Օրվա գիրն իր վերնագրով, իմ ֆեյսբուքյան «Չեմ թողնի՝ անտարբեր մնաք» խորագրով ինձ հետ արթնացա՞վ, թե՞ ինձ ոտքի հանեց մութուլուսով… Այս օրերին ինձ հանկարծ բռնած արյան ճնշման փոփոխության համար երեկ ի՜նչ կարգավորումներ են ներարկվել, բժշկական-թերապևտիկից զատ:
Իրանի Իսլամական Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային լեցուն սրահում հայտարարությունն ինձ անակնկալի բերեց. «Մեր միասնական խնդիրը հետևյալն է. մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է»: Լսեցի՞ք։ Միասնական օրակարգի որոնում-ձևակերպումը դարձավ ֆիլտր «Արարատ» սրահի նման լեցուն իմ լեցուն օրվա համար, որ այդպես էլ աշխատանքայինի-անձնականի չբաժանվող իմ 24 ժամից առանձնացնեմ-զտեմ 1590-րդ համարի պատումը-գիրը:
Շնորհակալ եմ Երևանի պետական համալսարանի՝ իշխանափոխությունից հետո ընտրված խորհրդի ուսանող ներկայացուցիչներին միասնական օրակարգի սկզբունքների տրամադրման համար: Մեջ եմ բերում խորհրդի անդամ ուսանողների հայտարարությունից. «ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը»:
Կրթահամալիրի նորընտիր խորհրդի համար էլ, որ մարտի 5-ի նիստին է պատրաստվում, իրավականությունը, ինքնավարությունը, բարոյականությունը գործելակերպի պահանջներ են…
Պլեներ Հարավում։ Լուսանկարները՝ Արևիկ Բալջյանի։
Կրթահամալիրի դպրոցների ծնողական խորհրդի ներկայացուցիչների տարբեր խմբերի հետ սկսել ենք-շարունակում ենք կրթահամալիրի զարգացման ծրագրի բովանդակության որոշման ու կազմակերպման՝ հասարակության ամենալայն մասնակցության քննարկումները՝ կրթության իրական ընտրությամբ, դրա կոնկրետ պաշտպանությամբ…
Իսկապես, ի՞նչ այլընտրանք՝ առանց մեր մանկավարժության պատվիրատու քաղաքացիական համայնքի հետ շոշափելի գործընկերության… Ա՛յ քեզ քաղաքացիական պայմանագիր… Ուսանողների հայտարարության մեջ նաև իրենց՝ համալսարանից ընտրյալ-ներկայացուցիչների անօտարելի պատասխանատվությունն է համալսարանի համար, հասարակության իրազեկումը, ազատ համալսարանի հաստատման գործելակերպի համառոտ շարադրանքը: Ես՝ որպես համալսարանական, իմ քաղաքացիական-մասնագիտական աջակցությունը սիրով կբերեմ սրան: Այստեղ էլ քաղաքացիական պայմանագրի և՛ հնարավորություն կա, և՛ պահանջ:
Լիլիթ Բլեյանը Սոնա գեղեցկուհի-շնորհալիի հետ, տեսեք, օրակարգի՝ Թումանյանով լեցուն աուրա է ստեղծում, որպես մասնագիտական-քաղաքացիական լսարանի ներկայացուցիչ, քիչ է, Դավիթ եղբորն էլ հետևողական ներգրավում է. երեկվա թատրոն-ներկայացումից Դավիթը տպավորված է վերադարձել… տեսքով խոսկանը մեր: Աստղիկ Բլեյանը կորում է իր մահճակալում, լավ է, որ անհանգստությունը կարճ է տևում ու փոխարինվում է ժպիտով, գտնվում է նոր թաքստոցում… Աստղիկն էլ սկսել է մասնակցել Թումանյական պատումներին…
Էս ձյունը՝ վա՜յ, մայրիկ ջան, բացականչություն բերող, ո՜նց հայտնվեց…
Աստղիկ Բլեյանի բլոգից տեսանյութը՝ Արմինե մայրիկի։
Իսկ, այ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ այսուհետ միասնական օրակարգի մասին, միևնույն է, շարունակում է հրահրել իմ արյան ճնշման փոփոխությունը… Եթե իրավական-սահմանադրական պատասխանտվություն ենք կրում… եթե բարոյական ենք… Թեհրանում, իրանահայերի հետ միասնական օրակարգի հաստատման քաղաքական բովանդակությունն ինձ հասկանալի է մերժելու աստիճանի…
Իսկ մի խումբ հասարակական կազմակերպությունների քայլը՝ մենակ չթողնելու նոր խնդիրների-դժվարությունների առաջ հայտնված՝ լրագրական դաշտում հայտնի խմբագրություններին, որ չուշացավ, քաղաքացիական նոր պայմանագրի հայտի ազդեցություն ունեցավ: Ընդունելի է։
Լուսանկարը՝ Ալեն Ավետիսյանի
#1590