Ծովակալ Իսակովի պողոտայից աջ եմ թեքվում հեծանվով այնտեղից, որ ավարտվում է Ամերիկայի դեսպանատունը, սկսվում Խորհրդային Հայաստանի 30-ամյակին նվիրված հուշարձանը, ու հայտնվում եմ Հրազդանի կիրճում… Սա՝ օրվա վերջում, տուն գնալիս… Հետո շարունակում եմ իմ հեծանվային մոլորումը Հրազդանի կիրճում, Նորագյուղում… մինչև Հաղթանակի կամուրջ դուրս գալը… Այս մոլորումը ես սկսել եմ օրեր առաջ՝ շաբաթ առավոտյան, երբ Հաղթանակի կամուրջն անցա ու ձախ՝ Էջմիածնի խճուղու փոխարեն այդ անգամ ընտրեցի աջը՝ Հրազդանի կիրճ իջնող ճանապարհը… Դուք էլ փորձեք. ախր, այնքա՜ն հեշտ է, ու կհայտնվեք դեմ առ դեմ երևանցիների մի քանի սերնդի՝ տասնամյակներ գործած կենցաղին-բարքերին…
Չեմ որակում, գնացե՛ք, տեսե՛ք. այսպիսի՜ կիրճ, Սևանից դուրս եկող աղբրի ջրերի գե՜տ, ու այսպիսի՞ կենցաղ, քաղաքաշինություն… Մեջքով դեպի Հրազդանը՝ դրախտը, դրախտի ոչնչացումը… տեսե՛ք: Հետևե՛ք իմ գրին. ես հեծանվով անցնելու եմ Հրազդանի կիրճով ծայրից ծայր՝ Սևանի մայրուղու, Սևանա լճի այն կետից, որտեղից սկսվում է բաց թողնվել ջուրն ու կանալ-գետ դառնալ։ Ես վստահ եմ՝ մեր հոբելյար Գևորգ Հակոբյանն ու էլի մի խումբ կմիանան հեծանվով, արշավախմբային, քարտեզով, ֆոտոօբյեկտիվներով։ Մետր առ մետր, քայլ առ քայլ, անիվ առ անիվ անցնելու եմ՝ մինչև Հրազդանի՝ Արաքս գետը թափվելը… Սա ես անելու եմ մինչև իմ կլոր 60 տարեկան դառնալը… Ո՜վ գիտի՝ ես որոշեցի ու սկսեցի իմ քաղաքացիական շարժումը. իմ հաջորդ 60 տարին պատրաստ եմ նվիրելու Հրազդանին, նրա կիրճին, այդ կիրճում տեղավորված հայ մարդուն… Եթե մենք՝ հայաստանցիներս, ապագա ունենք այս հողում-երկրում, որ 1990-ին կոչել ենք Հայաստանի Հանրապետություն, պիտի կարողանանք ուղիղ նայել Հրազդանին, նրան կյանք տվող-պահպանող Սևանա լճին… Սևանի մասին իմ գիրն առանձին է:
Նախակրթարանի առավոտը:Լուսանկարները՝ Աշխեն Թադևոսյանի:
Ես կանգնած եմ Հրազդանի կիրճում մի աննշան բարձունքի վրա, որ տարիներ առաջ նշանավոր է դարձել Իվան Պասկևիչի արձանով, արձանին հարող, հիմա անշուք դարձած մի հրապարակով… Մեջ եմ բերում կրթահամալիրի հասարակագետ Աշոտ Տիգրանյանի՝ իմ խնդրանքով կատարած ուսումնասիրությունից. «Русский полководец и государственный деятель, генерал-фельдмаршал, граф Эриванский, светлейший князь Варшавский. Паскевич был, пожалуй, самым видным военным деятелем царствования Николая I. Пользуясь неограниченным доверием императора, в продолжение четверти столетия — с польской кампании и до Крымской войны — он являлся полным хозяином вооруженных сил России. Император всю жизнь звал его «отцом-командиром», а мнение Ивана Федоровича в глазах Николая I было решающим».
«Այժմ այն տեղում, որտեղ կանգնած է եղել մեծ զորավարի վրանը, որտեղից նա ղեկավարել է բերդի գրոհը, արդեն մոտ 150 տարի կանգնած է գեներալի կիսանդրին: Բազմաթիվ պատմություններ կան կապված արձանի հետ, հնարամիտ և միաժամանակ տխուր, թե ինչ գնով ու հնարամտությամբ են հայերը պահպանել իրենց համար այդ նվիրական մարդու հիշողության հավերժացումը, խորհրդային ամենակուլ ավտորիտար գաղափարախոսության տարիներին»:
Գեներալ Պասկևիչը ցարական Ռուսիայի մի շարքային նվաճող էր. դժվար եմ պատկերացնում նրա հայացքը 1827-ի հոկտեմբերի 1-ին, երբ ռուսական բանակը և հայ կամավորական ջոկատները նրա գլխավորությամբ ազատագրեցին Երևանի բերդը, և նա կանգնեց այսպիսի բարձունքների վրա, ի՞նչ տեսավ, ի՞նչ զգաց, ի՞նչ ասաց… Հաստատ է իմ, մերոնց, Բլեենց ճակատագրում մի բան՝ 1829-ին սուլթանական Թուրքիայի Բայազետ գավառից Բլե իշխանը՝ մեր նահապետը, իր քոչով, այդ թվում՝ իր որդի Պետրոս հզոր իշխանով, բռնեց մեկ տարի արդեն գոյություն ունեցող Արևելյան Հայաստանի ուղին և միայն Աստծուն հայտնի դեգերումներից հետո հաստատվեց Սևանի ավազանում, Նոր Բայազետ-Գավառում՝ իր հիմնադրած Լանջաղբյուր (Քիսաջղ) գյուղում… Պասկևիչի արձանի կողքին, հիշեք օրը-ժամը՝ 2015թ. հուլիսի 4-ին, 9.30, ես կանգնած եմ ո՛չ որպես նվաճող, ո՛չ էլ, ավա՜ղ, երկրի տեր… Չեմ կարող ազնիվ չլինել Օրագրի իմ ընթերցողի հետ… հայացքով չափում եմ Հրազդանի կիրճը, փորձում նրանում ընդգրկել հնարավորը… մինչև Երևանյան լիճ: Կլողա՞մ ես Երևանյան լճում, որպես երևանցի, Դավիթ Բլեյանի հետ… Ե՞րբ: Կլողա՞ Երևանի ծովում Դավիթ Բլեյանը: Ե՞րբ: Ահա մի պարզ, միակ շոշափելի չափումն իմ հայացքի: Երբ Երևանյան լճի ափին սկսվեց ամերիկյան դեսպանատան շինարարությունը, երևանցիներիս մեջ հույս արթնացավ, որ ամերիկացիք հատուկ են ընտրել տեղը, լիճը կմաքրեն, կդարձնեն իրենց զբոսատեղին։ Չեղավ. մնաց նույն կեղտաջուրը՝ արգելված մարդու կենսագործունեության համար։ Այդպես էլ պիտի լիներ, որովհետև Երևանյան լիճը հայելին է Հրազդանի կիրճում կատարվող էկոլոգիական աղետի՝ Սևանա լճից սկսած։ Երևանյան լճի մաքուր ավազանը, որպես երևանցիների ծով այն գործածելը մեր ընդունակության-հաստատակամության, ինքարտաքսումից դրախտ վերադառնալու մեր ջանքի ցուցանիշը կլինի։ Իսկ հիմա նա ընդամենը ամբարտակ է, որտեղ լցվում են Երևանում աղտոտվող Հրազդանի ջրերը…
Քոչը մեզանում չի կանգնել: Ամեն օր աշխատանքի բերումով առնչվում եմ այս քոչին՝ Հայաստանից ընտանիքներով մեկնողներին, սովորող, թե ուսուցիչ… Ինչպե՞ս քոչի վճիռ կայացրած մարդուն ստիպես դեմքով շուռ գալ վերջապես դեպի Հրազդանը, դեպի Սևանը… դեպի Երևանյան լիճը… Առանց Երևանյան ծովի, հուլիսին ընտանիքներով Երևանյան լճում հանգստացող-լողացող-տկլոր սեբաստացիների՝ ի՜նչ Բանգլադեշ, ի՜նչ հանրապետություն…Թաղամաս է, էլի։
Բանգլադեշում ապրող ճամբարականներ: Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի:
Մեր սեբաստացիների երգչախումբը Արմինե Թոփչյանի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին պատրաստվում է երգել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Թեժառույքի վանքում: Ես, Շուշանը, Դավիթը Բլեյանը կմիանանք, իհարկե, այս թափառումին… Ինձ համար այս քայլքը երգով նաև նախազննողական այց է՝ այս տարածքում, Մարմարիկ գետի հովտում նախատեսում ենք մեր դաշտային ճամբարներից մեկը խփել… Այնպես որ, շաբաթ օրը ես ու Դավիթը պատրաստվում ենք լողալ այդ գետում: Սա հաստատ: Այսպիսի քայլերով…
Դավթապատում: Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի: