Ներածական խոսք առաջին երեկույթին

Տիկիններ և պարոններ.

Բաց ենք անում Հայոց գրական ընկերության առաջին երեկույթը: Հայոց Գրական ընկերության երեկույթները լինելու են էն ժամադրավայրը, ուր գալու, հավաքվելու են հայոց մեջ գրականության, գիտության  և հրապարակախոսության ասպարեզում գործողները, այլև գրականությունը սիրողները, և ունենալու են լուրջ ու շահեկան զրուցատրություններ ու խորհրդածություններ հաճելի ժամանցի հետ միասին: Մենք շատ ենք ցրված ու հեռացած իրարից: Ցրված ու հեռացած ենք իրարից և համոզմունքների ու հայացքների տարբերությամբ, բայց ավելի շատ թյուրիմացությունների ու անծանոթության պատճառով: Այժմ մենք կունենանք ամենքիս հարազատ մի անկյուն, ամենքիս սեփական մի օջախ, ուր կգանք, կհավաքվենք միասին:

Կխոսենք, կմտածենք, կխորհրդածենք, թե ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ունենք՝ որ կարող ենք կատարելագործել ու հանդես բերել և ի՞նչ չունենք՝ որ պետք է ուրիշներից առնենք ու սովորենք, և թե ինչո՞վ կարող ենք կանգնել լուսավոր ազգերի շարքում ու նրանց հետ ձեռք ձեռքի տված գնալ դեպի ամեն գրականության ու լուսավորության նպատակը՝ դեպի ազգերի եղբայրությունը, ժողովուրդների մշտական սերը, խաղաղ կյանքն ու արդար աշխատանքը:

Տիկիններ և պարոններ.
Այսօր մեր հանդեսը բաց ենք անում մեր մայր դպրոցի՝ Ներսիսյան դպրոցի, երգեցիկ խմբի երգով, մեր հին ազգերի երգով, որ ասում է.

Տե՜ր, կեցո զհայս
Եվ արա զնոսա պայծառս…

Եվ ի՜նչ գեղեցիկ են էս խոսքերը, ի՜նչ վեհ ու պայծառ է էս ազգային իղձը. «Տե՜ր, ապրեցրու հային և պայծառ արա նրան…»: Էս երգը, էս մրմունջը, էս աղոթքը, որ հնչել է մեր նոր գրականության արշալույսին, թող լինի մեր խոսքը, մեր իղձը, մեր ձգտումը, մեր նպատակը ու մեր ուժը՝ կյանք և ձգտումն դեպի պայծառն ու լուսավորը: Եվ էս տեսակ բարձր ձգտումներն ու նպատակները ոչ խորթ պետք է լինեին մեզ համար, ոչ անհասկանալի: Մենք պատմական շրջաններ ենք ապրել, մենք կուլտուրաներ ենք տեսել, մենք Ասորեստանի ու Բաբելոնի հետ ենք ապրել, մենք Հին Իսրայելի և Եգիպտոսի օրերից ենք գալիս: Հարազատ  են մեզ կուլտուրաները, գիրն ու գրականությունը, լույսն ու լուսավորությունը, և մեր Ընկերությունը, որ գալիս է համախմբելու իր հարկի տակ գրականության ու լուսավորության գործիչներին, կապրի, կուժեղանա և միշտ սիրված կլինի: Եվ ձեզ, որ եկել եք ողջունելու նրա բացումը, եկել եք սիրելով նրա բարձր նպատակը –միանալ, ինչպես հարազատներ շրջապատել, խրախուսել, ոգևորել մինչև այսօր մենակ մնացած հայոց գրական գործիչներին, ձեզ ամենիդ ողջունում եմ Հայոց գրական ընկերության անունից: Հայոց գրական ընկերության առաջին երեկույթի բացմանը թողեք մեր առաջին խոսքը լինի՝ հարգանք մեր էն գրողների հիշատակին, որ առաջինը հղացան Հայոց  գրական ընկերության գաղափարը, շատ աշխատեցին ու երազեցին իրականացած տեսնել իրենց սիրած միտքը, բայց չտեսան, և այսօր չկան մեր մեջ նրանք՝ Ս. Շահազիզ, Պերճ Պռոշյան, Ղազ. Աղայան, Սունդուկյան, Մուրացան, Արասխանյան… հարգենք նրանց հիշատակը ոտքի կանգնելով:

Եզրափակման խոսք

Տիկիններ և պարոններ.
Այստեղ արտասանած ձեր ճառերը ճառի սովորական նշանակությունից ավելի մեծ արժեք ունեն այսօր, որովհետև արտասանվեցին Գրողների ընկերության մեջ: Ճառը, խոսքը գործնական աշխարհքում միայն խոսք է, իսկ գրողների աշխարհքում՝ գործ, որովհետև գրողների գործը հենց խոսքն է: Եվ էն մեծ ժառանգությունն արդեն, որ մեր ազգային կյանքում մեզ, հետնորդներիս, թողել են մեր պանծալի նախորդները՝  Սահակն ու Մեսրոպր, Եղիշեն ու Շնորհալին, Փարպեցին ու Նարեկացին, Նահապետ Քուչակն ու Սայաթ-Նովան, Աբովյանն ու Նալբանդյանը, Արծրունին ու Րաֆֆին, Աղայանն ու Պռոշյանը, Սունդուկյանն ու Ալիշանը ու շատ իրենց նմանները, որոնք իրենց հոյակապ գործերով լցրին մեր երկիրը և իրենց հիշատակներով՝ մեր սրտերը, ու ինչպես պայծառ արևներ լուսավորում են մեր ճանապարհը դեպի ապագա լավ օրերը, և որոնց ապավինած  մենք զգում ենք մեզ հզոր ու անսասան, ասում եմ՝ նրանց մեզ թողած ժառանգությունն արդեն նյութական հարստություն չի, այլ բարոյական, հոգեղեն, մտավոր, խոսքի ու բանի կարողություն:

Եվ էս տեսակ հաստատության մեջ գլխավորը բարոյական մեծությունն ու հարստությունն է լինելու, մյուսը՝ նյութականը, նրանից հետո: Դրա համար էլ ձեր սրտալի վերաբերմունքը, ձեր սերն ու խրախուսանքը առանձին արժեք ունեն գրողների ընկերության մեջ: Սրտալի խոսքն ու անկեղծ ոգևորությունը սիրտ կտան մեզ ու ոգևորություն, իսկ սիրտն ու ոգևորությունը որ լինեն, էլ մեզ բան չի պակասիլ: Նրանք են տալիս կյանքում ամեն բան, նրանք են տալիս և’ հանճարեղ գրական գործեր ու ստեղծագործություններ: Խորիմաստ Նիցշեն ասում է. գնահատել կնշանակի ստեղծել: Եվ այսօր դուք, որ եկել եք գնահատելու Հայոց գրականությունը՝ եկել եք ստեղծելու, այսօր դուք ստեղ­ծողներ եք: Եվ այսպիսով միայն կստեղծեք ու կունենաք մեր գրականությունից ավելի լավ գրականություն ու մեզանից ավելի լավ գրողներ: Դուք պետք է իմանաք, որ մեզանում Հայ գրողը միշտ իրեն մենակ է զգացել ու լքված, այլև շատ ու շատ անգամ ենթարկված հալածանքի ու նեղության, որ դուք իմացել եք միայն սուր դեպքերի ժամանակ: Նրա թիկունքին կանգնած չի եղել իր հարազատ ժողովուրդը: Սակայն սրանով չեմ մեղադրում մեր ժողովրդին, որ նոր-նոր է ազատվում խավարի դարավոր կապանքից, որ նույնպես ենթարկված է եղել միշտ հազար ու մի նեղության, և թվով էլ մեծ չի: Բայց փոքր ժողովուրդներն էլ, երբ գիտակցության են գալիս, երբ նրանց մեջ խաղում է կենդանության շունչը, կարողանում են առաջ բերել մեծ գրականություններ: Օրինակ առեք Հին Հունաստանը իր Աթենքով, մի՞թե թվով մեծ էր նա, մի՞թե մեծ էր Շեքսպիրի Անգլիան, մի՞թե մեծ են այսօր Շվեցիան ու Նորվեգիան, մի՞թե մեծ են Դանիան, Բելգիան կամ Հոլանդիան, որ տալիս են մեծ գեղար­վեստագետներ ու գրողներ:

Այո’, թվով մենք էլ ենք փոքր նրանց նման: Բայց թվական մեծությունը գուցե անհրաժեշտ է մեծ պատերազմներով ազգեր ու աշխարհքներ կործանելու համար, իսկ գրականության ու գիտության մեջ, որ նույնպես մի մեծ պա­տերազմ է, պատերազմ լույսի ու խավարի, այստեղ խնդիրը վճռում է ժողովրդի բարոյական մեծությունը: Շուտով կենդանության շունչն ավելի ու ավելի զվարթ կխաղա և մե’ր կյանքում, ու մեծ է մեր Հավատը Հայ ժողովրդի կուլտուրական ուժի ու նրա պայծառ ապագայի վրա, որ հենց ինքը՝  Հայ ժողովուրդը, իր ազգային առասպելի մեջ նմանեցրել է մշտավառ կանթեղի, որ սրբազան Արագածի վերև կախված է երկնքի բարձրությունից, ու ոչ մի ձեռք չի հասնիլ նրան, ոչ մի փոթորիկ չի հանդգնիլ նրան: Նա Հայ ժողովրդի հույսն է, անմարելի ու մշտավառ: Եվ ահա վառվում են ամենքի հայացքները ներքին ուրախությունից, փայլում են ամենքի դեմքերը, և բուռն ծափերը միախառնվում են ոգևորված երգերին ու ճառերին: Սակայն այսօր դեռ սկիզբն է, այսօր դեռ առաջին երեկոն է, դեռ շատ ու շատ երեկոներ ունենք մեր առաջ: Եկե’ք, միշտ եկեք էդպես սրտալի ու եղեք կենդանի սյուներ ու պաշտպանները էս Հաստատության, որ իր հարկի տակ է ժողովելու գրականությանը, գիտությանն ու հրապարակախո­սությանը նվիրված մեր բոլոր ուժերը:

Եվ ձեզ, որ եկել եք այսօր խանդավառ ողջույններով, մոռացության տված ամեն նեղ կուսակցական խտրություն, ամենքդ միասին լցված հարազատ զգացմունքներով ու մայրենի գրականության սիրով և թև ու թիկունք եք տալիս գրական մարդկանց՝ հաղթանակով վարելու խավարի և հույսի նվի­րական պատերազմը, ձեզ, գնահատողներիդ, որ գնահատելով ստեղծողներ եք, ձեզ ամենքիդ լիասիրտ շնորհակալություն եմ հայտնում Հայոց գրական ընկերության անունից:

Թումանյան Հովհ. Ընտրանի, Հրանտ Մաթևոսյանի ընտրությամբ, խմբագրությամբ և առաջաբանով, մասնակցությամբ Ֆելիքս Մելոյանի և Ալբերտ Իսոյանի: Եր., Հայագիտակ, 2001.- 938 էջ:

«Հայ գրողների ընկերությունը»
Ներածական խոսք առաջին երեկույթին
Եզրափակման խոսք
1912թ., 
581-584 էջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում

2015թ. շարժման Բաղրամյան 2018թ. սիրո և համերաշխության հրապարակ 18.07 Մեր Անահիտ Բախշյանի մոտ կիրակի առավոտ գիշերով ՀՀ ոստիկանության պահակային-պարեկային ծառայության զորամասի գրավումը զինված ոչ անհայտ մարդկանց կողմից հոկտեմբերի 27-ի իրադարձությունների զուգորդում

«Հեշտ բան չէ ինձ նման հայր ունենալը» 

TVմոլ 30 մարտի-5 ապրիլի Աշոտ Բլեյան. «Իսկական կրթությունը ինքնակրթությունն է»,- համաձայնեք` անսպասելի է լսել նման արտահայտություն մի մարդուց, ով կրթահամալիր է հիմնել ու երկար տարիներ տնօրինում է այն: Հենց այսպես անսպասելի էլ,

Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը

11 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարության պայքարի խորհրդանիշ դարձած Էդիկ Եգորյանին ու հայոց ռազմական հաղթանակի, նրա բանակի խորհրդանիշը ընկալվող Վազգեն Սարգսյանին՝ ինձ սիրելի