարդու իրավունքներն իսկապես գործում են, անպայման ներառող հասարակություն պետք է լինի: Այնպիսի հասարակություն, որտեղ Սամվել Ալեքսանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Բլեյանը և այլն, օրվա մեջ իրար հանդիպում են, քննարկում են, խնդիրներ են լուծում, այսինքն՝ հավասար քաղաքացիներ են: Նրանք բոլորը հանրային տարածքից են օգտվում՝ անկախ իրենց ունեցած սեփականությունից, դիրքից ու պաշտոնից: Սա է ներառողը:

Այսինքն՝ չի կարող հասարակությունը լինել ներառական, որպես մեկ քաղաքացիական հասարակություն, իսկ ահա կրթությունը բաժանված լինել երեք սորտի՝ մեկն առանձնահատուկ պայմանների կարիքով մարդկանց համար (ես ինձնից ավելի առանձնահատուկ պայմանների կարիքով մարդու չգիտեմ Հայաստանում), մեկն իբր արտակարգ ընդունակությունների, որտեղ սովորում են իրենց երեխաները, որովհետև որևէ տեղ սահմանված չէ, թե ինչ է արտակարգ ընդունակությամբ երեխան: Հետևաբար մենք պետք է ապահովեինք հավասար հնարավորություններ, ինչպես գրված է հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների մեջ: Այդ սկզբունքների հոդված 4-ը սահմանում է. Հայաստանի Հանրապետությունը, պարզվում է, համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի՝ առանց բացառության, կրթության իրավունքի ապահովման երաշխիք. այսինքն՝ ներառական հասարակություն իր ներառական դպրոցով: Ներառական կրթության կամ հանրակրթության, կամ ընդհանուր կրթության քաղաքականությունը, որով ես ապրել եմ իմ ամբողջ կյանքում, նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը:

Մեր կրթահամալիրում իրար հետ շատ լավ, որպես մեկ հասարակություն շատ պարզ, ստեղծագործ, մոբիլ, 25 տարուց ավելի ապրում են և՛ որևէ գործունեության մեջ աչքի ընկնող, ակնառու արդյունքներ ցուցաբերած, ընդունակություններ դրսևորած երեխաներ, և՛ ինչ-որ կարիք ունեցող երեխաներ, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ: Բոլորս պիտի մտածենք այնպիսի հասարակություն ստեղծենք, որը կլինի բոլորինը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աշոտ Բլեյանը ազատության, Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության, ուսուցչի ապտակի և այլնի մասին

#Հակավիրուս -ի հյուրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն է։

Օտար լեզվի դասավանդման արդյունավետության մասին կարելի է եվ, իհարկե, պետք է խոսել, բայց ոչ միայն եվ ոչ այնքան ռուսերենի

Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության վերջին նիստը և հատկապես ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի որոշ հայտարարություններ դարձել են հանրային լայն քննարկման առարկա: Ազգային ժողովում նույնիսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեց նշված անձնավորությանը