Շուտով կառավարության աշխատակազմին կներկայացվի կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորող նոր նախագիծ, որի նպատակն է տարեկան 25-30 միլիոն դոլարի ստվերային շրջանառությունը զսպելը, նաև ֆիքսելը, թե որ ժամին կրկնուսույցը կարող է պարապմունք իրականացնել։ Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ սա հնարավորություն կտա, որ դասաժամերի հաշվին պարապմունք չանցկացվի:
«Իմ խնդիրն այն է, որ մեր երեխաները առավոտից երեկո գնում են ինչ-որ մարդկանց տներ և անհասկանալի պայմաններում կրթություն են ստանում: Կրկնուսույցները միաժամանակ 10-հոգանոց խմբերով են պարապում, ինչը վտանգավոր է երեխաների առողջության համար»,- ասել է նախարարը։
Աշոտյանը խոստովանում է, որ թեև թեստերը հեշտացրել են, որ դիմորդները ինքնուրույն պարապելով ընդունվեն բուհ, այնուամենայնիվ, դիմորդները շարունակում են օգտվել կրկնուսույցների ծառայություններից:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ որպես ստվերային գործունեություն՝ այն տասնամյակներով կա, դա բոլորս գիտենք, և պետք է հարկել, քանի որ եթե դպրոցում 50.000 դրամ ստացող գծագրության ուսուցիչը հարկ վճարում է, ինչո՞ւ պետք է հարկ չվճարի տասնապատիկ ավել վաստակող ռեպետիտորը։
«Եթե բոլորը հարկ են վճարում, թող իրենք էլ վճարեն: Բայց եթե այդպես է, Հայաստանում կան նաև դասապատրաստողներ, որոնք վճարովի հիմունքներով երեխաներին տնային դաս են սովորեցնում, իսկ ինչո՞ւ իրենց հարկային դաշտ չենք բերում։ Եթե որոշել ենք բոլորին, ուրեմն եկեք բոլորին բերենք»,- ասաց Սերոբ Խաչատրյանը՝ այս երևույթը անվանելով պայքար հետևանքների դեմ։
Նրա դիտարկմամբ՝ երբ հինգ տարի առաջ ավագ դպրոցները ստեղծվում էին, ասում էին, որ ռեպետիտորները, բուհերի դասախոսները կգնան դպրոցներ, այնտեղ բարձր աշխատավարձով պարապմունք կիրականացնեն, և ավագ դպրոցը կլուծի այդ հարցը։ Հիմա պարզվում է, որ այդ հարցը չի լուծվում, և պայքարում ենք հետևանքների դեմ։
«Փոխանակ հասկանանք՝ այդ ռեպետիտորների դպրոցը ինչու է ձևավորվել, ինչ կարելի է անել, որ դպրոցն անի այդ աշխատանքը, որ լրացուցիչ ծախսեր չլինեն դիմորդների համար, անհավասարությունը վերանա, որովհետև գյուղերում շատ երեխաներ կան, որ պարապելու հնարավորություն չունեն, հիմա մենք պետք է փորձենք ոչ թե այդ մարդկանց հարկելու միջոցով խնդիրը լուծել, այլ այնպես անել, որ դպրոցն այդ ֆունկցիան իրականացնի։ Մանավանդ Հայաստանի նման երկրում դա կարևոր է, որովհետև երեխան պետք է հավասար հնարավորություն ստանա»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաև 20-30 հոգով պարապելու խնդրին։ Ըստ նրա՝ դրա վերահսկումը շատ բարդ խնդիր է: «Սկսենք նրանից՝ իսկ ինչո՞ւ դպրոցում կարելի է 35 հոգով դաս անել, իսկ մասնավոր պարապմունքի չի կարելի 30 հոգով գնալ, ինչո՞ւ դպրոցներում հնարավոր է, որ զուգարան, ջուր չլինի, բայց ռեպետիտորի պարագայում պետք է պայմանները նորմալ լինեն։ Այսօր դպրոցների զգալի հատվածում ջրի, զուգարանի խնդիր կա, շենքերը վթարային են, նախ եկեք այդ հարցերը լուծենք, հետո հետևանքների դեմ պայքարենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ռեպետիտորների ինստիտուտը հետևանք է, մենք հետևանքների դեմ ենք դուրս գալիս, ինչը հարցը չի լուծի։ Այս դեպքում էլ ռեպետիտորները ցույց են տալու քիչ թիվ, որպեսզի քիչ հարկ վճարեն, ինչպես խանութներն են: Հետո վիճակագրական տվյալներով դուրս է գալու, որ շատ քիչ երեխա է մասնավոր պարապում, բայց էլի ստվերը մնալու է: Մի փոքր կբարձրացնեն վճարները, որ կարողանան հարկը տալ, կստացվի՝ էլի ժողովուրդն է տուժելու»։
Այսօրվա կրթությունը ինչո՞ւ հնարավորություն չի տալիս դիմորդին դպրոցում գերազանց սովորելու դեպքում բուհ ընդունվել։ Ըստ կրթության փորձագետի՝ դպրոցական և բուհական ծրագրերի միջև շատ մեծ տարբերություն չկա, բայց ի՞նչ է անում ռեպետիտորն իրականում. ուղղակի երկու տարի դիմորդին պահում է խիստ ռեժիմի մեջ, որ պարապի, ինչը երեխան ինքնուրույն չի կարող անել։
Ըստ կրթության փորձագետի՝ խոր նայելու դեպքում ռեպետիտորական ինստիտուտն անում է շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր գործ։ Ըստ նրա՝ մեր կրթական համակարգը երեխաների մոտ չի զարգացնում ինքնակազմակերպման, ինքնավերահսկողության, ինքնուրույնության սկզբունքը, ինչը փայլուն անում են ռեպետիտորները։
Այնուամենայնիվ, ռեպետիտորական ինստիտուտից հանրությունը չի հրաժարվելու։ Ըստ նրա՝ ասիական երկրներում 80-90 տոկոսը պարապում են, խնդիրը, սակայն, այն է, որ սա հարցը չի լուծի, մի փոքր վարձը կբարձրանա, և ռեպետիտորները ցույց կտան, որ իրենց մոտ իրականում ոչ թե 20, այլ տասը հոգի է պարապում. ի վերջո, հո չե՞ն ընկնելու ռեպետիտորների տները խուզարկություն անեն, տեսնեն՝ շաբաթ-կիրակի կանչո՞ւմ են, կամ վեցից հետո կանչո՞ւմ են պարապմունքի: Անիրական է վերահսկելը։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը խնդրի վերաբերյալ այլ մոտեցում ունի։ Ըստ նրա՝ հարցը քննարկելիս պետք է սկսել սահմանումից՝ ի՞նչ ասել է կրկնուսույց։ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքն ասում է, որ կան հանրահայտ հասկացություններ, որոնք չեն սահմանվում, և կան հասկացություններ, որոնք պետք է սահմանվեն որևէ օրենքով, որպեսզի ես և դու խոսելիս, այդ բառը ասելիս նույն բանը հասկանանք։ Կրկնուսուցումը՝ որպես գործունեություն, պետք է ձևակերպված լինի որևէ օրենքով։ Ուստի, ըստ նրա, կրկնուսույցը խոսակցական եզրույթ է։
«Ուսուցիչը կամ մանկավարժական աշխատողը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի, գործող կարգերի, վարձու աշխատող է։ ՊՈԱԿ-ը, հիմնադրամը վարձել է նրանց որոշակի կրթական գործունեություն իրականացնելու, որը որոշվում է պայմանագրով, և որը կնքվում է աշխատողի՝ տվյալ դեպքում ուսուցչի, և գործատուի միջև։ Դրանով որոշվում է աշխատավարձի չափը։
Փաստ է, որ հազարավոր ուսուցիչներ այսօր իրենց աշխատավարձով չեն կարողանում իրենց նվազագույն կարիքները հոգալ՝ բնակարան, հանգիստ, սնունդ, երեխաներին կրթության տալ և այլն։ Ես 27 տարի ապրում եմ, աշխատում եմ ՀՀ-ի այդ հեռանկարով, որ ունենանք պաշտպանված, ապահով ուսուցիչ, որ իր առավելագույն աշխատաժամանակի դիմաց ստացած աշխատավարձով ոչ միայն ապրի, այլև հրաժարվի կրկնուսուցման կամ լրացուցիչ այլ աշխատանքից»,- ասաց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ եթե ուսուցիչը լրացուցիչ աշխատանքի է դիմում, սա ինքնապաշտպանություն է, ինքնապահպանությանն ուղղված աշխատանք, ի՞նչ պետք է անի։
«Պետք է նպաստես, որ ինքը չխեղդվի, ոչ թե լրացուցիչ դժվարություններ ստեղծես, որ չկարողանա ջրից դուրս գալ։ Սա իմ մոտեցումն է»,- ասաց Աշոտ Բլեյանը։
Ավագ դպրոցն ինչո՞ւ հնարավորություն չի տալիս դիմորդին առանց մասնավոր պարապմունքի բուհ ընդունվել։ Ըստ նրա՝ քննություններն են ավելորդ։
«ՀՀ բոլորը քննությունները՝ թե՛ պետական ավարտական, թե՛ բուհերի ընդունելության, թե՛ հավատարմագրման և այլն, բոլորը ավելորդ են, վտանգավոր են, բոլորը խանգարում են: Պետք է կեղծիքը, ձևական, պարազիտիկ աշխատանքը վերանա, որ ՀՀ-ում անհատը սկսի կրթությունը ծառայեցնել բուն իր անհատական կարիքներին, որպեսզի հասկանա, որ դա իր կյանքի գործն է, որպեսզի այն բաց հասարակությունը, որը հայտարարված է, ծառայի անհատին։ Իսկ պետությունը ընդամենը պետք է հսկի, որ մարդու առողջությանը վնաս չպատճառեն։ Պետությունը, լսե՛ք, պետք է վերելակների վրա հսկողություն սահմանի, որ այդ վերելակները չդառնան մարդասպանության գործիքներ»։