Դավիթը որոշել է՝ ինձ նման անցկացնի-ապրի գիշերը, քնի-արթնանա, գրի-կարդա…
— Ինչո՞ւ պիտի հայրիկը չքնի, ես քնեմ…
Առաջին անգամ չէ, որ ասում է, բայց այս անգամ մեկ էլ գիշերը՝ մեկին մոտ, թըփ-թըփ-թըփ իր սենյակից մոտենում է ինձ հյուրասենյակում…
— Ջուր եմ ուզում, ջուր…
Իմ դասական դարձած պատասխանը՝
— Ուզում ես՝ խմի…
— Չէ, դու տուր, ուզում եմ՝ դու տաս…
Ժամեր առաջ կռվել ենք հայր ու տղա, ես խիստ եմ խոսել, ինքը լսել է ու… ջուրը խմեց-վերջացրեց, այսպես հաշտվեցինք…
— Գիտե՞ս, պա՛պ, չէի քնել։ Մայրիկը գնաց, գիտեր, թե քնել էի…
— Բա ի՞նչ էիր անում այսքան ժամանակ…
Ես իրիկունը 10-ին մոտ գնացել էի էն աշխարհը. գիշերը մեկն է՝ վերադարձել եմ։
— Սպասում էի քեզ, պա՛պ, որ արթնանաս…
Հուզեց ժառանգս։
Պառկեց բազմոցին…
— Կարդա՛ ինձ համար…
Դավիթ մի ասա, մի Փոքրիկ իշխան ասա…
— Ջանի Ռոդարիի «Հեռախոսվ հեքիաթներից» կարդա ինձ համար… Հաճույքով, մի ձեռքս՝ իր մազերի մեջ, մյուսով՝ գիրքը բռնած, ափսո՜ս, որ այսպես, առանց սեղանի լամպի, լարվում եմ կարդալիս, կարդացինք մի հեքիաթ, հետո… հերթով, չորրորդը, հինգերորդը, արանքում ծիծաղում ենք. Դավիթն ամեն ինչ ընկալում է Էքզյուպերի իշխանի պես, ենթատեքստերով, հումորով նուրբ…
— Էստեղ բազմոցին հարմար չի… Տա՛ր ինձ իմ անկողինը…
Տանում եմ… Դավթին գրկած, փխրուն-հուզված…
— Մայրիկին խոստացել եմ չգնալ գիշերը իր մոտ, պա՛պ…
Բայց, դե… քիչ հետո նորից թըփ-թըփ-թըփ… այս անգամ՝ մեր ննջասենյակ, ժպիտը թողնելով ինձ…
Հիմա քնած է, ինչպես ինքը, իր նման բոլոր երեխաները, իսկ ես շուտ, առավոտ կանուխ հեծանվով պիտի դուրս գամ… Արմինեի համար դժվար է երկու «փախած» Բլեյանի հետ. հայր ու որդի որոշեցինք երեկ ավելի ուշադիր լինել մայրիկի նկատմամբ…
Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների Համբարձման ծես:
Հեղինակային մանկավարժության հեղինակների 14-19-ի մայիսյան բաց հավաքն այսպիսի մի հարթակ է, որտեղ սովորողի-ուսուցչի (մանկավարժական աշխատողի) 2017-2018-ի ձեռքբերումներն են գրանցվում-ներկայացվում-հրապարակվում, իսկ նախագծային ուսուցման շաբաթի ձևով դրանք հավաստի-ընդունելի են դառնում 2018-2019 ուստարվա մեր մանկավարժական զինանոցը համալրելու համար… Մեծ թվով ուսուցիչներ հայտերը սահմանված կարգով ու ժամանակին չե՞ն ներկայացրել: Հասկանանք՝ ինչ է սա նշանակում. մենք երկու կարգի ուսուցիչ չունենք, կամ երկու տարբեր կրթական ծրագիր… Ի՞նչ են ասում կրթահամալիրի դպրոցների ղեկավարները, գիտեի՞ն իրենք սրա մասին, ի՞նչ է ասում մասնակցության հայտ չներկայացներից յուրաքանչյուրը… Ես ուշադիր լսում եմ, հատկապես որ իմ պնդմամբ է, որ հավաքի կարգով չպարտադրվեց հայտի լրացմամբ մասնակցությունը: Մայիսյան հավաքը անցում-պատրաստություն է հունիսյան ուսումնական ճամբարներին, ուսումնական ամառ 2018-ի ծրագրով աշխատանքներին, հուլիս-օգոստոսին հեղինակային մանկավարժության հեղինակների՝ անհատական-խմբային ստեղծագործ մարդու համար բնական-կամավոր աշխատանքների…
Երկրագործություն կրթահամալիրի հյուսիսում:
Բոլոր կարգերի սեբաստացիներ՝ տարատարիք սովորող, ծնող, ուսուցիչ, շրջանավարտ, մենք ապրում ենք 2017-2018 ուստարվա ավարտի, արդյունքների ի մի բերման, 2018-2019-ի անցման պատրաստության, հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ձևավորման այսպիսի մի շրջանում, երբ մայիսյան հավաքը սկսվել ու մոբիլ մի իրականություն է յուրաքանչյուրի համար՝ հավաքի ողջ ծավալով ամենօրյա, ոտքի վրա-ինքնաբուխ առաջացող քննարկումներով, հավաքի ծրագիրը մանրամասնելով-կոնկրետացնելով… Շաբաթ օրը ես այդպիսի քննարկումների շարանով անցա, ու հիմա, էլ ե՞րբ, իմ գրում, բա որտե՞ղ, ձեզ հաղորդում եմ…
Էդմոնդ Փաշինյանի ու Տաթև Աթայանի շուրջ խմբված՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի արևելյան պարկում պարտիզապուրակային գործունեության ուսումնական կազմակերպման չափելի արդյունքների, սովորողի-ուսուցչի համատեղ ուսումնական աշխատանքի գնահատման-գրանցման մասին այսպիսի լուծման եկանք: Ամեն օր հավաքվում-կշռվում-տեղափոխվում է խուզված, տեսակավորված կանաչը՝ որպես ուսումնական ագարակում անասնակեր, թռչնակեր, կոմպոստի բաղադրիչ… Որպես մաթեմատիկական-մանկավարժական խնդիր-առաջադրանք՝ գրանցում ենք դպրոց-պարտեզի բակը՝ իր կանաչով-բույսերի տեսականիով, անցումներով, հրապարակներով, ուսումնական պարապմունքի անկյուններով, չափելու համար, թե որքան մակերեսով հող նպատակային չի օգտագործվում, անխնամ-անտեր է կրթահամալիրի Բանգլադեշով մեկ… Այստեղից և գրի վերնագիրը Երկրի տերը՝ երկիրը գործող, երկրագործ…
Հին Կոնդի պատկերասրահ:
Քոլեջում Տաթև Բլեյանի հրահրմամբ մեծ թվով շահառուներով բաց քննարկումը 5-6 տարեկանների նոր բացօթյա լողափի, հունիսի 1-ից սկսվող ամառային պարտեզի նոր բակի պատրաստության մասին էր…
Իսկ մեդիակենտրոնում քննարկումն իմ նախաձեռնությամբ ուսումնական բնագավառների նոր՝ օտար լեզուների և հասարակագիտության միավորմամբ ստացվող կազմակերպման, ֆրանսերենի, իսպաներենի, գերմաներենի, վրացերենի, թուրքերենի, պարսկերենի լեզվակիր հասարակագետի աշխատանքի մասին է… Օտար լեզուն այսպիսով անհատների համար կլինի, բայց լեզվի-ինտերնետի միջոցով բաց աշխարհի ճանաչումը՝ յուրաքանչյուրի համար, որպես հանրակրթություն։
Նառա Նիկողոսյանի հետ մեր կռիվը իսկական բացօթյա, քանզի ոչ ոք չի խանգարում, նոր տոն է — նոր վիճակ Հայաստանում, թավշյա իշխանափոխություն, այն մասին է, թե ինչպես անել, կազմակերպել աշխատանքը, որ Հայաստանի արժանանապատիվ քաղաքացին՝ իշխանություն ստանձնած յուրաքանչյուր ոք, անի այս թավշյա –անցնցում ի՛ր անցումը… Հնարավո՞ր է սա, երբ Նառան իմ հարցադրումից ցնցվում էր, իսկ արժատապատիվ քաղաքացու իշխանությունը լուրջ չի վերաբերվում իր նոր պաշտոնին և դեռ սահուն անցումն իրականացնող շարժման վայելքի-թմբիրի մեջ է… Խոսքս ոչ միայն անհատի ընդունակության ամբողջական դրսևորման մասին է, այլև հեղաշրջմամբ ստեղծված նոր հնարավորություններով հավաքական՝ հասարակության-համայնքի-հավաքանու ստեղծագործ աշխատանքի կազմակերպման մասին է:
Մայիսի 9-ին մենք մի սիրուն խմբով Թոփչիկի նախաձեռնությամբ հաղթական վիճակում էինք հեծանվի վրա, Հրազդանի կիրճում, ու լսեք այն, ինչ բոլորին է ասված-ուղղված…
[youtube https://www.youtube.com/watch?v=18pBuSsyo2I?rel=0]
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1370