Արտակարգ, թարս իրավիճակ է իմ օրագրում. Դավիթ Բլեյանն էլի համարյա ինձ հետ է արթնանում՝ գիշերը 3.00-3.30-ի արանքում, երբ ես համակարգչի առաջ նոր-նոր եմ սկսում իմ առօրյա գիշերային աշխատանքը…
— Արի միասին կայքը նայենք, տեսնեմ՝ ինչ են անում Մայր դպրոցի կուկուները…
Մայր դպրոցը հավաքական անունն է կրթահամալիրի…
Սիրով նայում ենք… Կրթահամալիրի ողջ գործունեությունը հետաքրքիր է Դավթին: Օրապատումս այսպես որ շարունակվի, պիտի դառնա իմ ու Դավթի գիշերվա գործունեության մասին:

— Դավիթ,- ասում եմ,- գիշերը քնելու համար է, տե՛ս, մութ է:
Մենք շրջում ենք բնակարանով մեկ, նայում գիշերվա անթափանց մութին…
— Գիշերն աշխատելու համար է, հայրիկ…,- քմծիծաղում է…
Ես օգնության կարիք ունեմ. SOS եմ հնչեցնում…
— Դավիթ, այսպես չի լինի,- բողոքում է սենյակ մտած քնահարամ Արմինե մայրիկը,- ի՞նչ անենք:
— Դու սո՛ւրճ խմի…
Հիմա հյուրասենյակում Դավիթն ու Արմինեն թեյ ու սուրճ են խմում, հետո սկսում միասին գիրք կարդալ. Մարի Գաբանյան ջան, գիշերային ընթերցանություն է… Ես հնարավորություն եմ ստանում, վերջապես (ժամը 5-ն է), սկսելու իմ օրապատումը…

Երևանում ուրիշ ի՞նչ կրթական հաստատություն կարող է հընթացս մուտք գործել ֆրանսիական «Paris match» շաբաթաթերթի խմբագրակազմը՝ հայտնի Ռուբեն Տեր-Մինասյանի թոռան՝ Վահե Տեր-Մինասյանի ու թարգմանչի ուղեկցությամբ, աշխատանքային օրվա վերջում, ազատ շրջել հաստատությունում, իրենց ընտրությամբ զրուցել սովորողի և ուսուցչի հետ՝ առանց տնօրենի ներկայության… Ես, Գրիգոր Խաչատրյանը, առանց իրար հետ պայամանավորվելու, այդպես էլ ուզում ենք. թող Հայոց ցեղասպանության շուրջ մեկ ժամ տևած զրույցը լինի առանց վարչական որևէ միջամտության, անկաշկանդ: Իսկ ես ուղեկցում էի մյուս ֆրանսիացիներին՝ սեբաստացիների ապրող-ստեղծող կրթահամալիրի Գեղարվեստի ավագ ու կրտսեր դպրոցների կենդանի աշխարհը ցույց տալու համար. առիթ է՝ օտարի հետ, օտար հայացքով նայելու սեբաստացիական մեր նիստուկացին՝ սկսած 2-5 տարեկանների քնից, 6-10 տարեկանների երկարօրյայից, ավարտած Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, գծանկարի արվեստանոցներում պատանիների կլանված գործով…

Ծիրանենի, սալորենի, տանձենի, խնձորենի. 22 պտղատու նոր ծառ՝ Գեղարվեստի դպրոցում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Իսկ Գեղարվեստի վարչակազմը, կարծես ոչինչ չի եղել, ճարտարապետների հետ քննարկում-ներկայացնում է «Դպրոցն անիվների վրա» նախաձեռնության մանկավարժական պատվերը, պատրաստվում Գյումրիի «Ստիլ» ցուցասրահում ապրիլ 22-ի «Կամք առ կամք» ցուցահանդեսին, երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի հետ՝  ապրիլի 22-ի ծառի օրվան… ամփոփում մաթեմատիկական ֆլեշմոբի արդյունքները… Շշմելու Գեղարվեստ ունենք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք:

Երկար ժամանակ Հայաստանն ասոցացվում էր Սպիտակի երկրաշարժի և նրա բերած թշվառության հետ, գումարած Արցախյան շարժման ու պատերազմի հումանիտար աղետները՝ բռնություն-վայրենություններ, մասսայական սպանություններ ու բռնագաղթ, ԽՍՀՄ փլուզման, երկարատև շրջափակման-պատերազմի հետևանքները, հիմա էլ՝ հայ-ադրբեջանական սաստկացող հակամարտությունն ու հայ-թուրքական լայնածավալ առճակատումը, մութ պատմության ու ներկայի շիլաշփոթը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ծավալվող իրադարձությունների ծրագրով… Ֆրանսիայի պատվիրակները տեսան ուրիշ՝ Նոր Հայաստան, որ, այո՛, զարմացրեց-հիացրեց…

Ապրիլի 22. Ծառի միջազգային օրը կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Խորհրդային Հայաստանում, հատկապես 1965-ից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացումով և Հայոց եղեռնի 50-ամյա տարելիցի առիթով, ազգայնական-անկախական ձգտումների աշխուժացումը, ապրիլի 24-ը՝ որպես հայոց միավորող խորհուրդ, հասկանալի էին: Անկախություն չունեցող ժողովուրդը, որ Հայաստանում իր դպրոցով, որի ծրագրի տերը չէր, գիտնականով, գրողով, որ կենտրոնի գրաքննության կապանքների մեջ էին, անկախ պետականության վերականգնման երազով օգտագործում էր այս Հայաստան-սփյուռք համախմբող իրադարձությունը… Մեկը՝ ես, և՛ ուսանողական տարիների իմ ընկերների հետ, և՛ դպրոցում՝ 1979-ից սկսած, բազում-մարդաշատ հավաքների նախաձեռնող-մասնակից էի… Ապրիլի 24-ի խորհուրդն օրինականացված չէր, անգամ արգելված էր, օրը՝ աշխատանքային. դա տեղ էր բացում հերոսանալու-ընդհատակից դուրս գալու, ընտանիքում-փսփսոցով պահվող ազգային պատմությունը հրապարակ բերելու, ցավի-անարդարության-պահանջի-երազի մասին բարձրաձայնելու… Համ էլ կարելի էր խմբով-դասարանով խիզախել, դպրոց-բուհ-աշխատանք լքել, երթ կազմակերպել, փողոց դուրս գալ՝ ռեժիմը սասանելու, նյարդայնացնելու, ելույթներ ունենալու, ինքնադրսևորվելու… թռուցիկ տպելու-տարածելու… Սա անվանենք ոչ պետական շրջանի գործելաձև: 1988-ի արցախյան թափ առած ազգային շարժման ճնշման տակ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունեց «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը։ Մեջ եմ բերում. «Դատապարտելով 1915 թվականին օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանության գոհերի հիշատակի օր». ապիլի 24-ը ոչ աշխատանքային օր դարձավ։ 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի միաձայն ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց պետականության շրջանի մեկնարկը, պետական ազգի վարքի սահման և ոչ պետական շրջանի ավանդույթի հաղթահարում պարտադրեց:

Ապրիլի 22. դասավանդողների միասնական մաթեմատիկական ֆլեշմոբ:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Հիմա, 25 տարի անց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով է աշխատատում, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր է ընդունում,  ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարություն

Ինչպե՞ս կարճ, օրագրային դարձնեմ այս հարցը, որ պիտի արծարծեմ առաջիկա իմ գրերում… Հատկապես որ լրագրողական-ընթերցողական ճնշումն իմ ինձ վրա օր օրի մեծանում է… Ախր, որոշել էի խաղաղ անցկացնել, ամբողջությամբ տրվել ուսումնական երկրագործությանը, հեծանվով այլ ընթացք հաղորդել ապրիլյան իմ երթին, չնկատելու-չլսելու տալ 100-ամյակի կարգախոսներն ու միջոցառումները՝ մտածելով, որ հոբելյանական շղթա է, ինչպես այս անձրևը, կկտրվի, մարտը անցավ, ապրիլն էլ կանցնի… կենդանի կմնանք, ապրողներիս կյանքը իր իրավունքների մեջ կմտնի, ի վերջո կդառնա թելադրող… Ինձ, իմ օրագրին չի սազի-չի հաջողվի խուսափել ցեղասպանության թեմայի առօրյա արծարծումից, որքան էլ որ իմ 1in.am-ի, Հ3-ի, «Կենտրոն»-ի ելույթներով անդրադարձել եմ։ Հետևեք իմ օրագրին։

Ապրիլի 21. սովորողների միասնական մաթեմատիկական ֆլեշմոբ Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Անահիտ Բեկյանի:

ՀՀ Սփյուռի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ձնհալ է սկսվել, բոլոր անտարբերներն ուշքի են եկել» տեսանյութ-հարցազրույցում «Ապրիլի 25-ին ի՞նչ ենք անելու, երբ այս իրարանցումն ավարտվի» լրագրողի հարցին Հրանուշ Հակոբյանի պատասխանը մեջ եմ բերում . «Նախ ես կարծում եմ, որ ապրիլի 25-ին չի վերջանում, այլ սկսվում է մի նոր պայքար, որովհետև 100-րդ տարելիցն ընդամենը հանգրվան է մեր հետագա պայքարն ահագնացնելու համար։ Քանի որ Թուրքիան ցնցումների մեջ է, որտեղ չէին սպասում այսպիսի հակադարձումների։ Նրանց ոչ ճիշտ ու ոչ դիվանագիտական հայտարարություններն ավելի են բորբոքում կարևորագույն երկրներին, ու քաղաքակիրթ աշխարհը։ Մենք հայերս հասկացանք, որ ինչքան միավորվում ենք, մեր պայքարն այդքան հզորանում է։ Մենք պետք է շարունակենք պայքարն այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունն ու կզբաղվի հետևանքների վերացման հարցերով։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք և լռել այլևս չենք կարող, իսկ 100-րդ տարելիցի և անցնող երեք տարիների ընթացքում, որոնք նախապատրաստական տարիներ էին, կարծում եմ, մեծ փորձ կուտակվեց հետագա քաղաքական, գիտական, քարոզչական, հրատարակչական, կրթամշակութային պայքարը շարունակելու համար»։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի ավագ դպրոցներից մեկում  բաց դաս-մեկնարկում բարձր դասարանցիներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած համահայկական հռչակագիրը, ասել է. «Հռչակագիրն աննախադեպ, համահայկական, պատմական մի իրադարձություն է, որի մասին պետք է իմանան մեր երեխաները: Այն յուրահատուկ փաստաթուղթ է մի քանի պատճառներով. նախևառաջ, համահայկական է, իսկ մեր երկրի նորագույն պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ի վիճակի ենք եղել ստեղծել համազգային բնույթի, իղձերի, պահանջատիրության և նպատակների միաձուլման միասնական փաստաթուղթ: Երևի թե, կարող ենք զուգահեռ անցկացնել բացառապես Անկախության հռչակագրի հետ, որն իր պատմական բնույթով կարևորագույն, ճակատագրական փաստաթուղթ է, բայց համահայկական չէ»։

Սեբաստացիների կենդանի կյանքի իրական մեդիահաշվիչներ կան. mskh.am-ի օգտատերերի թիվը մոտեցավ 6500-ի, իմ բլոգինը՝ հատեց նորից 500-ի սահմանը… Մերը երկրագործի ուղիղ ճանապարհն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էլ ի՞նչ հանգիստ, եթե էժան-էքստրիմ ճամփորդություն չէ

Օգոստոսի 27-ն է՝ առտու 04.45, ես՝ իմ գրասեղան-համակարգչի առաջ, ու իմ պատումն է՝ որպես օրվա գիր… Ի՞նչ փոխեց իմ օրագիրը… Փոխեց: Իմ խոսքում հաճախ եմ գործածում՝ ես իմ օրագրում այդ

Տոն՝ Հրապարակի ուժով…

Վարչափոխության համազգային աղմուկը մարել է փողոցում մեր։  Իրիկուն է, Դավիթ Բլեյանի համար ես կարդում եմ բազմոցին։ Արմինեն հիշեցնում է, որ Դավիթը սկսել է քնից առաջ ընթերցանությունը նախընտրել Մոցարտ-Բախի ունկնդրումից․․․ Ջանի

Ինքնացնցումով առաջացող-ծավալվող կրթական ցանցին մեր միացեք…

Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա