«Երեկոյան Երևան», 10.05.1989թ.

Խմբագրությանն են դիմել բազմաթիվ ընթերցողներ՝ մանկավարժներ, տարբեր մասնագիտությամբ քաղաքացիներ, խնդրելով պարզաբանել «Խորհրդային դպրոց» թերթի ապրիլի 13-ի համարում տպագրված «Մրցույթի հրավեր» հայտարարությունը, նպատակ ունենալով մասնակցել դրան: Փաստն ինքնին հետաքրքիր է. դպրոցը տարբեր առարկաների (այդ թվում նաև այնպիսիների, որոնք մեր ստերոտիպ պատկերացումներով անհնարիր են տվյալ կրթօջախին) ուսուցիչներ ընդունելու համար հայտարարություն է տպագրում թերթում, փոխանակ դիմելու ժողկրթության վարչությանը կամ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրությանը, որոնց հերթագրման ցուցակներում տարիներով իրենց «բախտին» են սպասում հարյուրավոր ուսուցիչներ:

Զանգահարությունների «ռմբակոծությունը» կասեցնելու, ինչպես և բազմաթիվ ինչուների պատասխան ստանալու մտրադրությամբ այցելեցինք դպրոց: Հարկ եղավ մեկ անգամ էլ կարդալ հակիրճ հայտարարությունը, որտեղ բառացիորեն ասում էր, որ ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության ՄԳԳ ինստիտուտի Երևանի «Դպրոց-մանկապարտեզ ուսումնադաստիարակչական փորձառական համալիր խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ համալիրի №183 միջնակարգ դպրոցի հետևյալ պաշտոներն զբաղեցնելու համար.

հայոց լեզու և գրականության ուսուցչի՝ 2 տեղ, պատմության՝ 1, պարի՝ 2, թատրոնի՝ 2, բնագիտության՝ 2, շախմատի՝ 1, ավագ ջոկատավարի՝ 1, ֆիզկուլտուրայի՝ 1, ինֆորմատիկայի՝ 1, մաթեմատիկայի՝ 1:

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան կրթության տեր անձինք, որոնք ներկայացնում են դիմում կրթօջախի անունով, մինչև ս/թ. մայիսի 8-25-ը՝ համաձայն համալիրի խորհրդի կողմից հաստատված ծրագրի»:

Այն, որ №183 դպրոցի մանկավարժական կոլեկտիվը անդադրում որոնում, գտնում և ներդնում է հանրակրթական դպրոցի ուսուցման քարացած մեթոդներն ու ձևերը փշրող նոր ուղիներ, հաճախ հասնելով լուրջ հաջողությունների, հանրապետության մամուլի հրապարակումներից հայտնի է շատերին: Միայն այն, որ դպրոցում աշխատում է 60 երիտասարդ տղամարդ ուսուցիչ, լուրջ առաջընթաց է: Ուրախալի է, որ դպրոցի մանկավարժական կազմում կա երեք գիտությունների թեկնածու, երեքը ավարտել են ասպիրանտուրան, երեքը հայցվորներ են, տասնյակ ուսուցիչներ աշխատանքի են հրավիրվել գիտահետազոտական ինստիտուտներից ու բուհերից: Ինչ խոսք, խոսուն փաստեր են: Իսկ ինչպե՞ս է դպրոցը հասել գիտական և մանկավարժական մտքի նման կենտրոնացման, ինչպե՞ս է հաղթահարել գերատեսչական արգելապատնեշը:

—  Մրցույթի միջոցով, — ասում է դպրոցի տնօրեն, մրթցույթային հանձանաժողովի նախագահ Աշոտ Բլեյանը: — Ի դեպ, դպրոցը երրորդ անգամ է ուսուցիչներ հավաքագրում մրցույթի միջոցով:

Նման քայլի դիմելու նրա կռվանը հին ճշմարտությունն է՝ ուսուցիչն է ստեղծում դպրոցը-դպրանոցը, իր ստեղծած (և ոչ թե պարտադրված) դասագրքերով-ծրագրերով, ոգով, իր մանկավարժական հավատամքով ու հետևորդներով: Այսինքն, դպրոցը դպրանոց է ուսուցչով: Բերենք ևս մի հետաքրքիր փաստ. միայն 1987-88 ուստարում դպրոցի ուսուցիչները տպագրել են 20-ին ավելի հոդված և ուսումնասիրություն: Կարճ՝ դպրոցն ստեղծում իր դպրությունը: Եվ այս հնարավորությունը ընձեռում է ուսուցչի խստագույն մրցույթով ապահովող ազատ ընտրությունը:

—  Համարելով առաջին նշանակության համազգային գործ. ամբողջ երկիրն է զբաղված կրթական գործի կազմակերպման պետական-հասարակական կառուցվածք ստեղծելով: Մենք այլընտրանք չունենք,- ասում է Ա. Բլեյանը,- պիտի դառնանք մեր ազգային կրթական ակունքներին՝ ուսուցչին վստահելով մանկավարժական դպրության ստեղծումը:

Անշուշտ, դպրոցի ուսուցիչների համալրումը մրցությային եղանակով հենց մանկավարժների և տնօրենների շրջանում ունի և՛ պաշտպաններ, և՛ ընդդիմախոսներ: Սակայն №183 դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ունի իր փաստարկը: Չէ՞ որ շարունակ, ամենատարբեր ամբիոններից անընդհատ ասվում է, որ առանց լավ ուսուցչի անիրագործելի է կրթության գործի բարեփոխման ամենախելացի և մանրակրկիտ մշակված ծրագիրն անգամ: Իսկ ի՞նչ է արվում դպրոցը բարձրակարգ ուսուցիչներով համալրելու համար: Ոչինչ: Վնասակար և անհանդուրժելի հայտարարելով ժողկրթբաժինների մեծ հերթերը, շարունակում են 7-10 տարի հերթերում իրենց որակավորումը կորցրած «դիպլոմավորներին» դպրոց ընդունելու արտասովոր պրակտիկան:

—  Շուտով ուսուցիչների աշխատանքի ընդունումը կվստահվի դպրոցների տնօրեններին: Մրցույթը մանկավարժական լավագույն կադրերի ընտրության միա՞կ ելքն եք համարում, — հարցին Բլեյանը պատասխանում է առանց տատանվելու:

—  Այո՛, առայժմ միակը: Այլապես, դպրոցի տնօրենը աշխատանք չունեցող բազմաթիվ մասնագետներից ինչպե՞ս պետք է ընտրի մեկ-երկուսին: Գուցե հիմա էլ մանկավարժների հերթերը տեղափոխվեն դպրո՞ց: Առայժմ միակը, նաև մանկավարժական կրթության անկատար համակարգի ծնունդ դիպլոմավոր ուսուցիչների ավերող հեղեղից դպրոցը փրկելու համար:

Մանկավարժությունը կոչում է, լավ մանկավարժը այդ որակը, ինչպես արվեստագետը, պետք է ժառանգած լինի գեներով: Կրթօջախի տնօրենի առաջնահերթ գործը պետք է լինի ամուր, առանց հոգնելու փնտրել և հավաքագրել կոչումով ուսուցիչների, իր ուսուցչին: Ահա այդպիսի մտահոգությամբ է ծնվել մեր մրցույթը:

—  Իսկ ինչպե՞ս եք բազում կանչվածների միջից ընտրում ձեր որոնածին:

—  Մրցույթի հետ առնչվող բոլոր օղակների գործունեությունը, կազմակերպական վերահսկողությունը և արդյունքների ամփոփումը կկատարի կրթօջախի կողմից հաստատված մրցութային հանձնաժողովը, որի կազմում կլինեն ծնող-խորհրդի, աշակերտության ներկայացուցիչները, կրթօջախի հոգեբանը և մեկ ուսուցիչ:

Թեկնածուներից կպահանջվի միայն մեկ դիմում և վեց փորձություն: Մրցույթի մասնակիցը հոգեբանակաան քննության կենթարկվի կրթօջախի հոգեբանական ծառայություններում, որի հիման վրա ծառայությունը կկազմի նրա հոգեբանական բնութագիրը: Մասնագիտական պատրաստվածությունը կորոշեն կրթօջախի համապատասխան ամբիոնի առաջատար ուսուցիչները, այդ նպատակով մշակված քննակարգի համաձայն: Թեկնածուն որոշակի թեմայով սեմինար պարապմունք կանցկացնի ամբիոնի ուսուցիչների համար: Երկշաբաթյա անվճար փորձաշրջանում կպարզվի նրա մեթոդա-մանկավարժական պատրաստվածությունը և աշակերտների վերբերմունքը նրա նկատմամբ: Անհատական զրույցների միջոցով դպրոցի տնօրենը և փոխտնօրենը կճշտեն նրա ծանոթությունը և համապատասխանությունը դպրոցի մշակած կրթական գործի կազմակերպման նոր կերպին: Արդյունքները կամփոփվեն մրցութային հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ թեկնածուի պարտադիր մասնակցությամբ: Հաղթողներին կորոշի դպրոցի խորհուրդը: Բոլոր փուլերի արդյունքները կգրանցվեն մրցութային ամփոփաթերթերում:

—  Մրցույթի հայտարարության մեջ կան այսօրվա հանրակրթական դպրոցի համար անսովոր առարկաներ՝ պար, շախմատ, բնագիտություն, թատրոն…

—  Թատրոնը, ըստ մեր ուսպլանի, անցնում են 1-4-րդ դասարաններում (տիկնիկային թատրոն) և 5-8-րդում, շախմատ՝ 2-4-րդում, բնագիտությունը՝ 5-6-րդում: Պար, նոր ուստարում, կանցնեն 1-8-րդ դասարաններում բոլոր աշակերտները: Շեշտում ենք՝ փնտրում ենք մեր ուսուցչին, որը կցանկանա և  կկարողանա իրագործել կրթական գործի կազմակերպման մեր իսկ հեղինակած մոտեցումը: Մայրենի լեզվի ուսուցիչները պետք է կարողանան դասավանդել և՛ գրաբար, և՛ բանահյուսություն, պատմություն ուսուցիչը՝ նաև դիցաբանություն, պատմական աշխարհագրություն և հնագիտություն: Չմոռանամ ասել, որ «անսովոր առարկաների» գծով մանկավարժական կրթությունը պարտադիր չէ:

—  Որքանո՞վ կապահովվեն մրցույթի օրինականությունը և հրապարակայնությունը:

—  Մեզ ոչ ոք չի ստիպել կամ հուշել ուսուցիչների ընտրության մրցութային եղանակը: Ինքներս ենք հանգել այս ձևին: Թվում է՝ ամենաշահագրգիռ անձնավորությունը օրինականության հարցում ես պետք է լինեմ: Մրցույթի բոլոր փուլերը մասնակիցների և հասարակության համար բաց կլինեն: Մրցույթի ընթացքի յուրաքանչյուր «մութ կետ» մասնակցի պահանջով կլուսաբանվի:

—  Մրցութային համակարգը երեք տարվա ընթացքում ի՞նչ է տվել դպրոցին:

—  Այս եղանակը շատ հոգնատանջ է, մեզանից շատ ուժ ու ժամանակ է խլում: Անցյալ տարվա մայիսյան մրցույթին մասնակցեցին 114 մարդ 14 թափուր տեղի համար: Բայց այլընտրանք առայժմ չենք տեսնում: Սակայն դրա շնորհիվ, մենք այսօր ունենք ուսուցիչներ, որոնք հերթի մեջ կկորչեին: Իսկ նրանք իրավունք չունեին դպրոցում չաշխատելու: Երեխաների հետ նրանց շփումը տոն է:

 Պ. Բերբերյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրավունք՝ որոշելու, թե ով ես դու…կամ Հոքինգից մինչև Կամենդատյան

Քեզ կգովեն կամ կհայհոյեն, կնվիրեն կամ կդավաճանեն: Քանի դեռ նրանք իրավունք ունեն որոշելու, թե ով ես դու կամ ինչպիսին ես, դու չես կարող ինքդ քեզ գտնել: Վերցրո՛ւ նրանից այս իրավունքը,

Պա՛պ, դու հոգնում ես, ես չեմ հոգնում…

Աճող աշխույժով-ընդգրկումով, առանց զոռի-վարչարարության, ձեր մասնակցությամբ-ձեր աչքի առաջ «Ֆինանսական գրագիտություն» անգլերենով ուսումնական նախագիծն անգլերենի տոն դարձավ, մի խումբ երիտասարդ արտասահմանցիներ կարողացան մեր միջավայրում մանկավարժության հնարավորությունները մեզ ներկայացնել… «Դպիր»-ում  նախագծի արդյունքների հանրայնացման

Ինքնուրույն, հարցերով սովորելու բնական մեթոդ…

Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։ Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ