Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 9.00, ես և իմ Մեդիայի ընկերներ Նառան, Գևորգը, Սուսանը, Էկոտուր 2014-ի հաղթողների 2-րդ խմբին կճանապարհենք Ծաղկունքի էկոճամբար. կրթահամալիրի 6-8-րդ դասարանցի բնապահպանների 8 հոգիանոց խումբը, Լոռվա մարզի Ալավերդու ենթաշրջանի գյուղերի էկոտուրի հաղթողների 7 հոգիանոց խումբը «Ծաղկունքի բաց դպրոցի» բնապահպան սովորողների հետ կսկսեն նոր ուսումնական նախագիծ։ Շնորհակալ եմ Սերոբ Խաչատրյանին և «Նոր դար» հիմնադրամին, Արսեն Աղաջանյանին՝ հիմնադրամի նախագահին, այս նախաձեռնությունը ֆինանսավորելու համար… Մերոնք՝ Նառա Նիկողոսյանն ու բնապահպան Մարթա Ասատրյանը, ինձ հիացնում են. որքա՜ն շնորք ու կանացի հմայք. երկուսը՝ մեկում, հետո՝ երկուսը մյուսում…

Իսկ սա մեր երեկվա ամառային նախագծի արձագանքն է թարմ: Նայեցեք: Դպրոց-պարտեզի ճամբարը մեկնեց ծովափ Սևանա… Եվ լա՞վ է, որ երիտասարդ ծնողների մի խանդավառ խումբ մասնակից է. իհարկե: Ունենք նաև մասնակից շուշեցիների խումբ… Ես, իհարկե, առաջնահերթ տրոլեյբուսի երթուղի կբացեի Երևան-Սևան։ Բոլոր ափերը կհանրայնացնեի։ Սևանա իմ գրերը առջևում են…

Մեր բնակարանի պատշգամբը՝ մոտ 10 մ երկարությամբ ու 2,3 մ լայնությամբ, մեր տան ամենարժեքավոր, բանուկ տարածքն է: Ափսոս, որ դիմացի շենքի մի հարկը՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի վերջին՝ չորրորդ հարկը մեզ՝ շենքի չորրորդ հարկում բնակվողներիս խանգարում է…. Ոչինչ աշխարհում կատարյալ չէ՝ հոգոց կհաներ Փոքրիկ Իշխանի Աղվեսը… Կուզեի՞ առանձնատուն՝ ոչ մեծ հողակտորով: Իհարկե: Բայց չունեմ, և այսօր պատշգամբը մեր բակն է, մեր դուրսն ու ներսը, մեր Դավթի վազվզնոցը, ծաղկանոցը, մարզահրապարակը… Փչովի լողավազանի պահանջը այս ամառ չկա. 5 օր Դավիթը պարտեզում լողում է բացօթյա մեծ լողավազանում, գումարած իր լողարան-ավազանը՝ օրը երկու անգամ, ու իր մշտական ծորակը պատշգամբում։ Իսկական ջրաշխարհ։

Ինչո՞ւ են մարդիկ մեզանում պատշգամբից հեշտ ազատվում, այն վերածում «շուշաբանդի», պահասենյակի։ Երևանը արևային քաղաքի և՛  համարում ունի, և՛ այլոց նախանձը շարժող համարյա շուրջտարյա սեփական արև, բայց երևանցին, չգիտես ինչի, անընդհատ ձմռան է պատրաստվում։ Ջրի պաշտամուք չկա, լողափեր չկան, դրանք, չգիտես ինչու, միայն Բանգլադեշում են, կրթահամալիրում. հակադրություն եմ ստեղծում, որ ակտիվանաք…

Արմինեն ասում է, որ մեր Դավիթն ապրում է պատշգամբի իր ծորակի, լվացարանի շրջապատում, գնում է ու գալիս, բացում-փակում է… «Գնամ լվացվեմ», «գնամ ջուր խմեմ՝ սովորական»։ Նոր գործիք ունի Դավիթ Բլեյանը՝ իր հասակի հայելին, հենց լվացարանի կողքին՝ «հլը տեսնեմ», ու սրա իմաստը՝ ողջ հասակով, ցցուն է, հայելու առաջ… Լսեք նրա խոսքը, մեր զրույցը լվացարանից ոչ հեռու…

— Նարե, ո՞վ է քեզ նեղացրել (Նարեն Դավթի խմբի Սքանչն է, Դեղնածամիկը, որ զբաղեցրել է մեր Ծուռին ամբողջությամբ):
— Ոչ ոք չի նեղացրել ինձ (ինքն էլ պատասխանում է):
— Պապա, ես կարոտել եմ Նարեին, ես ուզում եմ ամբողջ օրը խաղամ Նարեի հետ։
— Ի՞նչ կանես, Դավիթ, որ նեղացնեն Նարեին,- հարցնում եմ։
— Պապա, որ նեղացնեն Նարեին, ես կսիրեմ Նարեին, Նարեն իմ ընկերն է…

Որոշեցինք «պապարացի» աշխատել, տեսնենք՝ թաքնված տեսախցիկն ինչ կներկայացնի Նարեի ու Դավթի մասին։

— Էս րոպեին ուզում եմ ճոճանակ նստեմ…

Համլետ Խաչատրյանի նվերն է ու շատ հարմար՝ ապահով կախված պատշգամբի առաստաղից, գունեղ, թեթև, անվտանգ ու հիգենիկ՝ Դավիթն առավոտյան ու երեկոյան ինձ բռնացնում է ճոճանակի մոտ… «Ուզում եմ ճոճորվեմ, էլի եմ ուզում… Հեռուստաաշտարակն է… Եկեղեցու գմբեթը… Լուսինը, պա-պապա…»։ Երկար-երկար հետևում է նրա ընթացքին՝ ճոճվելով.

— Իջացրու ճոճանակից, հիմա ուզում եմ գնամ մայրիկի հետ շորերը փռեմ:
Դավիթը մայրիկին օգնում է։ Շատ ուշադիր է լվացքի մեքենայի հանդեպ, նրա կոճակները շարունակ պսպղում-կանչում են. մայրիկի հետ կարևոր զրույցի բռնված, հատ-հատ փռում են շորերը այս մոբիլ կառույցի վրա, որը փռոց անվանենք։ «Ես փռեմ…Չէ, չէ, ես փռեմ։ Ես կարող եմ»… Ինչո՞ւ շտապել և ո՞ւր շտապել, ինչ ունես ասելու-փոխանցելու՝ բարեխիղճ-անշտապ արա, եկել-հասել ես…

— Գնում եմ ծաղիկները ջրելու,- մոտեցավ Դավիթն իր արև-ցնցուղով ծորակին, ջուրը, բացեց-լցրեց, տարավ-ջրեց-թափեց,- էլի եմ ուզում…

Անցնում էի բակով՝ շենքի հարևան համայնքային (քաղաքային) ենթակայության մանկապարտեզի կողքով. ասի՝ մտնեմ, հետաքրքիր է՝ ինչ է փոխվել, բա՞ն է փոխվել… Չմտնեի… Հիմա եմ հաշիվ տալիս, թե ինչ անհաղթահարելի հետևանքներ ունեցավ այդ անմեղ այցը ինձ համար… Չփլուզվող պատերով մանկական գաղութներ…  ժամային ուղղիչ տներ… Երբ մոտենում էի աստիճաններ կոչվող գողգոթային, մի պճնված երիտասարդ մայր՝ այս հակաերեխայականի պատվիրատուն, ճչում էր՝ ձեռս բաց մի՛ թող… Ես աստիճանների գլխին, խառը մտքերով հաստատեցի կնոջը՝ ձեռը պինդ բռնի, մահու չափ վտանգավոր է: Հետո շուռ եկա ու հեռվում, մետաղյա «բեսեդկայում»տեսա խմբված երեխաներին ու դուռը հսկող դաստիարակ-դայակին՝ մշուշոտ-աղոտ: Մտքերով ո՜ւր էի… Ո՛ւր եմ հիմա… Իրար կողք կողքի երկու աշխարհ է, երկու իրականություն՝ սեբաստացիների նախակրթարանը և սա, սրանք…

Երեկ առավոտյան մեքենայի մեջ բռնեց ինձ զանգը Վիտալի Գրիգորյանի. մեր շրջանավարտ 2014-ը հայտնում է՝ զինվորական հավաքակայանի ճանապարհին է, քիչ հետո կմեկնի իմ եղբայր-սեբաստացին ծառայության: Հաստատել էր պետք, ու ես այն արեցի սիրով-կարևոր: Լսեք: Վիտալի ջան, 3 տարի առաջ, քո հիմնական դպրոցն ավարտած, եկար կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանը։ Ինչպե՛ս եկար, ով խորհուրդ տվեց՝ կարևոր է, ինչպես կյանքում ամեն մի ճամփաբաժան. հետո առիթ լինի՝ գրի-պատմի, բայց եկար քեզ անծանոթ-օտար մի աշխարհ՝ լիքը չարիքով ու մութ-մութ պատմություններով… Ոչ միայն մնացիր՝ ներառվեցիր ու ներառեցիր, քեզնով արիր կրթահամալիրը, դարձար նրա հերոսներից, սկսեցիր ներկայացնել այն եթերներում, ինտերնետ միջավայրում… Հիմա թարմ ուսանող ես, 18 տարեկան ու օրենքով՝ զինապարտ։  Քո այսօրը բանակն է, ծառայությունը. պարտականության-պարտքի հմայքն ու իմաստը հատուցումն  է: Դու բանակին ու բանակը քեզ՝ տալու բաներ ունեք. վստահ եմ, կարևոր է՝ կողմերից ոչ մեկը պարտքի տակ չի մնա: Վստա՛հ անցիր Սահմանը Քաջաց. մենք քեզ հետ ենք, մենք մեկ ենք: Բարի ծառայություն:

Հարազատ դեմքեր ու հարազատ միջավայր, ու շուրջս, Մեդիակենտրոնում խաղաղ էր այնպես… Խոսքեր չկային, ավելորդ էին անգամ. ես այնպես լավ էի զգում… Լիլիթ Առաքելյան իմ Պիլոն՝ դաշնամուրի առաջ, Շուշոն ու իր սիրելի Լիլիթը՝ բազմոցին, հետո որտեղից հայտնվեց Անին՝ իր նշանավոր պոզա-չրխ-թրխկոցներով… Անահիտ Բեկյանը, հետո նորից-նորից, Սոնա Փափազյանն ի՜նչ էր խոստովանում, Գոհար Բալջյանն իր հմայքն էր դրոշմում, մեղավոր կարծես, որ արձակուրդի է մեկնում, ծովափ… Ակումբային միջավայր, ետակումբային մի վիճակ, ու ոչ ոք կարծես չի ուզում, որ վերջանա ամենն այս… Չի վերջանա, որովհետև սկսվելու է:

Եղիշե Չարենցի «Մարիոնետը» կարդամ ձեզ համար, սիրելիներս, իմ հավաք-կանչին ներկաներ ու բացականեր, որ սահման չկա…

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛… բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի

Եկել է ժամը, մութուլուսին, ժամը 04-ին մեկնարկած ողջ օրը ես տվել էի՝ ինչ ունեցել եմ, ինչ ամբարված էր օրվա համար։ Մարում եմ, ուժ էլ չկա անկողին մտնելու։ Դա էլ գործ է՝ հանվել-բացել-մտնել… ես հանգչում եմ, այ, այսպես, մեր պատշգամբի այս անկյունում, այս թախտին, որ իմ ընկերներն ինձ նվիրեցին 2001-ին՝ որպես աչքալուսանք իմ ազատ արձակման. շատ էլ հարմար է հանգչելու համար…

Օրագրի, օրվա շնորհավորանք։ Իմ պայծառ քույրը՝ Էմմա Բլեյան-Հովհաննիսյանը, գիտեք, երեք աղջիկ ունի. ու մենք մինչև Դավթի ծնունդը ու, ավաղ, Էմմայի մահը, նրա երեք աղջիկների, երեք քույրերի թեման հաճույքով էինք զարգացնում: Այսօր քույրերից ամենակրտսերի, ամենանազենիի՝ Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Ամենասովորական երջանկություն մարդկային, Նազենի, մնացածը կա՛մ ունես, կա՛մ կարող ես և չունենալ…

Դավթի և Նարեի այս օրը՝ Արմինեի կատարմամբ, նվիրում ենք քեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավելի ու ավելի հուսադրող, ավելի ու ավելի մոտ իրար՝ որպես հարազատներ

Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։ 

Գիտակցված հավատով ազատ գործչի էներգիան ո՞նց սպառվի․․․

Հնի ու նորի ճամփաբաժանին ես խորը քնեցա․․․ Շուշանի հրաժեշտո՞վ՝ «պա՛պ, դու գնա, խորը քնի», Շուշանի՝ Դավթի-Վահանի համար երգո՞վ «Արի, իմ սոխակ», որ երեկ լսեցի՝ որքա՜ն գորովանքով էր Տաթևը երգում Վահանի

Մի բաց նամակ ամենքին․․․

Բոլոր կարգի սեբաստացիներին՝ ներկա ու նախկին ուսուցիչներին, սովորողներին, սաներին, նրանց ծնողներին, մեր բարեկամներին, որտեղ էլ որ լինեք-կաք․․․ Նոյեմբերի 14-19-ին եղեք «Սեբաստացիների օրեր» կրթահամալիրի տոնի մասնակիցը` մեր mskh.am-ում, մեդիայում, թե ֆիզիկական