Ո՛չ վարչապետի Սարդարապատի ելույթը, ո՛չ Քոչարյանի խոսքը իր աջակիցներին, չեմ անտեսել… Կարդում եմ, հետևում… Այլ խողովակներ կան դրանց անդրադառնալու… Իմ գրում՝ որպես ամենօրյա պատում, մանկավարժությունն է. իմ օրը, առօրյան, իմ գործը լեցուն են սրանով… Բլեյան կրթական ցանցի հաստատումը, կրթահամալիրի զարգացման ծրագրով առաջնահերթ գործողությունները, ամառային ուսումնական բազմաբնույթ, շարունակ ավելացող ճամբարները ուսումնական՝ մուտքի-ելքի… նաև քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի բաց փառատոնն է իր իրավունքների մեջ… Տեղ չի մնում երկու տիրոջ ծառայության համար…
Մարթա Ասատրյանից գիշերով սպասված լուրը. Ստամբուլի Կենտրոնական վարժարանի սովորողները և ուսուցիչները՝ 25 հոգի, ոչ միայն Երևանում են, այլև… սեբաստացիների տներում… Այսպիսի շրջադարձ՝ հետաքրքիր զարգացումներով. մենք առաջարկում ենք մեր հայրենակիցներին այս անգամ ոչ թե մեր կրթական փոխանակումների կացարանները, այլ մեր սովորողների-ուսուցիչների հյուրընկալ տները՝ սրանով կրթական փոխանակումների ծրագրով կարևորելով մասնակցային՝ անհատական-ընտանեկան գործոնը…
Աստղիկի-Ստեփան հորեղբոր հանդիպումը՝ Արմինե Աբրահամյանի օբյեկտիվից:
Իսկ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ որպես ամառային ճամբարային նախագիծ, սկսել է Ստամբուլի օգոստոսյան համերգային-մանկավարժական շրջագայության պատրաստությունը… նվիրված կրթահամալիրի՝ հեղինակային մանկավարժության հայկական օրրանի 30-ամյակին։ Մեր հայրենակից գործընկերները շնորհավորական առիթը չօգտագործել չէին կարող. շնորհակալ ենք Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանին, տնօրեն Գարեգին Պարսամյանին և ատենապետուհի Ռիթա Նուրնուրին հետևողական հրավերի համար… Կգնանք ավտոբուսով, կվերադառնանք ինքնաթիռով, նախօրոք պայմանավորված համերգ կունենանք Թիֆլիսում… Լսվե՞ց: Մնացածը հանձնում եմ երգչախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար մաեստրո Հարություն Թոփիկյանի ու երգչախմբի վարչարար Արմինե Թոփչյանի, մանկավարժության հեղինակ երգողների տնօրինմանը…
Երկարացված օրվա ճամբարում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:
Ավագ դպրոց մուտքի երկու նոր ճամբարի կազմակերպումն ընթացքի մեջ է… Երևանի պետական համալսարանի հետ՝ հայագիտության 9-11-րդ դասարանների սովորողների ընտրության, որ նվիրում ենք մեր մայր բուհ համալսարանի 100-ամյակին ու կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման 30-ամյակին… Մյուսը՝ քանդակագործություն, ճարտարապետություն շրջակա միջավայրի, որ հուլիսի 3-ից կսկսի գործել փառատոնի նախագծային հարթակներում՝ Երևանում, կավե-քարե քանդակների հարսանիքով, Գեղարվեստի ակադեմիայի գործընկերությամբ, ծաղկող Արատեսում՝ ճարտարապետության ազգային համալսարանի գործընկերությամբ… Սրանից գրավիչ, փաստարկված ընտրությո՞ւն սովորողի, մանկավարժության, ծրագրի…
Օրեր առաջ Ոսկեվազում զարմանքը-բացահայտումն իմ մեջ մնաց, ու Հանրապետության օրվան Նունե Մովսիսյանի բլոգի ծավալուն անդրադարձով 1918-ին մայիսին Երևանի կայազորի պարետ գեներալ Սիլիկյանի, Գևորգ Ե կաթողիկոսի՝ Ազատ Հայաստանի համար Սարդարապատի դիմադրության հայտնի կոչնակների ընթերցումը արթնացրեց… Սարդարապատի կադրային բոլոր զինվորների, սպաների հիշատակի հավերժացման հարցը… Մեռածներին դա պետք չէ, ապրողներիս համար է… Ու ես վերադառնում եմ մեր ժամանակին սկսած-թողած ուսումնական նախագծին… ապրողներիս արժանապատվության համար, Նունե ջան, բոլոր կարգի սեբաստացիներ… Որպես ժողովրդական շարժում-ընդվզում առաջ բերելով Սարդարապատը՝ թվում է՝ ստվերում ենք 1918-ի ցարական բանակից պոկված մեր կադրային սպաների ղեկավարած կանոնավոր ջոկատների, միավորների որոշիչ դերը մեր Հաղթանակի՝ անկախ պետականության Կիլիկիայի հայոց թագավորության կորստից 500 տարի հետո, 1918-ի մայիսին, Առաջին հանրապետության ստեղծման մեջ… Արամ Մանուկյանի հերթական արձա՞նն է Սարդարապատի հուշահամալիրում դառնում հերոսամարտի ելքը որոշած՝ հայ կադրային զինվորականության խորհրդանիշը։ Պետական գործիչ Արամ Մանուկյանին լավագույն խոնարհում պիտի լիներ Երևանում իր փողոցի նկատմամբ վերաբերմունքը. տեսեք Արամի 9 հասցեով շենքի ողբերգական-բզկտված վիճակն ու դրան հարող՝ Արամի՛ Երևանի գերեզման դարձած փոսը. ա՜յ քեզ խորհրդանիշ… Իսկ Սարդարապատի հուշահամալիրը Ռաֆայել Իսրայելյանի և հեղինակային խմբի կողմից մտածված և կյանքի էր կոչված որպես «Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած» հավաքական հաղթողի հուշարձան: Սրա խորհրդանիշը մեկի կերպարով չէր կարող լինել… Ինչո՞ւ ենք նորից մեր Արամին խոցելի դարձնում։
Աստղիկ-Աշոտ Բլեյանների առավոտյան զրույց: Տեսագրումը՝ Արմինե Աբրահամյանի:
[youtube https://www.youtube.com/watch?v=J3D1ABPiSY8]Իմ աչքի առաջ է Ոսկեվազի գնդապետ Տաճատ Հովակիմյանի տունը՝ ցուցանակով ու լքված… Ինչպիսի՜ տուն՝ ինչպիսի՜ մարդու, Ոսկեվազի նման հարուստ գյուղում ու… մոռացված-շփոթված իր հարգի չիմացումից… Յուրաքանչյուրին իր գյուղում-ծննդավայրում, իր շիրիմում պիտի հայտնի դարձնենք ու կարևորենք… Բոլորին պիտի ճանաչենք անուն առ անուն, արձանագրենք միանման՝ որպես մեզ չգոյից հայտնության հնարավորություն պարգևածների… Նախագիծ է, ծավալուն, շարունակական, Նունե Մովսիսյան ջան, հայրենագիտական, քանդակի-ճարտարապետության մեր կրթահամալիր ճամբարային մուտքերը ինչու չսկսվեն այսպիսի նախագծերով, որպես ազատության ազնավականների դաջվածքներ մի-մի…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1673