«Արար» ամսաթերթ, 1 հունիս, 1993 թ.

—  Պարոն Բլեյան, Ձեր տնօրինած «Մխիթար Սեբաստացի» կրթօջախը առաջինն է հանրապետությունում, ուր թատրոնը դարձել է հանրակրթական առարկա: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, արդարացված այդ քայլը: 

—  Մեր դպրոցի թատրոնի ծրագրերում, որոնց հեղինակը իմ շատ սիրելի Գեորգի Վանյանն է, բավական հստակ ամենը շարադրված է: Մանկավարժական կրթական հայեցակարգում,սկսած նախակրթարանից,մենք մեծ տեղ ենք տալիս երեխաների ստեղծագործական հնարավորությունների ու երևակայության զարգացմանը: Միջին դպրոցում արդեն ուշադրություն ենք դարձնում երեխաների ինքնադրսևորմանը, ինքնարտահայտմանը, ինքնահաստատմանը: Թատրոնն այդ առումով լայն հնարավորություն է տալիս: Ես հավատում եմ թատրոնի ուժին: Տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ միայն կիրթ հանդիսատես դաստիարակելն է: Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ հազարավոր երեխաներից մեկը, երկուսը միայն պիտի դառնան դերասան: Սակայն ասածս ինքնադրսևորման հնարավորությունը պիտի դառնա հանրակրթական միջոց: Մենք լիուլի օգտվում ենք այդ միջոցից:

—  Ձեր կրթական համալիրի Ավագ դպրոցում (գիմնազիայում) բնագիտական ու հումանիտար հոսքերին ավելացավ ևս մեկը՝ գեղարվեստի հոսքը՝ թատրոնի, հեռուստալրագրողի, կերպարվեստի և երաժշտական դասարաններով: Դուք հույս ունե՞ք, կամ, ավելի ճիշտ, ենթադրո՞ւմ եք, թե մոտ ապագայում կարող է ստեղծվել բուհի կարգավիճակ ունեցող գեղարվեստի դպրոց:

—  Եթե կյանքը նոր անակնկալներ չմատուցի, նոր ուսումնական տարում մենք պիտի ունենանք բարձրագույն աստիճանի երկու դպրոց: Մեկը Գեղարվեստի բարձրագույն դպրոցն է, մյուսը՝ Օրիորդաց վարժարանի երկրորդ աստիճանը: Ոչ միայն ցանկություն ու հույս կան: Կան պատրաստի ծրագրեր, ունենք նյութական հնարավորություններ: Գլխավորն այն է, որ ունենք օժտված ուսուցիչներ, մասնագետներ, որոնք իրավոնք ունեն ավարտուն դարձնելու իրենց մանկավարժական գործունեությունը, այսինքն՝ ունենալու իրենց գործի շարունակողներ:

—  Վերադառնանք թատրոնին: Ձեր կրթօջախում արդեն որոշակի փորձ է կուտակվել թատրոնի դասավանդման ուղղությամբ: Կխնդրեի մի քանի խոսքով ներկայացնել այն:

—  Բեմ բարձրանալը մեծ իրադարձություն է երեխայի համար: Դա հոգեբանական արգելքի որոշակի հաղթահարում է: Հաղթահարումն այն կարծիքի, թե բեմը ընտրյալների, հատուկ երեխաների համար է: Երեխաները սովորում են մարդկանց հետ շփվել, մարդկանցից չվախենալ, չամաչել: Շատ կարևոր է լսարանին տիրապետելը, մեծ լսարանից չվախենալը: Թատրոն առարկան տալիս է հնարավորություն նոր արժեքների հաստատման առումով: Շատ ենք խոսում «նոր դպրոցի» մասին: Ասում ենք՝ նոր դպրոց, հայոց դպրոց, ազգային դպրոց, ժամանակակից դպրոց, ինքներս մեզ հաշիվ չտալով, թե ինչ դպրոց է դա: Ինձ թվում է, պետք է սկսենք այն արժեքներից, որոնք դավանում է քաղաքակիրթ աշխարհի դպրոցը և փորձենք այդ արժեքները հաստատել: Խոսքը ոչ միայն հավերժական, քրիստոնեական արժենքերի մասին է, այլև այն արժեքների, որոնք իրավունք ունի դպրոցից պահանջելու տվյալ հասարակությունը տվյալ ժամանակաշրջանում:

Փորձեմ թվարկել այդ արժեքներից մեկ-երկուսը: Ինձ համար շատ կարևոր է բայրացկամությունը, դիմացինին պարզապես օգտակար լինելու ցանկությունը, դիմացինի մեջ գործընկեր տեսնելու կարողությունը:

Թատրոնը երեխաների համար կոլեկտիվ աշխատանք կատարելու փորձ է: Երբ երեխան կամ ամբողջ դասարանը պատրաստվում են լինել գործընկերներ, փորձում են ճիշտ դերաբաշխում կատարել, գնահատել դիմացինի ուժեղ ու թույլ կողմերը: Երեխան պիտի կարողանա ասել. «Նա լավ է նկարում, թող նա էլ պատրաստի դեկորները, իսկ այս դերը ես լավ չեմ խաղում, ընկերս ավելի լավ կխաղա»:

Բացի կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքից, թատրոնը երեխային հնարավորություն է տալիս իրեն կողքից տեսնելու, գնահատելու:

Չմոռանանք նաև այն խորհրդի, հրաշքի մասին, որը հենց թատրոնն է: Մի կողմից կյանքը, առօրյան՝ իր մեծ ու փոքր հոգսերով, իսկ մյուս կողմից, գծից այս կողմ՝ մեկ ուրիշ աշխարհ, որն անվանում ենք թատրոն: Իրոք, հրաշալի է, երբ անցնում ես այս գիծը, և այդ պայմանականության մեջ մեծ հաղորդակցություն է կատարվում, մեծ խորհուրդ կա:

—  Մանավանդ, որ երեխաների մեջ ի սկզբանե կա խաղալու հատկությունը: Խաղալ սիրում են: Եվ, իմ կարծիքով, ավելի լիարժեք, համակողմանիորեն զարգացած մարդ կդառնան այն երեխան, ում խաղն ու մանկությունը չի խաթարվում, չի «գողացվում»:

—  Այո, թատրոնը որպես խաղ: Իսկական, կենդանի, մեծ խաղ: Խաղ, որը զարգացնում է: Խաղալով երեխան ճանաչում է աշխարհը: Այլափոխելով ու կերպարանափոխելով այս աշխարհը սարքել իրենը՝ հարազատ ու ճանաչելի: Խաղալով երեխան պարզապես մեծանում է:

—  Պարոն Բլեյան, Ձեր դպրոցն ունի իր հեռուստակենտրոնը: Երեխաներն այնտեղ փորձում են իրենք ստեղծել հաղորդումներ և իրենք էլ վարել դրանք: Հեռուստատեսույունը, դպրոցական հեռուստատեսությունը (հիանալի է հնչում) դառնում է թատրոնի յուրահատուկ շարունակությունը:

—  Նպատակը նույնն է՝ երեխայի, աշակերտի, ինչու չէ, նաև ուսուցչի ինքնարտայատումը:

Մենք ունենք նաև մեր հրատարակչությունը: Արդեն լույս են տեսել մեր կրթօջախի «Ծիր կաթին» թերթի, «Դպիր» և «Շաղեր» մանկավարժական ամսագրերի առաջին օրինակները: Դա էլ ինքնարտահայտման միջոց է:

Այսօր ակնհայտ է, որ այն արհեստական միջավայրը, որը կոչվում էր դպրոց, փլվում է: Այն առումով շատ է կարևորվում թատրոնի, կինոյի դերը: Ես շատ լուրջ եմ մոտենում այն սարքին, որը կինոխցիկ է կոչվում:

Աչքը, օպերատորի աչքը կարող է նկատել, արձանագրել այն, ինչ սովորոական աչքով չի երևում: Էկզյուպերին է ասել. ամենակարևորը սովորական աչքով չես տեսնի:

Կարծում եմ, մեծ աշխատանք է կատարված, պարզապես դա դեռ ուսումնական արժեք չի դարձել: Պիտի դառնա: Ամեն աշխատանքում կա մի փուլ, երբ թափով սկսածը տեղապտույտ է տալիս: Բայց դա ամենակարևոր փուլն է: Այժմ մենք այդ վիճակում ենք: Դա փորձություն է: Հարցն այն է, թե որքանով լուրջ է դպրոցը մոտենում իր գործին: Կմնա՞ն արդյոք դրա նախաձեռնողները: Այդ վերափոխությունները ուսման բնական շարունակությունն ենք համարում, թե՞ դիտում ենք որպես ուրիշներին զարմացնելու, ինքնատիպ երևալու միջոց:

Իմ կարծիքով, մենք հաղթահարում ենք այդ փուլը: Հետո գալու է երրորդ փուլը. դա հանրակրթական այն փուլն է լինելու, երբ կինոն ու լուսնանկարչությունը, ինչպես թատրոնը, ինչպես լրագրությունը, ինչպես մաթեմատիկան, ինչպես երաժշտությունը, իրենց տեղն են գրավելու դպրոցում, առանց իրար խանգարելու՝ լրացնելու են իրար՝ դառնալով այն միջավայրը, որը լիարժեք է երեխայի համակողմանի զարգացման համար:

 Հարցազրույցը վարեց Նունե Հախվերդյանը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ տիար Բաբկեն Արարքցյանին

Բաց նամակ 08.07.92թ. Հարգելի տիարք, Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի Ղոչազ գյուղի մոտակայքում հուլիսի 29-ին և 30-ին երեսունից ավելի հայաստանցի անմեղ երիտասարդների ողբերգական մահը, Հայաստանի իշխանությունների և անձամբ Ձեր՝ հրապարակավ չարձագանքելն

Զոռբաների՞նն է աշխարհը․..

Մի խելագար պատերազմ է հրահրել՝ իր իշխանությունը երկարաձգելու համար Զրույց «Ֆակտոր» TV-ի եթերում։

Դավիթ Բլեյանի նման

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի