Ես՝ գիտեք, ծնվել և մշտաբնակվում եմ Երևանում: Թբիլիսին, գիտեք, շատ եմ հավանում: Եթե կառուցել ենք այս քաղաքը միասին, վրացիների հետ (փաստ է` մասնակցել ենք Թբիլիսիի կառուցմանը), երկար ապրել ենք միասին, ունեցել մեր տնտեսական-մշակութային ներկայությունը, ինչու հիմա էլ չապրենք միասին, երբ ազատ ենք, ու միասին ապրելը կարող է կայանալ որպես մեր անհատական, հասարակական, պետական ազատ ընտրություն: «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագիծը վերջին 4-5 տարում հնարավորություն տվեց հարյուրավոր սեբաստացիների՝ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողների, ուսուցիչների, առանձին ծնողների, շատերին՝ առաջին անգամ, ոմանց` գոնե մեկ անգամ, մյուսներին պարբերաբար, որպես ուսումնական ծրագրի մասնակից, լինելու Թբիլիսիում, թափառելու, ճանաչելու, կապվելու, սիրելու, դարձնելու հարազատ այս իրոք հետաքրքիր, գրավիչ, պատմական քաղաքը: Մենք ուսումնական նախագծերի ձևով փոխանակման ծրագրեր ենք իրականացնում մեր վրաց գործընկերների հետ, փորձում միասին լուծել խնդիրներ՝ արձանագրելով դրանք որպես մեր համատեղ կյանք: Կարմուրջները, գիտեք, երկկողմանի անցուդարձ են ապահովում. տասնյակ ու տասնյակ մեր վրացի գործընկերներ, ոչ միայն վրացահայեր, մեծամասամբ հենց վրացիներ, ճանաչեցին ու սիրեցին Երևանը: Այ, այս հունիսին Թբիլիսիի թիվ 24 դպրոցի խումբը պատշաճ մասնակցեց մեր ամռային ստուգատեսներին, իսկ հուլիսի 6-13-ը Թբիլիսիի պատանի էկոլոգները մեծ խմբով, որպես էկոտուր 2014-ի հաղթողներ, կմասնակցեն մեր կազմակերպած «Զիկատար» էկոճամբարին` Տավուշի մարզում, Կողբ գյուղի մոտ: Ես ինձ լավ եմ զգում այն փաստից, որ կրթահամալիրում վրացերենը 3-4 տասնյակ պատանիների համար նախընտրելի օտսր լեզու է, անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի կողքին վրացերեն mskh.am-ը առօրյա կենդանի է. համոզվեք խնդրեմ: Ես, հիմա նաև Դավիթ Սեբաստացին, ունենք ընկերներ Թբիլիսիում, հանդիպում ենք: Ոչինչ չխանգարի, ու մենք ընտանիքով անպայման Դավթի և Շուշանի հետ առաջիկայում այցելենք Թբիլիսի, հյուրընկալվենք իմ կրտսեր գործընկեր Գիորգի Մոմցելիձեի սիրելի ընտանիքում:
Ինչո՞ւ հիշեցի Թբիլիսին հիմա, ու այս առավոտ իմ այս օրագիրը սկսվեց իրենով ու մեր առնչություններով: Մեդիայում, քիչ առաջ, ոչ առանց հուզմունքի ու զայրույթի, նայում էի Տերյան 23, 27 և Լալայան 37 շենքերի բնակիչների ելույթները: Մեր հին երևանաբնակները չեն լքում իրենց օրինական տները, որ որպես սեփականություն` անձեռնմխելի են, բայց դրանց նկատմամբ իրականցվում են տեղական նշանանկության հերթական «կոլցո» օպերացիան՝ բռնի տեղահանում. և նրանք մարտի են ելել: Երևանը, նրա կենտրոնը վերջնական մաքրո՞ւմ են երևանաբնակներից, նրա իրավական ու Երևան ստեղծած տերերից` հարցնում եմ: Եթե Երևանը երևանցին չէ, իր ստեղծած բակով, թաղով, կոլորիտով, 50-100 տարվա տնով, շենքով, միջավայրով, ապա ի՞նչ է, հանրակացարա՞ն է` հարցնում եմ, իր անմարդաբնակ ու այլանդակ նորակառույցներով: Եվ լսեք հին երևանցիների այս խմբին, որ պիտի իրենց կյանքով, ներկայությամբ, խոսքով ապահովեին մայրաքաղաք-մեծ քաղաքին բնորոշ հանդորժողություն, այլասիրություն… Ի՞նչ է ասում եթերով 52 տարի նախագծող աշխատած Կորյուն Փիլոյանը` իր հարևանների անունից ու ներկայությամբ. «Այս ի˜նչ ռելիգիոզ-կենցաղային ատելություն է հաստատվում քաղաքում»… Ուրեմն ի՞նչ, «կոլցո» օպերացիան, որի շչակի ձայնը երևի Հյուսիսային պողոտայի կառուցման մեկնարկն էր, պիտի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա Հին Երևանի թեկուզ մի շենք կանգուն, ու նրանում՝ վերջին երևանիցի՞ն:
Թբիլիսիում ես ամենաշատը սիրում եմ թափառել Շոթա Ռուսթավելիով, Սոլոլակի Լեսելիձեով դեպի Սբ. Գևորգ եկեղեցի ու Սայաթ-Նովայի հրապարակ: Քաղաքը քաղաք է հենց սրանով, որ կարողանում ես պարզապես քայլել, թափառել, զբոսնել` իր անսպասելի բացվող, ինձ խելքահան անող ներքին բակերով, որ Երևանում կային, ես տեսել եմ 70-ականներին, նեղ, երկար, մի մեքենայի ու մի անցորդի համար երթևեկություն պարտադրող սալարկված, «կռասավեց» շենքերով, ինձ համար հուշարձանի արժեք ունեցող ծառերով… Ու այս Թբիլիսին ստեղծել է թբիլիսցին, ու այսօր թարմացվում, ռեստավրացիայի է երթարկվում նախ և առաջ իր օրինական տիրոջ՝ թբիլիսցու կողմից ու նրա համար: Թբիլիսին չեն քանդում-փլուզում և կառուցում` շինհրապարկից սկսած, ինչպես Երևանում, թրթուրների տակ թողնելով Հին Երևանն ու իմ Երևանը: Թբիլիսիում վերականգնմամբ՝ ռեստավրացիայով են զբաղված: Նախ և առաջ դա անում է սեփականատեր թբիլիսցին՝ էժան ու երկարաժամկետ վարկերով կամ ամենատարբեր ներդրումային քաղաքաշինական ծրագրերով, նորից քաղաքի ու քաղաքացու համար:
Սահմանում տնօրենի բլոգում: Սա արդի սահմանադրական հայերենում կամ միջազգային իրավունքի մեջ կոչվում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների անարգել տեղաշարժ:
Ամենասարսափելին պարզունակ լուծումներն են. մեր շինարար օլիգարխիան անցավ երևանցու վրայով, ահա հենց այս պարզունակ ճանապարհով` վերցնելու ամբողջը՝ «բիրիքով», ազատվելու սեփականատիրոջ և սեփականության պահպանման հոգսից և կառուցելու իր ճաշակի, իր երևակայության ու իր բիզնես-գռփումի համաձայն՝ քառակուսի, «տուպոյ», ինչպես ես եմ ասում, ի վերջո՝ անմարդաբնակ: Թբիլիսիում ամեն տարի ես տեսնում եմ խնամքով ամբողջական, ժամանակավոր ծածկված փողոցներ, ենթակա ամբողջական վերականգնման՝ իրենց մարդով ու ավանդույթով: Երբ մեկ-երկու-երեք տարի հետո վերադառնում ես Թբիլիսի, շինարարական քողը չկա, ու կա թբիլիսյան գեղեցկուհին՝ նույն խորոտիկ շինություններն իրենց արժանապատիվ քաղաքացիներով, սալարկված փողոցով (ոչ ասֆալտը), ծառերը մեկիկ-մեկիկ խնամված, նույն շենքերը՝ թարմ արտաքինով ու իհարկե՝ նոր կոմունիկացիաներով, ինչ-ինչ նոր լուծումներով: Վերականգնումը (ռեստավրացիա) դառնում է պատվիրատու նախկին շինարար համայնքի պահպանման ու մասնագիտական զարգացման համար, սկսած քարտաշից ու նախագծողից: Իսկ նոր Երևանը՝ իր շինել-բռնաբարելու մոլուցքով, սպանեց վերջին քարտաշին ու նախագծողին, գաղթական դարձրեց բնիկ երևանցուն: Լավ, միլիոնանոց մայրաքաղաքում մի ներքին բակ ու մի սալարկված փողոց չմնա՞, մի բնիկ երևանցի իր պապական հայրական տունը չունենա՞: Լավ, որտեղի՞ց այսքան թշնամություն, չարություն, ատելություն, ինչպես վերջին երևանցիներից մեկն ասաց. «կենցաղային ատելություն մեր ծննդավայրի և մեր նկատմամբ»:
Ողբ ծննդավայր Երևանի երևանցի տնօրենի բլոգում: Երևանում այլևս չեմ զբոսնում: Սա ուրիշ ողբերգություն է: Ես Դավթին, իհարկե, ուղեկցում եմ քաղաքով, բայց սա թափառում չէ իմ Երևանով: Ես երևանցի եմ: Ծնվել, ապրել եմ Երևանում: Հաշված օրեր եմ բացակայել. անգամ երբ երկուս ու կես տարի կալանված էի, էլի Երևանում էի: Հիմա ինչպես հանրակացարան՝ առանց թափառումի, առանց Երևանի հետ առօրյա սիրային կապի: Ես ապրում եմ, չեմ աշխատում, կրթահամալիրի բանգլադեշում, իսկ աշխատանքային կյանքից դուրս՝ Չայկովսկի 30, բնակարան 13 հասցեով: Ցավոք՝ ընդամենը:
Քաղաքական երազ տնօրենի բլոգում: Հայաստանի ու Վրաստանի` երկու հարևան ժողովուրդների ու նրանց ստեղծած պետությունների միջև բնականոն կապերը զարգացնելուն ուղղված երկու առաջնային գործ պիտի արվեր, նույնն է թե՝ երկու գլխավոր խոչընդոտ վերացվեր. չլինեին հայ-վրացական մաքսակետերը, և մոդեռնացվեր Երևան-Թբիլիսի երկաթուղին: Կենցաղային մարդը Երևանում նստեր այս նոր էլեկտրագնացքը, մենակ կամ խմբով, ընտանիքով և ոչ ավելի, քան երեք ժամում անարգել անցներ 270-300 կմ ճանապարհն ու հայտնվեր Թբիլիսիում: Կարգավորեր իր գործերը ու մի քանի օրից վերադառնար Երևան. և սա արվեր որպես առօրյա՝ մատչելի յուրաքանչյուրին:
Լուսավոր բաներ գրեք, խնդրում եմ: Ողբն ամենուրեք է
ամեն մի զոհվող զինվորի հետ: Ավելին էլ ի՞նչ: Պայծառության ու ջերմության կարիք ունենք: Եթե Ձեր գիրը դա չի տալու, կներեք, մեզ համացանցն ու շրջապատի գորշությունը շատ է ու քիչ չէ: Հեքիաթի ու հեքիաթի հերոսի սպասում կա: Գույներ ավելացրեք օրվան
տաք,տաք, շատ տաք: Եզակի ձիրք ունեք դա անելու: Թե չէ…Անանունը լավ անուն չէ. ես խոսում եմ ի՛մ անունից։ Մյուս հարցում Ձեզ հետ համաձայն եմ։ Հեքիաթում էլ է այդպես՝ մութ ու լույս կա հերոսի ճանապարհին՝ գործչի, նախաձեռնողի, առաջնորդողի, կազմակերպչի, ծնողի…