Օրն իմ ավարտվում է բնապահպանական պահքով. NatGeoWild-ում՝ Վայրի բնության աշխարհում, կեսգիշերին մոտ, Դավիթ Բլեյանի հետ անվտանգ ու հիմնավոր ճանաչում ենք մամբա օձին… Դավիթը մեզ բաց չի թողնում. հարցեր ունի անվերջ, ինքն իրեն, ինքնաստեղծ, այնքա՜ն ու այնպես, որ Արմինե մայրիկը մի խնդրանք ունի որպես ինքնապաշտպանություն.
— Էլ հարցեր մի՛ տուր, կեսգիշերին նորմալ մարդիկ քնում են… ի՞նչ հարց, ա՛յ հրեշ…
Արմինեն փետրվարի 1-ին, ֆիզիկական միջավայրում պարապմունքներին սպասում է՝ որպես փրկություն…

Օրն իմ սկսում եմ առտու 04-ին՝ երաժշտության պահքով. Աիդա Պետրոսյանի սիրալիր մատուցմամբ՝ դաշնամուրային երաժշտության աշխարհում եմ… Ինձ համար նոր հայտնիներ ու ստեղծագործություններ… Շնորհակալ եմ, Տիկին:

Իսկը պահն է՝ այսպիսի պահքով Իզմիր 2016-ի՝ միջազգային տիեզերագիտական ճամբարի՝ կրթահամալիրի ջոկատի ղեկավարների անունները հրապարակելու. կրթահամալիրի քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանն ու դասավանդող Անահիտ Մելքոնյանը թող ղեկավարեն այս ամենամյա՝ թվով 6-րդ նախագիծը: Լուսինե Բուշ, շնորհակալ եմ աջակցության համար… այսպիսի օգնականներով… տիեզերք կնվաճես:

Մանդարինախաղ:
Լուսանկարները`Արմինե Աբրահամյանի:

«Տիեզերք» խմբի մեր սքանչելի տրիոյին՝ Լուսինե Գալստյանին, Աստղիկ Մամիկոնյանին ու Էլիզա Բաղդիյանին, երեք խնդրանք ունեմ՝ «Տիեզերք»-ի ձայնասկավառակը հասցնել-ներկայացնել հանրակրթական դիջիթեքին, փետրվարի 19-ին ստուգատեսային մեդիաուրբաթ համերգին ելույթ ունենալ նորացված, իսկը համերգային Մարմարյա սրահում և կրթական պարտեզի «Համերգային էստրադա» նախագիծը իրականացնել դեպի տիեզերք ձեր 2016-ի ճանապարհին… Շնորհակալ եմ, քույրիկներ…

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի 2016-ի մեկնարկը՝ հունվարյան պարապմունքներն անընդհատ, որպես բռնկում-բոցավառություն եմ ընդունում ուժեղացող ցրտերում: Շնորհակալ եմ, քույրեր ու եղբայր Հարություն Թոփիկյան:

Պահքի յուրահատուկ շրջան էր և mskh.am-ում երեկվա-այսօրվա, գիշերվա-առավոտվա անցկացրածը… Կրթահամալիրի Ավագ դպրոցի Սոնա Կիրակոսյանը, Ֆրեդ և Գոհար Սահակյանները, Սուրեն Կարապետյանը, Հռիփսիմե Մելիքյանը, Նունե Մովսիսյանն իրենց պարզ-շիտակ-սրտացավ ուսումնասիրություններով…

Սեբաստացիները փորձարկում են նոր դահուկներն ու սահնակները:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:

Գեղարվեստի կրտսեր դպրոցի Դավիթ Մարտիրոսյանն ու Հիմնական դպրոցի Եկատերինա Մինասյանն իմ պահքը վայելքի հասցրին… Դավիթ Մարտիրոսյանի բնագիտատեխնիկական բաց ստուգատեսին՝ իր «ընտանի ռոբոտի» ներկայացումը նայել եմ բռավոներով՝ ուղղված Դավթին ու իր մայրիկին, ընտանիքին, ստուգատեսի կազմակերպիչ՝ Գնել Հարությունյանին: Կրթահամալիրի կրտսեր ու միջին դպրոցներում հետևողական իրականացվող մաթեմատիկական, բնագիտատեխնիկական, դիզայն-կերպարվեստի գործունեության մարդկայնացումը ամբողջովին միջավայր են ապահովում տեխնոլոգիական հանրակրթության համար… տանը, թե կրթահամալիրում… Շատ կարևոր է ընտանիքի, սովորողի տնային գործունեությունը՝ հենց տեխնոլոգիական կրթության կիսատությունը հաղթահարելու: Անգիրի դպրոցը առանց ընտանիքի վերաբերմունքը փոխելու, առանց ընտանեկան աջակցության,  առանց սովորողի տնային գործունեության նոր կազմակերպման, անհաղթահարելի է «խորքին մեջ»՝ կասի արևմտահայը… Եվ լավ է, որ բնագիտատեխնիկական ստուգատեսն ստանում է առցանց ընտանեկան ուսուցման այսպիսի աջակցություն… Տեսե՜ք, Մարտիրոսյանների այս ընտանիքը ստուգատեսին իր մասնակցության պատմությունն ունի, այնպես որ հեշտ է տեսնել ոչ միայն ստուգատեսի զարգացումը, այլև ընտանիքի, դպրոցի, ստուգատեսի հերոսի՝ մասնակից սովորողի աճը գրանցել… Ի՜նչ ուժի աղբյուր է ոգևորվածությունը, որ ես այս ֆիլմով ստացա, Արմինե Թոփչյան, Գնել Հարությունյան, Դավիթ ու ընտանիք. բռավո՜…

Ձմեռային մայրամուտ:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի, Անի Սարգսյանի:

Դավիթը կենդանական աշխարհի երկու բաժանում ունի՝ վայրի-ընտանի… Պիտի անպայման ճշտի, որ կենդանին ինչու է վայրի. ինչո՛ւ չի կարող մարդկանց հետ ապրել… Հայտնաբերեց իր հետաքրքրությամբ, որ վայրիացած (վայրիացա՞ծ, թե՞ վայրենացած, պապ…)  ձիեր կան, որ կան քարայծեր՝ վայրի այծեր, և ընտանի կենդանի այծեր՝ մանկության իր սիրելի ուլիկներով… Կան վարազներ՝ վայրի խոզեր… Հիմա էլ այս բաժանումը սկսել է տարածել իրերի աշխարհի վրա… Տան կոշիկներին՝ հողաթափերին, ասում է՝ ընտանի կոշիկներ… Հետո էլ թե.
— Հագնեմ վայրի կոշիկներս,-ծիծաղում է,- գնանք, սահնակ քշենք…
Այսպես, իր պարտադրած ռեժիմով՝ գիշերով, քնով, խոհանոցով, մեզ էլ կվայրենացնի… Ես ծիծաղում եմ. ինձ կարծես ընտելացնում է, ընտանի դարձնում, ձեռնասուն… Իսկ, այ, մայրիկ Արմինեն այնքա՜ն շուտ ու վտանգավոր է բռնկվում…

Օրագրի առաջարկը

Ժամանակ հատկացրեք մանրանկարչությամբ զբաղվելու համար: Բեռնեք պատկերներն ու խորասուզվեք ներկերի-նկարչության աշխարհում:

Օրագրի ընթերցարան

#566

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի

Արգելքների վերացման, անկեղծության ճանապարհ է 2015-ը

Սպասումը, որ իր հետ բերում է տրանսպորտի խափանումը, իմ կյանքում տեղ ունի, ո՜ւր պիտի փախչես… 2015-ը՝ անխափան ուսումնական ճամփորդությունների տարի. ահա ինձ ուղղված կարևոր ցանկություն… 2015-ին կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի…

Որ երեկվա գործուղումը մեր ճամփորդությամբ, որքան էլ հագեցած,  Գյումրիով չի ավարտվի, իմ գիրը գուշակել-խոստացել էր: Վրաց մեր գործընկերները հասցրել-ժամանել էին Թբիլիսիից Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշ, ոչ միայն տնավարի տեղավորվել էին գեղարվեստի մեր