«Գրքերի աշխարհ», 12 դեկտեմբերի 1990թ.
«Արևիկ» հրատարակչությունը լույս ընծայեց «Ո՞րն է մեր ճանապարհը» ժողովածուն, որտեղ տեղ են գտել հանրապետության նշանավոր գործիչների հոդվածները: Առաջաբանը գրել է Աշոտ Բլեյանը: Ներկայացնում ենք քաղվածքներ և Ա. Բլեյանի խոսքը, որը գրված է «ԳԱ»-ի համար:
- Միասնություն, խելացի հաշվարկ և վճռականություն:
- Հայաստանի քաղաքականության կերտողները Հայաստանի կազմակերպություններն են լինելու:
- Չկա միասնություն առանց գործի և գաղափարի:
- Երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը:
- Հայաստանը պետք է Ազատ և Անկախ լինի:
Կրկնելով, անհոգնել կրկնելով Թումանյանին` ներսից ենք փչացած, ու ներսից է լինելու մեր փրկությունը: Թշնամու, արատի ու ելքի փնտրտուքը մեզնից դուրս, ավա՜ղ, չի թուլանում, ներկայանում է նոր ձևով, սպասում և միջազգային համագործակցության հրաշք, փրկություն ահա-ահա հայտնվելիք հրաշքի ձևով: Մեծ քաղաքականությունը իրենց փեշակը հանկարծ դարձրած գործիչներիս թիվն է շատացել ու սեփական տանը տարրական կարգ ու կանոն հաստատող ղեկավարները չկան: Համեստության ու չափի զգացման սով է, անդադրում, ամենօրյա ստեղծարար «սև աշխատանքը» կատարողը չկա:
Այո´, տեսանելի ու անտես թելերի հյուսվածքով շղթայված ենք «սովետների հզոր երկրին» ու դյուրագրգիռ ենք փլուզվող կայսրության վերուվարներին: Բայց կայսրության մեծ քաղաքականության վրա մեր ազդեցության միջոցը, այդ քաղաքականությունից մեր պաշտպանության միջոցն էլ մեկն է` մեր ներքին քաղաքականությունը, մեր պապական տան մեջ կարգ ու կանոնի շուտափույթ հաստատումը:
Հայաստանի Գերագույն իշխանության և կառավարության կաբինետների հերթագայում չէ այս տարվա հուլիս-օգոստոսին կատարվածը: Կարևոր է հասկանանք, որ հանրապետության իշխանության բնույթն է փոխվել. ապրելու ենք որպես քաղաքակիրթ պետություն՝ ունենալով քաղաքակիրթ հասարակարգ: Ի՞նչ է լինելու ի վերջո, ի՞նչ ենք ունենալու փոփոխությունների արդյունքում, հայտնի է: Ահա` քաղաքակիրթ աշխարհը մեզ հայելի: Վիճելին, գտնվելիք ճանապարհը, կամուրջի կառուցումը մի անդունդի վրայով, որը Սովետական Հայաստանը կապելու է Հայաստանի Հանրապետությանը:
Ո՞րն է ճանապարհը: Այսօր, երբ խոսքը, դատարկ ու զզվեցնող խոսքը, սպառնում է խլացնել բոլորիս, երբ մեծանում է անհավատների ու ապաքաղաքական մարդկանց թիվը, երբ ժողովորդի ավելի ու ավելի մեծ թվով զանգվածներ կորցնում են հավատը իրենց իսկ ջանքերով ամիսներ առաջ ստեղծած իշխանությունների, իրենց իսկ ծնած ղեկավարների նկատմամբ: Ժողովրդի հավատի այսպիսի ծավալներով կորուստը ինձ սարսափեցնում է: Օր օրի մենք դառնում ենք ավելի ու ավելի ապաքաղաքական-գրգռված ժողովուրդ, ավելի ու ավելի չար, իսկ երբ վերածվենք ապաքաղաքական-կատաղած ժողովրդական զանգվածների, մենք կարող ենք պայթել, ինքներս չիմանալով ում դեմ… Մեր, մեր իշխանության նոր մարմինների հաճախ իրարամերժ քայլերի, գործողությունների անհետևողականությունը, կիսատ-պռատությունը, անհստակությունն ու դանդաղկոտությունը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Բարեփոխումներ անում են ոչ ռոբոտները, այլ կենդանի մարդիկ: Առանց բարեփոխումների ներշնչանքի, առանց քայլերի որոշակի հստակության, առանց հույսի ու հավատի ոչինչ չի ստացվի: Մարդկանց ուժեղ դրական գրգիռներ են պետք: Մարդկության պատմությունը գիտե, որ առանց մեծ ներշնչանքի ու կրքի ոչ մի նշանակալից գործ չի կատարվել: Իսկ մենք այսօր փորձում ենք իրագործել վիթխարի սոցիալական հեղափոխություն առանց ժողովրդական հզոր շարժման ու մարդկային ներշնչանքի:
Կարծես թարմ են Արևելյան Եվրոպայի երկրների իրադարձությունները` արագ, կտրուկ խանդավառված մարդկանց վիթխարի գետով: Կարծես թե մենք մարեցինք ղարաբաղյան շարժման կենարար գիգիռները: Անընդհատ պիտի հիշեցնենք մարդկանց, որ ճակատագրի բերումով այսօր ոչ թե «շուկայական հարաբերություններ ենք» կերտում որպես հերթական միջոցառում, այլ արմատից փոխում ենք մեր հասարակական-քաղաքական կառուցվածքը, ստեղծում ազատ-քաղաքակիրթ հասարակություն: Ահա, թե ինչը կարող էր «կրակել» հազարներին: Համոզված եմ, որ այսպես կձևավորվի սոցիալ-տնտեսական բարեփոխումների առաջապահ գունդը` սթափ, ուժեղ և անձնական մարտիկների կազմակերպությունը: Հակառակ այս ամենին, մենք` իշխանության և կառավարության լիազորներս, կամ սիրաբանում-փչացնում ենք ժողովրդին` սիրաշահելով, գովաբանելով նրան, կամ դատավորի կեցվածք ընդունում` փնովելով-հեռացնելով ընդունակ մարդկանց մեզանից ու գործից:
Օր օրի ավելի ու ավելի է կարևորվում գործի բնագավառի իշխանության լիդերների դերը: Ամենադաժան փորձությունների ծովի, կրակի միջից ժողովուրդը վերջին երեք տարիների ընթացքում «թրծեց» հասարակական շարժման մեկ-երկու տասնյակ լիդերներ, որոնց անվարան վստահեց ամենաբարձր պետական պաշտոններ: Կիսատ-պռատ, անհետևողական ու անվճռական գործողություների արդյունքում կամա թե ակամա մենք վտանգում ենք կարճ ժամկետում կորցնել այնքան թանկ գնով ձեռքբերածը` ժողովրդի վստահության քվեն: Նոր լիդերների ծնունդը որոշակի ժամանակ է պահանջում և սոցիալ-տնտեսական վերափոխումների էական կորուստների կբերի: Սրանից պիտի հատուկ զգուշանալ: Այո, բարեփոխումների կշռադատված, հիմնավորված ծրագիրը շատ է կարևոր: Բայց հասարակության զարգացման պատմությունը մեզ ուսուցանում է, որ հասարակական բարեփոխումների գործընթացը ղեկավարող մարդկանց համատեղելիությունն ու ընդունակությունը ուժեղ թիմի ձևով, երբ բարեփոխումների յուրաքանչյուր աստիճանում թիմը իր համաձայնեցված ու միասնական գործողություններով, ապահովում է հարվածի ընդհանուր ճակատ, իր ետևից տանելով հազարների, դրանով իսկ չեզոքացնելով գործողությունների սեփական ծրագրի հնարավոր սխալների հետևանքները:
Միով բանիվ` սթափ, ուժեղ ու անանձնական մարդկանց շարժում է պետք առաջ բերել հասարակության մեջ, հստակ ու հասուն գործողությունների, ջերմ ու անկեղծ խոսքի միջոցով անընդհատ ներարկելով մարդկանց ուժեղ դրական գրգիռներ, վարակելով նրանց ազատ ու բարեկեցիկ հասարակություն, ուժեղ ազգային պետականություն կերտելու անհաղթահարելի ձգտումով: Այսպիսի խճճված ժամանակներում մարդկային մեծ ու փոքր խմբեր ղեկավարող անհատներս, եթե ուզում ենք մի տևական շրջան ամրապնդել մեր իսկ լիդերությունը, իրավունք չունենք արհամարել մարդկանց սրտերն ու մտքերը գրավելու հազարամյա արվեստը: Տգետ ենք, պիտի շուտափույթ յուրացնենք այդ արվեստը: Պարտավոր ենք, կնշանակի կարող ենք:
Ծնված-մեծացած-սրսկված սովետական կեղծ ու վնասակար արժեքների աշխարհում, մենք սովետական նախապաշարումների գերին ենք տակավին: Արագ պիտի թոթափենք նախապաշարումների կաշկանդող ու շեղող բեռը` օգտակար ու խելամիտ ամեն բան կարելի է: Հաճախ մեզ հուզող խնդիրների լուծումները ընկած են սովորականի հակառակ. ծայրում ու չպիտի վախենաս շրջադարձերից: Ընդունակ, գործարար ու եռանդուն մարդկանց պիտի փնտրեք անհոգնել ու առաջ մղենք: Նրանք են, որ այս անօրենք ու անկայուն վիճակում ճանապարհ են հարթելու և օգնելու են մեզ առաջ շարժվել:
Ինձ շատ է վախեցնում մեր գիտնական ու ստեղծագործ մտավորականության զգույշ-վախվորած վիճակը: Ստեղծարար-ընդդիմադիր մարդկային միտքը պիտի հանգիստ չտար ու ապահովագրեր մեզ, որ սխալները շարան չկազմեն: Մանր-մունր ոչինչ չտվող խոսք ու զրույց է հեռուստատեսությամբ ու մամուլով, փաստերի մեխանիկական արձանագրում, վախվորած վերլուծություն: Մենք տասնամյակների բոլշևիկյան-միապետական դիկտատուրան հաղթահարեցինք առողջ մաքրող ընդդիմադրության ու բնական մրցակցության հասարակարգ հաստատելու համար: Պաշտոն-աթոռ-բարեկեցություն կորցնելու կամ չունենալու վախը կաշկանդում է մեզ, ստիպում դավաճանել ինքներս մեզ, մեր սկզբունքներին: Հանուն ինչի՞:
Հրաշալի ժամանակներում ենք ապրում, անձի ու ազգի ազատագրման ժամանակակից ու մասնակից, մենք ազգային պետականության հաստատման գործընթացի զինվոր, պիտի զինվորի համեստությամբ ու նվիրվածությամբ կատարենք մեր ամենօրյա գործը:
Բերնեն ականջ շատ կարճ է, խոսքեն գործ` շատ երկար: Ճանապարհ կա անցնելու, ճանապարհ:
Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթօջախի տնօրեն,
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
Իսկ լուսանկարներում` 2014-ի սեպտեմբերի 20-21-ին բարձունք նվաճելու ճանապարհներին մեր սովորողներն ու դասավանդողներն են: