Երևանյան քննչական մեկուսարանը և հիվանդանոցը բանտի են նման՝ յուրահատուկ հոտով գաղջ (չօդափոխվող), երկա՜ր ձգվող միջանցք՝ ձախ ու աջ կողմերում՝ դռներով խուլ, խցերով… Պառկի, հիվանդ ես, կալանավոր ես, պառկի-նստի-ընդունի…
— Մենակ թե շուտ դուրս գամ այստեղից…,- հեռանկարով-սպասումով-պայմանով… կալանավոր, թե հիվանդ, մեկ է:
Կալանավորն էլ հիվանդի նման ինքն իր վրա կենտրոնացած՝ ինքն ու իր հիվանդությունը, քրեական գործը, ավելի ճիշտ, սրանց մասին պատմությունը… Ժամերով, օրերով, տարիներով կխոսեն… Սա կյա՞նք է, բուժո՞ւմ, թե՞ պատժի-սպանության միջոց… Ինձ մտահոգողը հիմա ո՛չ բժիշկ-սպասարկող անձնակազմի որակն է, ո՛չ էլ՝ դեղերի, նույնը, իհարկե, արդարադատության մասով, այլ միջավայրը՝ ներսով-դրսով այլ ազդեցությամբ, կազմակերպմամբ…
— Դու քո մասին մտածի, կարևորը քո հիվանդությունն է (ազատությունը). դու մենակ դուրս արի՝ մենք կդիմանանք…
Ազդեցությունները, միջամտությունները, գործողությունները, դեղ ընդունելը՝ մի կողմ… Ո՞նց անենք, կազմակերպումը-միջավայրը ո՞նց փոխենք այս հաստատությունների, որ դառնան ներառական, թերապևտիկ-առողջացնող-ապրեցնող. հիվանդ-կալանավոր շարունակեն ապրել իրենց կյանքը՝ իրացնելով պատասխանատվությունը՝ գործի-հարազատների նկատմամբ, որ առողջ լինեն ու ազատ գործեն… Հիվանդանոցում թե բերդում, մի կյանք չէ՞, ու մի հասարակություն… Այսպիսի մտորումներով երեկոյան ուշ դուրս եկա իմ հարազատի հիվանդասենյակից։

Շրջանավարտների և առաջին դասարանցիների տոնական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում:

Դավիթ Բլեյանին ո՞նց համոզես, որ ժամը 9-ին մայրիկ-վարորդի հետ իջնի, մեքենան գիշերային կայանատեղիում կանգնեցնի… Ժամը 6-ի մոտերը մեր շենքին մեքենայով մոտենալ չի լինում, գժանո՜ց, Արմինեն էլ թողնում է՝ որտեղ մի թիզ տեղ ճարում է…
— Դավիթ, տղան պիտի մայրիկի կողքին լինի, հո մենակ ծիծ ուտելը չի՜, ո՞վ մայրիկին կօգնի, ես էլ վաղը-մյուս օրը չեմ լինի…
Չի ազդում.
— Հոգնած եմ… Երկուսդ էլ սխալ եք…
Ու պատմում է բարակ-երկար՝ իր բազմազբաղ օրվա մասին… Ես խոժոռում եմ հայացքս.
— Դավի՛թ, ինչե՜ր եմ լսում…
— Մեքենան թող մնա իր տեղում՝ լավ էլ տեղ է, ի՜նչ է անընդհատ փոխում, հո գնդա՞կ չի…
— Նոթբուքս է մեքենայի մեջ, հո չե՞մ կարող գիշերը թողնել, բա որ տանե՜ն իմ թանկարժեք գործիքը, իմ բոլոր նյութերը, ամառային նախագծերը մեջն են… կմեռնե՜մ…

Շրաջանավարտների վերջին պարապմունքները:

Չի գնում տղան։
— Ադրիանայի ծամակալն էլ է մեքենայիս մեջ, Դավիթ…
— Ես ո՞նց թողնեմ… Չե՛մ թողնի,- ու… տեղից վճռական վեր է կենում, քայլում դեպի դուռը…
Խորոտիկ, նոր, կարմիր ծամակալ… Այսօր են մտել խանութ։ Դավիթը հինգ հատ ծիրան է վերցրել… Ծիրան է ուզում, չի սպասում՝ հասնի, գինն էլ թունավոր չլինի, երեք հազար դրամանոց… Ուզում է, վերցնում է… Ու Ադրիանային՝ այս ծամակալը…
Մի ժամ խոսում է Ադրիանայի մասին. էլ ի՞նչ հոգնություն, քուն, անհավեսություն, բողոքներ…
— Էսքա՜ն էլ հոր նմա՞ն… Դավի՜թ, արի… Ադրիանայի հետ արի՜ քնելու,- կանչում-տանում է Արմինե մայրիկը…
Դավիթը՝ չգիտեմ, ես քնած եմ… վաղուց… Հիվանդանոցում են բանտարկված մնացել իմ մտքերը, տրամադրությունը, ուժը… Ինչպե՞ս զորանոցը-բերդը-հիվանդանոցը կյանքի բերել, ապրումի-ստեղծումի նախագծերով մարդկանց՝ կրտսերների-ավագների իրագործման… Մեր հյուրասենյակի սեղանին Ադրիանայի ծամակալն է կարմիր… Սրա շուրջ իրադարձություններն այսօր խմբում կզարգանան։

Կրթահամալիրի տնօրենի աշխատանքային շրջայց Դպրոց-պարտեզ, տնտեսություն:

Ինչո՞վ են գալիս այսօր, վաղը-մյուս օրը, մայիսի 30-ին, ողջ հունիս ինչով են գալու, մեր տարատարիք սովորողները-ուսուցիչները… Շրջանավարտները՝ մի կո՞ղմ: Ախր, ինչո՞ւ… Վերջին զա՞նգ, թե՞ տոնախմբություն-ցնծություն-քննություններ… Ի՞նչ են խանգարում քննությունները։ Քոլեջի Ավագ դպրոցի շրջանավարտների մի խումբ արդեն եկել է կրթահամալիրի կենտրոն՝ ամառային նախագծերով… Քոլեջի տղաների տասը հոգիանոց շինարարական ջոկատը կառուցման նախագծի եռուզեռի մեջ էր, երբ այսօր քննական շրջանի առաջին օրն է… Ինչպես հինգ-վեց տարեկանները լողի են պատրաստվում, Ռոքսիի քոթոթին կերակրելու, մենք «Նարեկ» երգչախմբին էինք լսում… Ես ուշադիր, խումբ առ խումբ, դասարան առ դասարան նայում եմ մայիսի 24-ի, 25-ի հաճախման հաշվառումը… Լավ կլիներ՝ այդպիսի հաշվառում անցկացվեր հանրապետությունով մեկ… Ամեն ինչ ակնհայտ է. զանգը հնչել է վաղուց… անգիրի դպրոցի. քննական կենտրոնի ու կյանքի դպրոցի միջև մենք անդառնալիորեն ընտրել ենք ստեղծումի-ապրումի անհատական խմբերով ուսուցումը… Ու գնում ենք այդ ճամփով… Բարձունքների նվաճումը կլցնի մեր՝ մայիսի 30-ից մեկնարկող ճամբարների չորրորդ, հինգերորդ, վեցերորդ օրերը… Ճամբարի երրորդ օրն էլ՝ հունիսի 1-ը, հայտնի է, որոշված… Վաղվա գրում՝ ճամբարների առաջին, երկրորդ օրվա մասին…

Կրթահամալիրի տնօրենի աշխատանքային շրջայց Հիմնական դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ-Գեղարվեստի դպրոց:

Օրագրի ընթերցարան

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 683

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկուշաբթի առավոտը Մարմարյա սրահում

Երկուշաբթի առավոտը Մարմարյա սրահում… Երջանկությունից լուսավառվող, ինչպես պարզ լամպ, ավելի խորոտ ու ինքնավստահ Գոհար Բալջյանով Մարմարյա սրահը՝ լեցուն սեբաստացի ուսուցիչներով, ինչպես եկեղեցու ընդարձակ սրահ, աղոթատեղի, ծիսական. Խաչատուր Աբովյանն  այսպիսի առավոտ

Զոռով ապրելու դեմ է իմ գիրը… Ասա՝ լսեմ…

Առտու 5-ից շուտ հիմա չի գրվում… Լույսը չբացվի՞, որ տեսնես՝ ինչ է կատարվում՝ կա՞ աշխարհը, ի՞նչ տեսք ունի գիշերից հետո… Առանց տեսնելու ի՞նչ գրես, ո՞ւմ համար… Ամենօրյա գիրը զոռի բան

Հայաստանյան մեդիան

Հայաստանյան մեդիան` իր ԶԼՄ-ներով, TV-ով, ռադիով, թվային միջոցներով ու թվային ինտերակտիվ միջավայրով, զրկում է մեր քաղաքացուն անհաղորդ-պասիվ-անպատասխանատու կեցվածքի մահանայից… Լավ է, որ կա ինտերնետ աշխարհը՝ հասանելի Հայաստանով մեկ, կա «Ազատություն»