Մոբիլ չլինել ես չեմ կարող, հատկապես հիմա, երբ մի ամիս ևս, ու կսկսեմ ինձ հատկացված աշխարհիկ կյանքի հաջորդ 60 տարին…

Առտու 5-7-ին իմ օրագրի ու համացանցի առաջ եմ, 8-ին՝ հեծանվի վրա, Խանջյան-Վերնիսաժից Բանգլադեշ-Մեդիակենտրոն ճանապարհն անցնում եմ ավելի ու ավելի թեթև-խաղալով՝ ցուցադրելով ազգիս սիրասուն իմ թառլան նժույգի ողջ հմայքը… Այս անգամ ռեկորդային 22 րոպեում կտրեցի իմ ճանապարհը՝ Սեբաստիա փողոցն անցնելով Ծովակալ Իսակովից մինչև Րաֆֆու խաչմերուկ… Ճանապարհին անցա Բեյրութի փողոցի (Իտալական փողոցին զուգահեռ փողոցը, որ Շահումյանի հրապարակը կապում է Գրիգոր Լուսավորչի փողոցին) հեծանվուղիով, նոր գծած սպիտակ հեծանվանշաններով մինչև Գրիգոր Լուսավորիչ փողոց ու կանգնեցի… Ժպտացի… Հեծանվուղին ընդհատվում է… Ի՞նչ անեմ՝ իջնեմ, ե՞տ գնամ, սպասեմ, որ ուղին գծեն-հասցնե՞ն Բանգլադեշ… Այս ամենն ինձ հիշեցրեց մանկավարժությունից ինձ հայտնի դիլեման՝ խնդիրներով լի ներառո՞ւմ, թե՞ հոգատար մեկուսացում… Ես, իհարկե, կողմնակից եմ արտակարգ ընդունակություններով համարվող, թե հատուկ կարիքով մարդու իրական ու ամբողջական ներառմանը՝ իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ… Սովորական ու մեկ մարդկային կյանք է՝ իր ուսումնական, փողոցի, ընտանեկան բաղադրիչներով. այդպիսին է ստեղծված, կա, կլինի մեր սեբաստացիների աշխարհը… ու մեկն է մարդը՝ ոտավոր, թե անվավոր… հետիոտն, թե մեքենայով կամ հեծանվով… Հատուկ ուղինե՞ր, ընդգծված-պաշտպանված՝ հեծանվավորի համար. պաշտպանված ումի՞ց, ոտավոր մարդո՞ւց, մեքենայով մարդո՞ւց, ես չեմ հավատում. դա խաղ է, անլուրջ մոտեցում, մեկուսացում՝ հեծանվով մարդու հարուցած խնդիրներից… Իրականում հեծանվավոր մարդու հայտնությունը՝ բոլոր տարիքներում ու ամենուր՝ պարտեզում, բակում, փողոցում, պիտի փոխի մեր հարաբերությունները, մենք պիտի դառնանք շատ ավելի օրինապահ, իհարկե, որպես երթևեկող, բայց և զիջող-ընդառաջող, օգնող… Ժպտացեք և օգնեք հեծանվավոր մարդուն… Ես ձեզնից մեկն եմ՝ ձեր լավագույն բարեկամը, ձեր երեխաների կրթության կազմակերպիչը, ես բացում եմ ձեր ու ձեր երեխաների ճանապարհը դեպի ներառական կյանք՝ ներառական դարձնելով հասարակությունը յուրաքանչյուրիս համար…

Սեբաստացիների հերթական արշավախումբը Մեղրաձորի ճամբարում է:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի:

Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակից Մեղրաձորի դաշտային ճամբար եմ ճանապարհում արշավականների հերթական հերթափոխին՝ Գնել Հարությունյանի ու Հռիփսիմե Առաքելյանի պատասխանատվությամբ… Իսկ երեկոյան ընդունում էինք Կարինե Պետրոսյանի, Նաիրա Հարությունյանի արշավախմբային ճամբարից վերադարձողներին… Գոհ են յուրաքանչյուրը և բոլորը՝ արշավական տարատարիք սովորող, ուսուցիչ թե ծնող. ավանդական դարձող արշավախմբային դաշտային ուսումնահայրենագիտական ճամբար 2015-ը Մեղրաձորում կայացավ…

Իսկ Վահրամ Թոքմաջյանի, Սուսան Մարկոսյանի հետ Մեդիակենտրոնում մենք գործնական խոսակցություն ենք ծավալում 2015-2016 ուստարվա հոկտեմբերյան ուսումնական արձակուրդի «Շիրակ» ազգագրական արշավախմբի նախապատրաստական աշխատանքի մասին…

Մեր պահապան-փախստական շունը գտնվեց, և ես չէի կարող չայցելել նրան իր նորակառույց բնում. Սոնա Փափազյանն ու մեր սեբաստացի Ռոքսին իրար դիմավորում են հին ծանոթների պես… ի՜նչ վարպետ է Սոնան շփվում… Մեր տանը երբեք ընտանի կենդանի՝ շուն-կատու-թութակ… չի եղել, ո՛չ բակով մեծ հայրական տանը, ո՛չ իմ նախկին, ներկա բնակարաններում… Չնայած ներկա բնակարանի ընդարձակ պարտեզ-պատշգամբը գայթակղիչ է նման նախագծի համար… Մեր շրջակա աշխարհի էակներ են, օրինական իրավունքներով, և՛ չորքոտանիներն ընտանի, և՛ թևավորները… Հանրակրթությունը չի կարող ներառական չլինել, ինչպես և հասարակական կյանքը՝ մարդու՝ իր անհատական կյանքի անձեռնմխելության ընդունմամբ հանդերձ…

Վանաձորն այսօր… Ավագ դպրոցի սովորող Նարե Ղալամքարյանի օբյեկտիվից:

Մենք պատրաստվում ենք մեր մանկավարժական դասարանի բոլոր 20 տարիների (1995-ից սկսած) շրջանավարտների անդրանիկ հավաքին։ Ես սա տեսա երեկվա իմ շրջայցի ընթացքում մեր կրտսեր դպրոց-պարտեզներում, մեր քոլեջում… ամենուր մեր քոլեջ-մանկավարժական ուսումնարանով անցած դաստիարակ-կազմակերպիչներն են՝ ոգևորված ընտանիքի թե նախակրթարանի համար պատրաստության գործի ծավալման-նորացման վճռականությունից, իրենց ներդրումն ունենալու, իրենց շնորհակալությունն այսպիսով բերելու հնարավորությունից… Հավաքը կկայանա, սիրելի շրջանավարտներ, դասավանդողներ, հետաքրքրվածներ, քոլեջում 2015-ի օգոստոսի 19-ին, 20-ին… Եվ լավ է, որ մեր մանկավարժականի հիմնադիրներից Մարիետ Սիմոնյանը, Իզմիրով թարմացած, ստանձնել է այս գործի, այս հավաքի համակարգումը… Հետևեˊք իմ օրագրին, mskh.am-ին… Լրացրե՛ք հավաքի մասնակցի՝ մանկավարժական քոլեջի (ուսամնարանի դասարանի) շրջանավարտի թերթիկն ու փոխանցեք … Լավ է, որ քոլեջի՝ դաստիարակի պատրաստության ներկայի, նրա 2015-2016 ուստարվա հիմնական անհանգստությունը, ինչպես Գեղարվեստում Արմինե Թոփչյանը, Կարինե Բաբուջյանն ու Կարինե Մամիկոնյանն էին ասում, ուսուցիչների ուսուցիչներին է վերաբերում… Ավելի կոնկրետ՝ նրանք իրենց կրթության հաջողությունը կապում են Մարիետ Սիմոնյանի, տիար Գևորգի, Սուսան Մարկոսյանի… երախտահիշատակ Ռուդիկ ՀարոյանիԱնահիտ Արնաուդյանի, Արուսյակ Սահակյանի, Անի Գևորգյանի, Ռոբերտ Հովսեփյանի,  Գայանե Բեդիրյանի հետ… Կրթահամալիրը 2015-2016 ուստարում դաստիարակի պատրաստության ծրագրում կներկայանա իր մարդկային-նյութական-կազմակերպական ողջ հզորությամբ… Դուք արդեն հավաքին կտեսնեք 20 տարեկան մեր Մանկավարժականը՝ թարմ ու գրավիչ, հաստատուն, խելացի, ինքնավստահ…

Հիմնական դպրոցի նախակրթարանի սաների առօրյան: Լուսանկարները՝ Լիլիթ Առաքելյանի:

#411

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ խաղաղված-արդար հնչի իմ խոսքը՝ որպես Տիարի…

Ուժեղ անձրևը՝ տեղատարափը, այդպես էլ չթողեց գիշերվա ժամը 4-ից իմ օրվա պատումը՝ բնական մի բան արդեն իմ կյանքում, սկսել… mskh.am-ը, հինգ տարեկանները հատկապես, նախակրթարանը սեբաստացիական՝ իր մարզական-հետաքրքիր-հմայիչ դաստիարակներով-միջավայրով, դպրոց-պարտեզները մեր

Ժամանակի խնայում և ջանքերի կենտրոնացում. անվտանգության իմ նոր բանաձևը

Մարսել Պրուստի «Կորած ժամանակի փնտրտուքի մեջ» գրքերի շարքին հանդիպե՞լ եք, նստել-թերթել ե՞ք… Իմ ամենաընթերցողի 1999-2001թ.թ. շրջանում, թվում է, ամեն ինչ կարդացի այս մեծ ֆրանսիացի մտածողի մասին… սպասելով այս շարքին… Չեղավ…

Վաղուց հանրաքվե չենք արել. ինչո՞ւ։ Սրա մասին է իմ գիրը

Իմ օրագրի հարգելի ընթերցողը հարցնում է՝ ի՞նչ գործողություն է հետևելու ՀՀ քաղաքացի Աշոտ Բլեյանի նոյեմբերի 28-իհայտարարությանը։ Նախ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, որ կարդացին-տարածեցին, այդ թվում՝ «Լրագիր.ամ»-ին։ Ես, գիտեք, գործում-չեմ գործում