Համալիրի ամենահետաքրքիր մարդը

Դուք ճանաչո՞ւմ եք Մայր դպրոցի բոլոր ուսուցիչներին: «Իհարկե՛, այ քեզ զարմանալի հարց»,- կքմծիծաղեք դուք: Բայց գիտե՞ք, թե նրանցից ով է ամենահետաքրքիր անձնավորությունը: Ա՛յ, տես, ունքերդ կիտեցիր:

Դե՛, իսկ մենք… մենք գիտենք:

Որտեղի՞ց: Հիմա… հիմա կասեմ: «Մենք», ինչպես ասում են, ծարավ էինք այդ հարցի պատասխանին, և մեր ծարավը հագեցնելու համար փոքրիկ սոցիոլոգիական հարցումների շնորհիվ պարզեցինք, որ համալիրի ամենահետաքրքիր մարդը, ըստ ուսուցիչների, Աշոտ Բլեյանն է: Իսկ ամենահետաքրքիրն ու ամենաանսպասելին էլ այն է, որ տիար Բլեյանն ինքն էլ իրեն համարեց համալիրի ամենահետաքրքիր մարդը: Այդ էր պատճառը, որ «Մենք»-ը փոքրիկ, բայց հետաքրքիր հարցազրույց անցկացրեց հետաքրքիր մարդու հետ:

 «Հաճելի է զգալ, որ չեմ սպառվում»

Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ

— Դպրոցական սոցիոլոգիական հարցման ժամանակ Դուք ձեզ հետաքրքիր մարդ կոչեցիք: Ըստ  Ձեզ ինչո՞վ եք հետաքրքիր:

— Ամեն մարդ իր ներաշխարհով տիեզերքի մանրակերտն է՝ միկրոտիեզերք: Ինձ այդպես է թվում: Ի դեպ, շատ հետաքրքիր է այդ միկրոտիեզերքի պնդումը: Օրինակ, ես մեծագույն հետաքրքրությամբ եմ անընդհատ իմ մեջ նայում, գտնում իմ ներքին չօգտագործված հնարավորությունները, հետաքրքիր որակներ: Հաճելի է զգալ, որ չեմ վերջանում, չեմ սպառվում:

Իմ տիեզերքի ճանաչումն ինձ համար շատ հետաքրքիր է: Այդ միջոցով ես ճանաչում եմ նաև դիմացիներիս, շրջապատը, աշխարհը:

— Կա՞ այդպիսի մանկավարժ, որին նախանձում եք:

— Շատ: Այդ առումով ասեմ, ի դեպ, ինձ զայրացնում է հանրապետության անտարբերությունը մեր կրթօջախի նկատմամբ, ախր, մեր մեթոդիստ-մանկավարժները կարող են ուսուցչի ուսուցիչ լինել: Օրինակ՝ մեր  ռուսերենի ուսուցչուհի Բաղդասարյան Իրինան: Ինչպիսի՜ ուսուցիչ է՝ այդքա՛ն պատրաստված, գրականության այդպիսի գիտակ, նաև այդքան արտիստիկ: Այդպիսի ուսուցիչ հանրապետության դպրոցներում կարող է լինել կամ չլինել: Մենք ունենք տասնյակ այդպիսի ուսուցիչներ:

— Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում՝ լրատվական կենտրոնո՞ւմ, Ձեր առանձնասենյակո՞ւմ, խորհրդարանո՞ւմ, թե՞ որևէ ուրիշ տեղ:

— Ես ինձ ամենից ապահով ու հանգիստ զգում եմ խնամված վայրերում, այնտեղ, որտեղ խնամք կա՝ և՛ միջավայրի, և՛ հարաբերությունների առումով, ուստի ինձ շատ լավ եմ զգում Մայր դպրոցում, որովհետև այստեղ միջավայրի մշակվածությունն ավելի մեծ է:

Մայր դպրոցում էլ, իհարկե, հաճելի օղակներ, օջախներ կան: Շատ եմ հավանում իմ աշխատասենյակը: Այսօր համալիրի ամենահեռանկարային, ուստի նաև ինձ զբաղեցնող օղակը, իհարկե, հրատարակչությունն է՝ իր լրատվական կենտրոնով (20 տարվա հեռվից այսօր ասեմ՝ ականջդ կանչի Հարություն Մանսուրյան), նրանով, ինչ ուզում ենք անել. համալիրի առաջադիմության հաջորդ քայլը կապված է այս օղակի հետ: Դա հաղորդակցման միջավայրի ռեժիմի ստեղծումն է: Պիտի ապահովվի մի ռեժիմ, երբ մարդիկ կարող են ազատ հաղորդակցվել, այսինքն՝ խոսքեր, մտքեր փոխանակել:

— Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում առանց մեզ:

— Գիտե՞ք, ես աշխատում եմ չկապվել: Չկապվել ո՛չ մարդու հետ, ո՛չ արվեստի:

Կան ուսուցիչներ, որոնք կապվում են երեխաներին, և բաժանումն ամեն անգամ ողբերգական է լինում:

Երբ մարդու հետ խոսում ես, շփվում, ուրեմն նրան տեղավորում ես քո տիեզերքում, քո միկրոաշխարհում: Եվ եթե անգամ նա կողքիդ չէ, մեկ է՝  քո միկրոաշխարհում է, դու նրան միշտ պետք է հանդիպես: Մտածում ես, թե ինչ ու ինչպես կասեր նա, ինչպես կմոտենար այս կամ այն հարցին. այսինքն՝ խոսում ես, չէ՞:

Նույն ձևով ես աշխատում եմ մոտենալ բոլոր մարդկանց, որպեսզի բաժանում երբեք չլինի:

— Ձեզ դպրոցում բոլորը սիրում են, իսկ Ձեր կինը Ձեզ չի՞ խանդում:

— Կնոջս համար դժվար է: Բայց ես իմ անձի նկատմամբ բռնություններ չեմ հանդուրժում ո՛չ իմ երեխայի կողմից, ո՛չ կնոջս: Ես չեմ բռնանում իմ կնոջ ապրելաձևի, անձի վրա, նա ապրում է այնպես, ինչպես որ ինքն է ճիշտ համարում: Բայց չեմ էլ հանդուրժի, որ նա բռնանա իմ անձին:

Ինձ համար անընդունելի բան են կեղծիքը և բռնությունը: Նրա համար դժվար է, բայց ես նրան ցավ չպատճառելու համար չեմ կարող իմ տեմպերը կամ իմ ապրելաձևը փոխել:

Խոստովանեմ, շատ դժվար է զգալը, որ քեզ համար կարևոր մարդուն միշտ ցավ ես պատճառում: Շատ դժվար է։

Եվ ճիշտ է ասել Հ. Թումանյանը իր նամակներում, որ կնոջ դերը տղամարդու կյանքում շատ կարևոր է:

Առաջիկայում ի՞նչ երջանիկ պահի եք սպասում:

— Հիմա, ամեն րոպե, ամեն օր, անընդհատ ես այդպես ապրում եմ: Ինձ համար դա կյանք է, սովորական առօրյա կյանք:

— Ինչպե՞ս եք ձեզ պատկերացնում «Բլեյան պապիկի» դերում:

— Տարիքի հետ հայրիկ եմ դարձել, տարիքի հետ էլ պապիկ կդառնամ: Հազիվ թե լուրջ մտահոգվեմ կամ լրջորեն իրար անցնեմ:

— Ի՞նչ կանեիք,եթե համալիրի բոլոր երեխաները հանկարծ հրեշտակ դառնային:

-Հրեշտակապետ կդառնայի: Իմ պաշտոնն ինքն իրեն որոշվում է, չէ՞:

՞ր կենդանուն եք ձեզ ամենից շատ նմանեցնում:

— Շանը: Ժամանակին ինձ նմանեցրել են շան՝ հոտառության, հավատարմության համար… Բայց հավատարմություն՝ սկզբունքներին, առաջադիմությանը, այսինքն՝ մնայուն արժեքները պահելու կոչումով շան նման եմ:

-Ի՞նչ կդառնայիք, եթե դպրոցը վերածվեր բանտի, բանտապե՞տ, թե՞ բանտարկյալ:

— Իհարկե՛ բանտապետ, ամեն դեպքում պետ կլինեի:

-Միշտ ուզում եք կառավարե՞լ:

— Իսկ ինչո՞ւ ոչ, չէ ո՞ր կառավարելը արվեստ է և մեծ կարողություններ է պահանջում:

Կառավարելը գիտություն է և արվեստ:

Չնայած մտածողներից մեկն ասել է, որ դա նաև մեծ անեծք է, մեծ բռնություն քո անձի նկատմամբ: Դա իհարկե, այդպես է, այնուամենայնիվ…

— Ինչի՞ վրա եք ամենից շատ ծիծաղում:

Ամենաշատը ծիծաղում եմ մարդկանց ծիծաղի վրա:  Ինձ ուղղակի հիացնում է մարդկանց ծիծաղը:

— Ամենից շատ ի՞նչ ճաշատեսակ եք սիրում:

— Ճաշատեսակներից՝ տոլմա, անուշեղենից՝ փախլավա, մրգերից՝ խաղող:

— Ձեր կարծիքով ինչպիսի՞ տնօրեն եք դուք:

— Շշմելու…

Հարցազրույցը վարեցին Ռաֆայելը, Հրայրը, Սուրենը, Միսակը, Գագիկը

«Ծիր կաթին» և «Մենք 5», 1.06 1994թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր 

«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ. Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ:

Իմ սիրտը սար կուզե, լաո…

Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը… Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն. — Ինչո՞ւ են էս ապուշ

Հրդեհը mskh.am մեդիայում

Հրդեհը mskh.am մեդիայում իր սև գործն արել է, ու մենք երեկ-այսօր այլ բան չունենք անելու, քան առաջնահերթ դրա հետևանքները վերացնելը, մեր մեդիան բնականոն վիճակի բերելը: Սեբաստացի ծնողի այս գրառումը, վստահ