Երեկվա իմ գրում ես ասացի ՝ օդ, ջուր, կանաչ ու մեկ էլ՝ անընդհատ ստեղծական աշխատանք, և հուլիս-օգոստոսը Երևանում կդառնա այնպիսին, ինչպիսին կրթահամալիրի Բանգլադեշի Գայանե Սարգսյանի ճամբարում է, ինչպիսին իմ առօրյայում է՝ սպասված-կարևոր-գրավիչ: Ես շարունակում եմ երեկվա իմ գիրը՝ կամուրջ ստեղծելով իմ կիրակնօրյա ընթերցարանի համար…
Ես հիմա Դավիթ Բլեյանի ու Արմինեի հետ Մեղրաձորում եմ. Գոհար Եղոյանի՝ իմ ընդունակ, եռանդուն գործընկերուհու սիրալիր հրավերով, իր ամուսնու՝ սեբաստացի Էմիլի հայրիկի և պապիկ Հովհաննիսյանների հարմարավետ տանը… Արմինեն վարեց Երևան-Մեղրաձոր 70 կմ-անոց ճանապարհը՝ հաղթահարելով վարորդական ուղու ևս մի բնագիծ ինքնուրույնության… Արմինեն դեռևս պատրաստ չէ ընտանեկան-վրանային կյանքին՝ խնայում է Դավթին, ով Մեղրաձոր չմտած` քնեց… էն քնե՜լն էր…
Ես չէի կասկածում, որ Գնել Հարությունյանը, ում պարտական ենք մեծապես Մեղարձոր-Մարմարիկի հուլիս-օգոստոսյան ճամբարի այսօրվա ձգող-մարդասեր վիճակով, լիարժեք գործող ճամբարային առօրյա է ապահովել՝ ունենալով Հռիփսիմե Առաքելյանի, խոհարար Նունեի, տարատարիք սեբաստացի ճամբարականների գործուն աջակցությունը: Համոզվեցի՛: Տեսա՛: Կեցցե՛ք:
Մեղրաձորի չռիկը: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Արշավախումբը «Կրթահամալիրի յոթ հրաշալիքներ» համատեղ որոշած և իրագործվող նախագծի հոմանիշներից մեկն է: Այո՛, մենք ստեղծում ենք կրթահամալիր՝Բանգլադեշում.
- միաբանություն
- կրթական պարտեզ
- արհեստանոց լաբորատորիա
- մրջնանոց
- արշավախումբ
- ընտանիք
- համույթ
Ահա ինչու՝ անընդհատ է իմ բլոգապատումը, այնքա՜ն աշխատանք, նվիրում ու պատմելու բան կա յուրաքանչյուր հոմանիշի մասին:
Ես Մեղրաձորում անելիք ունեմ՝ ոսկու հանքը, ոսկե սարերը, թունելը, չռիկները, Մարմարիկի ձախ ափի վտակները… Ես ծանոթ չեմ այս կողմերին ու դրա համար շաբաթ-կիրակիից ավելի հարմար ժամանակ չգտա: Հիմա ես, ինչպես տանը… շնորհակալ եմ Սերգեյ և Կարինե Հովհաննիսյաններին, նրանց Վրեժ և Վարուժան որդիներին, Գոհար և Անահիտ հարսիկներին: Գիշերվա 03-04-ն է, համակարգչով գրասեղանի առաջ եմ, ինձ ոչ ոք չի խանգարում, ինչպես և ես: Դավիթն ու Արմինեն երանության մեջ քնած են: Ես պատմում եմ ձեզ իմ օրն անընդհատ, այս էլ՝ 414-րդ անգամ:
Առավոտը Մեղրաձորում: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Ինձ համար հուլիս-օգոստոսի ստեղծական-անդուլ աշխատանքի խորհրդանիշ դարձավ Տաթև Թամազյանը՝ սեբաստացիներ ութ տարեկան Սարգսի և երկու տարեկան Նարեկի մայրիկը, կերպարվեստ-դիազայն-տեխնոլոգիայի հմուտ և կայացած ուսուցիչը մեր, ով օգտագործեց այս ամառը՝ 6 տարեկանների դասարան-լաբորատորիա ձևավորելու համար: Ինքնուրույն ու խիզախ վճիռ, արդյունավետ իրագործում: Պետք եղավ 6 տարեկանների անընդհատ գործող ճամբար ստեղծել Բանգլադեշի Նոր դպրոցում, ստեղծեց՝ իր երեխաների, գործընկերների, Նոր դպրոցի ղեկավար Նառա Նիկողոսյանի սիրալիր աջակցությամբ: Շատացավ դրանից զով օդը Բանգլադեշում, Նոր դպրոցում էլ ջուրը կազդուրեց տասնյակ նոր սեբաստացի դարձած 2009 թ. ծնվածներին ու նրանց ընտանիքների անդամներին. կանաչը Նոր դպրոցում դարձավ ավելի փարթամ, կենսախնդությունը շատացավ ամենուր: Երեկ իմացա, որ Տաթևն ամբողջությամբ հավաքագրել է իր 25 հոգիանոց դասարանը, հիմա Նոր դպրոցում առաջացել է նոր առաջին դասարան-լաբորատորիա բացելու անհրաժեշտություն: Կանե՛նք, հատկապես, որ Տաթև Թամազյանն ու Կարինե Մացակյանը շինարարների հետ խնամքով մշակում և իրագործում են դասարան-լաբորատորիայի նյութական նախագիծը: Ես չեմ հակադրում Տաթևին իր գործընկերներին ու իր ազգին: Տաթևը, հատկապես, այդպիսին չէ՝ հասնող է, օգնող, ուրախացող: Սրանով ես շեշտում եմ պարզապես կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնադրույթներում բոլոր սեբաստացի սովորողների և ուսուցիչների ընտանեկան, դասարանական-ընտանեկան կրթահամալիրի յոթ հրաշալիքները նախագծի իրագործման արդյուքնում ձևակերպված կրթահամալիրի յոթ որակները.
- ոգեղենություն
- ստեղծականություն
- ուսումնատենչություն
- կատարելության ձգտում
- համերաշխություն
- հոգատարություն
- հայրենաշինություն
Ներեցե՛ք ինձ, բայց Գյումրի-Սլոբոդակայում, Շիրակի Գուսանագյուղում, թե Արցախի Շուշիում, ավա՜ղ, Հայաստանով մեկ նույն ծուլությունն է՝ որպես ախտ, որ համակել է հայոց, Հայաստանի մարդուն, ավա՜ղ, նաև սեբաստացի սովորողի, թե աշխատողի: Ու ես վճռական եմ՝ աշխարհի ամենաբաց, ամենաժողովրդավար կրթական տարածք, կրթահամալիրի Բանգլադեշը փակել այս ախտի, նրա կրողների առաջ… Խոսքեր չեն, որ ասված են ականջահաճո ու գեղեցիկ պատկերներ ստեղծելու համար, ասված են մեզ բաժանելու համար: Գոհարի յոթանասնամյա Սերգեյ սկեսրայրը՝ այս շեն, ընդարձակ տան հիմնադիրը, արդեն ոտի է. ոռոգման ջուր է բերել, որ իր փարթամ կարտոֆիլի արտը ջրի:
— Իմ օրը սկսվեց,- ասում է ուրախ՝ ինձ բարի օր մաղթելով:
Իր անընդհատ, ստեղծական վիճակի մեջ է գործունյա Կարինե տիկնոջ հետ: Մարդու համար բնական վիճակ, թե չէ՝ կփախչես քանդվող, դատարկվող, ավերակ դարձող քո երկրից կամ կվերաստեղծես այն՝ որպես պարտեզ՝ իր օդով, ջրով, կանաչով: Երրորդը՝ «յոլա»-ն է՝ Հայաստանում անեծքով մնացող ազգիս: Հայաստանով մեկ, ցավոք, նաև կրթահամալիրի Բանգլադեշում չապրող մարդու կյանքի ժամանակը «յոլա» գնալը, դիմանալը, սպասելը դարձրած… Գնալո՞ւ, թե՞ մեռնելու… գիտեմ՝ երկուսը մեկում:
Դավթի խոհարարական արկածները Մեղրաձորում: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#414