Այդպես լինում է. ի՜նչ լավ է, որ երեկ եղավ. Դպրոց պարտեզի 2-4 տարեկանների նորացված խմբասենյակը, որպես մանկական աշխարհ, բոլոր ներկաներին ուրիշ էր դարձրել՝ ինձ, օրինակ… Երբ մեկտեղ են կրթահամալիրյան ջանքերը, տեսե՜ք, որքան կարող ենք. ընդամենը մեկ ամսում ինչ ծավալի-որակի աշխատանք արեցինք: Հաջորդը, իհարկե, Դպրոց-պարտեզի կացարանի նորացումն է, համեցեք մեկ շաբաթ հետո, փետրվարի 26-ին՝ նորամուտին… Իսկ փետրվարի 28-ից կացարանում կհանգրվանեն Թբիլիսիի մեր վրաց գործընկերները, ովքեր մեկ շաբաթ կրթահամալիրում կյուրացնեն նախադպրոցականի և կրտսեր դպրոցականի ուսուցման փորձը:

Կրթական օբյեկտների, կրթական նյութական միջավայրի արդիականացումը, որ իրականացնում ենք «Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն»  նախագծով, ցավոք այդպես էլ որպես պատվիրատու ունի միայն սեբաստացի սովորողների ծնողներին, իրականացվում է մեր մատուցած կրթական և այլ ծառայություններով աշխատած միջոցներով… ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով հերթական՝ 2016-2018 թթ կրթահամալիրի կրթական օբյեկտների հիմնանորոգման հիմնավորված հայտենք ներկայացրել, հերթական անգամ ստացել ենք այսպիսի հուսադրող պատասխան. «Հարգելի պ-ն Բլեյան, ի պատասխան Ձեր 03.02.2015թ. հ. 15-02-027 գրության՝ հայտնում եմ, որ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է ՀՀ 2016-2018 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Հարգանքով​՝ Մհեր Ղազարյան»:

Սահմանափակումները, այդ թվում՝ նյութական-դրամական, ստիպում են գնալ խելամիտ, տնտեսող, էժան, մատչելի լուծումների, երբ միաժամանակ են գործում տնտեսվարի միտքը և նկարչի հայացքը միջավայրին։ Այ, ասվածի իրագործումն է Դպրոց-պարտեզի նոր խմբասենյակը։

Սուրեն Պողոսյանը մենահամերգի հայտ է ներկայացրել. առանց խիզախության հասնող հանդգնության, ի՜նչ պատանեկան հասունություն: Ահա այսպիսի առաջարկ-տեղեկություն եմ ստացել իմ էլ. հասցեին. «​Ողջույն, տիար Բլեյան։ Ես մի խնդրանք ունեմ ձեզ. ցանկանում եմ կրթահամալիրի Մեդիակենտրոնում ապրիլի 3-ին՝ ժամը 18։00, ունենալ մենահամերգ, որին հյուրընկալվելու են «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբը, Երաժշտական լաբորատորիան և թատրոնի խումբը։ Ցանկանում եմ ստանալ ձեր թույլտվությունը՝ Մեդիակենտրոնի բոլոր հնարավորություններն ու էֆեկտներն ամբողջությամբ օգտագործելու համար»: Սիրով, և յուրաքանչյուր դեպքում. ձեր կրթահամալիրը՝ իր բոլոր հնարավորություններով, օրվա բոլոր ժամերին անարգել յուրաքանչյուրիդ անհատական ու խմբային իրագործումների համար է ստեղծված: Սուրենի նախաձեռնությունը այս կիսամյակում պիտի մեծապես որսան մեր Արհեստագործական ավագ դպրոցի, Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի այն շրջանավարտները, որոնք ուզում են չասված-չարտահայտված-չներկայացված չմնալ։ Բերեք՝ համերգ, ներկայացում, ցուցադրություն, պատում…  կրթահամալիրում դրա հնարավորությունն էլ կա, լսարանն էլ։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. 
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

«Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» նախագիծն է իր տարերքի մեջ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես գիտեմ չծերանալու բանաձևը. լսեք…

Ե՞րբ է մարդ սկսում ծերանալ հարցին երախտահիշատակ, 80-ականների հայտնի գրող ու հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը սիրում էր պատասխանել. — Երբ հոգնում ես ձգտումներից… Ես չիրականացված գործեր ունեմ շա՜տ, բայց ահա,

Ուժեղ քամուն փոթորի՞կ են ասում, ա՛յ պապ…

«Փաստ է, որ տնտեսությունն առաջ է ընթանում: Փաստ է, որ մենք աճ ունենք: Փաստ է, որ անցած տարվա համեմատ՝ աշխատավարձերն ավելացել են: Փաստ է, որ մենք ստեղծել ենք 60.000 նոր

Այսպիսի դիտարան՝ դեպի Արարատ ու սեբաստացիական աշխարհ…

Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ