Հայկական ժամանակ, 20 մայիս, 2006թ. 

Ես, իհարկե, ուրախ եմ, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ս.թ մայիսի 12-ից 14-ը հաջողությամբ աշխատեց այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրերի և մանկավարժական գիտափորձերի հեղինակների ստեղծագործական անդրանիկ հավաքը, որտեղ իմ կրթահամալիրի մանկավարժները հանդես եկան իրենց հետազոտական աշխատանքի արդյունքներով՝ որպես ելույթ ներկայացնելով չորս տասնյակի չափ ուսումնասիրություններ:

 Որպես հավաքի նախաձեռնող և կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ կարող եմ վստահեցնել, որ այսպիսի հավաքները կլինեն յուրաքանչյուր տարի: Բայց հարցն այն է, թե ինչո՞ւ հանրապետության դպրոցների հետազոտող, մանկավարժական փորձարարությամբ զբաղվող մասնագետ-մանկավարժները վատ արձագանքեցին մեր հրավեր-առաջարկին՝ խնամքով կազմակերպված հավաքին: Յուրաքանչյուր պատ դուռ է՝ իրավացիորեն ասել է Էմերսոնը, արդ փնտրենք դուռը, ինչպես և ելքը, միայն պատի մեջ, որի առջև կանգնած ենք: Իսկ պատը, ահա. դպրոցական գործող կազմակերպումը, ուսուցիչն ու երեխան, երեխայի ծնողը հարկադրված են ենթարկվելու դպրոցական ծրագրերի և հրահանգների պահանջներին, որոնք կոնկրետ երեխայի (երեխաների խմբի) համար ուսուցիչը չի ստեղծել, ծրագրեր, որոնք կոնկրետ երեխայի (երեխաների խմբի) կրթական պահանջմունքների բավարարման իրագործումներ չեն, հրահանգներ, որոնք չեն հարգում և չեն պաշտպանում կրթության սուբյեկտների իրավունքներն ու ազատությունները: Գործող պետական դպրոցի ուսուցիչն ունի ազատություն, որի իրագործումից վախենում է. ուսուցիչն օգտվում է հանրակրթության վիճակի, կրթության բարեփոխումների (փոփոխությունների) համար պատասխանատվություն չվերցնելու ազատությունից: Այսպես մասնագետների անգործություն է հաստատվել, և կրթության բարեփոխման գաղափարը պարտադրված է դրսից՝ միաժամանակ բոլոր դպրոցների համար: Ուսուցիչը բարեփոխման ծրագրի մասնակիցը չէ և դրա իրագործման ընթացքում նորից չի մասնակցում ծրագրի շտկմանը, լրացմանը և տեղայնացմանը: Ուսուցիչը վճարվում է միայն դասատվության համար, մանկավարժական աշխատանքի ընթացքում նա մեթոդական-հետազոտական, ինքնուրույն որոնողական աշխատանք չի կատարում: Ուսուցիչը մասնագիտական զարգացմամբ զբաղվում է դեպքից դեպք, ոչ որպես անընդհատ ինքնակրթություն, այլ որպես վերևներից (դրսից) պարտադրված միջոցառում: Անպատասխանատու մանկավարժների ժամանակն անցել է. սպառողների դպրոցը մեռած է, և այն փրկել անհնար է:  Նոր՝ կենդանի ու մեր ժամանակին համապատասխան դպրոցը կարող է կայանալ ուսուցչի և սովորողի փոխադարձ հարգանքի պայմանում՝ ինքնուրույն որոնողական ամենաակտիվ ու ծավալուն՝ այո՛, հետազոտական գործունեության ու մանկավարժական փորձարության միջոցով և արդյունքում: Դպրոցը, որտեղ բոլորը՝ թե՛ մեծերը (ուսուցիչները), թե՛ փոքրերը (սովորողները) հաճույք են ստանում սովորելուց, դպրոց, որտեղ ամենամեծ պարգևն իմացումի պատճառած հրճվանքն է, դպրոց, որտեղ ինքնուրույն՝ հետազոտական աշխատանքն առաջին տեղում է:

Կրթությունը, որն այսօր չի ծառայում մարդու ազատագրմանը, նրա քաղաքացիացմանը, ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաև հակաիրավական, անօրինական: Անընդհատ չսովորող, իմացումից հրճվանք չապրող, մշտական հետազոտական-ստեղծագործական աշխատանքով չզբաղվող ուսուցիչը չի կարող ոգեշնչել, ղեկավարել, աջակցել կամ նույնիսկ պարզապես արձանագրել սովորողի ստեղծագործական ակտիվությունը: Ահա ինչու կրթական այլընտրանքի՝ ուսումնական ծրագրերի, ուսուցման ձևերի և միջոցների մշակումն ու փորձարկումը մենք համարում ենք մանկավարժների և սովորողների իրավունք, նրանց տաղանդի դրսևորման և զարգացման, նրանց ազատության՝ ինքնուրույնության և պատասխանատվության իրագործման, կրթության ողջ ընթացքում նրանց ակտիվ դերակատարման պայման: Ահա ինչու կրթահամալիրի ստեղծման պահից (1987թ.) առ այսօր սա մեր կանոնադրական իրավունքն ենք դարձրել: Ահա ինչու մենք սկզբունքային կարևորություն ենք տալիս այն փաստին, որ մեր ստեղծագործական իրավունքի հետևողական պաշտպանության արդյունքում 2006թ. ՀՀ պետական բյուջեով կրթահամալիրը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության փորձարարական-հետազոտական միավորումը, համեստ, բայց պետական աջակցություն է ստանում հեղինակային մանկավարժական ծրագրերի իրագործման համար: Ահա ինչու ենք այս՝ հեղինակային մանկավարժության հեղինակների ստեղծագործական հավաքին խնամքով ու կարևորելով ենք պատրաստվել և հայտարարում ենք, որ այս հավաքները կլինեն յուրաքանչյուր տարի՝ մայիս ամսվա այս օրերին, համոզված, որ կմեծանա հետազոտող ուսուցիչների հաջորդ հավաքի մասնակիցների ընդգրկման աշխարհագրությունը, հավաքի աշխատանքի արդյունավետությունն ու նշանակալիությունը:

Կրթահամալիրի քրեական ահաբեկման ավարտումը (2001թ. ամառ) կրթահամալիրի հետազոտող մանկավարժների խմբին հնարավորություն տվեց մշակելու և հընթացս իրականացնելու կրթահամալիրի նորացման՝ այն ժամանակին համապատասխան դարձնելու Ծրագիրը:  2001թ. նոր որակով սկսեց գործել կրթահամալիրի Զարգացման մոդել-հաստատությունը՝ մեր Նոր դպրոցը, 2004 թ-ին կրթահամալիրի խորհուրդը հաստատեց աշխատանքային խմբի խնամքով մշակած 2004-2008 թթ. կրթահամալիրի Զարգացման ծրագիրը: Զարգացման ծրագիրը կրթահամալիրում 1987թ. իրականացվող, մշակվող-փորձարկվող, կրթահամալիրի կանոնադրությամբ արտոնված (գործունեության նպատակ ճանաչված) հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության իմաստավորումն է, դրա արդիականացումն ու արդյունավետ իրագործումը, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված՝ կրթահամալիրի ազատության ու պատասխանատվության իրագործումը: Ստեղծագործական հավաքին կրթահամալիրի մանկավարժների ներկայացրած բոլոր ելույթները Զարգացման ծրագրի իրագործման  հաշվետվություններ են: Այո, մենք մեր մանկավարժական ու մասնագիտական տաղանդն ենք իրագործում՝ մշակում և փորձարկում ենք արդի կրթության երկու աստիճանակարգից կազմված՝ 6-ից 12 տարեկանների 6-ամյա ինքնուրույն կրտսեր դպրոցի (ազատ ու գործուն երեխայի զարգացման միջավայրի) և մասնագիտացված ուսուցման ինքնուրույն ավագ դպրոցի՝ 13-ից 18 տարեկան քաղաքացու ինքնիրագործման արդյունավետ ու մատչելի ժողովրդավարական հաստատություն:

Կրթահամալիրն իր նոր կազմակերպմամբ ապահովում է, որ նախ և առաջ անընդհատ սովորի, սովորել սովորի ու սովորեցնել սովորի, երեխայի հետ աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ՝ համոզված, որ ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին և, ի վերջո, դպրոցն ու սովորողը կլինեն: Կրթահամալիրն իր նոր կազմակերպմամբ պայմաններ է ապահովում ոչ միայն սովորողի, այլև ուսուցիչների տաղանդի զարգացման համար. դա մանկավարժական պրակտիկայի ու տեսության միություն է՝ նրանց փոխկապակցությամբ ու փոխադարձ պայմանավորվածությամբ: Բոլոր նորամուծությունները կառուցված են բացառապես փորձի վրա, կրթական արդյունքները ստացվում են սովորական երեխաների հետ հատուկ պայմաներում կազմակերպվող աշխատանքից: Զարգացման ծրագիրը հաստատում է փորձարարական մանկավարժությանը բնորոշ մեթոդ: Հետազոտողի ոգով համակված և երեխա-մարդու «դիտարկողը դարձած ուսուցիչը երեխայի անհատականության ազատ ու բնական դրսևորումների համար անհրաժեշտ տարածություն է բացում» (Մարիա Մոնթեսորի): Այս մեր նոր դպրոցը կայանում է, կարող է կայանալ միայն որպես ուսուցչակենտրոն դպրոց:

Հետազոտող ուսուցչի հոմանիշն ինձ համար արվեստագետն է, և եզրակացությունը պարզ կլինի. տեսնելով հարյուրամյա, սպառողների դպրոցի փլուզումը, կանգնած հայոց ավանդական՝ ոչ քաղաքական, ժամանակավրեպ մտածողության պարտադրած հերթական փակուղու՝ պատի առաջ, մենք՝ նոր դպրոց ստեղծողներս, եթե արվեստագետ ենք՝ եթե չենք հրճվելու, չպիտի տրտմենք, պիտի գործենք: Մենք հետևողական ենք մեր նպատակն իրագործելիս՝ կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողներին ներգրավել խմբային-անհատական կոնկրետ հետազոտական թեմաների մշակման գործում, ապահովել նրանց այդ աշխատանքի մշակման համար անհրաժեշտ պայմաններով, նյութական միջոցներով, որակյալ գիտական գործընկերությամբ, կրթահամալիրը վերակազմակերպել որպես մանկավարժների, նրանց կամավոր ձևավորված հետազոտական խմբերի դինամիկ համագործակցություն ապահովող ընկերության՝ առավելագույնս խթանելով անհատի նախաձեռնությունը, աշխատանքի պայմանների և արդյունքների որակի համար անձնական պատասխանատվությունը, գործունեության ինքնավերահսկումը:

Եթե արվեստագետ ենք, կկարողանա՞նք տրվել մտավոր այն գերագույն հաճույքին, որի անունն է հիացմունք: Եկեք մենք՝ հետազոտող ուսուցիչներս, ընդունենք նոր դպրոցի հաստատման մարտահրավերը նորից: Այո, մեզ բաժին է ընկել մի փորձություն, որը միաժամանակ նպաստում է, չի կարող չնպաստել մեր արդիական հաջողություններին՝

  • եթե մեզ համար կրթել նշանակում է ստեղծագործելու հնարավորություն ընձեռել
  • եթե, ինչպես Ալբերտ Քամյուն է ձևակերպել, ինչպիսին էլ լինեն մեր անձնական թուլությունները մեր արհեստի ազնվությունը մշտապես ….. արմատավորվի երկու դժվար իրագործվող հանձնարարությունների մեջ՝ հրաժարվել իմացածը կեղծելուց և ընդդիմանալ ճնշմանը
  • եթե գործենք ոչ թե որպես դատավոր, այլ ստեղծագործող՝ ուսումնական գործունեության ողջ ընթացքում, դասի ժամանակ, թե դասից դուրս
  • եթե հավատարիմ ենք կրթությունը մեր, մեր սաների, նրանց միջոցով՝ նրանց ծնողների և հասարակության ազատագրման գործիք ծառայեցնելու մեր պարտականությանը:

 Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայոց աշխարհի սահման-գյուղերը՝ անառիկ բերդեր 

«Խորհրդային Հայաստան», 28 ապրիլի 1990թ. Հանրապետության Գերագույն խորհրդի երեսփոխան Աշոտ Մանուչարյանի հետ Վայքում հանդիպեցինք մեծաթիվ մարդկանց հետ: Ուշ էր արդեն: Ազնաբերդի (նախկին Գյուլիստան) մի քանի տղաներ մոտեցան մեզ և պնդեցին, որ անմիջապես մեկնենք գյուղ:

Եկեք՝ խնդիրը հասկանանք

ՀՀ անկախությունը առևտրի հանելով՜ Արցախին ոչինչ չեք բերի, հայկական աֆերիստությունն անօգուտ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։ՀՀ անկախությունը առևտրի հանելով՜ Արցախին ոչինչ չեք

Երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար

«Երբ դուք ասում եք, որ պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը, ինչի՞ համար է դա պարտադիր։ Պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար։ Բայց Հայաստանն այսօր անապատանում է, և երկրագործությունը` որպես