Դավիթ Բլեյանին ամեն ինչ հետաքրքիր է. լողարանային մեր զրույցներից առաջ,  հետո ու ընթացքում, առավոտյան ճոճվելիս հարցեր ու հարցեր…
– Ինչի՞ համար են ականջները…
– Ինչո՞ւ մարդը երկու ականջ ունի…
– Ինչպե՞ս է մարդը լսում ականջով…
– Ինչո՞ւ ականջների ծակով ջուրը չի լցվում գնում… Որ ջուրը լցվի, հետո ի՞նչ կլինի… Ո՞նց ջուրը դուրս կգա… Ո՞ւր է գնում ջուրը…
– Ինչո՞ւ են ականջներից օղեր կախում…
– Ինչքա՞ն են մեծանում ականջները… Երբ ես մեծանամ, ի՞նչ կդառնան իմ ականջները…
– Որ ականջները փակում են, ինչպե՞ս են լսում…
– Որ սուզվում եմ ջրի մեջ, ես լսո՞ւմ եմ, հայրիկ…
– Փոքրերը լսո՞ւմ են… Որ լսում են, ինչո՞ւ են լաց լինում՝ մամա՜, մամա՜… Ընկեր Գոհարը բան է ասում, չէ՞, բայց ինքը՝ մամա, մամա, չէ՞…
– Ես փոքր ժամանակ, որ լաց էի լինում, ի՞նչ էի ասում…

Բոլոր բազմակետերը իմ պատասխաններն են։ Հաշվեցի՞ք՝ քանի րոպե ենք մենք զրուցել, այս անգամ լողարանում։ Տեսագրես ու ուղիղ եթեր տաս…

Ես, Արմինեն չենք հոգնում Դավթի հարցերի անվերջանալիությունից. շատ հաճախ չգիտես էլ՝ ինչ պատասխանես, չնայած ինքն ուշադիր լսում է. երևի կարևոր էլ չեն պատասխանները… Կարևորը հարցաստեղծման-հարցառաջացման-հարցախթանման փոխադարձ հետաքրքրվածության միջավայրի պահպանությունն են. լսում ես անշտապ-խաղաղ, մինչև վերջ, ու անշտապ-խաղաղ, ինչպես կարող ես, պատասխանում ես… Մեր դեպքում Ռոդարին իր բստրելու զինանոցով հասնում է օգնության, երբ փակուղում ենք, երբ ելք է պետք… Ամեն օր Դավթի հետ թևակոխում ենք ռոդարիական նոր շրջան՝ իրականության այլափոխման, ոչ այնքան դռան, որքան օդանցքի գործածության… ի՞նչ կլիներ, եթե… Նորից իմ սեղանին է Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականությունը»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեծացել է Դավիթ Բլեյանը

Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր,

Կրթության մասին ՀՀ օրենքով

— Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում,- Դավիթ Բլեյանն է հարցնում իր մայրիկին, ինքն իրեն… Հետաքրքիր է, չէ՞, ինքն ամենուր է մեր կրթահամալիրում ու ամեն տեղ ինձ հանդիպում է երեխաներով-ուսուցիչներով շրջապատված,

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք