«Սովետական դպրոց», 1987, 13 օգոստոս

Մոտեցող 1987-88 ուստարին ինձ ամանորի գալուստ է հիշեցնում. նույն փութաջան, բայց հանդիսավոր նախապատրաստությունը, օրերի հետ մեծացող նույն անհանգստությունն ու ուրախությունը, սպասվող անսովորի գրգիռը, նույն ծանոթ-ուռչող տագնապը…

Սկիզբը սովորական կլինի: Կլինի սեպտեմբերի 1: Առաջին զանգից առաջ ես կիջնեմ դպրոցի մուտքի մոտ և կդիմավորեմ մեր դպրոցի ամենափոքրիկներին: 300 առաջին դասարանցի: Նրանց ընթացքը իսկական գետի նման ալիք կտա, ու, շշկլված գառնուկների նման չորս կողմը զննելով, նրանք իրենց անհանգիստ ծնողների հետ միասին կգրավեն դպրոցի դահլիճը: Ես վստահ կբարձրանամ բեմ, կմղվեմ առաջ ու… այ քեզ զարմանք՝ գետը ծով է արել: «Ծովը մեծ է»,- կհիշեմ Սենտ Էկզյուպերիին: Ժպիտի տակ կփորձեմ թաքցնել իմ անօգնականությունը. ծովի առջև լռում են, ծովը դիտում են, ծովով սքանչանում են, իսկ ինձնից այս ծով-մանուկները պահանջում են՝ ողջունի՛ր: Որպես սկիզբ ես այս կասեմ. «Դուք սքանչելի եք, դուք այս Հայաստան աշխարհի ամենաուշիմ, ամենաուսումնատենչ աշակերտներն եք: Ձեր ծնողներն ամենահոգատար ծնողներն են, ձեր ուսուցիչները՝ ամենաիմաստունն ու համբերատարը: Դուք նախանձելի եք այս զարմանալի դպրոցում. այստեղ ամեն ինչն է զարմանալի՝ շենքը, դասասենյակները, զանգը, կավիճը…»:

Ծնողներն, ուսուցիչներն ու մանուկները ինձ հեշտ կհասկանան: Մենք ուզում ենք ու այսպիսին կդարձնենք մեր դպրոցը. անկրկնելի, ամենալավը, ամենաանսովորը, ամենա-ամենա…

Դպրոցական շենքի մյուս մուտքերից թաքցրած անհամբերությամբ «մեծավարի» կմտնեն դպրոցի հնաբնակները: Կմտնեն ու կզարմանան ամեն քայլափոխի, ամեն հարկում, ամեն անկյունում… Ամառային արձակուրդի ընթացքում փոխվել, շատ է գեղեցկացել դպրոցի ինտերյերը: Որքան ենք երախտապարտ ՀՍՍՀ լուսավորության մինիստրությանը, ստորտպետկոմի շինվարչությանը, բոլոր շինարարներին՝ մեր սաների այս հրաշալի զարմանքը նախապատրաստելու համար: 1986 թվականի դեկտեմբեր ամսին գրած «Ինչն է ինձ ուրախացնում և ինչը տխրեցնում դպրոցում» համադպրոցական շարադրություններն ընթերցելիս մենք ջոկեցինք տխուրն ուրախից: Տխրելու նյութը շատ էր: Այսօր ես ուրախ եմ. աշակերտները կմտնեն զուգարան առանց զզվելու: Շնորհիվ մեր Խաչատուր Բասմաջյանի, մեծ դահլիճը «վերածվեց տաճարի», Բորիս Եղիազարյանի համառությունը երգի կաբինետը դարձրեց «համերգասրահ», ճաշարանն էլ Ստեփան Թովմասյանի շնորհիվ՝ ոնց որ սրճարան լինի… Վերջապես շենքը մաքո՜ւր-մաքուր կլինի: Սովորական մաքրություն:

Այս ամենը սեպտեմբերի 1-ին կլինի: Իսկ դրանից 1-2 օր առաջ մենք դպրոցի բոլոր աշխատողներով կհավաքվենք փոքր դահլիճում՝ նոր ուստարվա անդրանիկ մանկխորհրդին: Նորից ես կբարձրանամ բեմ ու… ինձ կպատի նույն զարմանքը. 150 ուսուցիչ, որոնց մեջ 30-ը դպրոցի նորեկներն են, մոտ 200 աշխատող… Կսկսվի մեծ ու լուրջ խոսակցություն:

1987-88 ուստարում մեր դպրոցի հայոց և ռուսաց լեզվով ուսուցմամբ 70 դասարանում կսովորեն մոտ 2200 աշակերտներ: 1000 աշակերտ դպրոց կհաճախի երկրորդ հերթում: Այսպիսի հսկա՝ փորձարարական, երկլեզու ուսուցմամբ, աճող աշակերտական և ուսուցչական անձնակազմով դպրոցի կառավարման խելամիտ համակարգի ստեղծումը ուստարվա մեր առաջնահերթ գործն է:

ՍՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի ժողովրդական կրթության կառավարման և տնտեսագիտության ինստիտուտի երաշխավորությամբ, փորձնական կարգով, ներդնելու ենք դպրոցի ղեկավարման նոր, այսպես կոչված, «բուհական» համակարգ, որը կապահովի վճռական անցում ղեկավարման այսօր գործող առավելապես ադմինիստրատիվ-վարչական մեթոդներից դեպի ղեկավարման առավելագույն մանկավարժական մեթոդներին դպրոցի գործունեության բոլոր մակարդակներում, ամենուր ակտիվացնելով մանկավարժի մասնակցության գործուն դերը:  Ղեկավարման նոր համակարգում հիմնական կառուցվածքային օղակը դպրոցական ամբիոնն է, որում միավորվում են առանձին առարկաների կամ հարակից (նույն ցիկլի) առարկաների մանկավարժները: Այսօր դրանք են՝ մայրենի լեզվի և գեղագիտության, տարրական դասարաններում ռուսաց լեզվի ուսուցման, ռուս գրականության, օտար լեզուների և ինտենսիվ ուսուցման մեթոդների, մաթեմատիկայի, բնական գիտությունների, հասարակական գիտությունների, աշխատանքի ուսուցման և կիրառական արվեստների, առողջապահության և ֆիզիկական դաստիարակության ամբիոնները: Ամբիոնները (ուսմասվարի հաստիքի 0,5 կամ 0,25 դրույքի չափով) ղեկավարում են տվյալ ցիկլի առաջատար ուսուցիչները: Համակարգում ստեղծվում է ուժեղ ուսումնակազմակերպական բաժին, որը լիովին կսպասարկի ուսումնական պրոցեսը կազմակերպորեն (դասացուցակ, մատենավարություն, ներդպրոցական վիճակագրություն և այլն):

Ի՞նչ ասել է փորձարարական դպրոց: Իր տիպով՝ սովորական հանրակրթական դպրոց՝ սովորական (ոչ ջոկված) աշակերտական կազմով: Նաև, իհարկե, իր առանձնահատկություններով՝ ֆինանսական-վարչական ավելի մեծ անկախությամբ ու ինքնուրույնությամբ, քան սովորական հանրակրթական դպրոցը: Անպայման ոչ ցուցադրական, բայց, անկասկած, օրինակելի դպրոց: Մեր կարծիքով, փորձարարական դպրոցում դրվող մանկավարժական գիտափորձերն ու որոնումները փորձնական պիտի լինեն կողքից նայողի, ուրիշ դպրոցի ուսուցիչների համար՝ որպես ընդունված պրակտիկայից տարբերվող մոտեցումներ: Փորձարարական դպրոցի ուսուցիչները գիտափորձին պիտի մոտենան որպես իրենց աշխատանքում ծնված անհրաժեշտություն: Մեր դպրոցի փորձարարականի իրավիճակը մեզ համար ամենից առաջ ուսումնադաստիարակչական պրոցեսի կատարելագործման սեփական ուղիների մշակման երջանիկ հնարավորություն է, դպրոցի վերակառուցման արդի փուլում գործունեության անհրաժեշտ պատասխանատու ազատության իրավունք:

Նոր ուսումնական տարում դպրոցի հայոց լեզվով ուսուցմամբ 8 առաջին դասարաններում ՀՍՍՀ լուսավորության մինիստրության որոշմամբ կսկսվի երկարատև ու եզակի մանկավարժական գիտափորձ, որի հեղինակներն ու իրագործմնան անմիջական ղեկավարներն են դոցենտ Էդոնիս Հարությունյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Հարությունյանը: Կկազմավորվեն ուսումնական ծրագրերի մեկ քառորդի նյութով տեղաշարժված դասարաններ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուր քառորդում հավասարեցնել դասարանների կազմը՝ ըստ աշակերտների պատրաստվածության մակարդակների, շերտավորել ուսուցման ժամկետները՝ ըստ ուսուցման մեջ նրանց ունեցած հաջողությունների, անհրաժեշտ հիմք կստեղծեն ուսուցման անհատական մոտեցման, դասի արդյունավետության բարձրացման ու երկտարեցության ռեալ վերացման համար:

Գիտափորձի ղեկավարները շուտով մամուլում մանրամասն կպատմեն իրենց «մանկավարժական ծնունդի» մասին. Ես ուզում եմ շեշտել գիտափորձի նշանակությունը դպրոցի համար ստրատեգիական նշանակության՝ N 1 խնդրի լուծման գործում:  Մեր նպատակը ամբողջական դպրոցում ձևավորվող առողջ երեխան է:  ՀՍՍՀ լուսավորության մինիստրության և մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գործուն աջակցությամբ մենք «շղթա առ շղթա հավաքում ենք» ամբողջական դպրոցի կառուցվածքը. Այս ուստարվանից դպրոցը կգործի արդեն «դպրոց-մանկապարտեզ» ուսումնադաստիարակչական համալիրի ձևով, որը կազմակերպորեն կներառի դպրոցի միկրոշրջանում գործող N 119 մանկապարտեզը. լրջորեն քննարկվում է բարձր դասարաններում (9-10-րդ դասարաններ) աշակերտներին մտավոր ոլորտի մասնագիտությունների ընտրության և նախապատրաստման կազմակերպման ուսումնադաստիարակչական նոր կառուցվածքի մասին մեր կողմից ներկայացրած առաջարկը. հեռանկարային և հուսադրող աշխատանքներ ենք տանում միասնական պոլիտեխնիկական հանրակրթական դպրոցի շրջանակներում ընդհանուր և պրոֆեսիոնալ դպրոցի միահյուսման ծրագրի մշակման ուղղությամբ, 1988 թվականին դպրոցի համար նոր ուսումնական մասնաշենքի և ծածկած մարզական համալիրի, ինչպես նաև կիրառական արվեստների ու արհեստների, դպրոցական շենքի կիսանկուղներում գործարանի արտադրամասերի շինարարությունը անհրաժեշտ  հիմքեր կստեղծեն հանրակրթական ամբողջական համալիր դպրոցի կազմակերպման համար: Այսպիսի դպրոցը լիովին պատասխանատու կլինի պետության ու հասարակության առջև երեխայի իրոք ընդհանուր կրթության իրականացման համար:

Առողջ կարող է լինել միայն անընդհատ գործունեության, աշխատանքի մեջ գտնվող օրգանիզմը: Խոսքը երեխայի մտքի, հոգու և ձեռքերի անդադար, ստեղծարար չարչարանքի մասին է: Իսկական դպրոցը աշխատանքի կատարյալ թագավորություն է. երեխան պիտի դպրոց գա՝ ինչպես իր ծնողը գնում է աշխատանքի: Շեշտում ենք. խոսքը համապարփակ, համաթափանց աշխատանքի մասին է: Հանրակրթական աշխատանքային դպրոցում այս ուստարում մենք վճռական կռիվ ենք տալու հանուն աշխատավոր աշակերտի կերտման. քայլ առ քայլ դպրոցը վերածելու ենք հանրօգուտ արժեքների ստեղծման և ստեղծագործողների թագավորության: Այս առաքելական ճանապարհին դասը աշակերտի համար պիտի դառնա իսկական աշխատանք, իսկ դասարանը՝ աշխտատեղի: Ուզո՞ւմ եք ավելի առարկայական՝ խնդրեմ:

Այս ուստարում տարրական դասարաններում միավորելու ենք կերպարվեստը, աշխատանքի ուսուցումն ու հանրօգուտ աշխատանքը մի միասնական առարկայի՝ կիրառական արվեստի մեջ: Ցածր դասարաններում աշխատանքի ուսուցման և կերպարվեստի կաբինետները վերածել ենք միավորված արվեստանոց-արհեստանոցի, մասնագետ ուսուցչին մղելով ամեն մի երեխայի հետ առավելագույն չափով անհատական աշխատանքի:

7-րդ և 8-րդ դասարաններում նյութական արտադրության ոլորտի համար պահանջվող մասսայական մասնագիտությունների ընտրության ու նախապատրաստման գործի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով զուգահեռ դասարաններում մասնագիտական կրթության (աշխատանքի ուսուցում և հանրօգուտ աշխատանք) դասերը նշանակել ենք միաժամանակ: Մասնագիտական խմբերը կազմավորելու ենք ըստ աշակերտների նախասիրությունների, ոչ թե դասարանը բաժանելով տղաների և աղջիկների խմբերի: Այս ճանապարհով 6 յոթերորդ դասարանի գոյության դեպքում կստեղծենք մասնագիտական պրոֆիլային 12 խմբեր՝ մեքենագրության, խոհարարություն, դայակների և սանիտարների, գեղազարդային այգեգործության, ռադիոէլեկտրոնիկայի, ռադիոհեռախոսակապի սպասարկողների, մետաղների սառը մշակման, փայտարվեստի, գործվածքների մշակման, շինարար-վերանորոգողների, հաշվիչ մեքենաների ծրագրավորողների, տեխնիկական գեղագիտության և ինտերյերի ձևավորման: Հետևողական աշխատանքների ենք տարել յուրաքանչյուր պրոֆիլի գծով համապատասխան նյութատեխնիկական բազա ստեղծելու, արտադրական ուսուցման որակյալ վարպետներով դպրոցը համալրելու ուղղությամբ: Համեցեք, ծանոթացեք:

«Ես չեմ վախենում նորից ու նորից կրկնել, — ասում էր Սուխոմլինսկին,- երեխայի առողջության մասին հոգալը՝ ահա դաստիարակի, մանկավարժի կարևորագույն խնդիրը…»:

1987-88 ուստարին, թվում է, թե բեկումնային կլինի նաև այս առումով: Դպրոցի ղեկավարման համակարգում առողջապահության և ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Սերգեյ Հարությունյանից սպասելիքները որոշակի են, անելիքները՝ հստակ. աշակերտների սննդի ճիշտ կազմակերպում, ուսումնադաստիարակչական պրոցեսի կազմակերպմանը ներկայացվող առողջապահական պահանջների ապահովում, դպրոցական բժշկական ծառայության գործունեության վերակառուցում (դժվար է ուրիշ բառ գտնելը), երկարօրյա խմբերի առողջ աշխատակարգի սահմանում և իրագործում, ֆիզկուլտուրայի դասերի ր արտադասարանական մարզական աշխատանքների կազմակերպման նոր մակարդակ: Վերջին խնդրի լուծման հետաքրքիր ծրագիր է առաջարկել դպրոցի դիրեկտորի տեղակալ Աշոտ Դաբաղյանը: Ծրագրի հիմքում ընկած գաղափարը թվում է անսահման պարզ. Ֆիզկուլտուրայի դասերը ամենից առաջ պիտի պատրաստեն առողջ և կոփված մարդ:

Էլ ինչի՞ մասին կխոսենք մենք նոր ուստարվա մեր անդրանիկ խորհրդակցությունում՝ դժվար է ասել: Հաստատ է սկիզբը, ավանդական՝ ավարտը:

Իմ հարգելի գործընկերներ: Ոգին հաղորդվում է ոգու հետ: Մեզ այսօր ամենից շատ ոգի է հարկավոր: Մեր կրթական օջախի կառուցվածքը պիտի ներարկի մեր մեջ կորսված առաքելական ոգին: Չէ՞ որ մանկավարժի մեջ ամենակարևորը ոգին է, որով նա գործում է:

Աշոտ Բլեյան

Երևանի N 183 փորձարարական դպրոցի դիրեկտոր

Խմբագրության կողմից

Այսպես է մտորում փորձարարական դպրոցի դիրեկտորը և բացում մանկավարժական գունավոր երազանքի դռները մեր առջև: Բայց արդյոք միայն երազանքի՞…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երեք Աշոտներիս մանկավարժական-քաղաքական գործունեության քննադատն ու պաշտպան

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Մարադոնան էլ մեզ չի օգնի…

Վերնագիրն ինձ հուշեց Արմեն Նիկողոսյանի՝ «Հայկական ժամանակ»-ի մարզական լրագրողի գրավիչ պատումը: Հաճույքով կարդացի. սկսեˊք իմ օրվա գիրը սրանով… Ի դեպ, Արմենը կրթահամալիրի գործադիր տնօրեն է եղել 1990-1994 թթ… Համաձայնեք, որ

Նոր տարին առանց մեր ներս ու դուրսն ավերողի

— Թուրք են, քաղաքը ստահակների ձեռքում է հայտնվել… Ինձ անծանոթ մտավորական կին երևանցին անզորությունից հայհոյում է… Սա երևանցիների արձագանքն է Արամի փողոցում կատարվածին. երևանցուն քաջ հայտնի 1in.am-ի եթերում հարգված-ճանաչված երևանցիներ գրող-հրապարակախոս