Երեկվա տնօրինական (տերունակա՞նն է սրա հոմանիշը) ամեն շաբաթ օրվա իմ հեծանվային շրջայցում կրթահամալիրի Բանգլադեշով ես խոսքի ու գործի մեկ լինելու արձանագրումներ էի կատարում ուրախությամբ, իհարկե, կամ օրվա պատումի, վերնագրի նման ցավով, կարծել, որ խոսքն իրոք գործ է… Կրթահամալիրում, ինչպես կյանքում մեր, երկուսն էլ կան… Արևմուտքում, դպրոց-պարտեզի լողափում դրված երրորդ ավազանն էր պարզկա ջրով լցվում, սեբաստացի ամենափոքրիկների՝ 2-4 տարեկանների համար…
Սա՝ երկուշաբթի ամառային պարտեզով մեր վայելքի նախերգանք որպես…
— Երեք լողավազա՜ն,- բացականչեց Դավիթը Բլեյան, այս լուրը ստանալուն պես…
— Ես ուզում եմ, որ ճամբարն ամեն օր լինի, գնում եմ Բանգլադեշ, Էդմոնդի մոտ,- երբ իմացավ, որ երեկ իր ընկեր Էդմոնդը ի՜նչ քաջագործություններ է կատարել…
Հետո էլ թե՝
— Դու այնպես ես անում, որ բոլոր ծնվածները ողջ ամառը լողան, ջրից չվախենա՞ն…
Գործի մեջ էր և Տաթև Աբրահամյանը․ 2018-2019 ուստարում Արևմուտքում վեց տարեկանների երկրորդ դասարանը փաստ է։ Նոր դասվարի, նոր դասարանի խնդիր… Առանց մանկավարժական մուտքի նոր ճամբարի դասվար-դաստիարակների, կազմակերպիչների կադրային պակասը չի լրացվի։ Ուռա՜, այսպիսի պատվեր։
Արևելքում կրթական կասկադի խնամակալ Էլյայի ու պարտիզպան Գեորգիի քեֆը հազարի էր… Ողջ օրը ոռոգման ջուր են ունեցել ու գերազանցիկ ոռոգում կազմակերպել…
— Տիար ջան, էլ ի՜նչ խնդիր, էսպիսի ջուր որ եղավ, Քոլեջի այգին-կասկադը կրթական դրախտ դարձնելը մեր վայելքն է… շնորհակալ ենք։
Լսո՞ւմ եք՝ ինչպիսի շնորհակալություն եմ ես ստանում Էլյայից, Դավթից, Տաթևից, Քնարիկից։ Ատին նոր տնակում է, նոր տնակը՝ ճիշտ տեղում՝ Հյուսիսի դպրոց-պարտեզ-ագարակում, որպես հաստատում խոսքի-գործի՝ դպրոց-պարտեզ-ագարակն է համընդհանուր (ամբողջական) ներառականության կրթական միջավայրի մոդելը նախադպրոցականի ու կրտսեր դպրոցականի համար…
Կրթահամալիրի Հարավ ինձ ու Խորենին բերել է մեր Շամիրամի ու Արա Գեղեցիկի հունիսի 29-ի հարսանիքը… Ո՞նց, ի՞նչ ճանապարհով են իրենց սայլով ու իրական, նոր փառաբանողների թափորով Շամիրամին Արայի հետ ուղեկցելու Մայր դպրոց՝ հարսանյաց ծիսական ուրախության… Ագարակի տնօրեն Խորեն Հազարումյանի մասագիտական որոշմանը թողնենք, դուք հարսանյաց արարողապետի անբաժան օգնական Սյուզիի ուղեցույցով շարժվեք։ Հարսանիք է՝ իր բազում պատրաստություներով, անհամար թվով մարդկանց ո՛չ միայն ուրախությամբ, այլև հյուրասիրությամբ։ Բարո՜վ։
Հարգելի Ստեփան Թորոյանի ու սիրելի Անի Նավասարդյանի «Հառնում» նախագծի հրավերն ընդունեցինք Դավթի հետ… Արմինեին, գիտեք, սազում է նազ ու տուզը… Իր աղջկա հետ տանը մնաց։ Հոգնած էր։ Իմ նմանին չի՞ կրում հո, քարեղեն մեկին չի՞ բերելու, այլ ի՜ր նման, Դավթին պակասող, եղբոր խնամքին կարոտ քույրիկ… Իմը անուն դնելն է, որը լավ է ստացվում։ Դավիթն այս մտքից խոսքից գործի է անցնում տղամարդու պես, կամ նրա խոսքն ու գործը մեկեն են հանդես գալիս…
Թեթև քայլով անցանք տնից-Տիկնիկային թատրոն, թատրոնից- տուն, ետդարձին պաղպաղակով, սիրուն դադարներով-հետաքրքիր հանդիպումներով։
Հավանեց Դավիթը և՛ Գյումրիի «Խազեր»-ի Կոմիտասը, և՛ «Հրայրք»-ի պարը ծիսական ու խրոխտ… Լեցուն դահլիճի հետ լսեց-նայեց համերգը ծայրից-ծայր…
— Հետաքրքիր էր,- արդեն տանն ասաց։
Իսկ Մարթա աշխարհագետ-ճամփորդի հետ էլ օգուտով օգտագործեց հայաստանյան իրողություն դարձած համերգի 30 րոպե ուշացումը… Փարիզ-Մոնակո իրեն համակած ճամփորդության պատրաստությամբ զբաղվեց…
Էլեկտրոնային փոստս իր ծավալով-տեսականիով ոչկիրակնօրյա է… ոչ հանգստյան օրվա։ Մի կողմից՝ էլ ուրիշ ինչպե՞ս, տեսե՜ք, ի՜նչ տպավորիչ շաբաթ-վերջաբան է հունիսյան աշխատանքային օրացույցով ամրագրված… Խոսք ու գործ մեկտեղվել են, չես բաժանի։ Ինչպես ինձ ու իմ հեծանիվը… Հաշվեցի, երեկ 40 կմ անցա առավոտվա հովին, կեսօրվա կիզիչին ու օրվա վերջին որ մտա տուն, ջուր էի՝ Դավթի նախանձը լվացող։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1415