Եղբայրական սիրով՝ Գևորգ Հակոբյանին։

Մեր օրն սկսվեց Մոցարտով. մենք վայելում ենք Դավթի «Օհանավանի Գարիկ պապիկի»՝ իմ քրոջ ամուսնու, Նազենի, Էդիտ, Սուսան Հովհաննիսյանների հայրիկի, Նազենի կրտսերի, Սերժի ու Գոռի պապիկի, իմ լավ ընկերը դարձած փեսայի խնամած այգու բարիքը…
— Ծիրանը ոնց որ արև լինի, հայրիկ, տե՛ս…
Իսկապես, սեղանին դրված է արևի նման ծիրան…
— Արևներ են հավաքվել մեր ամանի մեջ,- շարունակում է Դավիթը, կիսում ծիրանը, լողում տան ավազանում, Մոցարտ լսում…
Սառը ջուրը կոփում է Դավթի մարմինը, ծիրանը սնում է, Մոցարտն առողջ-առույգ է պահում Դավթի միտքը-հոգին… Ոգեղեն է հուլիսյան մեր առավոտը, կենարար՝ պաղ ջրի, Մոցարտի ու ծիրանի կազմած երրորդությունը… որի երաշխավորն եմ ես: Հոր ֆունկցիա է:

Ես հիմա հիշեցի, որ ցերեկը, երբ մտա կրթահամալիրի Դպրոց-պարտեզ՝ 2-4 տարեկանների խումբ, Դավիթն ու իր երկու տասնյակ բոբիկ-տկլոր, միայն վարտիքով ընկերները՝ մեկը մյուսից խնամված, իստակ, պաղ ավազանից նոր դուրս եկած տղաներ ու աղջիկներ, ոնց որ մի-մի ծիրան լինեին… Ճաշելիս էլ, սեղանների մոտ, ոնց որ ամանից կողով շուռ տված ծիրաններ… Հարթակին քնի պատրաստ ներքնակներն են՝ գույնզգույն անկողիններով: Քիչ հետո կհնչի Մոցարտ, ու բարի քուն, ծիրանիկներ…

Ծաղկաձորյան 1+1 նախագիծ:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։

 Ես գիտեմ, որ ժամը 7-ին առտու պիտի հեծանվով դուրս գամ տանից, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Արցախ ճանապարհեմ ռազմամարզական ճամբար մեկնող կրթահամալիրի պատանիներին… Անաստասավանից մեզ հեծանվով կմիանա նաև օրվա հերոսը՝ Գևորգ Հակոբյան հոբելյարը: Այս ե՞րբ, այս ինչպե՞ս ես ու իմ հարյուր տարվա ընկեր-սանիկ-գործընկերը դարձանք 60 տարեկան…
— Դու 60 տարեկան չես, դու իմ հայրիկն ես,- նեղանալով կտրեց մի անգամ Դավիթ Բլեյանը…

Աշխատանքային առօրյան կրթահամալիրում:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Գևորգ Հակոբյանի հայր Սեդրակը ողջ կյանքում եղել է թվաբանության ուսուցիչ, Անահիտ մայրիկը՝ ողջ կյանքը մանկապարտեզի դաստիարակ… Ողջ գիտակից կյանքը դպրոցում երեխաների հետ անցկացրին Գևորգի ավագ քույր դասվար Ազգուշը, Գևորգի ավագ եղբայր Հակոբը Հակոբյան… մեր պայծառ, ավա՜ղ, վաղամեռիկ, ֆիզիկայի տաղանդավոր ուսուցիչը, բնագիտության տեխնիկական կենտրոնի հիմնադիրը… Գիտեի՞ք այսքան տեղեկություն Հակոբյանների մանկավարժական դինաստիայի մասին: Գևորգը Հակոբյանն իմ առաջարկով-հորդորով 1987թ.-ին դուրս եկավ Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայից ու եկավ Բանգլադեշի՝ կրթահամալիր ծնած թիվ 183 դպրոցը… Մնացածը կա, ձեր աչքի առաջ է Գևորգի կյանքը, իսկ օրագրի անծանոթ ընթերցողն հենց հիմա պիտի դադար տա ու «շեղվի» ահա այս հղումով

Հիմանական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի
:

Կուզեմ՝ միշտ վերելքում լինի մեր հոբելյարը, ամեն տարի հուլիս-սեպտեմբերին Արագած տանի տարատարիք սեբաստացիներին, կուզեմ, որ մանկավարժության ամենակենդանի էջերը թարգմանի-մատուցի իր գործընկերներին, կուզեմ, որ մաթեմատիկական-բնագիտական մտածողության՝ իր Հակոբ եղբոր ներդրումով հետևողական զբաղվի միշտ ու անընդհատ… Կուզեմ, որ չխմի, ինչպես որ չի ծխում, չի ծխել երբեք: Միշտ ուսուցանի կարևոր՝ առանց կարևորելու, ու նրա ամառային երևանյան «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարն աշխարհի ամենագրավիչ վայրը դարձնի հուլիսին Բանգլադեշը: Բա մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմո՞բը… Աժդահակի գագաթ վրանային վերելքն էլ լինի  պարբերական, թեկուզ ամենաընտրյալների հետ։

Ճամբարային առօրյան Միջին դպրոցում։
Լուսանկարները՝ Վարդուհի Հայրյանի:

Ընտանիքով, ես՝ իմ հեծանվով, Դավիթ Բլեյանը՝ իր, Արմինեն… ոտքով, երեկոյան մասնակցեցինք Ցոլակ Մլքե-Գալստյանի «Ասանկ-անանկ» փառատոնի համերգին, որը եզրափակեց փառատոնը: Մենք փառատոնի գործընկեր կազմակերպությունն ենք: Համերգի համար հետաքրքիր վայր էին դարձել Հանրապետության հրապարակի մետրոյի քարե աստիճանները… և՛ բեմ, և՛ հանդիսասրահ… Դավիթը լավ թավալվեց աստիճաններին… Լսվեց համերգը. Ցոլակը՝ տեսած-կապերով-հայտնի-ընդունելի, կարողացել էր երկժամանոց թարմ-ճաշակով-լսելի համերգ կազմակերպել, այն էլ՝ բազմամարդ, բազմաշերտ, երիտասարդության գերակշռումով… Ելույթ ունեցան, համերգը փակեցին սեբաստացիներ Լուսինե Գալստյանը, Էլիզա Բաղդիյանն ու Աստղիկ Մամիկոնյանը՝ իրենց «Տիեզերք» խմբով…

Վերադարձը նույնքան և ավելի դիտարժան էր. Դավիթը նստեց իմ հեծանվի ետևի նստատեղին, Արմինեն… ոտքով բերեց Դավթի հեծանիվը: Մայրիկին ասել էինք, որ իր մեքենայով գա, չէր լսել…
— Ծանր չի իմ հեծանիվը, համ էլ ես շատ եմ հոգնել…

Բոլորս էինք հոգնած… Դա չխանգարեց, որ Դավիթը մինչև անկողինը անցնի լողարանով ու ազատվի օրվա ընթացքում հավաքած բոլոր սեթիկ-փնթիկ-կեղտիկներից… Ու հարցեր, մամա ջան, որքա՜ն խելացի-հետաքրքիր ու մանրակրկիտ հարցեր ունի մեր ինչուիկը…
— Ինչպե՞ս է էլեկտրական լարը տաքացնում արդուկը…
— Ինչպե՞ս է օճառը լուծվում ջրի մեջ… Ինչպե՞ս է օճառաջուրը տանում կեղտերը:
— Ինչո՞ւ է սառը ջուրը կոփում, իսկ տաք ջուրը՝ մաքրում:
— Ինչո՞ւ ենք ասում՝ լույսն անջատի: Ինչպե՞ս է լույսն անջատվում…
— Ինչո՞ւ է կեռասը շուտ փչանում, որ դու նյարդայնանում ես…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդու ապրելու իրավունքի ապահովումը Մուհամեդին ու Քրիստոսի՞ն…

Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի

5-6 տարեկանների, ընտրության-պարտադրանքի սահմանում

Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք. — Ո՞նց է արևը հասունացնում

Ի՞նչ են խոստանում մեր բիզնես-լեդի Լիլին և շոու-լեդի Սյուզին

Արթուր Մանթաշյանին բռնացրի Բախշյանի այգում։ Հեծանվով մտնում էի Արևմտյան դպրոց-պարտեզ, մուտքի մոտ մտահոգ-շփոթված բարեկիրթ մի կին, պարզվեց՝ Մարինե Մարտիրոսյանի խմբի 5 տարեկան Արթուրի տատիկը, խնդրեց օգնել պարտեզ վերադարձնելու թոռնիկին՝ Դավիթ Բլեյանի