1. Հունվարի 27-ին, ժամը 19.00 երգի սրահ.

Դպրոցի տնօրեն Ա. Բլեյանը ծնողներին, ուսուցիչներին և հասարակության ներկայացուցիչներին ներկայացրեց տարրական կրթության կազմակերպման նոր նախագիծը:

Քննարկմանը մասնակցեցին հարյուրից ավելի մարդիկ: Օգտակար ու գործնական քննարկում էր՝ անսպասելի հուզական ու կազմակերպված:

 Պայմանավորվեցին.

1. Ընթերցարանում տեղադրել բոլոր գրավոր նյութերը՝ անհատական ծանոթացման համար:
2. Հանդիպել հաջորդ ուրբաթ՝ միջնակարգ կրթության կազմակերպման նոր նախագիծը քննարկելու:
3. Կազմակերպել լուրջ բանավեճ՝ երկլեզվության խնդիրների շուրջ:
4. Մեկ շաբաթվա ընթացքում ազատ լսումներ իրականացնել տարրական դպրոցում:

Առաջարկվեց

Նախագծում հաշվի առնել «Ծնողների հետ աշխատանքը տարրական դպրոցում» և «Տղամարդու և կնոջ դաստիարակությունը տարրական դպրոցում»:

2. Հունվարի 30-ին, ժամը 19.00, երգի սրահ

Հանդիպմանը եկել էին մոտ քսան 7-րդ դասարանցի և մի քանի այլ աշակերտներ: Թվում է՝ աշակերտներն ուզում էին ավելի շուտ համոզվել, որ տնօրինությունն իրոք լուրջ այդպիսի քայլեր է ձեռնարկում: Անսպասելի ուշիմ, հետաքրքրասեր ունկնդիր-քննարկողներ եղան մեր աշակերտները: Դպրոցի տնօրեն Ա. Բլեյանը մանրամասն ներկայացրեց տարրական դպրոցի գործունեության կազմակերպման նոր նախագիծը:

Պայմանավորվեցին.

1. Պարբերաբար անցկացնել այդ կարգի հանդիպումներ:
2. Բարձր դասարանցիները պիտի ժամանակ գտնեն այցելելու տարրական դպրոցի դասերին ու միջոցառումներին:
3. Արշակի հետ քննարկել անգլերենի ուսուցումն առաջին դասարանից սկսելու առաջարկը:
4. Մտածել տարրական դպրոցի աշակերտների բնագիտական կրթության, բնության երևույթների նկատմամբ նրանց բնական հետաքրքրությունների պահպանման միջոցների մասին:

3. Փետրվարի 03-ին, ժամը 19.00, փոքր դահլիճ

Տնօրեն Ա. Բլեյանը 80-ից ավել ծնողների, աշակերտների, մանկավարժների և լայն հասարակության քննարկմանը ներկայացրեց միջնակարգ կրթության կազմակերպման նոր նախագիծը: Կայացավ փոխվստահելի, գործարար և օգտակար քննարկում:

Պայմանավորվեցին.

1. Մեկ-երկու շաբաթվա ընքացքում ակումբի քննարկմանը ներկայացնել ավագ դպրոցի գործունեության կազմակերպման նոր նախագիծը:
2. Ըստ առարկաների սկսել ամբիոնային նոր ծրագրերի մշակման աշխատանքները՝ ելնելով նոր կոնցեպցիայից:
3. Մշակել ուսուցչի ու աշակերտի գործունեության գնահատման չափանիշներ:
4. Յուրաքանչյուր առարկայի գծով սկսել դպրոցական-հասարակական մասնագիտական խմբերի կազմակերպման գործը:
5. Փետվարի 6-ից 11-ն աշխույժ մասնակցել «Դպրությունը դպրոցում» շաբաթին:

4. Փետրվարի 17-ին, ժամը 19.00, փոքր դահլիճ

Տնօրեն Ա. Բլեյանը 60-ից ավելի ծնողների, աշակերտների ու մանկավարժների, լայն հասարակայնության քննարկմանը ներկայացրեց միջնակարգ (II փուլ) և ավագ կրթության կազմակերպման նոր նախագիծը: Կայացավ օգտակար քննարկում:

Պայմանավորվեցին.

1. Մարտի առաջին օրերին կրթօջախի խորհրդի քննարկմանը ներկայացնել կրթական գործի կազմակերպման դպրոցի ամբողջական կոնցեպցիան:
2. Հաջորդ ակումբի նիստին ներկայացնել կոոպերատիվների կազմակերպման հնարավորությունների մասին հարցը:
3. Արագացնել լեզուների, բազմալեզվության պրոբլեմի քննարկումն ակումբի նիստում:
4. Ողջունել և´ մայրենի լեզվի, և´ գրականության շաբաթի անցկացումը և մասնակցել շաբաթին:

5. Փետրվարի 24-ին, ժամը 19.00, փոքր դահլիճ

Թիվ 119 մանկապարտեզի վարիչ Հ. Գրիգորյանը ներկայացրեց իր մտորումները՝ աշակերտական-ուսուցչական կոոպերացիայի հետ կապված:

Պայմանավորվեցին.

1. Կոոպերատիվները դիտել որպես կրթօջախ-համակեցության կոոպերացիայի ձևակերպման միջոց:
2. Կոոպերատիվները թելադրված են մանկավարժական հասունացած խնդիրներ լուծելու պահանջից:
3. Ստեղծել այնպիսի կոոպերատիվներ, որոնք առավելագույն չափով օգտագործում են ուսումնական-դաստիարակչական գործընթացին նպաստող աշակերտի ձեռքի և մտքի աշխատանքը:

6. Մարտի 3-ին, ժամը 19.00, փոքր դահլիճ

Երկլեզվություն, թե՞ կիսալեզվություն: Ավելի լուրջ՝ եռալեզվության մասին:
Բանավեճը վարում էր Լևոն Ջռնազյանը:
Մասնակցում էր Ռաֆայել Իշխանյանը:

Պայմանավորվեցին.

1. Ռուսաց լեզվի ուսուցումը հայ երեխայի համար մանկապարտեզից սկսելը հանցագործություն է:
2. Ռուսաց լեզվի ուսուցումը երկրորդ դասարանից սկսելն արդարացի վճիռ է:
3. Ռուսաց լեզուն ամենից առաջ պետք է ուսուցանել որպես գրի լեզու:
4. Անգլերենի ուսուցումը պիտի ուսումնական պլանից դուրս հանել և կազմակերպել խմբակի ձևով:
5. Լեզվական արտակարգ ընդունակություն ունեցող երեխաներին՝ հատուկ ուշադրություն:

7. Մարտի 10-ին, ժամը 19.00 փոքր դահլիճ

Կրթօջախի կառավարման համակարգը ներկայացրեց Ա. Բլեյանը:

Պայմանավորվեցին.

1. Համաձայնել Ա. Բլեյանի ներկայացրած փաստաթղթի բովանդակությանը:
2. Սկսել մեկ-երկու դասարանի սահմանադրության մշակումից:
3. Կոչ անել Դավթին ու Հրաչյային՝ ստեղծել կրթօջախի սահմանադրության օրինակ:

8. Մարտի 17-ին, ժամը 19.00 փոքր դահլիճ

Թիվ 183 դպրոցի ներքին ձևավորման մասին՝ Ա. Շահբազյան, Ա. Բլեյան:

Պայմանավորվեցին.

1. Ներքին ձևավորման հարցը համարել չլուծված:
2. Ճիշտ համարել ձևավորման կտոր-կտոր իրագործումը՝ մեծ ազատություն տալով իրականացնողին:
3. Արագացնել մեծ նախասրահի ու մեծ դահլիճի ձևավորման աշխատանքները:

 

  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վերնագիրը վերջում

1980-1985 Դպրոցներում, պրոֆտեխուսումնարաններում, միջնակարգ, մասնագիտական ուսումնական հաստատություններում ապահովել ուսուցման և դաստիարակության խիստ հաջորդականություն, հանրակրթական պատրաստման միասնական մակարդակը, ընդսմին հաշվի առնել ազգային ուսումնական հաստատությունների առանձնահատկությունները: Մշակել և մտցնել մանկապարտեզում երեխաների դաստիարակության

Արատեսը՝ կենդանի Գլաձոր

Ի բազում ամայ տենչեցեալ եմ այսմ իրագործութեան… Ստ. Օրբելյան Եղեգնաձորի «Վերելք» թերթ։ 1989թ. Վերահրապարակվել է «Գարուն» ամսագրի 1990թ. 8-րդ համարում Այսօր արդեն հանրապետությունում մեծ ճանաչում է վայելում Երևանի Մ. Սեբաստացու

Մեր պարտքը առ մեր լեզուն

«Գրական թերթ», 20 հուլիսի 1990 թ. «Եղբայր սիրելի, թե որ ուզում ես ուղիղն իմանալ, ճշմարիտն ասեմ, հանաքը մի կողմ դրած, ծիծաղն էլ հետը, մեր բանն այնպես է, որ մենք մեր