Հուլիս-օգոստոսի, հատկապես այս օրերի օգոստոսի, ամենից շատ լսվող արտահայտությունն է. «Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք, էս ի՜նչ շոգ է, սպանեց», ու այսպես շարունակ, իրար նման… Առօրյա, ամեն հուլիս-օգոստոսին կրկնվող, դեռ սեպտեմբերի առաջին օրերին էլ սպասվող եղանակ՝ մի բնական վիճակ է, որում ծնվել ենք, հասել այս տարիքի ու… չգիտե՞նք՝ ինչ անել շոգի հետ ու… նեղվո՞ւմ ենք… Ես գոնե օրը 3 անգամ ջրի տակ եմ, ջրի մեջ… Առավոտ և իրիկուն` ցնցուղի տակ, Դավիթ Բլեյանից հետո կամ առաջ, իսկ ցերեկը՝ կրթահամալիրի Գեղարվեստի պարզ-մատչելի բացօթյա լողավազանում, Դավիթ Բլեյանին զուգահեռ, ով ինձնից առաջ Դպրոց-պարտեզի լողավազանում է հայտնվում… Այս օրերին Դավիթ Բլեյանն ընդգծված վճռականությամբ է շտապում պարտեզ. Արմինեն, որ տանն է, ուզում է՝ Դավիթն էլ մնա իր հետ, ընտրության առաջ է կանգնեցնում  ամեն անգամ.
— Դու ընտրի, Դավիթ, մնաս տա՞նը՝ քեզնով մեծ ոգևորությամբ զբաղվող գեղեցկուհի մայրիկի հետ հարմարավետ բնակարանում, թե՞ գնաս պարտեզ… Ի դեպ, ոչ հայրիկի հետ…
Հայրիկն ավելի հաճախ հեծանվով է գործի գնում…
Դավիթը վճռական ընտրում է պարտեզը. լողացած-ավազանից դուրս եկած, վերցնում է սիրելի խաղերից-հյուրասիրություններից մեկը և, հայդե՛, պարտեզ՝ իր ընկերների լողավազանով աշխարհը… Ես չթաքցրած օրագրային հրճվանք եմ ապրում Դավթի այս վիճակից…

Կադրեր Մեղրաձորի վրանային-արշավախմբային ճամբարից:
Լուսանկարները` Հռիփսիմե Առաքելյանի:

Ես ջուր՝ սովորական խմելու ջուր, շատ եմ գործածում. Դավիթն էլ: Պահանջը կա, և օգնում է: Նկատե՞լ եք՝ մեր բոլոր պարտեզներում, կրտսեր դպրոցների լողափնյա ճամբարներում սովորական ջուրը մատչելի է յուրաքանչյուրի համար՝ մեծի թե փոքրի… Ջուր շատ գործածեք, խմեք, ցնցուղ ընդունեք, լվացվեք, թրջվեք, լողացեք, ջրոցի խաղացեք, բույս ու ծառ ջրեք… Իմ սենյակի, տարածքի, որ դպրոցում էլ որ գտնվեմ, դռներ-լուսամուտները միշտ բաց են՝ օդափոխելու անհրաժեշտ գործողություններ են դրանք… Ազատվել՝ փակ, օդ չխաղացող, լույսի դեմն առնող հատվածներից…
Հիմա էլ ժամը 6-ն է առտու, մեր ընդարձակ բնակարանի բոլոր դռներն ու պատուհանները բաց են ամբողջ գիշեր, ամբողջ ամառ… տանը թե դպրոցում… Օդափոխե´ք ձեր տարածքը, փոխե´ք ձեր վիճակը, ոչ թե փակեք դուռ ու լուսամուտ ու դիմացեք անիծելով շոգը… Շոգի, նրա բերած փոշու դեմ պայքարի, շոգը, փոշին չեզոքացնելու հաջորդ հայտնի միջոցը կանաչն է, պարտեզը, այգին, խոտի, ծաղկի, ծառի առատությունը մեր շրջապատում, շենքի ու աշխատավայրի բակի, փողոցի… Բնության մեջ չենք ապրում, բնություն չենք սիրում, բնություն չենք խնամում, չենք ստեղծում. ինչո՞ւ… Կան փոփոխություններ կրթահամալիրով մեկ. այո´, տեսանելի, մարդկային, ավելի բնական, ավելի առողջ, զով-կանաչ-ջրառատ-օդաշատ է դառնում մեր նյութական կրթական միջավայրը ներսում-դրսում… Դրանք ակնհայտ են:

Ամենօրյա լողը Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:

Գևորգ Հակոբյանի հետ ես հաճախ եմ ճշտում, ի մի բերում իմ հանրային հնչեղություն ստացող, գործունեության ծրագիր դարձող եզրակացությունները… Ասում ենք՝ այս տարվա շոգն ուրիշ էր… Ես ժպտում եմ՝ շատ էլ չի տարբերվում այսօրվանը անցյալի հուլիս-օգոստոսից… Բայց ընդունենք, իսկ ինչպե՞ս փոխեցինք մեր բնական միջավայրը, մեր բնությունը, որի մեջ ենք տարին 12 ամիս… Պատասխանեք…

Հանրային լողափերը Երևանում շարունակում են վերանալ. ջրավազանները, արհեստական լճերը լողալու համար չեն` սկսած Հանրապետության հրապարակից, Կարապի լճից, Մոնումենտից, Օղակաձև այգուց… Մատչելի-բաց լողավազաններ Երևանում կան 1-ը, 2-ը, 3-ը… ասենք՝ 1000 հոգու համար… հազարից մեկի համար… Հիշեցնեմ, որ միլիոնը՝ 1.000.000-ը, 1000 x 1000-ի բազամապատկումից է ստացվում… Հրազդան գետը, որ պարգև էր այսպիսի Երևանի համար, ոչնչացրինք, փակեցինք՝ այն վաղուց հանրային լողափ չէ… Երևանյան լճում լողացող մարդ վերջին անգամ ո՞վ է տեսել…

Կանաչը շարունակում է այրվել-խանձվել… Անցեք բակերով… Չեմ ուզում շարունակել՝ գիտեք… Կրթությունը, հանրակրթությունը մարդուն՝ երեխային ու դաստիարակին, նրանց միջոցով նաև ընտանիքին պիտի կարողություններ տա իր կյանքը բնական դարձնելու, իր միջավայրը փոխելու, հարմար դարձնելու, ոչ թե փնթփնթալու-ծուլանալու՝ իր իրականությունից, իր ծննդավայրից փախչելու… Օդ, ջուր, կանաչ՝ ավելի շատ, նաև կրթության միջոցով ու արդյունքում:

Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահոր օգնական հայր Համազասպի շրջայցը կրթահամալիրում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի, Տաթև Թամազյանի:

#413

Ֆոտոխմբագիր` Մարթա Ասատրյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Թավշյա հեղափոխություն չի լինում»․ հեղափոխություն՝ չբերած թավիշով․․․

«Իմ վաղեմի երազանքը հիմա տեսում եմ Ձեր և Ձեր հրաշալի Կյանքի դպրոցի մեջ։ Սա Աստծո օրհնությունն է»։ Քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխաների հայր Մասիմո Լիպիին՝ Ֆլորենցիայի հետ

Սարերի կեսը ձյուն է, գարուն է… 

Թեթև, օգտակար, աշխատանքային էր մեր այցը Գագարին պրոյեկտի Զովաբեր, Դդմաշեն գյուղեր, դպրոցներում մանկավարժական հավաքանիների հետ հանդիպումները՝ կարևոր—ճանաչողական․․․Պրոյեկտով գործընկերության մեր կենդանի աշխատանքների սկիզբը հաջողությամբ դրվեց, և սա, իհարկե, խմբով՝ մեր նոր

Առտու սկսվող ու այդպես էլ չավարտվող զրույց է իմ գիրը…

Ի՛նչ է հարցնում Դավիթ Բլեյանը գիշերը ժամը 4-ին, երբ հանկարծ արթնանում է … Այսօր, օրինակ. — Պա՜պ, իրար լրիվ նման, բնակչությամբ ու տարածքով, պետություններ կա՞ն… — Պետությունը կարո՞ղ է տարածքով