«Սուրհանդակ»-ի հարցազրույցը Տիարի հետ (հեծանիվ նստած զրուցում էի Ավագ դպրոցի շրջանավարտ Մարիամ Գևորգյանի հետ) ունկնդրում եմ և այսպես սկսում օրս-գիրս, թվով՝ 866-րդը՝ մեկով էլ մոտենալով հազարին… Դուք՝ չգիտեմ, ընթերցող-չընթերցող, բայց հազարերորդ այդ գրի իմ սպասումն աճում է…
Իմ գիրն այսօրվա բոլոր ութ հարյուր վաթսունհինգ անընդհատ գրերի նման, ինչպես իմ օրը՝ այսօրվա, կապ ունի՞ երեկվա հետ… Ես գիտե՞մ՝ ինչ եմ գրելու-ինչ եմ պատմելու, ինչի մասին եմ զրուցելու անձայն, ա՛յ Մարիամ Գևորգյան, մինչև իմ կիտրոնաջրով, իմ առտու-գիշերվա խառնարանում չնստեմ գրասեղանիս առաջ… Սկսվե՜ց-գնաց՝ կավարտվի, սահմաններ ունի իմ գիրը (երկու-երեք մեքենագիր էջի չափով), ինչպես օրը, ասենք՝ երեկվա, ավարտվում է յոթին-ութին:
Ես գիտեի՞, որ ձյունոտ Երևանում ժամը վեցին իմ սիրելի Կարինե Խառատյանի և մինչ երեկ համարյա անծանոթ-հիմա հարազատ հատուկ մանկավարժ-լոգոպետ Նինա Հովհաննիսյանի հետ հայտնվելու ենք «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության 20-ամյակի տոնախմբությանը «Վիվալդի» հանդիսությունների սրահում. որտե՜ղ էր… Ներառվելու բան չէր… Մեր արածն արեցինք կես ժամում, ու… մերը դուրսն էր, փողոցը, ձյունը, քայլքը, ճերմակ Երևանը, ու Կարինեի-Նինայի հետ, ի՜նչ ընկերներ են քայլքի, գլորվեցի՜նք Ազատության պողոտայով վար, Կասկադի աստիճաններով մինչև Թամանյանի արձան ու երևանյան թիվ 1 տրոլեյբուս… Անահավատալի հեքիաթային, Դավիթ Բլեյանին վայել վերջաբանով, Դավթի դաստիարակ Կարինե Խառատյանի ու Շուշան Բլեյանի հետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզ գնացած (այդպես պարզվեց) Նինայի հետ…
5 տարեկանների ձմեռային լվացքը Հյուսիսային դպրոցի պուրակում:
Ու ես պատմում էի յոթանասունականներից հետո ծնված իմ աղջիկներին-գործընկերներին յոթանասունականների սկզբի՝ իմ Կասկադի մասին… Պատմում էի շինհրապարակի-փոսերի-տրավերտինե քարակույտի-աստիճանի վերածված Երևանի սքանչելի, կանաչապատ, իրական բլուրի մասին… Ես 15-20 տարեկան 1970-1975 թթ՝ Թամանյանի պուրակով բլուրն ի վեր, սերերով, բարձունքով, նշանավոր շատրվան-ջրվեժով հեքիա՜թ…ոտքով… 1991թ. «Կասկադ» շինհրապարակ-գերեզմանոց այցելած Երևանի փոխքաղաքապետ Աշոտ Բլեյանի վախի-սարսափի մասին, որ, քսանհինգ տարի է անցել, չի հաղթահարվում… Հավատացի՞ն, լսո՞ւմ էին աղջիկներն ինձ… Իսկ ես, որպես տնային լրացուցիչ աշխատանք, խնդրեցի Կարինեին մեդիայում փնտրել յոթանասունականների արխիվներում իմ պատմածի վավերագրությունը, հետքերը… Բարեխիղճ-խելացի-հետաքրքիր, արդեն հմուտ հետազոտող-ուսուցչի գրածը տեղափոխում եմ իմ գիր… Շնորհակալ եմ: Լսեք Կասկադի՝ Թբիլիսիից Երևան տեղափոխված մի բնակչի պատմությունը «Երեւան. XX դար» նախագծով ուսումնասիրությունից… Ես մինչև Կասկադի ավերումը՝ Ջիմ Թորոսյանի նախաձեռնած բարբարոսությունը, Կարեն Դեմիրճյանի թագավորության շրջանում, տեսել-թափառել եմ այս հեքիաթում… Ձյունածածկը իմ սիրելիների հետ հաշտեցո՞ւմ է… Ես՝ իմ Երևանով-ապրածով, իրենք՝ Կարինեն, Նինան, նրանց ձեռքը բռնած Դավիթ Բլեյանը, նրանց ուղեկցությամբ՝ մեր Թբիլիսիի գործընկերները… մեր «Անտիվիրուս Կոմիտաս» հավաքը… հաշտեցո՞ւմ է… սերունդների…
Ձյունն իր հեքիաթն է պատմում Հարավում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:
«1957թ-ին Թբիլիսիից տեղափոխվեցինք Երեւան ու սկսեցինք ապրել Կասկադում: Այստեղ ընդհանրապես փողոցներ չկային, ողջ տարածքը պտղատու այգիներ էին, որոնք սփռվում էին մինչեւ Բաղրամյան պողոտան…. Ներկայիս Կասկադի տեղում մեծ սար էր՝ ծառերով և արահետներով… (մամա ջա՜ն, ես քայլել եմ այդ արահետներով, նրանք այնքա՜ն վառ են, կենդանի, ինչպես այս ձյունոտ օրը)… Ձմռանն իսկական տոն էր տիրում, երեխաները՝ այդ թվում և ես, այդ երկար բարձունքից սահնակով իջնում էինք»…
Կասկադում երեկ ձյունե հեքիաթ էր, այո, շնորհիվ ամանորի պարգև փափուկ-ճերմակ-անընդհատ ձյունի՝ ձյունե հեքիաթ, բայց Կասկադում, ձյունը հանած, մահ էր, տխուր, անկյանք, սահնակով ու երեխան գրկած, երեխայի կամ իրար ձեռք բռնած պատանիների երիտասարդների-զույգերի քայլք չկար… Լքված էր Ջիմ Թորոսյանի երազա՞ծ-ավերած Կասկադը, կենդանին միայն ձյունն էր, իմ՝ հիշողություն Երևանի պատումը սեբաստացի ընկերներիս… Երբ կարդացի Կասկադի ճարտարապետ Ասլան Մխիթարյանի տողերը, պատումն իմ ընդհատվեց…
«Համալիրը» կառուցվել է «տրավերտին» տեսակի սպիտակ քարից: Միայն այս քարի տեսակն էր հնարավոր բերել այսքան մեծ չափերի շինարարության համար: Բացի դրանից, սպիտակ գույնը շատ լավն էր համարվում կանաչ տարածության և երկնքի գույնի հետ»…
Կանաչ տարածքը ջնջխվեց, Ասլան, մնացել է բաց երկինքը… Ձեռքներդ թե հասավ, սա էլ պրծում չունի… Լսեք Երևան սպանած, մեր քաղաքը մեզնից խլած ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանին…
«….մարդիկ մոտենում և ասում են, որ չեն պատկերացնում Երևանն առանց Կասկադի»…
Հյուսիսային դպրոցի հեքիաթային ձմեռը:
Փաստ է, որ Գաֆեսճյան ընտանիքը փրկեց «Կասկադ» խորհրդային զառանցանքը՝ բերելով այն գոնե այսօրվա վիճակին… Փաստ է, որ Կասկադը՝ իր հանցավոր ամբողջական մտահղացմամբ, չավարտվեց ոչ միայն խորհրդային շրջանում՝ 1974-1990 թթ, այլև մեր անկախության 25 տարում… Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան հարթակից հետո մի մեծ սև խոռոչ է, որ շատ նման է մեր անհեռանկար ներկային… Փաստ է, որ իմ ներառումը իմ աղջիկների-Դավթի Երևանին չի կայանա… Ես ապրում եմ՝ որտեղ գործում-աշխատում եմ՝ կրթահամալիրի Բանգլադեշում… Ցավոտ օր էր: Կարդացեք անպայման այս ուսումնասիրությունը մինչև վերջ…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 866